601.0314.271204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 12 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60104346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2004 թվականի N 341/04-Ն
i
«ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը
Առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25 հունիսի 2004 թվականի` «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի. դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշումը:
Համարելով, որ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման ու պայմանների կարգի հաստատմամբ առավել արդյունավետ և լիարժեք կերպով կկանոնակարգվեն վարչական ակտերի ընդունման կապակցությամբ առաջացող հարաբերությունները, որոնք կապահովեն վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը.
Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2-րդ մասի ա) կետով, որոշում է.
Հաստատել «ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման ու պայմանների կարգը»:
ԿԱՐԳ
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը (այսուհետ` կարգ) հաստատված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասով և դրան համապատասխան ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի թիվ 975-Ն որոշմամբ հաստատված` «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները» օրինակելի կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
1.2. Սույն կարգի հաստատման նպատակն է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` որպես վարչական մարմնի կողմից իր գործառույթների առանձնահատկությունները հաշվի առնելով, վարչական ակտերի ընդունման կապակցությամբ առաջացող հարաբերությունների լիարժեք և առավել արդյունավետ կանոնակարգումը, որոնք կապահովեն վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ տեղեկանալու և իրազեկման հնարավորության ստեղծումը:
1.3. Սույն կարգով սահմանվում է Հանձնաժողովում վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով Հանձնաժողովի կողմից ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման ընթացակարգը:
1.4. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հանձնաժողովում իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա:
Հանձնաժողովում վարչական վարույթը հարուցվում է`
ա) անձի (անձանց) դիմումի կամ
բ) Հանձնաժողովի և/կամ Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ` եթե դրանց արդյունքում Հանձնաժողովն ընդունելու է գրավոր վարչական ակտ:
1.5. Անձի դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցվում բոլոր այն դեպքերում, երբ Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը` ի կատարումն հասցեագրված տվյալ դիմումի (գործի) ցանկացած ելքի դեպքում, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսվում է ընդունել վարչական ակտ: Բոլոր այդ դեպքերում վարչական գործը հարուցվում է տվյալ դիմումը Հանձնաժողով մուտքագրվելու օրվանից:
1.6. Սույն կարգի 1.5 կետում նշված դեպքերից բացի, մյուս բոլոր դեպքերում վարչական վարույթները հարուցվում են Հանձնաժողովի և/կամ Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ և հանդիսանում են վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթներ:
1.7. Հանձնաժողովի և/կամ Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման պահ է հանդիսանում այն գործողության (գործողությունների) սկսման օրը, որը նպատակամղված է և որից ակնհայտ է դառնում տվյալ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից վարչական ակտ ընդունելու հանգամանքը (մասնավորապես շահագրգիռ անձանց ծանուցում ուղարկելու օրը և այլն):
1.8. Սույն կարգի 1.4 կետի ա) ենթակետով նախատեսված դեպքերում վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային այն ստորաբաժանումը, ում տվյալ դիմումը (գործը) հասցեագրվում է որպես կատարողի: Դիմումը Հանձնաժողովի աշխատակազմի մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների հասցեագրվելու դեպքում, վարչական վարույթն իրականացնում է դիմումի վրա նշված առաջին հասցեատեր հանդիսացող ստորաբաժանումը: Հանձնաժողովի աշխատակազմի մյուս բոլոր հասցեատեր հանդիսացող կառուցվածքային ստորաբաժանումներն աջակցում են տվյալ ստորաբաժանմանը` փոխօգնության կարգով, ըստ Հանձնաժողովի աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների և իրավասության:
1.9. Սույն կարգի 1.4 կետի բ) ենթակետով նախատեսված դեպքերում վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որի կողմից ներկայացված նյութերի և առաջարկի համաձայն այն հարուցվում է:
1.10. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում և տվյալ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:
2. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում են համապատասխան ստորաբաժանման կողմից` օրենքի 30-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն` վարչական վարույթ հարուցվելու և գործը տվյալ ստորաբաժանմանը փոխանցելու պահից:
2.2. Եթե օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան դիմումը Հանձնաժողովը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ վարչական գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են և պահվում վարչական վարույթ հարուցած գործերից առանձին` «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի գործավարության կարգին» համապատասխան:
Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) Հանձնաժողովի կողմից քննարկման ենթակա լինելու դեպքում, դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է վարչական գործ` սույն կարգին համապատասխան:
2.3. Հանձնաժողովի աշխատակազմը վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ դեպքերում և խմբերով`
ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով վարչական գործեր,
բ) Հանձնաժողովի և/կամ Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով վարչական գործեր:
2.4. Սույն կարգի 1.5 կետում նշված դիմումի ներկայացման դեպքում Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարությունն այն մուտքագրում է սույն կարգի 3.2 կետի ա) ենթակետով սահմանված գրանցամատյանում, ներկայացնում է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի հասցեագրմանը` Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը (ստորաբաժանումներին), ապա բացում է տվյալ գործի համար առանձին փաթեթ` նրանում ընդգրկելով դիմումը (կից փաստաթղթերը), որը և ամբողջությամբ փոխանցում է հասցեատեր (առաջին հասցեատեր) ստորաբաժանմանը: Դիմումը հասցեագրվում, և մեկ ամբողջական փաթեթով համապատասխան ստորաբաժանմանն է տրամադրվում այն Հանձնաժողով ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Այդուհանդերձ դիմումը (վարչական գործը) ստացող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է տվյալ վարչական գործի վարույթը:
2.5. Սույն կարգի 1.7 կետում նշված գործողությունն սկսելուց (լսումների համար շահագրգիռ անձին ծանուցելուց կամ որևէ այնպիսի հարց Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելուց, որի արդյունքում Հանձնաժողովը պետք է կայացնի գրավոր վարչական ակտ) Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարությունը Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված համապատասխան գրությունը ներկայացնում է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը, որից հետո մուտքագրում է սույն կարգի 3.2 կետի բ) ենթակետով սահմանված գրանցամատյանում, ապա բացում է տվյալ գործի համար առանձին փաթեթ` նրանում ընդգրկելով այդ գրության Հանձնաժողովի աշխատակազմի օրինակը (կից փաստաթղթերը) և ուղարկվող գրության պատճենը, որը և ամբողջությամբ փոխանցում է գրությունը ներկայացրած Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանմանը: Գրությունը մեկ ամբողջական փաթեթով Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանմանն է տրամադրվում այն Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Այդուհանդերձ գրությունը (վարչական գործը) ստացող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է տվյալ վարչական գործի վարույթը:
2.6. Վարչական գործի վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձ է համարվում այն անձը, ում Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման ղեկավարը` որպես ի կատարումն, հասցեագրում է տվյալ վարչական գործը: Ընդ որում, գործը տվյալ ստորաբաժանման մեկից ավելի աշխատակիցներին հասցեագրվելու դեպքում, գործի վարույթի իրականացման համակարգման պարտականությունը գործի վրա նշված առաջին հասցեատեր հանդիսացող աշխատակիցն է:
2.7. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմված վարչական գործում Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը կամ նախաձեռնության համար հիմք հանդիսացած նյութերը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ իրեղեն, տվյալ գործով բերված` բողոքը (վարչական ակտի վերանայման դիմումը), դատարան ներկայացված դիմումը (հայցը) և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը (ակտերը):
2.8. Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված Հանձնաժողովի կնիքով:
2.9. Այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի արդյունքում կայացված վարչական ակտը բողոքարկվում է, և տվյալ բողոքի քննության ընթացքում Հանձնաժողովին` ըստ Հանձնաժողովի կողմից տրված լիազորագրի, ներկայացնում է Հանձնաժողովի կառուցվածքային այլ ստորաբաժանման (որը չի իրականացրել տվյալ վարչական գործի վարույթը) աշխատակիցը, վարչական վարույթն իրականացրած Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից տվյալ վարչական գործն ամբողջությամբ` դրանում առկա բոլոր փաստաթղթերով, կրկնօրինակվում է:
Այդ դեպքում վարչական գործի բնօրինակի և կրկնօրինակի շապկի վրա, վերին աջ անկյունում նշվում է` «Բողոքարկվել է», ապա կրկնօրինակը մեկ ամբողջական փաթեթով փոխանցվում է բողոքարկման վարույթի ընթացքում ըստ Հանձնաժողովի լիազորագրի Հանձնաժողովի ներկայացուցչությունն ապահովող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային այն ստորաբաժանմանը, որի աշխատակիցն է լիազորված ապահովելու Հանձնաժողովի ներկայացուցչությունը և գործի հետագա ընթացքը` տվյալ բողոքի շրջանակներում: Բողոքարկման վարույթի ընթացքում, ինչպես նաև դրանից բխող դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում, Հանձնաժողովին (Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցը հանդիսացող Հանձնաժողովի լիազորված անձին) ուղարկված կամ վերջինիս (վերջիններիս) կողմից ձեռք բերված փաստաթղթերը փոխանցվում են տվյալ վարչական վարույթն իրականացրած Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանմանը, իսկ պատճենները պահվում են վարչական գործի կրկնօրինակում:
2.10. Վարչական գործերը համարակալվում են կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:
2.11. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի համարակալումն իրականացվում է Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարության կողմից` աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:
2.12. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի համարակալումն աճողական թվերով իրականացվում է առանձին` սույն կարգի 1.4 կետով սահմանված յուրաքանչյուր խմբի համար:
Յուրաքանչյուր խմբի վարչական գործ համարակալվում է ըստ տվյալ խմբի վարչական գործի հերթական համարի` ժամանակագրական կարգով:
2.13. Վարչական գործերը, բացի սույն կարգի 2.11 կետում նշվածից, Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարության կողմից համարակալվում են նաև այբբենական պայմանանշաններով` ըստ Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, որոնք համապատասխանաբար իրականացնելու են տվյալ վարչական գործի վարույթը: Ըստ այդմ Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող վարչական գործերը համարակալվում են հետևյալ այբբենական պայմանանշաններով, համապատասխանաբար`
ա) Իրավաբանական վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԻՎ»,
բ) Վերահսկողության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ՎՎ»,
գ) Կորպորատիվ ֆինանսների վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԿՖՎ»,
դ) Շուկայի կարգավորման վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ՎՎ»,
2.14. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապկի (կազմի) վրա գրվում են`
ա) Հանձնաժողովի լրիվ անվանումը.
բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը.
գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.
դ) վարչական գործի հերթական համարը` արաբական թվերով:
Վարչական գործի հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ գրվում է սույն կարգի 2.13 կետով Հանձնաժողովի աշխատակազմի տվյալ վարչական գործի վարույթն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման համար սահմանված համապատասխան պայմանանշանը, որից հետո գծիկով առանձնացված գրվում է համապատասխանաբար «դ» պայմանանշանը, եթե տվյալ վարչական գործը հարուցվել է դիմումի հիման վրա, կամ «ն» պայմանանշանը, եթե տվյալ վարչական գործը հարուցվել է նախաձեռնության հիման վրա:
Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N-».
ե) վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.
զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել («Անձի դիմումի հիման վրա», «Նախաձեռնության հիման վրա»):
Գործի շապկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելու համար:
2.15. Սույն կարգի 1.14 կետի ե) ենթակետով, ինչպես նաև վերջին պարբերությամբ նախատեսված գրառումները` բացի վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելուց (այն իրականացվում է Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարության կողմից), իրականացվում են վարչական գործի վարույթն իրականացնող Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից:
2.16. Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և սույն կարգի 1.5 և 1.7 կետերով սահմանված ժամկետներին համապատասխան:
2.17. Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):
2.18. Գործի վարույթն ավարտելուց հետո (սույն կարգի 2.17-րդ կետի վերջին պարբերություն) վարույթն իրականացնող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով փաստաթղթերի անվանումները և դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:
Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
2.19. Ավարտված գործերը կարվում են և կնքվում Հանձնաժողովի կնիքով: Կարված մասում պետք է լինի տվյալ գործի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
2.20. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ընթացքում պահվում են վարույթն իրականացնող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումում: Գործերը Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումներում պահվում են առանձին` ըստ համապատասխան խմբերի (դիմում կամ նախաձեռնություն), ժամանակագրական կարգով:
2.21. Յուրաքանչյուր տարվա ավարտված վարչական վարույթների վերաբերյալ գործերը, տվյալ տարվա ավարտից հետո, մինչ տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը, ելնելով նպատակահարմարությունից (մասնավորապես տեղեկատվության կարգով դրանք Հանձնաժողովի կառուցվածքային տվյալ ստորաբաժանման կողմից առավել հաճախակի չօգտագործվելու հանգամանքից և այլն), հանձնման-ընդունման ակտ կազմելու միջոցով փոխանցվում են Հանձնաժողովի աշխատակազմի արխիվ, կենտրոնացված կարգով պահելու և պահպանելու նպատակով: Հանձնման-ընդունման ակտն ստորագրվում է Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և Հանձնաժողովի արխիվավարի կողմից, որում նշվում են փոխանցվող վարչական գործի (գործերի) վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
ա) գործի կազմման տարին, ամիսն ու ամսաթիվը,
բ) գործի համարը,
գ) գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:
Գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը կարող է նաև չնշվել հանձնման-ընդունման ակտում, այլ կրկնօրինակվել վարչական գործից և կցվել հանձնման-ընդունման ակտին, որը կհանդիսանա ակտի անբաժանելի մասը:
2.22. Հանձնաժողովի աշխատակազմի արխիվ փոխանցված վարչական գործերը պահվում են առանձին` ըստ դրանք փոխանցող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների և խմբերի (դիմում կամ նախաձեռնություն), ժամանակագրական կարգով:
2.23. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:
3. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարությունը կազմում և վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:
3.2. Հանձնաժողովի քարտուղարության կողմից կազմվում և վարվում են վարչական գործերի ներքոհիշյալ գրանցամատյաններն` առանձին.
ա) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան,
բ) նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:
3.3. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է (են) յուրաքանչյուր տարվա համար` առանձին:
3.4. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են`
ա) Հանձնաժողովի լրիվ անվանումը,
բ) համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարության լրիվ անվանումը,
գ) տարեթիվը, որի ընթացքում հարուցված վարչական վարույթի գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում,
դ) գործերի ընդհանուր թիվը:
Սույն կարգի 3.2 կետի ա) և բ) ենթակետերով նախատեսված` գրանցամատյանների շապիկների (կազմերի) կենտրոնական մասում պետք է լինեն հետևյալ գրառումները, համապատասխանաբար` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման» և «Գրանցամատյան նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:
3.5. Գրանցամատյանները կազմվում և դրանց մեջ փոփոխությունները գրանցվում են սույն կարգի N 1 ձևում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի ձևին համապատասխան:
3.6. Դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների գործերը հաշվառվում են առանձին գրանցամատյաններով` ըստ N 1 ձևում նշված ներքոհիշյալ 3 աղյուսակների.
ա) N 1 աղյուսակում նշվում են Հանձնաժողովի ստացած դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի և/կամ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.
բ) N 2 աղյուսակում նշվում են տվյալ գործով Հանձնաժողովին բերված բողոքը (վարչական ակտի վերանայման դիմումը) Հանձնաժողովում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները.
գ) N 3 աղյուսակում նշվում են տվյալ գործով դատարան ներկայացված դիմումի (հայցի), դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության կայացված դատական ակտի մասին տեղեկությունները:
3.7. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`
ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) Հանձնաժողովում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
Եթե վարչական վարույթը հարուցվել է նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.
գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական վարույթը հարուցվել է նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վարչական մարմինը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.
դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.
ե) դիմումի քննարկման կամ նախաձեռնության արդյունքում վարչական մարմնի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
3.8. N 2 աղյուսակը լրացվում է այն բոլոր վարչական գործերի համար, որոնցով Հանձնաժողովին բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) է բերվել և այն քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել Հանձնաժողովի կողմից:
3.9. N 2 աղյուսակը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները`
ա) վարչական գործի հերթական համարը, որը պետք է համընկնի բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերված վարչական գործի շապկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
գ) բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).
դ) բողոքի (վարչական ակտի վերանայման դիմումի) համառոտ շարադրանքը.
ե) բողոքի (վարչական ակտի վերանայման դիմում) վերաբերյալ ընդունված վարչական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, այդ ակտով ընդունված որոշման եզրափակիչ մասի համառոտ շարադրանքը.
զ) բողոքի (վարչական ակտի վերանայման դիմումի) վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
3.10. N 3 աղյուսակը լրացվում է այն բոլոր վարչական գործերի համար, որոնցով դիմում (հայց), իսկ հետագայում` նաև բողոք է ներկայացվել դատարան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում, N 3 աղյուսակը բաժանվում է երեք հավասար մասի, որից յուրաքանչյուրում նշվում է`
ա) վարչական գործի հերթական համարը, որը պետք է համընկնի դիմում (հայց) ներկայացված կամ բողոք բերված վարչական գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) տվյալ դատարան դիմում (հայց) ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, դիմումով (հայցով) կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.
գ) դիմումը (հայցը) ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.
դ) դիմումի (հայցի) կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի եզրափակիչ մասի համառոտ շարադրանքը:
3.11. Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:
3.12. Սույն կարգի 3.6 կետի բ) և գ) ենթակետերով նախատեսված` N 2 և N 3 աղյուսակները ներառող գրանցամատյանները կազմվում և վարվում են առանձին: Տվյալ գրանցամատյանների կազմման և վարման նկատմամբ կիրառվում են սույն կարգի 3.2 կետով և 3.3 կետի ա)-ից դ) ենթակետերով սահմանված պահանջները, համապատասխանաբար` բողոքարկման (վարչական ակտի վերանայման դիմումի) և դատարան դիմում (հայց) ներկայացնելու մասերով:
Սույն կարգի 3.6 կետի բ) և գ) ենթակետերով նախատեսված` գրանցամատյանների շապիկների (կազմերի) կենտրոնական մասում պետք է լինեն հետևյալ գրառումները, համապատասխանաբար` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով բերված բողոքների (վարչական ակտի վերանայման դիմումների) հաշվառման» և «Գրանցամատյան նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով ներկայացված դիմումների (հայցերի) և բողոքարկումների հաշվառման»:
3.13. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ստանալու և դրանցից օգտվելը առավել արդյունավետ լինելու նպատակով` Հանձնաժողովի քարտուղարությունը կազմում և վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման մեկ միասնական և ամբողջական գրանցամատյան` էլեկտրոնային եղանակով: Տվյալ գրանցամատյանը նրանում լրացված յուրաքանչյուր վարչական գործի համար պետք է պարունակի NN 1, 2 և 3 աղյուսակները, որոնցում պետք է գրանցվեն յուրաքանչյուր վարչական գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի (վարչական ակտի վերանայման դիմումի) և դրա արդյունքում վարչական ակտ կայացնելու դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան դիմում (հայց) ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը լրացնելով:
3.14. Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:
3.15. Գործերի հաշվառման փաստաթղթային բոլոր 3 գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին` ըստ NN 1, 2 և 3 աղյուսակների, որոնց վերջին էջի վրա Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարության պետը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարին, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանները կարվում են և կնքվում Հանձնաժողովի կնիքով:
3.16. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում, գրանցամատյանի տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
4. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Հանձնաժողովում վարվում է վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):
4.2. Ակտերի հաշվառման գրանցամատյանը վարվում Է կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ, Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարության կողմից:
4.3. Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարությունը վարում է ակտերի հաշվառման 2 առանձին գրանցամատյաններ` ըստ սույն կարգի 2.3 կետով սահմանված խմբերի (դիմումի և նախաձեռնության):
4.4. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են`
ա) Հանձնաժողովի լրիվ անվանումը,
բ) վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման անվանումը,
գ) համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարության լրիվ անվանումը,
դ) տարեթիվը, որի ընթացքում ընդունված վարչական ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում,
ե) տվյալ գրանցամատյանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:
Սույն կարգի 4.3 կետով սահմանված յուրաքանչյուր խմբի ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինեն հետևյալ գրառումները, համապատասխանաբար` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի հաշվառման» և «Գրանցամատյան նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի հաշվառման»:
4.5. Ակտերի հաշվառման գրանցամատյանը կազմվում է ըստ սույն կարգի N 2 ձևում նշված ներքոհիշյալ աղյուսակի:
4.6. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են Հանձնաժողովի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց փոփոխում կամ լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:
4.7. Հաշվառման ենթակա են Հանձնաժողովի ընդունած` սույն կարգի 1.4-րդ և կետի երկրորդ պարբերությամբ և 3.8-րդ կետով նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`
ա) անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի և/կամ Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը,
բ) վարչական ակտի բողոքարկման (վերանայման) հիման վրա Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը,
գ) օրենքով սահմանված կարգով դատարան դիմում (հայց) ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում դատական ակտի հիման վրա Հանձնաժողովի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա տվյալ վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտերը,
դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը,
ե) օրենքով նախատեսված` պարտադիր հաշվառման ենթակա այլ ակտերը:
4.8. Ակտերի հաշվառման գրանցամատյաններում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա) այն վարչական գործի համարը, որի կապակցությամբ տվյալ ակտը կայացվել է, որը պետք է համընկնի տվյալ վարչական գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.
գ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.
դ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.
ե) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը.
զ) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:
4.9. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
4.10. Հանձնաժողովի քարտուղարությունը կազմում և վարում է նաև ակտերի հաշվառման գրանցամատյան էլեկտրոնային եղանակով:
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Սույն կարգով սահմանված 1 և 2-Ձևերով նախատեսված աղյուսակները կարող են լրացվել լրացուցիչ այլ սյունակներով, որոնցում կարող են ներառվել վարչական գործերի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ:
5.2. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:
5.3. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Հանձնաժողովի աշխատակազմի արխիվում և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:
Ձև 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Աղյուսակ 1
Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
._________________________________________________________________________.
|NN |Վարչական |Դիմումն |Վարչական |Դիմումի |Վարույթի |Վարչական |
|ը/կ|գործի |ստանալու |ակտի |հիման վրա |արդյուն- |ակտի մասին|
| |հերթական |(նախաձեռ- |հասցեատիրոջ |(վարչական |քում |դիմողին |
| |համարը, |նությունը |անունը, |մարմնի |ընդունված |(վարչական |
| |որը պետք է|դրսևորելու) |հայրանունը, |նախաձեռ- |վարչական |ակտի |
| |համընկնի |տարեթիվը, |ազգանունը |նությամբ) |ակտի |հասցեա- |
| |գործի |ամիսը, |(անվանումը),|հայցվող |տարեթիվը, |տիրոջը) |
| |շապկի վրա |ամսաթիվը |հասցեն |(ներկա- |ամիսը, |իրազեկելու|
| |նշված | |(գտնվելու |յացվող) |ամսաթիվը, |եղանակի |
| |համարա- | |վայրը) |պահանջի |համարը և |(փոստով, |
| |կալմանը | | |համառոտ |դրանով |առձեռն և |
| | | | |շարադրանքը|ընդունված |այլն) և |
| | | | | |որոշման |իրազեկելու|
| | | | | |համառոտ |տարեթիվը, |
| | | | | |շարադրանքը|ամիսը, |
| | | | | | |ամսաթիվը |
|___|__________|____________|____________|__________|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 2
Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
._________________________________________________________________________.
|NN |Վարչական |Բողոքը |Բողոքը |Բողոքը |Բողոքի |Վարչական |
|ը/կ|գործի |(վարչական |(վարչական |(վարչական |(վարչական |ակտի մասին|
| |հերթական |(ակտի |ակտի |ակտի |ակտի |բողոք |
| |համարը, |վերանայման|վերանայման |վերանայման|վերանայման |(վարչական |
| |որը պետք է|դիմումը) |դիմումը) |դիմումի) |դիմումի) |ակտի |
| |համընկնի |բերելու |բերողի |համառոտ |վերաբերյալ |վերանայման|
| |բողոք |տարեթիվը, |անունը, |շարադրանքը|ակտի |դիմում) |
| |(վարչական |ամիսը, |հայրանունը, | |ընդունման |բերողին |
| |ակտի |ամսաթիվը |ազգանունը | |տարեթիվը, |իրազեկելու|
| |վերանայման| |(անվանումը),| |ամիսը, |եղանակի |
| |դիմում) | |նրա | |ամսաթիվը, |(փոստով, |
| |բերված | |կարգավիճակը | |համարը և |առձեռն և |
| |գործի | |(դիմող, | |այդ ակտով |այլն) և |
| |շապկի վրա | |երրորդ անձ) | |ընդունված |իրազեկելու|
| |նշված | |հասցեն | |որոշման |տարեթիվը, |
| |համարա- | |(գտնվելու | |եզրափակիչ |ամիսը, |
| |կալմանը | |վայրը) | |մասի համառոտ|ամսաթիվը |
| | | | | |շարադրանքը | |
|___|__________|__________|____________|__________|____________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 3
Տեղեկություններ դիմումը (հայցը, բողոքը) դատարանում քննելու մասին
._________________________________________________________________.
|N/N|Վարչական գործի | Դիմումի (հայցի) քննությունը դատարանում |
|ը/կ|հերթական համարը, |_________________________________________|
| |որը պետք է |Դիմումը (հայցը)|Դիմումը |Դիմումի |
| |համընկնի դիմում |ներկայացնելու |(հայցը) |(հայցի) |
| |(հայց) ներկայացված |տարեթիվը, |ներկայացնողի|վերաբերյալ |
| |կամ բողոք բերված |ամիսը, |անունը, |կայացված |
| |վարչական գործի |ամսաթիվը և |հայրանունը, |դատական ակտի|
| |շապկի վրա նշված |դիմումի (հայցի)|ազգանունը |տարեթիվը, |
| |համարակալմանը |համառոտ |(անվանումը),|ամիսը, |
| | |շարադրանքը |հասցեն |ամսաթիվը |
| | | |(գտնվելու |և համառոտ |
| | | |վայրը) |շարադրանքը |
|___|___________________|_______________|____________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
._________________________________________________________________.
________________________________________________________________________.
Բողոքի քննությունը գործը վերստին | Բողոքի քննությունը վճռաբեկ |
քննող դատարանում | դատարանում |
_____________________________________|__________________________________|
Գործը |Բողոքը |Բողոքի |Բողոքը |Բողոք բերողի|Բողոքի |
վարույթ |բերողի |վերաբերյալ |վարույթ |անունը, |վերաբերյալ|
ընդունելու|անունը, |կայացված |ընդունելու|հայրանունը, |կայացված |
տարեթիվը, |հայրանունը, |դատական ակտի|տարեթիվը, |ազգանունը |որոշման |
ամիսը, |ազգանունը |տարեթիվը, |ամիսը, |(անվանումը),|տարեթիվը, |
ամսաթիվը |(անվանումը),|ամիսը, |ամսաթիվը |հասցեն |ամիսը, |
և բողոքի |հասցեն |ամսաթիվը |և բողոքի |(գտնվելու |ամսաթիվը |
համառոտ |(գտնվելու |և համառոտ |համառոտ |վայրը), նրա |և համառոտ|
շարադրանքը|վայրը), նրա |շարադրանքը |շարադրանքը|դատավարական |շարադրանքը|
|դատավարական | | |կարգավիճակը | |
|կարգավիճակը | | | | |
___________|____________|____________|__________|____________|__________|
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
________________________________________________________________________.
Ձև 2
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
.______________________________________________________________________.
|NN |Վարչական գործի |Վարչական վարույթ|Վարչական ակտի |Վարչական ակտի |
|ը/կ|հերթական |հարուցելու |անվանումը |հասցեատիրոջ |
| |համարը, որի |հիմքը, անձի |(որոշում, հրաման,|անունը, |
| |կապակցությամբ |դիմումը կամ |կարգադրություն և |հայրանունը, |
| |ակտը կայացվել է|Հանձնաժողովի |այլն), ընդունման |ազգանունը |
| |և որը պետք է |և/կամ |տարեթիվը, ամիսը, |(անվանումը), |
| |համընկնի գործի |Հանձնաժողովի |ամսաթիվը և |նրա հասցեն |
| |շապկի վրա նշված|աշխատակազմի |համարը |(գտնվելու |
| |համարակալմանը |նախաձեռնությունը| |վայրը), խմբային|
| | | | |չափանիշներով |
| | | | |առանձնացվող |
| | | | |հասցեատերերի |
| | | | |դեպքում` խմբի |
| | | | |անվանումը |
|___|_______________|________________|_________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
.______________________________________________________________________.
___________________________________________________________.
Վարչական ակտի |Վարչական ակտին |Վարչական ակտի` ներառյալ|
եզրափակիչ մասի |կից ներդիրների, |ներդիրների էջերի և |
(օրենքի 55-րդ |հավելվածների, |ակտի բաղկացուցիչ մասը |
հոդվածի 4-րդ մասի|այլ փաստաթղթերի |կազմող հավելվածների, |
«զ» կետ) համառոտ |անվանումները |այլ փաստաթղթերի էջերի |
շարադրանքը |(մեծաթիվ լինելու|ընդհանուր թիվը |
|դեպքում դրանց |(օրենքի 55-րդ հոդվածի |
|ընդհանուր թիվը) |3-րդ մաս) |
__________________|________________|_______________________|
6 | 7 | 8 |
___________________________________________________________.
Ձև 2-ով սահմանված աղյուսակի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1.2.3...):
Ձև 2-ով սահմանված աղյուսակի 8-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ: Օրինակ «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը: