040.0001.120106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2006 թվականի N 1-Ա
i
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն լրացել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը և նկատի ունենալով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկում աշխատակազմի ղեկավարի պաշտոնի բացակայության պայմաններում կազմալուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն որևէ մարմին կամ անձ իրավունք չունի նշանակելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար կամ փոխարինելու նրան և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը` կասեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գործունեությունը` աշխատողներին համարելով ոչ իրենց մեղքով պարապուրդում գտնվողներ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն ապահովել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի աշխատողների սոցիալական երաշխիքների իրականացումը, այդ թվում` կատարել վճարումներ` կապված ոչ աշխատողի մեղքով տեղի ունեցած պարապուրդի համար:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` իրականացնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գույքի և ֆինանսական միջոցների պահպանությունը` մինչև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ