(ուժը կորցրել է 06.04.17 թիվ 346-Ն որոշում)
i
040.1925.241105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1925-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության` բնակչությանը կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կարգավորման մասին» N 122 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 3-ի
N 1925-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ու ռազմական դրության պայմաններում և հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում բնակչությանն ազդարարելու գործընթացը:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ա) ազդարարման ազդանշան` ազդարարման համակարգով տրվող պայմանական նշան, որը հրահանգ է կառավարման մարմիններին, քաղաքացիական պաշտպանության շտաբներին, ծառայություններին, ուժերին և բնակչությանը` համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար,
բ) օդային տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրի (տարածքի) վրա օդային հարձակման անմիջական սպառնալիքի դեպքում,
գ) օդային տագնապի ավարտ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրին (տարածքին) հարձակման սպառնալիքի վերացման դեպքում,
դ) ճառագայթային վտանգ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) ռադիոակտիվ աղտոտվածության անմիջական սպառնալիքի կամ այդպիսի աղտոտվածության հայտնաբերման դեպքում,
ե) քիմիական տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) քիմիական, մանրէաբանական վարակման սպառնալիքի կամ այդպիսի վարակվածության հայտնաբերման դեպքում,
զ) աղետալի ջրածածկում` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) ջրածածկման սպառնալիքի դեպքում,
է) հակառակորդի հարձակման սպառնալիքի ազդանշան` տրվում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների սկսման կամ զենքի կիրառման ակնհայտ սպառնալիքի դեպքում:
3. Ռազմական դրության և հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում կիրառվում են «Օդային տագնապ», «Օդային տագնապի ավարտ», «Ճառագայթային վտանգ» և «Քիմիական տագնապ», իսկ արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի կամ ծագման դեպքում` «Ճառագայթային վտանգ», «Քիմիական տագնապ» և «Աղետալի ջրածածկման վտանգ» ազդարարման ազդանշանները:
4. Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` շարժական բարձրախոսային սարքերի օգնությամբ, միացվում են էլեկտրաշչակները, և տրվում է անընդհատ («Օդային տագնապ» ազդանշանի դեպքում` տատանվող), երկարատև (3 րոպե տևողությամբ) ձայնային ազդանշան: Միաժամանակ ազդարարման միջոցներով` 2-3 րոպե տևողությամբ տրվում է հետևյալ բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն. «ՈՒշադրություն, ուշադրություն...»: Անհրաժեշտության դեպքում հաղորդագրությունը լրացվում է «Վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին`...» բառերով:
5. Բնակչությանն ազդարարելու մասին որոշումներն ընդունում են`
ա) հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:
Հայկական ատոմային էլեկտրակայանում (այսուհետ` ՀԱԷԿ) արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտու (ՀԱԷԿ-ին հարակից մինչև 5 կիլոմետրանոց գոտի) նախնական ազդարարման մասին որոշումն ընդունում է ՀԱԷԿ-ի հերթափոխի պետը, շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտում (ՀԱԷԿ-ին հարակից 5-10 կիլոմետրանոց գոտի) գտնվող բնակչությանն ազդարարելու մասին որոշումը` Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում` ազդարարման մասին որոշումն ընդունվում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) օպերատիվ ծառայության կողմից.
բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը.
գ) մարզային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը).
դ) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.
ե) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հանկարծակի հարձակման, հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից ստացված տեղեկատվության հիման վրա):
6. Բնակչության ազդարարումն իրականացնում են`
i
ա) հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտներում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը` լիազոր մարմնի օպերատիվ ծառայության միջոցով:
ՀԱԷԿ-ում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտում գտնվող բնակչության նախնական ազդարարումն իրականացնում է ՀԱԷԿ-ի հերթապահ ծառայությունը, իսկ շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտու բնակչության ազդարարումը` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.
բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը.
գ) մարզային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.
դ) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.
ե) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հանկարծակի հարձակման, հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը:
7. Ազդարարման մասին որոշումների ընդունման նպատակով արտակարգ իրավիճակների դասակարգման չափանիշները սահմանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից: