Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ...

 

 

040.1345.050905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2005 թվականի N 1345-Ն

 

i

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 18-ի

N 1345-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների (այսուհետ` երեխաներ) համար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը, որի նպատակը երեխաների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ֆիզիկական ակտիվության ապահովումն է:

2. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու) գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի` տվյալ մարզաձևով զբաղվելու նախասիրությունը և բժշկի մասնագիտական եզրակացությունը:

3. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են միաժամանակ 2 մարզիչ-մանկավարժի կողմից` բժշկի պարտադիր ներկայությամբ:

Մարզիչ-մանկավարժներից առավել փորձառուն` աշխատանքային երկարամյա ստաժ ունեցողը, նշանակվում է խմբի ավագ մարզիչ-մանկավարժ:

4. Երեխաների ուսումնամարզական պարապմունքները վարող մարզիչ-մանկավարժին տրվում է հավելավճար` հաստիքացուցակով սահմանված դրույքի 10 տոկոսի չափով:

5. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնամարզական խմբերը ձևավորվում են հնարավորինս համանման ախտորոշում ու ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներով` հաշվի առնելով տվյալ խմբում ընդգրկվող երեխաների հաշմանդամության տեսակը (կույր, խուլ-համր, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող, հենաշարժողական ապարատի սահմանափակումներ ունեցող և այլն):

ՈՒսումնամարզական խմբում ընդգրկված երեխաների թիվը չպետք է գերազանցի մանկապատանեկան մարզադպրոցի համար` տվյալ մարզաձևի ուսումնամարզական խմբում մարզիկների ընդգրկվածության սահմանված թվի կեսը, իսկ պարապմունքները պետք է անցկացվեն ոչ ավելի, քան շաբաթական 3 անգամ` յուրաքանչյուրն առավելագույնը 2 ակադեմիական ժամ (45 րոպե x 2 = 1.5 ժամ) տևողությամբ:

6. Բացառիկ դեպքերում, հաշվի առնելով տարիքը, սեռը, ֆիզիկական և հոգեկան վիճակն ու ախտորոշումը, յուրաքանչյուր երեխայի ուսումնամարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունն ու ծանրաբեռնվածությունը, խորհրդակցելով բժշկի և հոգեբանի հետ, սահմանում է տվյալ խմբի ավագ մարզիչ-մանկավարժը, դրա մասին տեղյակ պահելով տվյալ կազմակերպության ղեկավարին և երեխայի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու):

7. ՈՒսումնամարզական պարապմունքներին մասնակցելու ընթացքում երեխաները պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ անցնել ընթացիկ, իսկ կիսամյակը մեկ անգամ` խորացված բժշկական զննություն:

8. Երեխաների ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են նրանց համար մատչելի` հատուկ մարզագույքով, սարքավորումներով և օժանդակ հարմարություններով հագեցված մարզակառույցներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2005
N 1345-Ն
Որոշում