(ուժը կորցրել է 06.09.12 թիվ 1148-Ն որոշում)
i
040.2199.261205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2199-Ն
i
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ գլխի 5-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 215-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 15-ի
N 2199-Ն որոշման
ԿԱՐԳ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման գործընթացը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Սույն կարգի դրույթները տարածվում են երկրաբանական ուսումնասիրություն կատարող, օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցներ շահագործող ընդերքօգտագործողների վրա:
4. Սույն կարգի նպատակն է լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրամադրված ընդերքի տեղամասի վերաբերյալ նախկինում կատարված երկրաբանական և այլ տեղեկատվության արդյունքների ճշտումը, եթե փոխվել են ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալները և մոտեցումները:
5. Անկախ փորձաքննություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձինք (այդ թվում` օտարերկրյա)` ընդերքօգտագործման սեփական միջոցների հաշվին:
6. Անկախ փորձագետի ընտրությունը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից:
7. Անկախ փորձաքննության կարող է ենթարկվել լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրամադրված ընդերքի տեղամասի մասին հետևյալ երկրաբանական տեղեկատվությունը`
ա) ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրության նյութերը,
բ) օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման վերաբերյալ նյութերը,
գ) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզմանը և շահագործական հետախուզությանը վերաբերող նյութերը,
դ) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շահագործման համար ընդերքի նախատեսված տեղամասի երկրաբանական ուսումնասիրության նյութերը:
8. Եթե անկախ փորձաքննության արդյունքում փոխվել են պատկերացումներն ընդերքի երկրաբանական կառուցվածքի կամ հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականի վերաբերյալ, ապա ընդերքօգտագործողը կարող է անկախ փորձաքննության նյութերը ներկայացնել լիազոր մարմին` քննարկման և հաստատման:
i
9. Ներկայացված նյութերը լիազոր մարմինը պարտավոր է ենթարկել պետական ընդերքաբանական փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1784-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
10. Լիազոր մարմնի կողմից փորձաքննության արդյունքները չհաստատվելու դեպքում ընդերքօգտագործողն այն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: