040.0174.010306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2006 թվականի N 174-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման և դրա մեխանիզմների սահմանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 9-ի
N 174-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման կարգը,
բ) ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման մեխանիզմների սահմանման կարգը:
2. Ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ջրօգտագործողի պահանջը:
II. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3. Ջրային ռեսուրսների գնահատման հիմքերն են`
ա) ջրային ռեսուրսների մոնիթորինգի քանակական և որակական տվյալները (առկայության դեպքում),
բ) ջրային ռեսուրսի ինքնավերականգնման ունակության գործակցի մեծությունը որոշակի աղտոտիչների նկատմամբ,
գ) ջրհավաք ավազանի մակերեսը,
դ) ջրային ռեսուրսների առկա բնածին և մարդածին բեռնվածությունները:
4. Տվյալ ջրավազանային տարածքում կամ ջրային ռեսուրսի գնահատվող հատվածում մոնիթորինգի բազմամյա տվյալների բացակայության դեպքում, պահանջվող ջրային ռեսուրսի գնահատումից առաջ, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն անհրաժեշտության դեպքում ընդունում է որոշում` իրականացնել մոնիթորինգ` 3 տարվա կտրվածքով` խմելու-կենցաղային և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող, և մեկ տարվա կտրվածքով` այլ նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսների համար, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն`
ա) գետերի, վտակների, առուների համար`
ջրային ռեսուրսի աղտոտվածությունը` կախված բնածին և մարդածին գործոններից,
ջրային ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունը` որոշակի աղտոտիչների ազդեցությունից,
ջրային ռեսուրսի և դրա ջրհավաք ավազանի հոսքի մոդուլը և ջրի քանակը,
բնապահպանական թողքերի մեծությունը,
ջրային ռեսուրսի վրա մարդածին բեռնվածության ազդեցությունը,
այլ չափորոշիչներ.
բ) լճերի համար`
ջրային ռեսուրսի աղտոտվածությունը` կախված բնածին և մարդածին գործոններից,
ջրային ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունը` որոշակի աղտոտիչների ազդեցությունից,
լիճ թափվող գետերի հոսքի մոդուլը, աղտոտվածությունը և ջրի քանակը,
լճի լիմնոլոգիական վիճակը (հետերոտրոֆ, մեզոտրոֆ, էվտրոֆ),
անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում` հիպոլիմնիոնի առկայությունը և մեծությունը,
ջրային ռեսուրսի վրա մարդածին բեռնվածության ազդեցությունը,
այլ չափորոշիչներ.
գ) ստորերկրյա ջրային ռեսուրսների համար`
ջրային ռեսուրսի աղտոտվածությունը` կախված բնածին և մարդածին գործոններից,
ջրային ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունը` որոշակի աղտոտիչների ազդեցությունից,
ջրային ռեսուրսի հոսքի մոդուլը և ջրի քանակը,
այլ չափորոշիչներ:
III. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
5. Ջրային ռեսուրսների գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները`
ա) գետերի, վտակների, առուների համար`
ջրային ռեսուրսի առկա ընդհանուր հոսքի մեծությունը,
օգտագործելի ջրային ռեսուրսի մեծությունը,
ջրհավաք ավազանի հոսքի մոդուլը,
բնապահպանական թողքերի մեծությունը,
ջրային ռեսուրսի առկա որակը,
ջրային ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունը` որոշակի աղտոտիչների ազդեցությունից,
ջրային ռեսուրսի առկա մարդածին բեռնվածությունը,
ջրային ռեսուրսի օգտագործման նպատակայնությունը,
ջրային ռեսուրսի բնական ֆոնային տվյալները.
բ) լճերի համար`
ընդհանուր ծավալը,
ազգային ջրային պաշարի մեծությունը, քանակը,
օգտագործելի ջրային ռեսուրսի մեծությունը,
որակը,
մարդածին բեռնվածությունը,
օգտագործման նպատակայնությունը,
բնական ֆոնային տվյալները,
հետերոտրոֆ, մեզոտրոֆ կամ էվտրոֆ վիճակները,
ջրային հաշվեկշիռը` մուտքը և ելքը, հաշվի առնելով նաև ֆիլտրացիան և գոլորշիացումը,
ջրային ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունը` որոշակի աղտոտիչների ազդեցությունից,
անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում` հիպոլիմնիոնի մեծությունը.
գ) ստորերկրյա ջրային ռեսուրսների համար`
ստորերկրյա ջրային ռեսուրսի դեբիտը,
ազգային ջրային պաշարի մեծությունը,
ջրային ռեսուրսի բաղադրությունը,
ջրային ռեսուրսի արդյունահանման մատչելիությունը,
ջրային ռեսուրսի օգտագործման նպատակայնությունը,
ջրային ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունը` որոշակի աղտոտիչների ազդեցությունից,
դրական կամ բացասական հորիզոնը:
6. Պատվիրատուի նախնական պահանջով, բացի սույն կարգի 6-րդ կետում նշված բաղադրիչներից, հնարավոր է նաև այլ բաղադրիչների գնահատումը:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման անհրաժեշտության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որոշման մեջ նշվում են գնահատման անհրաժեշտ պատճառները, պահանջները, հիմնավորումները և ջրային ռեսուրսի գնահատմանը ներկայացվող անհրաժեշտ բաղադրիչները:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
10. Ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման համար ջրօգտագործողը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում հայտ, որում նշվում են գնահատման անհրաժեշտ պատճառները, պահանջները, հիմնավորումները և ջրային ռեսուրսի գնահատմանը ներկայացվող անհրաժեշտ բաղադրիչները:
11. Ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատումն իրականացնում է գնահատող կազմակերպությունը` տվյալ ջրօգտագործողի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Գնահատումն իրականացնելուց հետո ջրօգտագործողը դրա արդյունքները ներկայացնում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:
13. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը գնահատման արդյունքների հիման վրա 30-օրյա ժամկետում տալիս է եզրակացություն:
14. Մեկ ջրհավաք ավազանի համար գնահատման ժամանակահատվածը չի կարող գերազանցել հայտը ներկայացնելու պահից 120 օրը, եթե գնահատման համար առկա են սույն կարգի II բաժնում նշված հիմքերը: