040.1155.230806
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2006 թվականի N 1155-Ն
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օտարերկրյա պետությունների փոստային կապի ադմինիստրացիայի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս Հայաստանի Հանրապետության փոստային կապի ադմինիստրացիան`
ա) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությունում, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային փոստային կապի բնագավառին առնչվող կազմակերպություններում.
բ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև Համաշխարհային փոստային միության կոնվենցիայով սահմանված փոստային կապի բնագավառին առնչվող հանձնառությունները.
գ) մասնակցում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին և իր իրավասության սահմաններում իրականացնում է միջազգային համագործակցության այլ ձևեր.
դ) ներկայացնում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը Համաշխարհային փոստային միությունում, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային փոստային կապի բնագավառին առնչվող կազմակերպություններում.
ե) իր իրավասության շրջանակներում համագործակցում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ.
զ) կազմակերպում է օտարերկրյա պետությունների փոստային կապի ադմինիստրացիաների հետ միջազգային փոստափոխանակման համար հաշվարկների իրականացումը` Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան.
է) կարգավորում է փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող միջազգային գործունեությունը Համաշխարհային փոստային միությունում, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային փոստային կապի բնագավառին առնչվող կազմակերպություններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ