040.0630.070605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2005 թվականի N 630-Ն
i
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 12-ի
N 630-Ն որոշման
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և չափորոշիչներով սահմանվում են մշակութային արժեքների (այսուհետ` արժեք) արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) անցկացման կարգը և չափորոշիչները:
i
2. Փորձաքննությունն իրականացնում են լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մասնագետները` սույն կարգով և չափորոշիչներով նախատեսված արժեքների փորձաքննության տեսակներին ու չափորոշիչներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 07.04.11 թիվ 356-Ն որոշում)
II. ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3. Փորձաքննությունն իրականացվում է երկու` պարզ փորձաքննության և համալիր փորձաքննության եղանակով:
4. Պարզ փորձաքննությունն արժեքի տեսողական (վիզուալ) ու մասնագիտական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրման եղանակով իրականացվող փորձաքննությունն է:
5. Համալիր փորձաքննությունն արժեքի պարզ փորձաքննությամբ և տեխնոլոգիական` ֆիզիկաքիմիական ու կենսաբանական եղանակով` տեխնիկական միջոցներով իրականացվող փորձաքննությունն է: Համալիր փորձաքննությունն իրականացվում է պարզելու համար`
ա) հեղինակային ստորագրությունն ու նշումները, դրոշմներն ու կնիքները,
բ) կեղծման, վերականգնման հետքերն ու նշանները,
գ) ստեղծման վայրի, ժամանակի, հումքի, պատրաստման տեխնոլոգիայի մասին տվյալները:
III. ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
6. Արժեքների փորձաքննության չափորոշիչներն են`
ա) անվանումը, վերնագիրը,
բ) հեղինակը,
գ) վարպետը, արտադրողը, հրատարակիչը,
դ) տիպը, ուղղությունը, դպրոցը,
ե) ստեղծման ժամանակը,
զ) ստեղծման վայրը,
է) իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը),
ը) նյութը,
թ) ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ, քաշ), հարգը,
ժ) արժեքի էթնիկական պատկանելությունը, ստեղծողի էթնիկ պատկանելությունը,
ժա) տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական, կենսաբանական փորձաքննության արդյունքները),
ժբ) պատրաստման տեխնիկան,
ժգ) հեղինակի ստորագրությունը,
ժդ) դրոշմը, կնիքը, արձանագրության հատուկ նշանները,
ժե) առարկային պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված` մանրամասն նկարագրությամբ),
ժզ) առարկայի գինը,
ժէ) առարկայի մշակութային նշանակությունն ու կարևորությունը:
IV. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
i
7. Արժեքի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` պատվիրատու) արժեքի մասին փորձագիտական եզրակացություն ստանալու համար գրավոր դիմում է փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետին, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական անձին:
(7-րդ կետը փոփ. 07.04.11 թիվ 356-Ն որոշում)
8. Դիմումում նշվում են`
ա) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը),
բ) առարկային անվանումը, քանակը, փորձաքննության նպատակը` առարկայի իսկության պարզում, առարկայի արժեքն ըստ պատվիրատուի, հայտարարություն սեփականության մասին:
9. Դիմումին կից ներկայացվում են արժեքի 9 x 12 չափսի 2 գունավոր լուսանկար, ինչպես նաև արժեքին վերաբերող այլ տեղեկություններ և փաստաթղթեր (առկայության դեպքում), որոնք կօգնեն փորձաքննությանը:
10. Արժեքը պատվիրատուից ընդունվում է ժամանակավոր պահպանության, և տրվում է ստացական, որի ձևանմուշը հաստատում է լիազորված պետական մարմինը:
Ստացականը լրացվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը մնում է փորձաքննություն իրականացնողի մոտ:
11. Դիմումը գրանցվում է դիմումների գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված են և կնքված են լիազորված պետական մարմնի կնիքով:
12. Դիմումների գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
13. Դիմումի գրանցման համարը տվյալ պատվիրատուի գործի ծածկագիրն է` գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:
14. Գործը կազմվում է պատվիրատուի դիմումից, փորձագիտական եզրակացության պատճենից, արժեքի լուսանկարից և այլ փաստաթղթերից:
i
15. Գործը պահվում է անժամկետ: Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետը, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում նաև` իրավաբանական անձը պատասխանատու է պատվիրատուի մասին տվյալների գաղտնիության համար:
(15-րդ կետը փոփ. 07.04.11 թիվ 356-Ն որոշում)
16. Փորձաքննության տեսակն ընտրվում է արժեքի նախնական զննման արդյունքում` ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում: Փորձաքննության ընթացքում, կողմերի համաձայնությամբ, փորձաքննության տեսակը կարող է փոխվել:
i
17. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետի, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական անձի և պատվիրատուի միջև կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
(17-րդ կետը փոփ. 07.04.11 թիվ 356-Ն որոշում)
18. Փորձաքննության սկիզբ է համարվում ստացականը տալու օրը, իսկ փորձաքննության ավարտ` պատվիրատուին փորձագիտական եզրակացությունը հանձնելու օրը:
Փորձաքննության առավելագույն ժամկետ է սահմանվում 15 օրը` բացառությամբ այն դեպքերի, երբ, կողմերի համաձայնությամբ, այն երկարաձգվում է որոշակի ժամկետով:
19. Փորձաքննության վճարի չափը և փորձաքննության անցկացման ժամկետի խախտման համար կողմերի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:
i
20. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետը, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական անձն արժեքի ընդունման պահին ունեցած վիճակի փոփոխման համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
(20-րդ կետը փոփ. 07.04.11 թիվ 356-Ն որոշում)
21. Առանց սեփականատիրոջ գրավոր համաձայնության փորձաքննության ներկայացված արժեքը չի կարող օգտագործվել գիտական ուսումնասիրման համար, կամ չի կարող հրապարակվել դրա մասին տեղեկատվություն:
22. Փորձագետը պատասխանատու է փորձագիտական եզրակացության արժանահավատության և օբյեկտիվության համար: Փորձագետը կեղծ փորձագիտական եզրակացություն տալու համար կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
i
23. Եթե փորձաքննության արդյունքում բացահայտվում է, որ արժեքը գողացված է կամ գտնվում է հետախուզման մեջ, փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետը, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական անձը դրա մասին տեղյակ է պահում իրավապահ մարմիններին:
(23-րդ կետը փոփ. 07.04.11 թիվ 356-Ն որոշում)
V. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
24. Փորձաքննության տեսակին և փորձաքննության չափորոշիչներին համապատասխան իրականացված փորձաքննության արդյունքում պատվիրատուին տրվում է փորձագիտական եզրակացություն:
i
25. Փորձագիտական եզրակացությունը լրացվում է հայերեն` տպագիր, և ներառում է`
ա) փորձագիտական եզրակացությունը (հնգանիշ համար),
բ) փորձաքննությունն իրականացրած հավատարմագրված մասնագետի անունը, ազգանունը, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը,
գ) արժեքի անվանումը,
դ) արժեքի գիտական նկարագրությունը,
ե) արժեքի ստեղծման տարեթիվը (թվագրումը), հրատարակման տարեթիվը,
զ) արժեքի ստեղծման վայրը` երկիրը, հրատարակության վայրը, հրատարակչությունը,
է) արժեքի նյութը,
ը) արժեքի ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ), քաշը, հարգը, էջերի թիվը, տպաքանակը և այլն,
թ) արժեքի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված` մանրամասն նկարագրությամբ),
ժ) արժեքի պատրաստման տեխնիկան, տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական, կենսաբանական փորձաքննության արդյունքները),
ժա) հեղինակը (ստեղծողը),
ժբ) արձանագրության, ստորագրության, դրոշմի, կնիքի վերծանությունը, հատուկ նշաններ,
ժգ) ժողովուրդը, էթնիկական խումբը, դպրոցը,
ժդ) արժեքի` իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը,
ժե) արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,
ժզ) արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,
ժէ) արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը,
ժը) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը,
ժթ) գինը (Հայաստանի Հանրապետության արժույթով).
ի) փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետի, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական անձի կնիքը և ստորագրությունը (իրավաբանական անձի դեպքում` նաև հավատարմագրված մասնագետի ստորագրությունը),
իա) տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
(25-րդ կետը փոփ. 07.04.11 թիվ 356-Ն որոշում)
26. Սույն բաժնի 25-րդ կետի «ժդ», «ժե», «ժզ», «ժէ» և «ժը» ենթակետերի պատասխանները փորձագիտական եզրակացության մեջ արտացոլվում են, եթե ներկայացված առարկան մշակութային արժեք է և համապատասխանում է նշված ենթակետերից որևէ մեկի պահանջին:
27. Փորձագիտական եզրակացությունը վավերական է արժեքի լուսանկարի առկայությամբ, որի շրջերեսին փորձաքննություն իրականացնող անձը լրացնում է արժեքի հիմնական չափորոշիչները (անվանումը, հեղինակը, ստեղծման տեղը, ժամանակը, չափսերը):