040.0864.270606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2006 թվականի N 864-Ն
i
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիթորինգ) կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունիսի 16-ի
N 864-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիթորինգ) կազմակերպումը և իրականացումը (այսուհետ` մոնիթորինգ)` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
2. Սույն կարգի հիմնական նպատակները և խնդիրներն են`
ա) տոհմային անասնաբուծության բնագավառում մոնիթորինգի կազմակերպումն ու իրականացումը,
բ) տոհմային անասնաբուծության բնագավառում իրականացվող սելեկցիոն տոհմային աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
գ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող բարձրարժեք տոհմային կենդանիների տվյալների հավաքագրումը,
դ) տոհմային կենդանիների գլխաքանակի` ըստ տեսակների և ցեղերի հաշվառումը,
ե) Հայաստանի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու տոհմամթերատու հատկությունների կատարելագործմանը նպաստելը,
զ) որակյալ տոհմանյութի արտադրության և օգտագործման ծավալների աճին նպաստելը,
է) տոհմային կենդանիների ռեսուրսների բաշխման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների և ծրագրերի մշակումն ու իրականացումը:
II. ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
4. Մոնիթորինգը իրականացվում է կամավորության սկզբունքով, կազմակերպությունների (տնտեսությունների) հայտի հիման վրա, որի ձևը հաստատում է լիազորված մարմինը:
5. Մոնիթորինգն անցկացվում է այն կազմակերպություններում (տնտեսություններում), որոնք`
ա) լիազորված մարմնի կողմից ստացել են արտադրվող կամ օգտագործվող տոհմանյութի հավաստագիր կամ ունեն տոհմային կենդանիներ,
բ) ունեն Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի ներկրման հավաստագիր,
գ) լիազորված մարմին ներկայացրել են հայտ` արտադրվող կամ օգտագործվող տոհմանյութի հավաստագիր ստանալու համար:
6. Մոնիթորինգ իրականացնելու համար լիազորված մարմինն ստեղծում է հանձնաժողով, որի կանոնադրությունը և կազմը հաստատում է լիազորված մարմինը:
7. Մոնիթորինգի անցկացման համար հանձնաժողովն ուսումնասիրում է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 15-Ն որոշմամբ հաստատված` տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման կարգի համաձայն անցկացված բոնիտավորման արդյունքները և լիազորված մարմնի կողմից հաստատված անասնաբուծական և տոհմային հաշվառման գրանցամատյաններում ու գյուղատնտեսական կենդանիների տոհմային քարտերում գրանցված տվյալները,
բ) տոհմային մատղաշի ստացման, պահպանման և աճի ու զարգացման արդյունքները,
գ) տոհմային կենդանիների բուծման մեթոդների (մաքուր բուծում, տրամախաչում) կիրառման հիմնավորվածությունն ու արդյունավետությունը,
դ) գյուղատնտեսական կենդանիների վերարտադրողական ունակությունները,
ե) հոտի վերարտադրության համար օգտագործվող արուների (ցուլեր, հովատակներ, խոյեր, նոխազներ, վարազներ) տոհմային որակը և արդյունավետ օգտագործումը,
զ) այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն բերված կենդանիների հարմարվողականությունն ու դրանց բուծման արդյունավետությունը,
է) դիտարկումների և զննումների միջոցով կենդանիների թույրը, մարմնակազմության տիպը, սնվածությունը, համակազմվածքի ու արտակազմվածքի առանձնահատկությունները,
ը) կենդանիների կամ թռչունների կերակրման, խնամքի, պահվածքի և օգտագործման պայմաններն ու դրանց համապատասխանությունն անասնաբուժասանիտարական սահմանված նորմերին և կանոններին,
թ) տոհմանյութի ստացման, պահպանման և օգտագործման պայմանները,
ժ) կենդանիների արհեստական սերմնավորման արդյունքները,
ժա) կենդանիների կամ թռչունների բուծման տնտեսական արդյունավետությունը,
ժբ) անասնաբուծական և տոհմային կենդանիների հաշվառման գրանցումների ճշտությունը: