(ուժը կորցրել է 03.09.2020 թիվ 1446-Ն որոշում)
i
040.1784.231204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1784-Ն
i
ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման N 1 հավելվածի 131-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովել հետևյալ գերատեսչական ակտերի մշակումն ու ընդունումը`
ա) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու կարգը.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը.
գ) պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1784-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) կարգը:
2. Փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության (այսուհետ` գործակալություն) միջոցով` հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհաստատված պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալու նպատակով:
3. Փորձաքննության պարտադիր ենթակա են հանքավայրերի մանրազնին և շահագործական հետախուզման, ինչպես նաև դրանց լրահետախուզման արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրերի արդյունաբերական գնահատման (վերագնահատման), օգտակար հանածոների պաշարների հաշվարկման (վերահաշվարկման), ինչպես նաև պաշարների` սույն կարգի 2-րդ կետում նշված պատճառներով դուրսգրման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (այսուհետ` նյութեր):
Փորձաքննության կարող են ենթարկվել նաև մանրազնին հետախուզմանը նախորդող փուլերի արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրի արդյունաբերական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերը, եթե դրանցում պարունակվող տեղեկատվությունը բավարար է օգտակար հանածոների քանակի, որակի ու հանքավայրի արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատման համար:
4. Փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք փորձաքննության ներկայացնելու մասին կարգով:
5. Փորձաքննության գործընթացը ներառում է`
ա) փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակության, լիարժեքության և ձևավորման նախնական գնահատումը,
բ) նյութերի փորձաքննության աշխատատարության ու տևողության որոշումը, գործակալության հաստիքային աշխատողներից տվյալ նյութերի փորձաքննության պատասխանատուի նշանակումը, փորձաքննության գործընթացում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված կարգով անկախ փորձագետների (այսուհետ` փորձագետ) ներգրավումը,
գ) նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, դրանցում բացթողումների և սխալների բացահայտումն ու աշխատանքային քննարկումները,
դ) բացահայտված թերությունների և բացթողումների վերացումն ու լրացուցիչ տարբերակների դիտարկումը,
ե) փորձաքննության ընթացքում տրվող մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի մշակումը,
զ) մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի քննարկումը, դրանց ճշգրտումը (հարկ եղած դեպքում) և օգտակար հանածոների պաշարները պետական հաշվեկշռում գրանցելու համար հիմք հանդիսացող փորձաքննության եզրակացության ընդունումը,
է) փորձաքննության եզրակացության հիման վրա նախարարի սահմանած կարգով` գործակալության կողմից կոնդիցիաների պարամետրերի և (կամ) օգտակար հանածոների պաշարների հաստատման մասին որոշման (այսուհետ` որոշում) ընդունումը,
ը) նախարարի կողմից սահմանված կարգով որոշման փաթեթի ձևակերպումը,
թ) որոշման փաթեթի առաքումը «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` պահպանության:
6. Սույն կարգի 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված գործառույթների իրականացման նպատակով ներգրավվում են փորձագետներ:
7. Սույն կարգի 5-րդ կետի «զ» ենթակետում նշված գործառույթն իրականացնում է նախարարի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն գործակալությունում գործող ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը:
8. Գործակալության պետը փորձաքննության գործընթացի տևողությունը սահմանելիս հաշվի է առնում հանքահումքի տեսակը, հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությունը, դրա երկրաբանական ուսումնասիրության փուլը, արդյունաբերական յուրացման աստիճանն ու ներկայացված նյութերի ծավալը և առաջնորդվում ստորև նշված ժամկետային սահմանափակումներով`
ա) ոչ հանքաքարային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի համար` մինչև 60 աշխատանքային օր,
բ) հանքային ջրերի հանքավայրերի համար` մինչև 90 աշխատանքային օր,
գ) հանքաքարային հանքավայրերի համար` մինչև 120 աշխատանքային օր:
9. Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի կամ պաշարների հաստատման, ինչպես նաև վերջիններիս դուրսգրման հիմնավորվածությունը հավաստելու մասին բացասական որոշման ընդունման դեպքում փորձաքննված նյութերը վերադարձվում են հեղինակներին` լրամշակման:
10. Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել նախարարին` փորձաքննության գործընթացի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
Փորձաքննության գործընթացը համարվում է ավարտված` սույն կարգի 5-րդ կետի «թ» ենթակետում նշված գործառույթի իրականացմամբ:
Փորձաքննության եզրակացության բողոքարկման դեպքում նշանակվում է նյութերի լրացուցիչ փորձաքննություն, որը կատարվում է սույն կարգի համաձայն: