(ուժը կորցրել է 24.02.11 թիվ 166-Ն որոշում)
i
040.1574.251104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1574-Ն
i
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` յուրաքանչյուր տարի հաշվարկել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի ֆինանսավորման համար պահանջվող գումարները և դրանք արտացոլել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծերում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1574-Ն որոշման
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանված է դատավորի պաշտոնում աշխատած անձին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նշանակված կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարի (այսուհետ` ամենամսյա հավելավճար) հաշվարկման, նշանակման և վճարման կարգը:
2. Ամենամսյա հավելավճարը տրվում է այն դատավորներին, ովքեր դատավորի պաշտոնում աշխատել են առնվազն 10 տարի և այդ պաշտոնից ազատվել են 65 տարեկան դառնալու (պաշտոնավարման տարիքը լրանալու) կամ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալու պատճառով:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի կամ նախկին ժողովրդական դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար, եթե նա դատավորի պաշտոնից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
3. Ամենամսյա հավելավճարը սույն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` քաղաքացու գրավոր դիմումի և աշխատանքային գրքույկի, իսկ սույն կարգի 2-րդ կետով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվելու մասին աշխատանքային գրքույկում անհրաժեշտ գրառում չլինելու դեպքում` դրա մասին համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
4. Ամենամսյա հավելավճարի չափը հաշվարկվում է սույն կարգի 5-րդ կետում նշված համապատասխան պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և օրենքով նշանակված կենսաթոշակի տարբերության չափով:
5. Ամենամսյա հավելավճարի չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ պաշտոնային դրույքաչափերը`
ա) վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանի դատավորի, տնտեսական դատարանի դատավորի, առաջին ատյանի դատավորի համար` դատավորի պաշտոնից ազատվելու պահին օրենքով սահմանված համապատասխան պաշտոնային դրույքաչափերը,
բ) նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար` 264.000 դրամ,
գ) նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի համար` 242.000 դրամ,
դ) նախկին ժողովրդական դատավորի համար` 220.000 դրամ:
6. Դատավորի պաշտոնում աշխատած անձին օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու (չափը փոփոխելու) դեպքում վերահաշվարկվում (փոփոխվում) է նաև ամենամսյա հավելավճարը` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի:
7. Ամենամսյա հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակի հետ միասին` ընդհանուր գումարով:
8. Սույն կարգի համաձայն նշանակված ամենամսյա հավելավճարի վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: