Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑ ...

27.10.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2006  -ից մինչեւ   27.10.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 26.10.2023 թիվ 1853-Ն որոշում)

i

040.2390.180206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2390-Ն

 

i

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնասի պատճառման ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել`

ա) աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռումների (վիբրացիա) հիգիենիկ նորմերը,

բ) աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման հիգիենիկ նորմերը,

գ) աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի լարվածության հիգիենիկ նորմերը,

դ) աշխատատեղերում արդյունաբերական հաճախականության (50 Հց) փոփոխական մագնիսական դաշտի հիգիենիկ նորմերը,

ե) աշխատատեղերում ինֆրաձայնի հիգիենիկ նորմերը,

զ) աշխատատեղերում ուլտրաձայնի հիգիենիկ նորմերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 15-ի

N 2390-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է տարբեր առարկաների և դրանց տարրերի արտադրման, նյութերի մշակման, տեղափոխման, փաթեթավորման համար նախատեսված մեքենաների և մեխանիզմների ու դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի վրա:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված մեքենաներին և մեխանիզմներին ու դրանց հիմնական բաղկացուցիչ մասերին (այսուհետ` մեքենաներ և մեխանիզմներ) ներկայացվող անվտանգության ընդհանուր պահանջները, որոշակի կատեգորիաների մեքենաներին և մեխանիզմներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, մեքենաների և մեխանիզմների շարժունակությամբ և ամբարձիչ գործողությունների ժամանակ առաջացած որոշակի ռիսկերի չեզոքացման պահանջները, այդ թվում` դրանց մակնշմանը, սպասարկմանը, շահագործման հրահանգի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ մեքենաների և մեխանիզմների վրա`

ա) մեքենաներ և մեխանիզմներ, որոնց գործառույթների իրականացման համար որպես էներգիայի աղբյուր ծառայում է բացառապես մարդկային ուժը` բացառությամբ բեռների վերհանման և իջեցման համար օգտագործվողների.

բ) բժշկական նպատակների համար մեքենաներ և սարքավորումներ, որոնք օգտագործվում են հիվանդին անմիջական հպման միջոցով.

գ) հատուկ սարքավորանքներ, որոնք օգտագործվում են ատրակցիոններում և զբոսայգիներում զվարճանալու համար.

դ) շոգեկաթսաներ, ճնշման տակ գտնվող տարողություններ և գլանանոթներ (բալոններ).

ե) ատոմային էներգիայի բնագավառի մեքենաներ և մեխանիզմներ, որոնց վթարի դեպքում կարող են գոյանալ ճառագայթաակտիվ նյութեր.

զ) մեքենաների մաս կազմող ճառագայթաակտիվ աղբյուրներ.

է) հրազեն.

ը) բենզին, դիզելային վառելիք, այրվող հեղուկներ և վտանգավոր նյութեր պահելու համար օգտագործվող տարողություններ կամ խողովակաշարեր.

թ) փոխադրման միջոցներ և դրանց կցանքներ, որոնք նախատեսված են բացառապես օդով, ցամաքով, երկաթուղով կամ ջրային ուղիներով ուղևորների, ինչպես նաև օդով, հանրային ճանապարհներով, երկաթուղով կամ ջրային ուղիներով բեռների փոխադրման համար` բացառությամբ հանքարդյունահանող արտադրությունում օգտագործվող տրանսպորտային միջոցների.

ժ) ծովային նավեր և շարժուն մերձափնյա կայանքներ` դրանց վրա գտնվող սարքավորանքով.

ժա) ճոպանուղիներ` ներառյալ հանրային կամ մասնավոր օգտագործման ճոպանաքարշ երկաթուղիները, որոնք նախատեսված են մարդկանց փոխադրման համար.

ժբ) գյուղատնտեսական և անտառային տրակտորներ.

ժգ) ռազմական և ոստիկանական նպատակների համար հատուկ նախագծված մեքենաներ և մեխանիզմներ.

ժդ) վերելակներ և ամբարձիչ սարքվածքներ, որոնք մշտապես սպասարկում են շինությունների և կառուցվածքների որոշակի մակարդակներ, ունեն հորիզոնական մակերևույթի նկատմամբ 150-ից ավելի անկյան տակ գտնվող կոշտ ուղղորդիչների միջև շարժվող խցիկ` նախատեսված մարդկանց, մարդկանց և բեռների, միայն բեռների փոխադրման համար.

ժե) մարդկանց փոխադրման համար փոխադրական սարքվածքներ` ձողե փոխանցիչով ռելսային սարքվածքների օգտագործմամբ`

հորանային ճոպանավոր վերհան սարքվածքներ,

թատրոնների համար վերելակներ,

շինարարական վերհաններ.

ժզ) 1000 Վ-ից բարձր լարման տակ աշխատող շարժաբեր ունեցող մեքենաներ, մեխանիզմներ և տրանսֆորմատորներ.

ժէ) բանկային համակարգում բանկային գործառույթների իրականացման համար նախատեսված մեքենաներ և մեխանիզմներ:

4. Եթե մեքենաների և մեխանիզմների ռիսկերն առաջանում են էլեկտրական գործոններից, ապա այդ մեքենաների և մեխանիզմների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

մեքենաներ և մեխանիզմներ`

ա) հավաքման միավորներ, որոնք կազմված են միմյանց կապված բաղկացուցիչ մասերից կամ սարքավորանքներից, որոնցից առնվազն մեկը շարժվում է, ունի համապատասխան շարժաբերներ, կառավարման համակարգ, սնուցման շղթա և այլն,

բ) մեքենաների խումբ, որոնք օգտագործվում են նույն նպատակի համար և կառավարվում ու գործում են որպես միասնական ամբողջություն,

գ) մեքենայի գործառույթները վերափոխող համափոխարինելի սարքավորանք, որը շուկայում ներկայացված է առանձին և նախատեսված է մեքենայի կամ տարբեր մեքենաների ու մեխանիզմների խմբերի կամ փոխադրական միջոցների հետ գործարկուի կողմից ինքնուրույն տեղակայելու համար և, որը չի համարվում պահեստամաս կամ գործիք.

ռիսկ` վտանգավոր իրադրությունում մարդուն հավանական վնասվածքի կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու հնարավորությունների և ծանրության աստիճանի համակցություն.

վտանգավոր գոտի` ցանկացած գոտի մեքենաների և մեխանիզմների ներսում և (կամ) շուրջը, որտեղ այդ մեքենաների և մեխանիզմների մոտ գտնվող անձինք կարող են ռիսկի ենթարկել իրենց կյանքը և առողջությունը.

ներգործության գոտում գտնվող անձ` յուրաքանչյուր անձ, որն ամբողջովին կամ մասամբ գտնվում է վտանգավոր գոտում.

անվտանգության բաղադրիչ` համափոխարինելի սարքավորանք չհանդիսացող բաղադրիչ, որի օգտագործմամբ ապահովվում են մեքենաների ու մեխանիզմների անվտանգության գործառույթները, և որի փչանալը կամ ոչ ճիշտ գործելը կարող է վտանգավոր լինել մոտակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար.

կառավարման օրգան` շարժաբերի համակարգի մաս, որը ենթարկվում է արտաքին ուժի ներգործությանը.

գործարկու (օպերատոր)` անձ կամ անձինք, որը (որոնք) զբաղվում է (են) մեքենաների և մեխանիզմների կարգաբերման, գործարկման, շահագործման, ընթացիկ սպասարկման, մաքրման կամ նորոգման աշխատանքներով.

մեքենավար` գործարկու, որն անմիջականորեն կառավարում է մեքենայի կամ մեխանիզմի շարժումները և ով պատասխանատու է դրանց համար: Մեքենավարը կարող է տեղաշարժվել մեքենայի կամ մեխանիզմի մեջ կամ կարող է կանգնած լինել գետնին` ուղեկցելով մեքենան կամ մեխանիզմը, կամ կարող է կառավարել մեքենաները և մեխանիզմները` հեռակառավարման (լարերով, ձայնասփյուռով և այլն) միջոցով.

ամբարձիչ հարմարանքներ` մեքենային կամ մեխանիզմին չամրակցված բաղկացուցիչ մաս և սարքավորանք, որոնք տեղադրվում են մեքենաների և բեռի միջև կամ բեռի վրա` դրա միացման նպատակով.

առանձին ամբարձիչ հարմարանքներ` սարքվածքներ, որոնք օգնում են կառուցել կամ օգտագործել հարմարանքները (բլթանցքով կեռ, ճարմանդներ, օղեր, կապօղակներ և այլն) առասանների համար.

ուղղորդվող բեռ` բեռ, որի ընդհանուր շարժումը կատարվում է կոշտ կամ ճկուն ուղղորդիչներով, որոնց դիրքն ամրակցված է սևեռված կետերով.

աշխատանքային գործակից` թվաբանական հարաբերակցություն արտադրողի կողմից երաշխավորված այն բեռնվածքի, մինչև որն ի վիճակի է պահել սարքավորանքի մասը, հարմարանքը կամ մեքենան, և սարքավորանքի, հարմարանքի կամ մեքենայի վրա նշված առավելագույն աշխատանքային բեռնվածքի միջև.

թեստային գործակից` թվաբանական հարաբերակցություն սարքավորանքի, հարմարանքի կամ մեքենայի մասերի ստատիկական կամ դինամիկական փորձարկման համար օգտագործվող բեռնվածքի և սարքավորանքի, հարմարանքի կամ մեքենայի մասի վրա նշված առավելագույն աշխատանքային բեռնվածքի միջև.

ստատիկական փորձարկումներ` փորձարկումներ, որոնց ժամանակ մեքենան կամ ամբարձիչ հարմարանքն սկզբից զննվում է, իսկ հետո ենթարկվում համապատասխան ստատիկական թեստի գործակցով բազմապատկված առավելագույն աշխատանքային բեռնվածքին համապատասխանող ուժի ներգործությանը և դա վերացնելուց հետո կրկին զննվում է` համոզվելու համար, որ դրա վրա վնասվածքներ չեն առաջացել.

դինամիկական փորձարկումներ` փորձարկումներ, որոնց ժամանակ մեքենան կամ մեխանիզմը, հաշվի առնելով դրա դինամիկական վարքը, առավելագույն աշխատանքային բեռնվածքով կառավարվում է բոլոր հնարավոր տարբերակներով` մեքենայի կամ մեխանիզմի և դրա անվտանգության համակարգերի բնականոն գործելն ստուգելու նպատակով:

 

III. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Մեքենաների և մեխանիզմների համալիր անվտանգության սկզբունքները

 

6. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված լինեն այնպես, որ կատարեն նախատեսված գործառույթները, հնարավոր լինի դրանց կարգաբերումն ու տեխնիկական սպասարկումը և արտադրողի կողմից նախատեսված պայմաններում այդ գործողություններն իրականացնելու ժամանակ անձնակազմը չենթարկվի ռիսկի:

Արտադրողի կողմից պետք է նախատեսված լինի մեքենաների և մեխանիզմների ծառայության ժամկետի կանխատեսվող պարբերաշրջանի ընթացքում, ներառյալ հավաքման և ապամոնտաժման փուլերը, դժբախտ պատահարի յուրաքանչյուր ռիսկի, ինչպես նաև վթարների դեպքում, որոնք հնարավոր չէր կանխատեսել նախօրոք, դժբախտ պատահարների բացառումը:

7. Արտադրողը, ընտրելով առավել հարմար միջոցներ, պետք է նշված հաջորդականությամբ կիրառի հետևյալ սկզբունքները`

ա) հնարավորինս բացառի կամ կրճատի ռիսկերը (ինչպես կառուցվածքով, այնպես էլ ի սկզբանե ապահովի հավաքած մեքենաների և մեխանիզմների անվտանգությունը).

բ) նախատեսի բոլոր անհրաժեշտ միջոցները` պաշտպանելու այն ռիսկերից, որոնք չեն կարող վերացվել.

գ) օգտագործողներին տեղեկացնի այն հավանական մնացորդային ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ նախատեսված պաշտպանության միջոցների անբավարարության հետևանքով` նշելով յուրաքանչյուր մասնագիտական ուսուցման, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներով ապահովման անհրաժեշտությունը:

8. Արտադրողը մեքենաների և մեխանիզմների նախագծման, արտադրման ու շահագործման հրահանգների մշակման ժամանակ պետք է նախատեսի ոչ միայն դրանց սովորական, այլ նաև հնարավոր օգտագործումները:

Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի կանխվի դրանց անհամապատասխան ձևով օգտագործումը, եթե դա կապված է ռիսկի առաջացման հետ: Այդ դեպքերում շահագործման հրահանգներում պետք է տրված լինեն օգտագործողների ուշադրությունը հրավիրող` մեքենաների և մեխանիզմների օգտագործման չթույլատրվող գործողությունների վերաբերյալ ցուցումներ:

9. Պատշաճ պայմաններում օգտագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխատաբանության (էրգոնոմիկա) սկզբունքներն ամեն տեսակի անհարմարությունների, հոգնածության և հոգեբանական սթրեսի վերաբերյալ, որոնք կարող է զգալ գործարկուն, և որոնք պետք է հասցվեն նվազագույնի:

10. Մեքենաների և մեխանիզմների նախագծման և արտադրման ժամանակ արտադրողը պետք է նկատի ունենա անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների (մասնագիտական կոշիկներ, ձեռնոցներ և այլն) օգտագործման հետևանքով գործարկուի շարժումների կաշկանդվածությունը:

11. Մեքենաները և մեխանիզմները պետք է հանդերձված լինեն գործարկման, ընթացիկ սպասարկման և անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ և բոլոր հիմնական հատուկ սարքավորանքով:

 

Նյութերը և արտադրանքը

 

12. Մեքենաների և մեխանիզմների արտադրման ժամանակ օգտագործված նյութերը կամ դրանց շահագործման ժամանակ ստացված կամ օգտագործման համար նախատեսված արտադրանքը չպետք է վտանգի ենթարկեն մեքենաների և մեխանիզմների ներգործության գոտում գտնվող մարդկանց կյանքը և առողջությունը: Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է օգտագործել հեղուկներ, մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի շահագործման ընթացքում բացառվեն այն ռիսկերը, որոնք կարող են ծագել լցավորման, օգտագործման, վերականգնման կամ հեղուկի հեռացման հետևանքով:

 

Լուսավորումը

 

13. Արտադրողը պետք է ապահովի համապատասխան գործողությունների համար անհրաժեշտ գումարային լուսավորում այնտեղ, որտեղ, չնայած ընդհանուր լուսավորության բնականոն ինտենսիվությանը, լուսավորության պակասությունը կարող է նպաստել ռիսկի առաջացմանը:

Արտադրողը պետք է համոզված լինի, որ բացակայում են խանգարումներ հարուցող ստվերապատ մակերևույթների, արտադրողի կողմից տեղակայված լույսի աղբյուրից հարուցված կուրացուցիչ փայլը, վտանգավոր ստրոբոսկոպիկ երևույթները: Մեքենաների և մեխանիզմների հաճախակի ստուգումներ, կարգաբերում և ընթացիկ սպասարկում պահանջող ներքին մանրակները պետք է ունենան համապատասխան լուսավորում:

 

Մեքենաների և մեխանիզմների օգտագործումը հեշտացնող կառուցվածքը

 

14. Մեքենաները և մեխանիզմները կամ դրանց յուրաքանչյուր բաղկացուցիչ մասը պետք է`

ա) ապահովեն դրանց անվտանգ օգտագործումը,

բ) ունենան այնպիսի փաթեթվածք և կառուցվածք, որպեսզի հնարավոր լինի դրանք պահել անվտանգ և անվնաս (օրինակ` դրանք պետք է ունենան համապատասխան կայունություն, հատուկ ամրակապում և այլն):

15. Այն մեքենաները և մեխանիզմները կամ դրանց տարբեր մանրակները, որոնք քաշի, չափի կամ եզրաձևի հետևանքով հնարավոր չէ տեղափոխել ձեռքով, պետք է`

ա) ամբարձիչ սարքվածքների համար սարքավորված լինեն հարմարանքներով (օրինակ` կապօղակ), կամ նախագծված լինեն այնպես, որպեսզի դրանք հնարավոր լինի սարքավորել նման հարմարանքներով (օրինակ` ունենան պարուրակով համապատասխան անցքեր և այլն),

բ) ունենան այնպիսի եզրաձև, որպեսզի հնարավոր լինի կիրառել ստանդարտ ամբարձիչ սարքվածքներ:

Այն դեպքում, երբ մեքենաները և մեխանիզմները կամ դրանց բաղկացուցիչ մասերը պետք է տեղափոխվեն ձեռքով, անհրաժեշտ է, որ դրանք ձեռքով բարձրացնելու համար լինեն դյուրակիր կամ սարքավորված լինեն համապատասխան սարքվածքներով (բռնակներ, բռնիչներ և այլն)` անվտանգ տեղափոխման նպատակով:

Հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն նաև թեթև քաշ ունեցող գործիքների, մեքենաների և մեխանիզմների տեղափոխման համար` դրանց եզրաձևի, նյութի և այլնի պատճառով ռիսկ առաջանալու հնարավորության դեպքում:

 

Կառավարման համակարգերը և դրանց անվտանգությունն ու հուսալիությունը

 

16. Կառավարման համակարգերը պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի լինեն անվտանգ, հուսալի, և հնարավոր լինի կանխել վտանգավոր իրավիճակների առաջացումը: Դրանք պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի`

ա) դիմանան օգտագործման բնականոն պայմաններին և արտաքին գործոնների ներգործությանը,

բ) գործածման ժամանակ սխալները չհանգեցնեն վտանգավոր իրավիճակների առաջացմանը:

17. Կառավարման միջոցները պետք է`

ա) լինեն լավ տեսանելի և ունենան համապատասխան մականշվածք, որտեղ դա անհրաժեշտ է,

բ) տեղադրված լինեն այնպես, ինչպես դա պահանջվում է անվտանգ օգտագործման համար` առանց տատանվելու և ժամանակ կորցնելու` բացառելով դրանց նշանակության երկիմաստ մեկնաբանության հնարավորությունը,

գ) նախագծված լինեն այնպես, որպեսզի կառավարման համակարգի շարժումները համապատասխանեն գործողության արդյունքին,

դ) գտնվեն վտանգավոր գոտիներից դուրս` բացառությամբ կառավարման որոշակի միջոցների, որտեղ դա անհրաժեշտ է (շտապ շարժականգ, ռոբոտի կառավարակետ և այլն),

ե) տեղադրված լինեն այնպես, որպեսզի դրանց օգտագործումը չհանգեցնի լրացուցիչ ռիսկերի,

զ) նախագծված և պաշտպանված լինեն այնպես, որպեսզի այնտեղ, որտեղ հնարավոր են ռիսկի առաջացումներ, հնարավոր չլինի հասնել ցանկալի արդյունքի` առանց կանխամտածված գործողություններ կատարելու,

է) սարքված լինեն այնպես, որպեսզի դիմանան հնարավոր բեռնվածքի` հատուկ ուշադրություն դարձնելով շտապ շարժականգ կատարող միջոցների վրա, որոնք կարող են ենթարկվել առավել ուժեղ ներգործության:

Այն դեպքերում, երբ կառավարման համակարգը նախատեսված և արտադրված է մի քանի տարբեր գործողություններ կատարելու համար, հատկապես այնտեղ, որտեղ չկա մեկը մեկին համապատասխանություն (ստեղնաշար և այլն), գործողությունը, որն անհրաժեշտ է կատարել, պետք է հստակ ցույց տրվի (ցուցասարքի վրա) և անհրաժեշտության դեպքում հաստատվի: Հաշվի առնելով աշխատաբանության սկզբունքները` կառավարման միջոցները պետք է նախատեսված լինեն այնպես, որպեսզի դրանց դիրքը, տեղաշարժը և դիմադրությունը կատարվող գործողությունների համեմատությամբ լինեն համադրելի: Պետք է նաև հաշվի առնել անհրաժեշտ կամ նախատեսված անհատական պաշտպանության միջոցների (հատուկ կոշիկներ, ձեռնոցներ և այլն) օգտագործման հետևանքով գործարկուի շարժումների կաշկանդվածությունը:

Մեքենաները և մեխանիզմներն անվտանգ շահագործման համար պետք է սարքավորված լինեն ցուցիչներով (թվացույցեր, ազդանշաններ և այլն): Գործարկուն պետք է հնարավորություն ունենա կարդալու դրանք այնտեղից, որտեղից կատարվում է կառավարումը: Գտնվելով հիմնական տեղում, որտեղից կատարվում է կառավարումը, գործարկուն պետք է հնարավորություն ունենա համոզվելու, որ վտանգավոր գոտիներում մարդկանց վրա ներգործությունը բացակայում է: Եթե դա հնարավոր չէ, ապա կառավարման համակարգը պետք է նախագծված և արտադրված լինի այնպես, որպեսզի ձայնային և տեսողական նախազգուշական ազդանշանները տրվեն մեքենաների կամ մեխանիզմների գործարկման պատրաստ լինելու պահին: Այն անձինք, ովքեր գտնվում են մեքենաների և մեխանիզմների ներգործության գոտում, պետք է ունենան բավականաչափ ժամանակ և միջոցներ` դրանց գործարկումն արագ կանխելու համար:

 

Գործարկումը

 

18. Մեքենաները կամ մեխանիզմները պետք է գործարկվեն միայն արտադրողի կողմից հատուկ այդ նպատակի համար նախատեսված կառավարման տարրի վրա` նպատակամետ ներգործության միջոցով: Այդ պահանջները կիրառվում են`

ա) շարժականգից հետո մեքենայի կամ մեխանիզմի կրկնական գործարկման դեպքում` անկախ շարժականգի պատճառից,

բ) շահագործման պայմանների (արագություն, ճնշում և այլն) զգալի փոփոխությունների դեպքում` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի կրկնական գործարկումը կամ պայմանների փոփոխումը ներգործության գոտում գտնվող անձանց համար չեն առաջացնում ռիսկ:

Այդ պահանջները կիրառելի չեն այն դեպքերում, երբ մեքենաների և մեխանիզմների կրկնական գործարկումը կամ աշխատանքի պայմանների փոփոխումը վերաբերում է ավտոմատ պարբերաշրջանում բնականոն հաջորդականությանը:

Եթե մեքենաները և մեխանիզմներն ունեն գործարկման կառավարման մի քանի համակարգ, և գործարկուները կարող են մեկը մյուսին վտանգել, ապա անհրաժեշտ է դրանք սարքավորել լրացուցիչ միջոցներով (օրինակ` միջոցներ, որոնք թույլ են տալիս միաժամանակ գործողության մեջ դնել մեխանիզմների միայն մի մասը)` այդպիսի վտանգի բացառման համար:

Ավտոմատ ռեժիմում գործարկվող ավտոմատացված արտադրության համար անվտանգության բոլոր պայմաններն ապահովելուց հետո պետք է շարժականգից հետո լինի սովորական գործարկման հնարավորություն:

 

Սովորական շարժականգի միջոցները

 

19. Յուրաքանչյուր մեքենա կամ մեխանիզմ պետք է սարքավորված լինի կառավարման այնպիսի միջոցով, որի օգնությամբ հնարավոր լինի մեքենան անվտանգ լիովին կանգնեցնել: Կախված ռիսկի տեսակից` յուրաքանչյուր աշխատանքային տեղ պետք է սարքավորված լինի մեքենայի որոշակի կամ բոլոր շարժվող մասերի շարժականգի կառավարման միջոցով: Մեքենաների կամ մեխանիզմների շարժականգի կառավարման միջոցները պետք է գործարկման միջոցների նկատմամբ ունենան գերակայություն:

Մեքենաների կամ դրանց վտանգավոր մասերի շարժականգից հետո պետք է դադարեցվի դրանք շարժման մեջ դնող սարքվածքներին էներգիայի մատուցումը:

 

Շտապ շարժականգի միջոցները

 

20. Յուրաքանչյուր մեքենա կամ մեխանիզմ պետք է սարքավորված լինի շտապ շարժականգ իրականացնող մեկ կամ մի քանի միջոցով, որոնք թույլ կտան կանխել առաջացած կամ հնարավոր վտանգը` բացառությամբ`

ա) այն մեքենաների և մեխանիզմների, որոնց շտապ շարժականգի միջոցները չեն նվազեցնում ռիսկը, կամ այն պատճառով, որ չեն կրճատում կանգաշարժի տևողությունը, կամ թույլ չեն տալիս առանց ռիսկի ձեռնարկել համապատասխան միջոցներ,

բ) դյուրակիր կամ ձեռքով ուղղորդվող մեքենաների կամ մեխանիզմների:

Այդ միջոցները պետք է`

ա) ունենան լավ տեսանելի և հեշտ հասանելի կառավարման օրգաններ,

բ) արագ կասեցնեն վտանգավոր գործընթացը, որքանով դա հնարավոր է` չառաջացնելով լրացուցիչ վտանգ,

գ) անհրաժեշտության դեպքում անվտանգության ապահովման համար սկսեն կամ թույլատրեն որոշակի շարժման սկիզբը:

Այն դեպքում, երբ շտապ շարժականգի միջոցը դադարել է կատարել կանգի հրամանը, այդ հրամանը պետք է պահպանվի շտապ շարժականգի սարքվածքով այնքան ժամանակ` մինչև դրա հատուկ վերացումը: Անհրաժեշտ է, որ այդ սարքվածքն առանց հատուկ կանգ-հրամանի չկանգնեցվի, և որ հրամանի վերացումը հնարավոր լինի միայն հատուկ գործողության կատարման միջոցով: Շարժականգի միջոցի կապազերծումը (սեղմման արգելակում) չպետք է հանգեցնի մեքենայի ավտոմատ միացմանը, այլ պետք է հնարավոր դարձնի կրկնակի գործարկումը:

 

Համալիրում տեղակայված մեքենաները կամ մեխանիզմները

 

21. Եթե մեքենաները, մեխանիզմները կամ դրանց բաղկացուցիչ մասերը նախագծված են համալիրում աշխատելու համար, ապա արտադրողը պետք է դրանք նախագծի և արտադրի այնպես, որպեսզի շարժականգի կառավարման միջոցները, ներառյալ շտապ շարժականգը, կանգնեցնեն ոչ միայն մեքենան կամ մեխանիզմը, այլ նաև հոսքում` նախորդող կամ հաջորդող սարքավորանքը, եթե գործողության շարունակումը կարող է վտանգ ներկայացնել:

 

Մեքենաների և մեխանիզմների ռեժիմների ընտրումը

 

22. Կառավարման համար ընտրված ռեժիմը պետք է բացառի կառավարման այլ համակարգերի գործառնությունները` բացի շտապ շարժականգի ռեժիմից:

Եթե մեքենաները և մեխանիզմները նախագծված և արտադրված են այնպես, որ թույլատրվում է դրանց շահագործումը կառավարման և շահագործման մի քանի ռեժիմներում, որոնք անվտանգության մի քանի տարբեր մակարդակ են (օրինակ` թույլ են տալիս տեղակայումը, ընթացիկ սպասարկումը, ստուգումը և այլն), պետք է սարքավորված լինեն ռեժիմի ընտրության համակարգով, որը կարող է բլոկավորված լինի յուրաքանչյուր դիրքում:

Ընտրիչի (սելեկտոր) յուրաքանչյուր դիրք պետք է համապատասխանի մեկ գործողության կամ մեկ կառավարման ռեժիմի:

Ընտրիչը կարող է փոխարինվել ռեժիմի ընտրության մեկ այլ եղանակով, որը սահմանափակում է որոշակի կատեգորիաների գործարկուների կողմից մեքենաների և մեխանիզմների որոշակի գործառույթների (օրինակ` հատուկ գործառնությունների համար ծածկագրեր մտցնելը, թվային կառավարումը և այլն) օգտագործումը:

Եթե մեքենաները և մեխանիզմները որոշակի գործողությունների ժամանակ պետք է հնարավորություն ունենան գործելու չեզոքացված պաշտպանության միջոցներով, ապա ռեժիմի ընտրությունը միաժամանակ պետք է`

ա) անջատի ավտոմատ կառավարման ռեժիմը,

բ) թույլատրի շարժումը միայն անընդհատ ներգործություն պահանջող կառավարման լծակների օգնությամբ,

գ) թույլատրի վտանգավոր շարժվող մանրակների կառավարումը միայն բարձր անվտանգության պայմաններում (ցածր արագություն, նվազեցված էներգիա, քայլ առ քայլ և այլն)` կանխելով մեխանիզմների շարքի հաջորդական միացումներից առաջացող վտանգը,

դ) կանխի ցանկացած շարժում, որը կարող է առաջացնել վտանգ մեքենաների կամ մեխանիզմների ներքին զգայամասերի վրա գիտակցաբար կամ անգիտակից ներգործությունից:

Մեքենաների և մեխանիզմների գործարկուն պետք է հնարավորություն ունենա վերահսկելու այն մանրակների կառավարումը, որոնց վրա նա աշխատում է դրանց կարգաբերման տեղում:

 

Էլեկտրամատակարարման անսարքությունը

 

23. Մեքենաների և մեխանիզմների էլեկտրամատակարարման ընդհատումները, վերականգնումն ընդհատումից հետո կամ ցանկացած տեսակի տատանումները չպետք է հանգեցնեն վտանգավոր իրավիճակների առաջացմանը, այսինքն`

ա) չնախատեսված դեպքերում մեքենաները և մեխանիզմները չպետք է գործարկվեն,

բ) ոչինչ չպետք է խոչընդոտի մեքենաների կամ մեխանիզմների շարժականգին, եթե հրամանն արդեն տրված է,

գ) մեքենայի և մեխանիզմի մեջ պահպանվող ոչ մի շարժվող մաս կամ մանրակ չպետք է դուրս ընկնի կամ տեղաշարժված լինի,

դ) չխոչընդոտի յուրաքանչյուր շարժվող մանրակի ավտոմատ կամ ձեռքով կարգավորելի շարժականգին,

ե) պաշտպանության միջոցները պետք է լիովին պահպանեն արդյունավետությունը:

 

Կառավարման համակարգի անսարքությունները

 

24. Կառավարման համակարգի տրամաբանական սխեմայում սխալները կամ շղթայում անսարքությունները և վնասվածքները չպետք է առաջացնեն վտանգավոր իրավիճակներ, մասնավորապես`

ա) չնախատեսված դեպքերում մեքենաները և մեխանիզմները չպետք է գործարկվեն,

բ) ոչինչ չպետք է խոչընդոտի մեքենաների կամ մեխանիզմների շարժականգին, եթե հրամանն արդեն տրված է,

գ) մեքենայի և մեխանիզմի մեջ պահպանվող ոչ մի շարժվող մաս կամ մանրակ չպետք է դուրս ընկնի կամ տեղաշարժված լինի,

դ) չպետք է խոչընդոտվի յուրաքանչյուր շարժվող մանրակի ավտոմատ կամ ձեռքով կարգավորելի շարժականգը,

ե) պաշտպանության միջոցները պետք է լիովին պահպանեն արդյունավետությունը:

 

Ծրագրային ապահովումը

 

25. Գործարկուների և մեքենաների կամ մեխանիզմների կառավարման համակարգերի միջև ծրագրային ապահովման փոխազդեցությունը պետք է բարենպաստ լինի օգտագործողի համար:

 

Մեխանիկական ռիսկերից պաշտպանությունը

 

26. Կայունության տեսանկյունից մեքենաները և մեխանիզմները, դրանց անվտանգության բաղադրիչները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի նախատեսված շահագործման ու կառավարման պայմաններում (անհրաժեշտության դեպքում` հաշվի առնելով կլիմայական պայմանները) ունենան բավականաչափ կայունություն և օգտագործվեն առանց շրջվելու, ընկնելու կամ այլ անսպասելի շարժումներ կատարելու ռիսկի:

Եթե մեքենաների կամ մեխանիզմների ուրվաձևը կամ հավաքվածքում դրանց ենթադրվող դասավորությունը բավականաչափ կայուն չէ, ապա այդ մեքենաների կամ մեխանիզմների հրահանգներով պետք է նախատեսված լինի համապատասխան ամրակապման միջոցների օգտագործում:

27. Շահագործման գործընթացում, կոտրվելու ռիսկերի առաջացման տեսանկյունից, մեքենաների բաղկացուցիչ մասերը և մեխանիկական միացումներն արտադրողի կողմից նախատեսված նշանակությամբ շահագործման դեպքում պետք է դիմանան այն բեռնվածություններին, որոնց դրանք ենթարկվում են:

Օգտագործվող նյութերի կայունությունը, հատկապես հոգնածության, հնացման, քայքայման և մաշվածության գործոնների տեսանկյունից, պետք է համապատասխանի արտադրողի կողմից նախատեսված բեռնվածությանը:

Արտադրողը շահագործման հրահանգով պետք է սահմանի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ ստուգումների և ընթացիկ սպասարկման եղանակն ու հաճախականությունը: Անհրաժեշտության դեպքում նա պետք է նաև նշի շուտ մաշվող մասերը և դրանց փոխարինման համար անհրաժեշտ չափանիշները:

Այն մեքենաներում կամ մեխանիզմներում, որտեղ, չնայած ձեռնարկված միջոցներին, մանրակների քայքայման և մասերի բաժանման հնարավորությունը մնում է (օրինակ` հղկասկավառակները և այլն), շարժվող մանրակները պետք է տեղակայված և տեղադրված լինեն այնպես, որպեսզի քայքայման դեպքում դրանց բեկորները և մասնիկները չցրվեն բոլոր կողմերը:

Հեղուկների մատուցման համար նախատեսված կոշտ և ճկուն խողովակները, հատկապես բարձր ճնշման տակ գտնվողները, պետք է դիմանան նախատեսված արտաքին և ներքին ներգործություններին և պետք է ամրակապված և (կամ) պաշտպանված լինեն բոլոր տեսակի արտաքին ներգործություններից, հարվածներից և լարվածություններից, ինչպես նաև պետք է ձեռնարկված լինեն նախազգուշական բոլոր միջոցները, որպեսզի կանխվի քայքայման (հանկարծակի շարժումներից, ճնշման բարձրացումից և այլն) ռիսկը:

Այն դեպքերում, երբ մշակվող նյութն ավտոմատ կերպով մատուցվում է գործիքին, անվտանգության միջոցների պահպանման համար և ներգործության գոտում գտնվող անձանց նկատմամբ ռիսկից (օրինակ` գործիքի կոտրման դեպքում) խուսափելու համար պետք է պահպանվեն հետևյալ կանոնները`

ա) նախապատրաստվածքը գործիքին հպվելու պահին վերջինս պետք է բերվի աշխատանքին պատրաստ վիճակի,

բ) գործիքի գործարկման կամ շարժականգի (կանխամտածված կամ պատահական) պահին անհրաժեշտ է գործիքի մատուցման և շարժման շարժումների համակարգում:

28. Ընկնող կամ դուրս նետվող առարկաներից առաջացող ռիսկերի տեսանկյունից` անհրաժեշտ է ձեռնարկել նախազգուշական միջոցներ` կանխելու համար այն ռիսկերը, որոնք առաջանում են ընկնող կամ դուրս նետվող առարկաներից (նախապատրաստվածքներ, գործիք, տաշեղներ, մասնիկներ, մնացուկներ և այլն):

29. Մակերևույթներով, եզրերով կամ անկյուններով պայմանավորված ռիսկերի տեսանկյունից` մեքենաների և մեխանիզմների հավաքվող մասերը պետք է հնարավորինս չունենան սուր ծայրեր, սուր անկյուններ և խորդուբորդ մակերևույթներ, որոնք կարող են վնասվածքներ առաջացնել:

30. Բազմանպատակային հաստոցների օգտագործմամբ պայմանավորված ռիսկերի տեսանկյունից, եթե հաստոցները և մեխանիզմները ծառայում են մի քանի տարբեր գործողությունների կատարման համար, որոնք պահանջում են այդ գործողություններից յուրաքանչյուրի միջև մանրակի ձեռքով տեղափոխում, դրանք պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որպեսզի հնարավոր լինի յուրաքանչյուր առանձին տարր օգտագործել մյուսներից անկախ, և որպեսզի մնացած տարրերը վտանգ չներկայացնեն դրանց ներգործությանը ենթարկվող անձանց համար: Դրա համար անհրաժեշտ է, որ մեքենաների չպաշտպանված տարրերը հնարավոր լինի գործարկել և կանգնեցնել առանձին-առանձին:

31. Գործիքի պտտման արագության տարբերությունների հետևանքով առաջացող ռիսկերի տեսանկյունից, եթե մեքենաները նախագծված են շահագործման տարբեր պայմաններում (օրինակ` տարբեր արագություններ, տարբեր էներգիայի մատուցում) տարբեր գործողություններ կատարելու համար, պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի այդ պայմանների ընտրությունը և կարգաբերումը կատարվեն հուսալիորեն և անվտանգ:

32. Շարժվող մասերի առկայությամբ պայմանավորված ռիսկերի կանխման համար մեքենաների շարժվող մասերը պետք է նախագծված, կառուցված և տեղակայված լինեն այնպես, որպեսզի ռիսկեր չառաջացնեն, կամ այն մասերը, որտեղ այդ ռիսկերը հնարավոր են, պետք է ապահովված լինեն կանխիչ կամ պաշտպանական միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել մեքենաների հետ այնպիսի հպումներից, որոնք կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` աշխատանքի մեջ դրված շարժվող մասերի պատահական բլոկավորումը կանխելու համար: Եթե, չնայած ձեռնարկված նախազգուշական միջոցներին, կարող է առաջանալ բլոկավորում, ապա արտադրողը պարտավոր է ապահովել պաշտպանության միջոցներով և գործիքներով, շահագործման հրահանգներով և, անհրաժեշտության դեպքում, մեքենաների վրա կատարել սարքավորանքի անվտանգ ապաբլոկավորման մասին համապատասխան նշագրումներ:

33. Շարժվող մասերով առաջացող ռիսկերից պաշտպանության միջոցների համար օգտագործվող պաշտպանիչ կամ ապահովիչ սարքվածքների ընտրությունը պետք է կատարվի` ելնելով ռիսկի տեսակից: Ընտրությունը հեշտացնելու համար կարելի է կիրառել`

1) փոխանցիչի շարժվող մանրակներ

փոխհաղորդակի շարժվող մասերի (փոկանիվ, փոկեր, ժանանիվներ, ձողավոր փոխանցիչներ, իլեր և այլն) ներգործությանը ենթարկվող անձանց պաշտպանության համար նախագծված պաշտպանության միջոցները պետք է լինեն`

ա) հնարավորինս ամրակապված` սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կամ 35-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխան,

բ) շարժուն` սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով կամ 36-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան:

Շարժուն պաշտպանիչ միջոցները պետք է օգտագործվեն այնտեղ, որտեղ նախատեսված է մեքենային հաճախակի մոտենալը.

2) անմիջապես գործընթացի մեջ դրված շարժվող մասեր

աշխատանքին մասնակցող շարժվող մասերով (օրինակ` կտրող գործիքը, մամլիչների, գլանների շարժվող մասերը, մշակվող մասերը և այլն) առաջացող ռիսկերի ներգործությանը ենթարկվող անձանց պաշտպանության համար նախատեսվող պաշտպանիչ կամ ապահովիչ միջոցները պետք է`

ա) այնտեղ, որտեղ հնարավոր է, լինեն ամրակապված` սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ և 35-րդ կետերի պահանջներին համապատասխան,

բ) այլ դեպքերում առկա լինեն նախապաշտպանական գործուն միջոցներ` սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով և 36-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան կամ զգայական նախապաշտպանական միջոցներ (ոչ նյութական փակոցներ, զգայուն մամլամայրեր և այլն), գործարկուի կամ նրա մարմնի մասերի վտանգավոր գոտում հայտնվելն ավտոմատ կերպով կանխելու համար նախատեսված միջոցներ` սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ և 38-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխան:

Եթե գործընթացում որոշակի շարժվող մասեր չեն կարող շահագործման ժամանակ լիովին կամ մասամբ պաշտպանված լինել դրանց մոտենալուց, երբ գործողությունը պահանջում է գործարկուի միջամտությունը, ապա այդ մասերը, որտեղ տեխնիկապես հնարավոր է, պետք է հանդերձված լինեն`

սևեռված (ամրակապված), սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ և 35-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխան, պաշտպանիչ սարքվածքներով, որոնք կանխում են մուտքն աշխատանքի մեջ չօգտագործվող հատվածամասերը,

շարժական, սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ և 37-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխան ամրակապող սարքվածքներով, որոնք սահմանափակում են մոտենալը շարժվող մասերի այն հատվածներին, որոնք նախատեսված են անմիջապես գործի դնելու համար:

 

Պաշտպանիչ և ապահովիչ սարքվածքների բնութագրերը

 

34. Պաշտպանիչ և ապահովիչ սարքվածքները պետք է`

ա) ունենան ամուր, կայուն կառուցվածք,

բ) չառաջացնեն լրացուցիչ ռիսկեր,

գ) չլինեն հեշտ հաղթահարելի,

դ) տեղադրված լինեն վտանգավոր գոտուց համապատասխան հեռավորության վրա,

ե) չխանգարեն ամբողջ արտադրական գործընթացը դիտելուն,

զ) թույլատրեն կատարել գործիքի կարգաբերման և (կամ) փոխարինման, ինչպես նաև ընթացիկ սպասարկման հիմնական անհրաժեշտ աշխատանքը` սահմանափակելով մուտքը միայն դեպի այն մասերը, որտեղ պետք է աշխատանք կատարվի` հնարավորության սահմաններում չապամոնտաժելով պաշտպանիչ և ապահովիչ սարքվածքները:

 

Անշարժ, շարժական, մուտքը սահմանափակող կարգավորելի պաշտպանիչ և

ապահովիչ սարքվածքներին ներկայացվող պահանջները

 

35. Անշարժ պաշտպանիչ սարքվածքները պետք է տեղում անվտանգ ամրակապված լինեն: Դրանք պետք է ամրակապվեն այնպիսի համակարգերի օգնությամբ, որոնք կարող են բացվել միայն գործիքի օգտագործմամբ: Հնարավորության սահմաններում պաշտպանիչ սարքվածքը տեղում չպետք է մնա առանց ամրակապման:

36. Շարժական պաշտպանիչ սարքվածքները լինում են Ա և Բ տիպերի`

1) Ա տիպի շարժական պաշտպանիչ սարքվածքները պետք է`

ա) հնարավորության սահմաններում ամրակապված մնան մեքենայի վրա, երբ դա բացված է,

բ) փականի հետ կապ ունենան` կանխելու համար շարժվող մասերի գործարկումն այն ժամանակ, երբ այդ մասերը բացված են մնում.

2) Բ տիպի շարժական պաշտպանիչ սարքվածքները կառավարման համակարգում պետք է նախագծված և ներառված լինեն այնպես, որպեսզի`

ա) շարժվող մասերը չմիանան, քանի դեռ դրանք գտնվում են գործարկուի հասանելիության գոտում,

բ) այն անձինք, ովքեր գործարկման պահին հնարավոր է ենթարկվեն ներգործության, չպետք է գտնվեն հասանելիության սահմաններում,

գ) այդ սարքվածքները տեղակայվեն միայն գործիքի, դարձակի և այլնի օգտագործման միջոցով,

դ) բաղկացուցիչ մասերից մեկի բացակայությունը կամ չգործարկումը կանխի շարժվող մասերի միացումը կամ կանգնեցումը,

ե) համապատասխան փակոցի ստեղծման միջոցով ապահովվի դուրս նետվող մասերից առաջացող ցանկացած ռիսկից պաշտպանությունը:

37. Դեպի աշխատանքի համար անհրաժեշտ շարժվող մասեր մուտքը սահմանափակող պաշտպանիչ սարքվածքները պետք է`

ա) տեղակայվեն ձեռքով կամ ավտոմատ կերպով` կախված այն աշխատանքի տեսակից, որին դրանք մասնակցում են,

բ) պատրաստ լինեն տեղակայման` առանց գործիքի օգտագործման,

գ) հնարավորության սահմաններում սահմանափակեն ռիսկը` դուրս նետվող մասերից:

38. Ապահովիչ սարքվածքները պետք է կառավարման համակարգում նախագծված և ներառված լինեն այնպես, որպեսզի`

ա) շարժվող մասերը չկարողանան միանալ, քանի դեռ դրանք գտնվում են գործարկուի հասանելիության գոտում,

բ) այն անձինք, ովքեր հնարավոր է միացման պահին ենթարկվեն ներգործության, չպետք է գտնվեն հասանելիության սահմաններում,

գ) այդ սարքվածքները տեղակայվեն միայն գործիքի (դարձակներ և այլն), օգտագործման միջոցով,

դ) բաղկացուցիչ մասերից մեկի բացակայությունը կամ չգործելը շարժվող մասերի միացումը դարձնի անհնարին:

 

Այլ ռիսկերից պաշտպանությունը

 

39. Այն մեքենաները և մեխանիզմները, որոնք սնվում են էլեկտրականությունից, պետք է նախագծված, արտադրված և սարքավորված լինեն այնպես, որպեսզի կանխվեն էլեկտրական ծագում ունեցող բոլոր ռիսկերը:

Լարման որոշակի սահմաններում օգտագործման համար նախագծված էլեկտրասարքավորանքի նկատմամբ պահանջները պետք է կիրառվեն այն մեքենաների նկատմամբ, որոնք ներառվում են սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված տեխնիկական կանոնակարգի տարածման շրջանակներում:

40. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի կանխվի կամ սահմանափակվի ներուժային վտանգավոր էլեկտրական լիցքի կուտակումը (ստատիկական էլեկտրականություն) և (կամ) հանդերձված լինեն հողակցման համակարգով:

41. Այն մեքենաները և մեխանիզմները, որոնք էլեկտրականության փոխարեն մատակարարվում են էներգիայի այլ տեսակներով (օրինակ` հիդրավլիկական, օդաճնշական, ջերմային և այլն) պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի կանխվեն այն բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կապված են էներգիայի այդ տեսակների հետ:

42. Մեքենաների և մեխանիզմների հավաքման, տեղակայման ժամանակ այն սխալները, որոնք կարող են առաջանալ առանձին մանրակների տեղակայման և ապամոնտաժման ժամանակ, և որոնք կարող են ռիսկի պատճառ դառնալ, պետք է նախագծման ժամանակ բացառված լինեն, կամ, եթե դա հնարավոր չէ, անհրաժեշտ է նշել այդպիսի մանրակների առկայության և (կամ) դրանց պատյանների մասին նախազգուշական տեղեկություններ: Անհրաժեշտ է շարժվող մանրակների և (կամ) դրանց պատյանների մասին տեղեկություններ նշել նաև այն դեպքերում, երբ ռիսկից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ այդ մանրակների շարժման ուղղությունը: Ցանկացած այլ տեղեկատվություն պետք է ներկայացված լինի շահագործման հրահանգում:

Այն դեպքերում, երբ ոչ ճիշտ միացումը կարող է դառնալ ռիսկի աղբյուր, անհրաժեշտ է նախագծման ժամանակ բացառել հեղուկների, էլեկտրական հաղորդալարերի և այլնի ոչ ճիշտ միացման հնարավորությունը: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է խողովակների, մալուխների, այլ նման տարրերի և (կամ) միացման բլոկների վրա տրված լինի անհրաժեշտ տեղեկատվություն:

43. Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ցանկացած այն ռիսկերի և վնասվածքների կանխման համար, որոնք առաջանում են բարձր կամ շատ ցածր ջերմաստիճան ունեցող մեքենայի մասերին կամ նյութերին դիպչելուց կամ մոտենալուց: Անհրաժեշտ է նախապես գնահատել այն ռիսկի հնարավորությունը, որն առաջանում է տաք կամ շատ սառը նյութերի արտանետումներից: Նման ռիսկի առկայության դեպքում պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրանք կանխելու համար, կամ, եթե դա տեխնիկապես հնարավոր չէ` ապահովել անվտանգությունը:

44. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի բացառվեն մեքենաների կամ մեխանիզմների գերտաքացումից, կամ գազերից, հեղուկներից, փոշուց, հրդեհման բոլոր ռիսկերը, կամ մեքենաներով արտադրվող կամ օգտագործվող այլ նյութերից բռնկումը:

45. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի բացառվի մեքենաներից կամ գազերից, հեղուկներից, փոշուց կամ մեքենաներով արտադրվող կամ օգտագործվող այլ նյութերից առաջացող պայթյունավտանգավորությունը: Դրա համար արտադրողը պետք է ձեռնարկի հետևյալ միջոցները`

ա) խուսափի վտանգավոր խտություն ունեցող նյութերի կիրառումից,

բ) կանխի հնարավոր պայթյունավտանգ մթնոլորտում բոցավառումը,

գ) նվազագույնի հասցնի ցանկացած պայթյուն, որը կարելի է կատարել այնպես, որպեսզի այն վտանգավոր չլինի շրջապատի համար:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված նախազգուշական միջոցներն անհրաժեշտ է ձեռնարկել նաև այն դեպքում, եթե մեքենաները նախատեսված են հնարավոր պայթյունավտանգ միջավայրում օգտագործման համար:

46. Մեքենաների մասեր հանդիսացող էլեկտրական սարքավորումները պետք է համապատասխանեն որոշակի տեխնիկական կանոնակարգով նախատեսված պահանջներին` այն մասերով, որոնք վերաբերում են պայթյունավտանգության ապահովմանը:

47. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի ձայնային աղմուկից առաջացող ռիսկերը, հաշվի առնելով տեխնիկական առաջընթացը և աղմուկի նվազեցման միջոցների առկայությունը` հատկապես առաջացման տեղում, կրճատվեն մինչև նվազագույն մակարդակը:

48. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի մեքենաների միջոցով առաջացող թրթռումներից ռիսկերը, հաշվի առնելով տեխնիկական առաջընթացը և թրթռումների ցածրացման միջոցների առկայությունը` հատկապես առաջացման տեղում, կրճատվեն մինչև նվազագույն մակարդակը:

49. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի ցանկացած ճառագայթում սահմանափակվի աշխատանքի համար անհրաժեշտ սահմաններով, կամ արդյունքը լինի թույլատրելի նորմի սահմաններում, որպեսզի այն անձինք, ովքեր գտնվում են վտանգավոր գոտում, չենթարկվեն ճառագայթման ներգործությանը:

50. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի արտաքին ճառագայթահարումը չազդի դրանց աշխատանքի վրա:

51. Այնտեղ, որտեղ կիրառվում են լազերային սարքավորանքներ, անհրաժեշտ է, որ`

ա) մեքենաների և մեխանիզմների համար լազերային սարքավորանքները նախագծված լինեն այնպես, որպեսզի կանխվի ցանկացած պատահական ճառագայթում,

բ) մեքենաների և մեխանիզմների համար նախատեսված լազերային սարքավորանքները պետք է ունենան պաշտպանություն, որպեսզի արդյունավետ ճառագայթումը, անդրադարձման կամ ցրման հետևանքով ճառագայթումը և երկրորդային ճառագայթումը վնաս չհասցնեն մարդու առողջությանը,

գ) մեքենաների և մեխանիզմների վրա առկա լազերային սարքավորանքների դիտումների և սարքաբերման համար նախատեսված օպտիկական սարքերը մարդու առողջությունը լազերային ճառագայթների ներգործությունից չպետք է ենթարկեն ռիսկի:

52. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի բացառվեն փոշուց, գազից, հեղուկներից, գոլորշուց և այլ արտադրական արտանետումներից առաջացող ռիսկերը:

Այնտեղ, որտեղ առկա է այդ ռիսկը, մեքենաները և մեխանիզմները պետք է սարքավորված լինեն այնպես, որպեսզի հնարավոր լինի պաշտպանվել սույն կետի առաջին պարբերությունում նշված արտանետումներից կամ դրանք հավաքել կամ հեռացնել ու վերացնել:

Այն դեպքերում, երբ մեքենաները և մեխանիզմներն իրենց սովորական աշխատանքի ժամանակ փակված և պաշտպանված չեն, նման նյութերի հավաքման և հեռացման միջոցները պետք է որքան կարելի է մոտ գտնվեն արտանետման աղբյուրներին:

53. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի ներգործության գոտում գտնվող անձանց համար բացառվի ներսում մնալու ռիսկը: Եթե դա հնարավոր չէ, ապա մեքենաները և մեխանիզմները պետք է սարքավորված լինեն օգնության կանչելու համար անհրաժեշտ միջոցներով:

54. Մեքենաների և մեխանիզմների այն մասերը, որտեղ մարդիկ կարող են կանգնած լինել կամ տեղաշարժվել, պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի կանխվի այդ մասերի վրա կամ դրանց վրայից սայթաքելու կամ վայր ընկնելու հնարավորությունը:

 

Մեքենաների և մեխանիզմների տեխնիկական սպասարկումը

 

55. Մեքենաների և մեխանիզմների կարգաբերման, յուղման և տեխնիկական սպասարկման տեղերը պետք է գտնվեն վտանգավոր գոտուց դուրս:

Կարգաբերումը, սպասարկումը, նորոգումը և մաքրումը հնարավորության սահմաններում պետք է կատարվեն մեքենայի կամ մեխանիզմի շարժականգի ժամանակ: Եթե տեխնիկական պատճառներով նշված պայմաններից մեկը կամ մի քանիսը չեն կարող պահպանվել, ապա անհրաժեշտ է, որ այդ գործողությունները կատարվեն անվտանգ` սույն տեխնիկական կանոնակարգի 22-րդ կետի պահանջներին համապատասխան:

Ավտոմատ մեքենաների և մեխանիզմների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մեքենաների և մեխանիզմների համար արտադրողը պետք է ապահովի հնարավոր անսարքությունները հայտնաբերող արատորոշման սարքավորանքների տեղակայում:

Ավտոմատ մեքենաների և մեխանիզմների այն բաղադրիչ մասերը, որոնք պահանջում են հաճախակի փոխարինում (հատկապես, երբ պահանջվում է դրանց փոխարինումն արտադրության ժամանակ, կամ, երբ դրանք ենթարկվում են մաշման կամ փչացման ռիսկի, որը կարող է դառնալ դժբախտ պատահարի պատճառ), անհրաժեշտ է նախատեսել դրանց արագ և անվտանգ հանելու և փոխարինելու հնարավորությունը:

Արտադրողի կողմից նշված շահագործման կանոնների համաձայն բոլոր անհրաժեշտ միջոցների (գործիքներ, չափման միջոցներ և այլն) օգնությամբ նշված խնդիրների լուծման համար այդ բաղկացուցիչ մասերը պետք է հասանելի լինեն:

56. Արտադրողը պետք է ապահովի համապատասխան միջոցներ (սանդուղքներ, ձեռնասանդուղքներ, լաստակներ և այլն), որոնք անհրաժեշտ են արտադրման, կարգաբերման և մատակարարման նախատեսված տեղերին անվտանգ հասնելու համար:

57. Բոլոր մեքենաները և մեխանիզմները պետք է սարքավորված լինեն էներգիայի բոլոր աղբյուրներից մեկուսացման միջոցներով:

Այդպիսի մեկուսիչները պետք է հստակ նույնականացված լինեն: Անհրաժեշտ է, որ դրանք հնարավոր լինի փակի տակ պահել, եթե դրանց անջատումը կարող է վտանգի ենթարկել ներգործության գոտում գտնվող մարդկանց:

Այն դեպքում, երբ մեքենաները և մեխանիզմները սնվում են էլեկտրականությունից և շղթային միացված են խցակային միացման միջոցով, պետք է ապահովված լինի խցակային խրոցի մեկուսացումը:

Այն դեպքերում, երբ գործարկուն իրեն հասանելի ցանկացած տեղից չի կարող ստուգել էներգիայի մատուցման անջատված լինելը, անհրաժեշտ է նախատեսել մեկուսիչը փակի տակ դնելու հնարավորություն: Էներգիայի մատուցման անջատումից հետո անհրաժեշտ է հնարավորություն ունենալ բնականոն վերացնելու ցանկացած էներգիա, որը կա կամ պահպանվում է մեքենայի շղթայում, մարդկանց չենթարկելով ռիսկի ներգործության: Որպես բացառություն` որոշ շղթաներ կարող են մնալ էներգիայի աղբյուրներին միացված, որպեսզի, օրինակ, հնարավոր լինի պահպանել մանրակները, տեղեկատվությունը, լուսավորել ներքին մակերևույթները և այլն: Այդ դեպքում անհրաժեշտ է հատուկ միջոցներ ձեռնարկել գործարկուի անվտանգությունն ապահովելու համար:

58. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի սահմանափակվի գործարկուի միջամտության անհրաժեշտությունը: Այն դեպքում, երբ հնարավոր չէ խուսափել գործարկուի միջամտությունից, այն պետք է լինի հեշտ կատարվող և անվտանգ:

59. Մեքենաները և մեխանիզմները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի հնարավոր լինի մաքրել վտանգավոր նյութեր պարունակող ներքին մանրակները կամ նախապատրաստվածքները` չմտնելով մեքենայի կառուցվածքի մեջ: Ցանկացած ապաբլոկավորում պետք է կատարվի դրսից: Եթե բոլորովին հնարավոր չէ խուսափել մեքենայի կամ մեխանիզմի ներքին կառուցվածքի մեջ մտնելուց, ապա արտադրողը դրա նախագծման և արտադրման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկի մաքրման գործընթացը վտանգավորության նվազագույն մակարդակին հասցնելու համար:

 

Տեղեկատվական սարքվածքները

 

60. Մեքենաների կամ մեխանիզմների վերահսկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է լինի հասկանալի և հասկացվի միանշանակ:

Դա չպետք է պահանջվածից ավելի լինի, որպեսզի չծանրաբեռնի գործարկուին: Այն դեպքում, երբ ներգործության գոտում գտնվող մարդկանց կյանքը և առողջությունը ենթարկվում են վտանգի` անկառավարելի մեքենաների և մեխանիզմների սխալների պատճառով, դրանք պետք է սարքավորված լինեն համապատասխան ձայնային կամ լուսային նախազգուշացնող ազդանշանային միջոցներով:

61. Այն դեպքում, երբ մեքենաները և մեխանիզմները սարքավորված են նախազգուշացնող միջոցներով (ազդասարք, լուսասարք և այլն), դրանք պետք է հասկացվեն միանշանակ և հեշտությամբ ընկալվեն: Գործարկուն պետք է հնարավորություն ունենա հեշտությամբ ստուգելու նախազգուշացնող միջոցների գործողությունները:

Նախազգուշացնող միջոցների առկայության դեպքում պետք է կատարվեն գույներին և անվտանգության ազդանշաններին վերաբերող պահանջները:

62. Այն դեպքերում, երբ, չնայած նախաձեռնած բոլոր միջոցներին, ռիսկը մնում է, կամ ակնհայտ հնարավոր ռիսկերի դեպքում (օրինակ` էլեկտրապահարաններ, ճառագայթաակտիվ աղբյուրներ, հիդրավլիկ շղթայից դուրսբերում, ռիսկերը չերևացող տեղերում և այլն) արտադրողը պետք է ապահովի նախազգուշացումները:

Այդպիսի նախազգուշացումների համար նախընտրելի է կիրառել հստակ հասկացվող պայմանանշանները և (կամ) մեքենաների ու մեխանիզմների` գործարկուներին հասկանալի լեզուներով նախազգուշացումների մակագրությունները:

 

Մակնշումը

 

63. Բոլոր մեքենաների և մեխանիզմների վրա տեսանելի տեղում չմաքրվող ներկով պետք է ընթեռնելի նշված լինեն հետևյալ նվազագույն տվյալները`

ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ) մեքենայի (մեխանիզմի) անվանումը, մակնիշի նշագիրը,

գ) խմբաքանակի համարը (առկայության դեպքում),

դ) թողարկման տարեթիվը:

Բացի դրանից` հնարավոր պայթյունավտանգ մթնոլորտում շահագործելու համար նախագծված մեքենաների և մեխանիզմների վրա պետք է նախատեսված լինեն համապատասխան նշագրեր:

Մեքենաների կամ մեխանիզմների վրա պետք է լինի լրիվ տեղեկատվություն դրանց տիպի մասին և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ հիմնական տեղեկությունները (օրինակ` որոշակի պտտվող մասերի առավելագույն արագությունը, տեղակայվող գործիքի առավելագույն տրամագիծը, զանգվածը և այլն):

Այն դեպքում, երբ մեքենաների կամ մեխանիզմների մանրակների շահագործման ժամանակ պահանջվում է ամբարձիչ սարքավորանքի օգտագործում, ապա այդ մանրակների զանգվածը տեսանելի տեղում պետք է հստակ նշված լինի չմաքրվող ներկով: Այդ տեղեկությունը պետք է մակնշված լինի նաև փոխման ենթակա սարքավորանքների վրա:

 

Շահագործման հրահանգները

 

64. Բոլոր մեքենաները և մեխանիզմները պետք է ուղեկցվեն տեղեկաթերթիկով` շահագործման հրահանգների հետ միասին, որոնցում պետք է լինի առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

ա) այն տեղեկատվության կրկնումը, որը պարունակվում է մեքենայի կամ մեխանիզմի մականշվածքում` առանց խմբաքանակի համարի (սույն տեխնիկական կանոնակարգի 63-րդ կետին համապատասխան), ինչպես նաև ցանկացած անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն, որը կհեշտացնի ընթացիկ սպասարկումը (օրինակ` ներմուծողի և նորոգման համար նախատեսված կազմակերպության գտնվելու վայրը և այլն),

բ) մեքենայի կամ մեխանիզմի` արտադրողի կողմից նախատեսված օգտագործումը սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված նշանակությանը համապատասխան,

գ) գործարկուների աշխատատեղերը,

դ) անվտանգության տեխնիկայի մասին հրահանգը,

ե) գործարկումը,

զ) օգտագործումը,

է) մեքենայի կամ մեխանիզմի հետ վարման եղանակը, մեքենայի և դրա տարբեր մասերի զանգվածի նշումն այնտեղ, որտեղ դրանք սովորաբար տեղափոխվում են առանձին,

ը) հավաքումը, ապամոնտաժումը, կարգաբերումը,

թ) ընթացիկ սպասարկումը (կենցաղային սպասարկում և նորոգում),

ժ) անհրաժեշտության դեպքում` ուսուցանելու հրահանգը,

ժա) անհրաժեշտության դեպքում մեքենաների և մեխանիզմների վրա տեղակայվող գործիքների հիմնական բնութագրերը:

Անհրաժեշտության դեպքում` շահագործման հրահանգներում պետք է հատուկ ուշադրություն հրավիրել մեքենաների և մեխանիզմների չթույլատրվող օգտագործման վրա:

65. Շահագործման հրահանգները պետք է կազմված լինեն արտադրողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից: Շահագործման հանձնման ժամանակ բոլոր մեքենաները և մեխանիզմները պետք է ուղեկցվեն բնօրինակի լեզվով, իսկ Հայաստանի Հանրապետությունում` հայերեն թարգմանված շահագործման հրահանգներով: Այդ թարգմանությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

66. Շահագործման հրահանգները պետք է պարունակեն մեքենաների կամ մեխանիզմների գործարկման, ընթացիկ սպասարկման, վերահսկման, գործելու ճշտությունն ստուգելու և անհրաժեշտության դեպքում նաև նորոգման համար անհրաժեշտ նկարներ, գծագրեր ու տրամագրեր (դիագրամներ), ինչպես նաև անհրաժեշտ ցուցումներ հատկապես անվտանգության տեխնիկային վերաբերող:

67. Մեքենաները և մեխանիզմները նկարագրող ցանկացած գրականություն չպետք է հակասի շահագործման հրահանգներին` հատկապես անվտանգության տեխնիկայի տեսանկյունից:

68. Մեքենաներին և մեխանիզմներին վերաբերող տեխնիկական փաստաթղթերը պետք է պարունակեն պահանջներ` դրանցից առաջացող աղմուկի վերաբերյալ, սույն տեխնիկական կանոնակարգի 70-րդ կետով նախատեսված և ձեռքով կառավարվող սարքավորանքի դեպքում` նաև առաջացող թրթռումների մասին 76-րդ կետով նախատեսված տեղեկությունները:

69. Շահագործման հրահանգներն անհրաժեշտության դեպքում աղմուկի և թրթռումների կրճատման համար պետք է պարունակեն հավաքման, գործարկման ու կարգաբերման վերաբերյալ պահանջներ (օրինակ` մեղմիչների օգտագործում, հիմքի զանգվածը և տիպը):

70. Շահագործման հրահանգները պետք է պարունակեն մեքենաներից և մեխանիզմներից առաջացող ակուստիկ աղմուկի մեծությունների մասին (փաստացի մեծությունը կամ նույնական սարքավորանքի վրա չափումների միջոցով որոշված մեծությունը) հետևյալ տեղեկատվությունը`

ա) ամպլիտուդի միջինացմամբ ձայնային ճնշման համարժեք մշտական մակարդակն աշխատանքային տեղերում` այնտեղ, որտեղ դա գերազանցում է 70 դԲ (Ա)-ն, իսկ այնտեղ, որտեղ այդ մակարդակը չի գերազանցում 70 դԲ (Ա)-ն, այդ փաստը պետք է նշված լինի.

բ) գագաթնային ճշգրտված ակնթարթային ձայնային ճնշումն աշխատանքային տեղում` այնտեղ, որտեղ դա գերազանցում է 63 Պա-ն (130 դԲ` 20 մկՊա-ի համեմատությամբ).

գ) մեքենաների և մեխանիզմների միջոցով առաջացած ձայնի հզորության մակարդակն այն դեպքում, երբ ձայնային ճնշման համարժեք մակարդակը տեղերում գերազանցում է 85 դԲ (Ա)-ն:

Մեծ մեքենաների և մեխանիզմների դեպքում ձայնի հզորության մակարդակի փոխարեն կարող են նշված լինել մեքենաների կամ մեխանիզմների շուրջը` որոշակի տեղերում մշտական ձայնային ճնշման համարժեք մակարդակները: Այնտեղ, որտեղ չեն կիրառվում միջազգային ստանդարտներին ներդաշնակեցված ստանդարտներ, ձայնի մակարդակը պետք է չափվի տվյալ մեքենաների և մեխանիզմների համար առավել հարմար փորձարկման մեթոդներով: Արտադրողը պետք է նշի չափումների կատարման ժամանակ մեքենաների կամ մեխանիզմների շահագործման պայմանները և չափման մեթոդները: Եթե շահագործման հրահանգներում աշխատանքային տեղերը նախատեսված չեն կամ չեն կարող նախատեսվել, ապա ձայնային ճնշման մակարդակը պետք է չափվի մեքենաների կամ մեխանիզմների մակերևույթից մեկ մետր հեռավորության վրա և հատակից կամ հենահարթակից, որտեղ տեղավորված է աշխատանքային տեղը` 1,6 մետր բարձրության վրա:

71. Եթե արտադրողը նախատեսել է, որ մեքենաները և մեխանիզմները պետք է շահագործվեն հնարավոր պայթյունավտանգ միջավայրում, ապա շահագործման հրահանգում պետք է լինի դրա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը:

72. Այն դեպքում, երբ մեքենաները և մեխանիզմները նախատեսված են ոչ մասնագետ օգտագործողների համար, շահագործման հրահանգների շարադրման եղանակը պետք է համապատասխանի օգտագործողների կրթական մակարդակին և հասկանալի լինի նրանց:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2005
N 2390-Ն
Որոշում