040.0015.300106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2006 թվականի N 15-Ն
i
ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց` ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հաստատել`
ա) գյուղատնտեսական տարբեր տեսակի կենդանիների բոնիտավորման և նրանց` ըստ սերնդի որակի գնահատման հրահանգները.
բ) անասնաբուծական և տոհմային հաշվառման գրանցամատյանների ձևերը.
i
գ) կենդանիների տոհմային քարտերի ձևերը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 12-ի
N 15-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով հաստատվում են տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց` ըստ սերնդի որակի գնահատման պայմանները` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
2. Սույն կարգի հիմնական նպատակները և խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տոհմային կենդանիների (այսուհետ` կենդանիներ) բոնիտավորման, նրանց` ըստ սերնդի որակի գնահատման և հետազոտման գործընթացների կանոնակարգումը.
բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենետիկական ներուժն ի հայտ բերելը և այն Հայաստանի Հանրապետությունում բուծվող կենդանիների գենոֆոնդի պահպանման ու տոհմամթերատու հատկությունների կատարելագործման համար օգտագործելը,
գ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող ցեղերի բարձրարժեք կենդանիների տվյալների հավաքագրման ապահովումը և պետական տոհմային գրքերում դրանց գրանցումը.
դ) կենդանիների մթերատվության բարձրացման, նորոգման, մատղաշի աճեցման, տոհմային գործի զարգացման և հոտերի, նախիրների, գծերի, տիպերի ու ցեղերի կատարելագործման նպատակով բոնիտավորման արդյունքների հիման վրա տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը նպաստելը,
ե) հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների գնահատման և դասակարգման համար բոնիտավորման իրականացումը:
II. ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Տոհմային կենդանիների բոնիտավորումն իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից` յուրաքանչյուր տարի, և արդյունքներն ըստ կենդանատեսակների տրամադրվում են լիազորված մարմնին:
4. Տոհմային են համարվում այն կենդանիները, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վավերացված փաստաթղթերով առնվազն 4 շարք նախնիների մասին ունեն տվյալներ և օգտագործվում են հոտի, նախիրի վերարտադրության համար:
5. Տավարաբուծությունում տոհմային են համարվում կենդանիների հետևյալ սեռահասակային խմբերը`
ա) էգ մատղաշն ու տոհմային ցլիկները` 6 ամսական և բարձր տարիքի,
բ) էգ մոզիները` սերմնավորման հասակի` 16-18 ամսական,
գ) երինջները` հղիությունը ճշտված կենդանիները,
դ) կովերը և արտադրող ցուլերը, որոնք օգտագործվում են նախիրի վերարտադրության համար:
6. Խոզաբուծությունում տոհմային են համարվում հետևյալ սեռահասակային խմբերը`
ա) արու և էգ մատղաշը` հոտի վերարտադրության համար նախատեսված մինչև առաջին զուգավորման հասակը,
բ) ստուգվող վարազիկները` առաջին զուգավորումից մինչև դրանցից ստացված սերնդի 2 ամսական հասակի բնի զանգվածի գնահատված արու կենդանիները, որոնք փոխադրվում են հիմնական հոտ կամ խոտանվում են,
գ) արու և էգ տոհմային կենդանիները` 6 ամսական և բարձր տարիքի,
դ) հիմնական վարազները և մերունները` հոտի վերարտադրության համար նախատեսված տոհմային լիատարիք կենդանիները:
7. Ոչխարաբուծությունում տոհմային են համարվում կենդանիների հետևյալ սեռահասակային խմբերը`
ա) շիշակները և խոյիկները` հոտի համալրման համար աճեցվող կենդանիները,
բ) խոյերը և մաքիները` հիմնական հոտի վերարտադրության համար օգտագործվող կենդանիները,
գ) փորձախոյերը` ցանկության մեջ գտնվող մաքիների և շիշակների հայտնաբերման նպատակով օգտագործվող կենդանիները:
8. Տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց` ըստ սերնդի որակի գնահատման համար հիմք են հանդիսանում լիազորված մարմնի կողմից հաստատված ձևերի անասնաբուծական և տոհմային հաշվառման հետևյալ գրանցամատյաններում, ինչպես նաև տոհմային քարտերում գրանցված տվյալները`
ա) գյուղատնտեսական կենդանիների զուգավորման և սերմնավորման գրանցամատյանը,
բ) գյուղատնտեսական կենդանիների մթերատվության հաշվառման գրանցամատյանը,
գ) գյուղատնտեսական կենդանիների մատղաշի մուտքագրման և աճեցման գրանցամատյանը,
դ) տոհմային հաշվառման գրանցամատյանը,
ե) գյուղատնտեսական կենդանիների տոհմային քարտերը:
9. Ըստ սերնդի որակի` գնահատվում են հոտի, նախիրի վերարտադրության համար օգտագործվող և սերունդ ունեցող կենդանիները:
10. Ըստ սերնդի որակի` տոհմային կենդանիների գնահատումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման և ըստ սերնդի որակի գնահատման հրահանգներին համապատասխան:
11. Ըստ սերնդի որակի` տոհմային կենդանիների գնահատումն իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
III. ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
12. Տոհմային կենդանիների հետազոտումը և գնահատումը կատարվում է, ըստ համակազմվածքի և արտակազմվածքի (այսուհետ` գնահատում), յուրաքանչյուր կենդանատեսակի համար առանձին` հաշվի առնելով մթերատվության ցուցանիշները:
13. Եթե կենդանին գնահատված չէ մատղաշ հասակում, ապա այն հետազոտվում և գնահատվում է տվյալ տարվա ընթացքում անցկացվող հերթական հետազոտման ժամանակ:
14. Կենդանիների հետազոտումը և գնահատումը կատարվում է ըստ կենդանու տեսակի և ցեղի:
15. Կենդանու դասայնությունը որոշվում է բոնիտավորման իրականացման ընթացքում:
16. Բոնիտավորման ժամանակ տոհմային կենդանիների դասայնության որոշման գործընթացն իրականացվում է լիազորված մարմնի կողմից հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման և ըստ սերնդի որակի գնահատման հրահանգներին համապատասխան:
17. Բոնիտավորման արդյունքների հիման վրա արժեքավոր կենդանիների տվյալները գրանցվում են պետական տոհմային գրքերում: