040.0012.200106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2006 թվականի N 12-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 12-ի
N 12-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի արտադրության և օգտագործման հարաբերությունները` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
2. Սույն կարգի նպատակն է` որակյալ, բարձրարժեք տոհմանյութի արտադրությանն ու օգտագործմանը և բուծվող գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու կատարելագործմանը նպաստելը:
II. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի արտադրությամբ և օգտագործմամբ կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից տոհմանյութի հավաստագիր ստացած տոհմային անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
4. Տոհմանյութի արտադրությունն իրականացվում է միայն տոհմային կենդանիների մաքրացեղ բուծումից ստացված կենդանիներից, որոնք ենթարկվել են բոնիտավորման և ըստ սերնդի որակի հետազոտման ու գնահատման:
5. Տոհմանյութի արտադրությունն ու օգտագործումը կազմակերպվում են լիազորված մարմնի կողմից հաստատված անասնաբուժասանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:
6. Տոհմանյութի արտադրությունը կազմակերպվում է լաբորատոր, ստերիլ պայմաններում:
7. Տոհմանյութի արտադրության համար օգտագործվող կենդանին պահվում է այլ կենդանիներից մեկուսացված:
8. Տոհմանյութի արտադրությամբ զբաղվող անձինք այլ անձանց սեփականություն հանդիսացող կենդանիների սերմնավորումն իրականացնում են սեփականատիրոջ հետ նախօրոք համաձայնեցնելուց հետո:
9. Տոհմանյութ օգտագործողները տոհմանյութն օգտագործում են արտադրողի կողմից ստացված տոհմանյութի պահպանման և օգտագործման հրահանգներին համապատասխան:
10. Տոհմանյութ արտադրողը որևէ պարտավորություն չի կրում, եթե օգտագործողի կողմից խախտվել են տոհմանյութի պահպանման և օգտագործման հրահանգները:
11. Տոհմանյութ արտադրողը տոհմանյութի պահպանման և օգտագործման հրահանգներն օգտագործողին հատկացնում է տոհմանյութի յուրաքանչյուր խմբաքանակի համար:
12. Սելեկցիոն նվաճում հանդիսացող կենդանիների տոհմանյութի արտադրության և օգտագործման գործընթացը կազմակերպվում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջների պահպանմամբ: