040.0631.070605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2005 թվականի N 631-Ն
i
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 19-ի
N 631-Ն որոշման
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Սույն կարգով և չափորոշիչներով սահմանվում են մշակութային արժեքների պահպանական ցուցակում (այսուհետ` ցուցակ) պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները:
2. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների գրանցման չափորոշիչներն են`
ա) տեսակի կամ տիպի առանձնահատուկ լինելը,
բ) պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,
գ) պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,
դ) ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը,
ե) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը:
3. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցվում են, եթե համապատասխանում են սույն կարգի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկին:
4. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցվում են կամավորության սկզբունքով` սեփականատիրոջ (այսուհետ` հայտատու) ներկայացրած հայտի համաձայն:
5. Հաստատուն հայտը ներկայացնում է լիազորված պետական մարմին` դրան կցելով գրանցման ենթակա մշակութային արժեքի մասին փորձագիտական եզրակացության պատճենը` լուսանկարով, և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար (13 x 18 սմ չափսի):
6. Հայտը գրանցվում է դիմումների գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված և կնքված են լիազորված պետական մարմնի կնիքով:
7. Հայտերի գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
8. Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է` գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:
9. Գործը կազմվում է հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից և այլ փաստաթղթերից:
10. Գործը պահվում է անժամկետ: Այն գրանցող լիազորված պետական մարմինը պատասխանատու է հայտատուի տվյալների գաղտնիության համար:
i
11. Հայտի քննարկման ու գրանցման հետ կապված փաստաթղթերի ներքին շրջանառության ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
12. Ցուցակը կազմվում է թվայնացված տարբերակով` համակարգչային շտեմարանում:
Յուրաքանչյուր մշակութային արժեք գրանցվում է հաջորդական համարակալմամբ:
Մշակութային արժեքների գրանցման տվյալներն են անվանումը, անունը կամ վերնագիրը, ստեղծողը (հեղինակը), ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը, չափերը), քաշը, վիճակը, ծածկագիրը, ծանոթագրությունը:
13. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո համակարգչային շտեմարանում գրանցված ցուցակը տպվում, կարվում և կնքվում է` կազմելով պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների տվյալների գրանցամատյանի մաս:
14. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո տվյալ տարում գրանցված ցուցակն առանձին գրքույկով տպագրվում է ծառայողական օգտագործման համար:
i
15. Սեփականատիրոջը տրվում է ցուցակում մշակութային արժեքի գրանցման մասին տեղեկանք` լուսանկարով: Տեղեկանքի ձևն ու տալու կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:
16. Մշակութային արժեքի մասին տեղեկությունների փոփոխությանը վերաբերող նշումը կատարվում է ցուցակի «Ծանոթագրություն» սյունակում: