(ուժը կորցրել է 04.06.15 թիվ 621-Ն որոշում)
i
040.0226.160305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2005 թվականի N 226-Ն
i
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիզիկական անձանց պատկանող` հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցների խոտանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 10-ի
N 226-Ն որոշման
ԿԱՐԳ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ
1. Ֆիզիկական անձանց պատկանող` հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցի խոտանումը շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանումների հաշվառումից հանելն է:
2. Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձանց տնօրինությանը հանձնված և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության ստորաբաժանումներում հաշվառման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության ստորաբաժանումներ է ներկայացնում`
ա) դիմում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին,
բ) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիազորված անձի) անձնագիրը,
գ) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը),
դ) պետհամարանիշերը,
ե) հաշվառումից հանելու համար պետական տուրքի գանձման անդորրագիրը:
Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումին կցվում է նաև դրա կորստյան փաստը հավաստող տեղեկանք` տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կողմից (ըստ քաղաքացու դիմումի):
Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ գրանցման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ գրանցման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:
3. Խոտանման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննում չի կատարվում:
4. Տրանսպորտային միջոցը խոտանվում է դրա մասին դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում: Խոտանված տրանսպորտային միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանումների կողմից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության մարմիններ դիմող` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկության դեպքում նրան հատկացվում է խոտանված տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի` թափքի (ամրաշրջանակի) և (կամ) շարժիչի պատկանելության վերաբերյալ փաստաթուղթ հետագայում դրանք տնօրինելու նպատակով: