040.0163.280206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2006 թվականի N 163-Ն
i
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումները հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագրի 17-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լիազորված մարմինների կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվական կարգապահության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 12-ի
N 163-Ն որոշման
ԿԱՐԳ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարեկան ծրագրային ցուցանիշները, դրանց կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններն ու հաշվեկշիռները (այսուհետ` հաշվետվություններ) կազմելու, համապատասխան լիազորված մարմին ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցների, ինչպես նաև կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը:
Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմիններ ներկայացվող հաշվապահական (ֆինանսական) և այլ հաշվետվությունների վրա:
2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով, ինչպես սահմանված են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում:
3. Սույն կարգի իմաստով կարգապահական և (կամ) նյութական պատասխանատվության միջոցների կիրառման հիմք են հանդիսանում պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հաշվետվությունների կազմման և ներկայացման համար ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթներով նախատեսված պահանջները չպահպանելը: Այդ թվում`
ա) հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով կազմելը և ներկայացնելը:
Հաշվետվությունները համարվում են ոչ պատշաճ կազմված և ներկայացված`
եթե հաշվետվությունների ձևերը կազմվել և ներկայացվել են անփութորեն, ջնջումներով և (կամ) թերի լրացված, հանրագումարային տվյալներն ամբողջովին կամ մասնակիորեն չլրացված, ներկայացված հաշվետվական տվյալների ոչ էական սխալների և բացթողումների առկայությամբ, որոնց արդյունքում հաշվետվական ընդհանուր փաթեթում տեղ են գտել ներկայացված տեղեկատվության անհամապատասխանություններ և անճշտություններ,
եթե հաշվետվություններում առանձին ցուցանիշներ և (կամ) ցուցանիշների խմբեր ներկայացված են այնպիսի էական սխալների և բացթողումների առկայությամբ, որոնց ազդեցությամբ թեև աղավաղվել և (կամ) խեղաթյուրվել են հաշվետվական ընդհանուր փաթեթներում ներառված ամփոփիչ տվյալները, սակայն դրանց շտկումը հնարավոր է,
եթե հաշվետվությունների փաթեթներում առկա են հաշվետվական տվյալների այնպիսի կոպիտ սխալներ և բացթողումներ, որոնց դեպքում հաշվետվական ընդհանուր փաթեթներում տեղ գտած աղավաղումների ու խեղաթյուրումների շտկումն անհնար է, ինչպես նաև այն դեպքերում, երբ պետական ոչ առևտրային կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից թույլ են տրվել սույն ենթակետում թվարկված խախտումները միաժամանակ.
բ) ֆինանսատնտեսական գործունեության տարեկան ցուցանիշների ծրագրավորման, լիազորված մարմինների հետ դրանց համաձայնեցման և ծրագրային ցուցանիշների կատարման ուղղությամբ թույլ տրված խախտումները և չարաշահումները: Այդ թվում`
եթե պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան ցուցանիշները ծրագրավորվել են առանց պատշաճ հիմնավորումների, անհրաժեշտության դեպքում չեն կատարվել կամ սահմանված ձևով չեն կատարվել ծրագրային ցուցանիշների համապատասխան փոփոխություններ և չեն ներկայացվել լիազորված մարմնի հետ համաձայնեցման, արդյունքում` այդ ցուցանիշների հետագա կատարման ընթացքում թույլ են տրվել անհարկի և չպատճառաբանված շեղումներ, ինչը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման և (կամ) այդ միջոցների հնարավոր վատնումների, ինչպես նաև ծախսային առանձին հոդվածներով գերածախսերի և ապառքների անհարկի ու չափազանցված գոյացումների, պարտավորությունների կուտակումների.
գ) հաշվետվությունների ներկայացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները չպահպանելը: Այդ թվում`
ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարեկան ծրագրային ցուցանիշները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չներկայացնելը,
հաշվետվությունները և հաշվեկշիռները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չներկայացնելը:
4. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետներն ապահովելու նպատակով պետական կառավարման լիազորված մարմինները`
ա) հաշվետու ժամկետի ավարտից առնվազն 5 աշխատանքային օր առաջ դրա մասին ծանուցում են իրենց ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին,
բ) սահմանված ժամկետում կազմակերպությունների կողմից հաշվետվություններ չներկայացվելու դեպքում, այդ ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրը պետական ոչ առևտրային կազմակերպություններին ծանուցում են դրա խախտման փաստի և լրացուցիչ 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունների պարտադիր ներկայացման անհրաժեշտության մասին,
գ) լրացուցիչ ժամկետում հաշվետվությունները չստանալու դեպքում, պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնի ղեկավարին ուղարկում են պաշտոնական նախազգուշացում` 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունների ներկայացումը չապահովելու դեպքում կազմակերպության համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձից բացատրություններ պահանջելու, քննարկելու և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից որևէ մեկը, ըստ թույլ տրված խախտման բնույթի և չափի, կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ:
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ոչ պատշաճ կազմման դեպքերը կանխելու նպատակով պետական կառավարման լիազորված մարմինները`
ա) հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված սխալների, թերությունների և բացթողումների կապակցությամբ ծանուցում են իրենց ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին` պահանջելով կատարել անհրաժեշտ ճշգրտումներ և 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել լրամշակված տարբերակը,
բ) սահմանված լրացուցիչ ժամկետում ներկայացված հաշվետվությունների լրամշակված տարբերակի վերլուծության արդյունքում կրկին սխալների, թերությունների և բացթողումների առկայության դեպքում պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնի ղեկավարին ուղարկում են պաշտոնական նախազգուշացում` 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություններ ներկայացնելը վերջնական ճշգրտված տարբերակով չապահովելու դեպքում կազմակերպության համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձից բացատրություններ պահանջելու, քննարկելու և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից որևէ մեկը, ըստ թույլ տրված խախտման բնույթի և չափի, կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ:
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց ֆինանսատնտեսական գործունեության տարեկան ցուցանիշների` առանց պատշաճ հիմնավորումների ծրագրավորման, անհրաժեշտության դեպքում ծրագրային ցուցանիշների համապատասխան փոփոխություններ չկատարելու կամ սահմանված ձևով չկատարելու և լիազորված մարմնի հետ համաձայնեցման չներկայացնելու, ինչպես նաև այդ ցուցանիշների հետագա կատարման ընթացքում թույլ տրված անհարկի և չպատճառաբանված շեղումների դեպքում, ինչը հանգեցրել է ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման կամ այդ միջոցների վատնումների, գերածախսերի և պարտավորությունների կուտակումների` լիազորված մարմնի կողմից պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնին հանձնարարվում է համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված կարգապահական պատասխանատվության և (կամ) 22-րդ գլխի դրույթներին համապատասխան` նյութական պատասխանատվության միջոցներ` ըստ թույլ տրված խախտման բնույթի և չափերի:
7. Հաշվետու ժամանակաշրջանում պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից նախորդ ժամանակաշրջանում թույլ տրված հաշվետվական կարգապահության միևնույն բնույթի խախտումներ թույլ տալու դեպքում, լիազորված մարմնի կողմից պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնին հանձնարարվում է համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ կիրառել նախկինում կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցին հաջորդող կարգապահական պատասխանատվության միջոցը, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով:
8. Համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ բացատրություններ պահանջելու վերաբերյալ հանձնարարականի ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով նախատեսված կարգապահական միջոցները չկիրառելու և դրա մասին տեղեկատվությունը (հրամանի պատճենը) սահմանված ժամկետում լիազորված մարմին չներկայացնելու, կամ պատասխանատվության միջոցներ չկիրառելու վերաբերյալ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացնելու դեպքում` լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառում են կազմակերպության կառավարման գործադիր մարմնի նկատմամբ:
9. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հաշվետվությունների կազմման և ներկայացման պահանջների խախտման փաստերի պարբերական բնույթ կրելու դեպքում, ինչպես նաև, երբ ներկայացված ֆինանսատնտեսական գործունեության տարեկան ծրագրային ցուցանիշների և (կամ) այդ ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվություններում ներառված տվյալների հավաստիությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս, լիազորված մարմիններն իրենց նախաձեռնությամբ իրականացնում են ներքին աուդիտ:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված հիմքով, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակներում և այլ գործունեության արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը բացահայտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական կառավարման գործառույթ իրականացնելու լիազորություններ ունեցող մարմնի ղեկավարի հանձնարարությամբ (համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հիմնավորված առաջարկության դեպքում) իրականացվում են հերթական կամ արտահերթ ստուգումներ:
Սույն կետով նախատեսված աուդիտի և (կամ) ստուգումների արդյունքում խախտումների փաստերի հաստատման դեպքում, լիազորված մարմնի կողմից պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնին հանձնարարվում է կազմակերպության համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ, քննարկել դրանք և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված կարգապահական պատասխանատվության և (կամ) 22-րդ գլխի դրույթներին համապատասխան` նյութական պատասխանատվության միջոցներ` ըստ թույլ տրված խախտման բնույթի և չափերի:
Այն դեպքում, երբ սույն կետով նախատեսված աուդիտի և (կամ) ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների փաստերը թույլ են տրվել պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնի կողմից, նրա նկատմամբ պատասխանատվության կարգապահական և (կամ) նյութական միջոցներ կիրառում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի և (կամ) 22-րդ գլխի դրույթներին համապատասխան` ըստ թույլ տրված խախտման բնույթի և չափերի:
Աուդիտի և (կամ) ստուգումների արդյունքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում կազմակերպության կառավարման գործադիր մարմնի կամ այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ակնհայտ միտումնավոր բնույթ կրող խախտումներ (չարաշահումներ և ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստեր) հայտնաբերվելու դեպքում, երբ դրանք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել միջոցների հնարավոր վատնումների (յուրացումների), տվյալ պատասխանատու պաշտոնատար անձի պատասխանատվության հարցի առնչությամբ լիազորված մարմինները կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական կառավարման գործառույթ իրականացնելու լիազորություններ ունեցող մարմինը դրա մասին տեղյակ են պահում իրավապահ մարմիններին` համապատասխան վարույթ իրականացնելու համար:
10. Սույն կարգի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնի կողմից համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ կիրառված պատասխանատվության կարգապահական և (կամ) նյութական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը (հրամանի պատճենը) 5-օրյա ժամկետում պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացվում է լիազորված մարմին:
Լիազորված մարմինը պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործադիր մարմնի կողմից համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ կիրառված կարգապահական և (կամ) նյութական պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը (հրամանի պատճենը), ինչպես նաև գործադիր մարմնի նկատմամբ կիրառված կարգապահական և (կամ) նյութական պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը (հրամանի պատճենը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հաշվետվությունների ընդհանուր փաթեթի կազմում:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը լիազորված մարմինների կողմից ստացված` պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի և (կամ) համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ կիրառված կարգապահական և (կամ) նյութական պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակում է իր ինտերնետային կայքում` որպես պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մաս: