(ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 156-Ն որոշում)
i
040.2319.300106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2319-Ն
i
ՁԿԱՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2319-Ն որոշման
ԿԱՐԳ
ՁԿԱՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ձկան և ջրային կենդանիների (այսուհետ` ջրային կենդանիներ) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգն ու պայմանները` ջրային կենդանիների արդյունահանման, մթերման, պահպանման, վերամշակման, իրացման (այսուհետ` իրացում) գործընթացներում:
2. Ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են անասնաբուժական ծառայություն իրականացնող լիցենզավորված անձինք:
3. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված ջրային կենդանիներ իրացնող ֆիզիկական ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
4. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, ցուցահանդեսներում, տոնավաճառներում, ջրային կենդանիների արդյունահանման և վերամշակման արտադրամասերում ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման գործընթացն ապահովում են ջրային կենդանիներ իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
5. Իրացման համար նախատեսված ջրային կենդանիներն անասնաբուժասանիտարական փորձաքննության են ներկայացվում ուղեկցող անասնաբուժական համապատասխան փաստաթղթով:
II. ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
6. Անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են իրացվող կենդանի, շշմեցրած, սառեցված, աղի, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիները:
7. Ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է սենսոր և լաբորատոր արագացված մեթոդներով հետազոտությունները:
8. Վարակիչ հիվանդությունների բացահայտման համար անզեն աչքով կամ մանրադիտակի միջոցով հետազոտվում են ներքին օրգանները, մկանային հյուսվածքը, մաշկային ծածկույթը, լողակները և խռիկները: Անհրաժեշտության դեպքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների բացահայտման համար կատարվում են լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ:
9. Իրացման համար ներկայացված ջրային կենդանիները հետազոտվում են սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի դրույթներին համապատասխան:
10. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար ջրային կենդանիների նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր միավորից կամ տարայից` հետևյալ քանակներով` մինչև 100 գրամ քաշի դեպքում` 5-7-ական հատ, մինչև մեկ կգ քաշի դեպքում` 3-ական հատ, մինչև 3 կգ քաշի դեպքում` 2-ական հատ ջրային կենդանուց մինչև 5 սմ լայնությամբ, 100-200-ական գրամ զանգվածով կտորներ` գլխի, մեջքի, պոչի հատվածներից, 3 և ավելի կգ քաշի դեպքում` մինչև 10 սմ լայնությամբ, 250-ական գրամից ոչ ավելի զանգվածով կտորներ` գլխի, մեջքի, պոչի հատվածներից: Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը, նմուշների քանակը և կենդանատեսակը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որն ստորագրվում է նաև իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:
11. Նմուշները հետազոտվում են վերցնելուց հետո` մեկ ժամվա ընթացքում: Մինչև հետազոտության արդյունքների ստացումը` իրացման համար նախատեսված ջրային կենդանիները պահվում են մեկուսացված` կենդանի վիճակում կենսունակության համար անհրաժեշտ պայմաններում, իսկ ոչ կենդանի վիճակում` ոչ ավելի, քան +4o C ջերմաստիճանում:
12. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական պիտանիության մասին եզրակացություն, որը կազմվում է 2 օրինակից, և մեկ օրինակը տրվում է իրացնողին: Եզրակացության օրինակելի ձևը հաստատում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:
Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված ջրային կենդանիների իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հաստատող պիտակ, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (թույլատրվում է սննդում օգտագործել վերամշակումից հետո` եփելու, սառեցնելու, աղաջրում պահելու միջոցով վարակազերծվելուց հետո) կամ ոչ պիտանի (ենթակա են օգտահանման կամ ոչնչացման) ճանաչվելու դեպքում եզրակացության մեջ նշվում են նաև վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման եղանակները: Օգտահանման անհնարինության դեպքում խոտանված ջրային կենդանիները ոչնչացվում են:
13. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կենդանիների կերակրման համար պիտանի ճանաչված կենդանի, սառեցված, աղի, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիները ենթակա չեն իրացման, վերադարձվում են իրացնողին` տեխնիկական օգտահանման` վնասազերծման, հետագայում ձկնալյուրի արտադրության մեջ օգտագործելու կամ եռացնելուց հետո կենդանիներին կերակրելու համար:
14. Նույն օրը չվաճառված ջրային կենդանիները, որոնք չեն պահպանվել սառնարանային պայմաններում, հաջորդ օրը` վաճառքից առաջ ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:
15. Կարմրախտով, նեկրոզով, ծաղկով, լողապարկի բորբոքմամբ, ինֆեկցիոն սակավարյունությամբ, ֆուրունկուլյոզով, բրանխիոմիկոզով, վիբրիոզով, կոստիոզով, խիլոդոնելոզով, տրիխոդինիոզով, իխթիոֆթիրիոզով, հիրոդակտիլոզով, դակտիլոգիրոզով, կավիոզով, կարիոֆիլոզով, բոտրիոցեֆալոզով, ֆիլոմետրոզով, լիգուլոզով, դիգրամմոզով, արգուլոզով, կոկցիդիոզով, սանգվինիկոլոզով, դիպլոստոմատոզով, պոստոդիպլոստոմատոզով, սապրոլեգնիոզով, տրիէնոֆորոզով, օպիստորխոզով և մետագոնիմոզով վարակված, կանխարգելիչ մշակումների ենթարկվելուց հետո սահմանված ժամկետներից շուտ արդյունահանված ջրային կենդանիները` կախված ախտահարման աստիճանից, անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի են կամ ոչ պիտանի:
16. Անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի և ոչ պիտանի ջրային կենդանիները ենթակա են վարակազերծման կամ ոչնչացման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշմամբ հաստատված` մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգին համապատասխան:
i
17. Կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչներով ջրային կենդանիների վարակվածության և հիվանդության բավարար կասկածանքի, ինչպես նաև սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում, երբ հնարավոր չէ հետազոտությունների միջոցով տալ անասնաբուժասանիտարական լիարժեք գնահատական, ախտորոշումը հաստատելու նպատակով` ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները 1-5 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված եզրակացությամբ: Փորձաքննության կասկածելի արդյունքները լաբորատոր հետազոտությամբ հաստատելու համար նմուշներն ուղարկվում են ամուր խցանված ու կնքված, անջրաթափանց տարաներով և ուղեկցող փաստաթղթերով (ակտ, ուղեգիր): ՈՒղեկցող փաստաթղթերում նշվում են ջրային կենդանիների նմուշներն անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացրած ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` անվանումը, ջրային կենդանու տեսակը, ինչպիսի նմուշ է ուղարկվում, նմուշի քանակը, ստացման վայրը և ժամկետը, նմուշառման ամսաթիվը, փորձաքննության արդյունքում ենթադրվող ախտորոշումը, անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների տեսակը, ուղարկողի ստորագրությունը: Կազմվում է արձանագրություն 3 օրինակից, որն ստորագրվում է նաև իրացնողի կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:
(17-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1922-Ն որոշում)
18. Եթե հետաձգվում է նմուշների ուղարկումը, ապա դրանք պահպանվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման վայրում, սառնարանային` 0-ից +4o C ջերմաստիճանի պայմաններում: Նմուշների մնացորդները հետազոտություններից հետո օգտահանվում են կամ վնասազերծվելուց հետո` ոչնչացվում: