(ուժը կորցրել է 13.06.13 թիվ 622-Ն որոշում)
i
040.0120.220205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2005 թվականի N 120-Ն
i
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման ժամանակ ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված դրույթներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունվարի 20-ի
N 120-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են ռազմական արդյունաբերության բնագավառում արտադրանքի (աշխատանքի, ծառայության), ստանդարտացման օբյեկտները և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման ու կիրառման կարգը, ինչպես նաև դրանց կառուցվածքին, շարադրմանը, բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները:
I. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
ռազմական արդյունաբերության արտադրանք` արտադրանք (աշխատանք, ծառայություն), որը նախատեսված է ռազմական կարիքների համար և ընդգրկում է ռազմական տեխնիկա, ռազմամթերք և այլ հատուկ նշանակության տեխնիկա, երկակի կիրառման (ռազմական և ժողովրդատնտեսական կարիքների համար) արտադրանք, հատուկ արտադրական միջոցներ, կոմպլեկտավորող արտադրատեսակներ, նյութեր, ռազմական պաշտպանության ապահովման նպատակով մշակվող գիտատեխնիկական արտադրանք.
ռազմական արդյունաբերության համանման արտադրանքի խումբ` ռազմական արդյունաբերության ապրանքների համախումբ, որը բնութագրվում է գործառնական նշանակման, կիրառման ոլորտի, կոնստրուկտորատեխնոլոգիական որոշումների ու դրանց հիմնական ցուցանիշների անվանացանկի և այլ ընդհանրությամբ.
ռազմական տեխնիկա` տեխնիկական միջոց, որը նախատեսված է ռազմական, տեխնիկական և օժանդակ մասերի, ռազմական գործողությունների, զինվորական ուսուցման, ինչպես նաև այդ տեխնիկական միջոցների փորձարկումների ու հսկողության հատուկ սարքավորումների և սարքերի ապահովման համար.
ռազմամթերք` նշանակետը խոցելու համար նախատեսված զինման առարկաներ, սարքեր և նետող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցությունը.
ժողովրդատնտեսական նշանակության արտադրանք` ապրանք (ծառայություն), որը մշակվում, արտադրվում (մատուցվում) և օգտագործվում է ժողովրդական տնտեսության, հանրության կամ առանձին սպառողների կարիքները բավարարելու նպատակով:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման հիմնական նպատակներն են` պետության պաշտպանության, մարտական հնարավորությունների և արդյունավետության ապահովումը, ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման, արտադրման, նորոգման ժամկետների և ծախսերի կրճատումը, ռազմական արդյունաբերության արտադրանքի, դրա բաղկացուցիչ մասերի, կոմպլեկտավորող արտադրատեսակների անվանացանկերի օպտիմալացումն ու միօրինականացումը, ռազմական արդյունաբերության արտադրանքի նմուշների և դրանց բաղկացուցիչ մասերի տեխնիկական ու տեղեկատվական համատեղելիության և համափոխարինելիության, ինչպես նաև չափումների միասնականության ապահովումը, խաղաղ ժամանակներում ռազմական արդյունաբերության արտադրանքի ստեղծման, կիրառման ու օգտագործման (ոչնչացման) ժամանակ ծառայողական կազմի և բնակչության անվտանգության ապահովումը, շրջակա միջավայրի պահպանությունը:
4. Ռազմական արդյունաբերության բնագավառի ստանդարտացման օբյեկտներն են`
ա) ռազմական արտադրանքը, այդ թվում` համալիրները, նմուշները և ռազմամթերքի ու ռազմական տեխնիկայի նմուշների բաղկացուցիչ մասերը, կոմպլեկտավորող արտադրատեսակները և այն նյութական միջոցները, որոնք նախատեսված են պետության սպառազինության և այլ կարիքների ապահովման համար, ինչպես նաև աշխատանքը, ծառայությունը,
բ) ռազմական արդյունաբերության արտադրանքի, աշխատանքի, ծառայության (այսուհետ` արտադրանք) փաստաթղթերի համակարգումը, դասակարգումը, կոդավորումը և սպառազինման ուժերին մատակարարվող առարկաների քարտավորումը,
գ) ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, կիրառման և օգտահանման գործընթացները, այդ թվում` ռազմական արդյունաբերության արտադրանքի պարամետրերի չափման ու փորձարկման մեթոդները, որոնք ապահովում են հսկողության արդյունքների ճշտությունը և համադրելիությունը:
5. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ծրագրերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման ծրագրերը կազմվում են 3 տարվա կտրվածքով` սույն կարգի N 1 ձևին համապատասխան: Ռազմական արդյունաբերության արտադրանքի ծրագրերի նախագծերը պետք է համաձայնեցված լինեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
III. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Ռազմական արդյունաբերության բնագավառում ստանդարտացման օբյեկտների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերն են` ազգային ստանդարտները, տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչները (այսուհետ` դասակարգիչներ), ռազմական համանման արտադրանքի խմբերի կամ որոշակի արտադրանքի տեխնիկական պայմանները:
Ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, կիրառման, օգտահանման և ստանդարտացման աշխատանքների կազմակերպման ու համակարգման խնդիրների լուծման անհրաժեշտության դեպքում մշակվում և կիրառվում են նաև ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ` «ԿՆ Ռ», «ՈՒՂ Ռ» դասիչներով:
7. Ռազմական արդյունաբերության բնագավառի ստանդարտացման օբյեկտների ազգային ստանդարտներն են`
ա) ռազմական ստանդարտները` «ՀՍՏ Ռ» դասիչով,
բ) ժողովրդատնտեսական և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով ստանդարտները` «ՀՍՏ» դասիչով,
գ) ժողովրդատնտեսական նշանակության ստանդարտների ռազմական լրացումների (այսուհետ` ռազմական լրացումներ) ստանդարտները` «ՀՍՏ ՌԼ» դասիչով,
դ) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ռազմական արդյունաբերական արտադրանքի ստանդարտացման օբյեկտների վրա տարածվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտները:
Ռազմական ստանդարտները մշակվում են այն ստանդարտացման օբյեկտների համար, որոնք կիրառվում են միայն պաշտպանության կարիքների համար:
Ժողովրդատնտեսական և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով ստանդարտները մշակվում են այն ստանդարտացման օբյեկտների համար, որոնք կիրառվում են ինչպես ժողովրդատնտեսական նպատակներով, այնպես էլ պաշտպանության կարիքներն ապահովելու համար:
Ռազմական լրացումների ստանդարտները մշակվում են այն դեպքում, երբ տեխնիկական և (կամ) տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ ժողովրդատնտեսական առանձին ապրանքներին ներկայացվող բոլոր պահանջների մակարդակի բարձրացումը` մինչև ռազմական արդյունաբերության արտադրանքին ներկայացվող պահանջները:
8. Կախված ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման օբյեկտների առանձնահատկություններից և դրանց ներկայացվող սահմանման ենթակա պահանջների բովանդակությունից` նախատեսվում են ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման օբյեկտների հետևյալ ստանդարտները`
ա) հիմնադրական ստանդարտներ,
բ) ռազմական արտադրանքի (ծառայության) ստանդարտներ,
գ) գործընթացների (աշխատանքների) ստանդարտներ,
դ) վերահսկման (փորձարկումների, չափումների, վերլուծության) մեթոդների ստանդարտներ:
Հիմնադրական ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության ստանդարտացման բնագավառի կազմակերպամեթոդական դրույթներ, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական պահանջներ, որոնք կապահովեն արտադրանքի մշակման գործընթացում տեխնիկական միասնությունը և փոխկապակցությունը, համատեղելիությունը, արտադրանքի արտադրությունը, շահագործումը, պահումը, նորոգումը, օգտահանումը և շրջակա միջավայրի պահպանությունը:
Ռազմական արտադրանքի ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության համանման արտադրանքի խմբերին կամ, առանձին դեպքերում, որոշակի արտադրանքին ներկայացվող պահանջները:
Գործընթացների (աշխատանքների) ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, փոխադրման, շահագործման, նորոգման և օգտահանման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ առանձին տեսակների աշխատանքների կատարման մեթոդներին (եղանակներին, գործելակարգին, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովման նորմերին) ներկայացվող հիմնական պահանջները:
Վերահսկման մեթոդների ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության արտադրանքի արտադրման և շահագործման (օգտագործման) ժամանակ դրա փորձարկումների, չափումների, վերլուծության մեթոդները (եղանակները, ձևերը, մեթոդիկաները):
9. Դասակարգիչները մշակվում և հաստատվում են «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
10. Տեխնիկական պայմանները մշակվում և հաստատվում են ռազմական համանման արտադրանքի խմբերի և որոշակի արտադրանքի համար:
Տեխնիկական պայմանները մշակվում են`
ա) մշակվող ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների բացակայության կամ դրանց պահանջների կոնկրետացման դեպքում,
բ) տվյալ արտադրանքին վերաբերող գործող ստանդարտների պահանջների ու նորմերի լրացման և (կամ) խստացման անհրաժեշտության դեպքում:
IV. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների, դասակարգիչների, տեխնիկական պայմանների, ստանդարտացման կանոնների և ուղեցույցների կառուցվածքին, շարադրմանը, բովանդակությանն ու ձևավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց մշակման, համաձայնեցման, ընդունման, վերանայման, փոփոխությունների կատարման և չեղյալ հայտարարման կարգը նախատեսված է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով, որոնց կիրառման ժամանակ պետք է հաշվի առնել սույն կարգի 12-18-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:
12. Ռազմական և ռազմական լրացումների ստանդարտներին տրվում են «Գաղտնի» կամ «Հույժ գաղտնի» դրոշմագրերը:
13. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ռազմական ստանդարտների կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանը և բովանդակությանը ներկայացվող առանձնահատկություններն են`
ա) «Գաղտնի» կամ «Հույժ գաղտնի» դրոշմագրերով ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների ռուսերեն և անգլերեն համարժեք անվանումները չեն նշվում,
բ) չի թույլատրվում բաց հրատարակության համար նախատեսված ստանդարտներում կատարել հղումներ «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» դրոշմագրերով ռազմական կամ ռազմական լրացումներով ստանդարտներին,
գ) «Գաղտնի», «Հույժ գաղտնի» դրոշմագրերով ստանդարտների վերջում պետք է նախատեսված լինի «Պետական գաղտնիքի պահպանումն ապահովող պահանջներ» բաժին:
14. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ռազմական լրացումների ստանդարտի կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանն ու բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`
ա) ռազմական լրացումների ստանդարտը պետք է պարունակի բաժիններ, ենթաբաժիններ, ենթակետեր, հավելվածներ (այսուհետ` ըստ տեքստի` կետեր)` հիմնական ստանդարտի փոփոխվող (լրիվ կամ մասնակի) կամ դրանց համեմատ նոր հանդիսացող պահանջներով: Ռազմական լրացումների ստանդարտում նշվում են նաև հիմնական ստանդարտի այն կետերը, որոնք չեն կիրառվում.
բ) ռազմական լրացումների ստանդարտի անվանումը պետք է լինի նույնը, ինչ որ` հիմնական ստանդարտինը: Ռազմական լրացումների ստանդարտում չեն նշվում դրա ռուսերեն և անգլերեն համարժեք անվանումները.
գ) ռազմական լրացումների ստանդարտի տիտղոսաթերթի և առաջին էջի ձևավորումը պետք է համապատասխանի սույն կարգով սահմանված NN 2 և 3 ձևերին.
դ) ռազմական լրացումների ստանդարտի կառուցվածքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին հիմնական ստանդարտինն է.
ե) ռազմական լրացումների ստանդարտի «Կիրառման ոլորտը» բաժնում պետք է ներկայացված լինեն հիմնական ստանդարտի հետ կապն ու լրացումների կիրառման ոլորտը` հետևյալ ձևակերպմամբ` «______________________________» ստանդարտի
(հիմնական ստանդարտի նշագիրը) սույն լրացումներով սահմանվում են ռազմական կարիքների համար նախատեսվող (օգտագործվող) ____________________________________ ներկայացվող պահանջները:
(ստանդարտացման օբյեկտի անվանումը)
Լրացումները կիրառվում են ________________________________________ հետ:
(հիմնական ստանդարտի նշագիրը)
Սույն լրացումների բաժինները (ենթաբաժինները, կետերը, ենթակետերը, հավելվածները) փոխարինում են ______________________________________________
(հիմնական ստանդարտի նշագիրը) ստանդարտի նույն համարներն ունեցող բաժիններին (ենթաբաժիններին, կետերին, ենթակետերին, հավելվածներին): ________________________________________________________________ ստանդարտի
(հիմնական ստանդարտի նշագիրը) ____________________________ բաժինները (ենթաբաժինները, կետերը, ենթակետերը,
(համարները) հավելվածները) կիրառելի չեն».
զ) ռազմական լրացումների ստանդարտի կետերը, որոնք պարունակում են փոփոխված պահանջներ, պետք է ունենան հիմնական ստանդարտի փոփոխվող կետերին համապատասխանող համարներ և շարադրվեն նոր խմբագրությամբ` հաշվի առնելով տեքստին, աղյուսակին, գրաֆիկական պատկերներին վերաբերող բոլոր նախկին փոփոխություններն ու նոր լրացումները.
է) ռազմական լրացումների ստանդարտում լրացուցիչ պահանջներ սահմանող նոր կետերը պետք է ընդգրկվեն ըստ տեքստի աճման կարգի` համապատասխան կետերից հետո: Թույլատրվում է ռազմական լրացումների ստանդարտում նոր կետերին տալ նախորդ կետի համարը` այն լրացնելով հայկական փոքրատառով (հետևյալ ձևակերպմամբ` «1.10ա») և զետեղել լրացվող կետից հետո.
ը) ռազմական լրացումների ստանդարտը պետք է ունենա բաժինների և ենթաբաժինների վերնագրեր` հիմնական ստանդարտի բաժինների և ենթաբաժինների վերնագրերին համապատասխան, իսկ նոր բաժինները և ենթաբաժինները պետք է ունենան վերնագրեր.
թ) նոր աղյուսակները և գրաֆիկական պատկերները, որոնք ներառվում են ռազմական լրացումների ստանդարտում, պետք է ներկայացված լինեն համապատասխան կետերում: Նոր աղյուսակների և գրաֆիկական պատկերների համարների հաջորդականությունը պահպանելու համար տրվում են հիմնական ստանդարտի աղյուսակների ու գրաֆիկական պատկերների համարները շարունակող հերթական համարներ կամ հիմնական ստանդարտի աղյուսակների և գրաֆիկական պատկերների համարներին ավելացվում հայկական փոքրատառերը:
15. Ռազմական ստանդարտը և ռազմական լրացումների ստանդարտը նշագրվում են հետևյալ ձևերով`
ա) ռազմական ստանդարտի նշագիրը կազմվում է «ՀՍՏ Ռ» դասիչից, գրանցման հերթական համարից և գծիկով առանձնացված` դրա ընդունման տարեթվից (հետևյալ ձևով` ՀՍՏ Ռ 515-2004):
Համակարգի ստանդարտներում ներառված ստանդարտի նշագիրը կազմվում է «ՀՍՏ Ռ» դասիչից, տվյալ համակարգում ներառվող ստանդարտի պատկանելությունը բնորոշող թվերից` առանձնացված կետով, կետից հետո տվյալ համակարգի շրջանակում դրա հերթական համարից և գծիկով առանձնացված` համակարգում ներառվող ստանդարտի ընդունման տարեթվից (հետևյալ ձևով` ՀՍՏ Ռ 15.107-2004),
բ) ռազմական լրացումների ստանդարտի նշագիրը կազմվում է «ՀՍՏ ՌԼ» դասիչից, հիմնական ստանդարտի գրանցման համարից և գծիկով առանձնացված` ռազմական լրացումների ստանդարտի ընդունման տարեթվից,
գ) ռազմական և ժողովրդատնտեսական նշանակության արտադրանքի միասնական պահանջներով ստանդարտների մշակման ժամանակ դրանք նշագրվում են 3 միլիմետր տրամագիծ ունեցող աստղանիշով: Այն ստանդարտները, որոնց նկատմամբ մշակված են ռազմական լրացումների ստանդարտներ, նշագրվում են 3 միլիմետր տրամագիծ ունեցող 2 աստղանիշով:
Աստղանիշերը նշվում են ստանդարտի առաջին էջի վերջում` «Պաշտոնական հրատարակություն» բառերի տակ,
դ) միայն ռազմական կարիքների համար օգտագործվող ստանդարտացման կանոնների (ստանդարտացման ուղեցույցի) նշագիրը կազմվում է «ԿՆ Ռ» («ՈՒՂ Ռ») դասիչից, գրանցման հերթական համարից և գծիկով առանձնացված ստանդարտացման կանոնների (ուղեցույցի) ընդունման տարեթվից:
16. Ռազմական կարիքների համար մշակվող համանման արտադրանքի խմբերի կամ որոշակի արտադրանքի տեխնիկական պայմանների նշագիրը կազմվում է «ՀՀ ՏՊ Ռ» դասիչից, մշակող (արտադրող) կազմակերպության ութանիշ ծածկագրից, գրանցման հերթական համարից և գծիկով առանձնացված` տեխնիկական պայմանների հաստատման տարեթվից:
17. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտների, դրանց փոփոխությունների, տեխնիկական պայմանների և այլ նորմատիվ փաստաթղթերի նախագծերը ենթակա են պարտադիր համաձայնեցման` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:
V. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմական արտադրանքի մշակման, արտադրման, պահման, փոխադրման, շահագործման, օգտահանման, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փուլերում:
VI. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
19. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ընդունված ազգային և միջպետական ստանդարտների և դասակարգիչների մասին տեղեկատվություններն ապահովում է ստանդարտացման ազգային մարմինը` «Գաղտնի» դրոշմագրումով` իր հրատարակության միջոցով:
20. Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտների և դասակարգիչների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտների ազգային ինստիտուտին:
Ռազմական արդյունաբերության ազգային ստանդարտների հրատարակումը դրանց տպագրական հրատարակումներն են:
21. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի գրանցման, պահման և դրանց մասին տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ռազմական արդյունաբերության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պետք է համապատասխանի պետական գաղտնիքի պահպանումն ապահովող պահանջներին:
22. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը և դրանց տրամադրումն իրականացնում է ստանդարտների ազգային ինստիտուտը` պայմանագրային հիմունքներով:
Ռազմական արտադրանքի տեխնիկական պայմանների տրամադրման իրավունքը պատկանում է այդ փաստաթղթի բնօրինակը տնօրինողին:
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության արտադրանքի
ստանդարտացման ծրագրի նախագծի ձևը
__________________________
(գաղտնիության ծածկագիրը)
Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության արտադրանքի
ստանդարտացման ծրագիրը
200 - 200 թվականների
._________________________________________________________________________.
|Առաջա-|Նորմատիվ |Ստանդարտացման| Ժամկետները |Կատարող|Գաղտ- |
|դրանքի|փաստաթղթի |համար |________________________|պետական|նիության|
|ծածկա-|անվանումը,|նախատեսվող |ստանդարտի |վերջին |կառա- |ծածկա- |
|գիրը |աշխատանքի |ցուցանիշները,|նախագծի |խմբագրության|վարման |գիրը |
| |տեսակը |պահանջները |ուղարկումը`|ներկայա- |մարմինը| |
| | | |համաձայնեց-|ցումը` | | |
| | | |ման |ընդունման | | |
|______|__________|_____________|___________|____________|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______|__________|_____________|___________|____________|_______|________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
Ձև N 2
Ազգային ստանդարտի ռազմական լրացումների տիտղոսաթերթի ձևը
Հայաստանի ստանդարտը
__________________________
(լրացումների նշագիրը)
Ստանդարտի ռազմական լրացումները
__________________________________________________________________________
(ռազմական լրացումների ստանդարտի անվանումը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Պաշտոնական հրատարակություն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Երևան
Ձև N 3
Ազգային ստանդարտի ռազմական լրացումների առաջին էջի ձևը
Հայաստանի ստանդարտը
_________________________________________________________________________
(լրացումների նշագիրը)
Ստանդարտի ռազմական լրացումները
__________________________________________________________________________
(լրացումների ստանդարտի անվանումը)
__________________________________________________________________________
Գործարկման թվականը _____________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Տեքստը
__________________________________________________________________________
Պաշտոնական հրատարակություն