040.1443.301004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1443-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 353-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 353-Ն որոշման 9.1-9.4-րդ կետերը:
2.1. Գաղտնի:
2.2. Հաշվեկշռային մեթոդով 359342 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել հոլանդական աճուրդով:
2.3. Սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա` ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 352695 հազ. դրամ:
2.4. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 352695 հազ. դրամ, որը համապատասխանում է 352695 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. Սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա` ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մեկնարկային գինը` 176348 հազ. դրամ, իսկ նվազագույն գինը` 88174 հազ. դրամ:
2.6. Ընկերության կրեդիտորական պարտավորությունները 2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1215 հազ. դրամ:
2.7. Սահմանել, որ «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության այլ կրեդիտորական պարտավորությունները 2004 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմում են 17420 հազ. դրամ, որոնք ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից նշված հաշվին` աճուրդի հաղթողի կողմից մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից մեկամսյա ժամկետում:
2.8. Սահմանել, որ «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության կրեդիտորական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ 2004 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմում են 369 հազ. դրամ:
2.9. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության դրամական միջոցները և դրանց համարժեքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` նվազեցնելով սույն որոշման 2.7-րդ կետում նշված` վճարման ենթակա գումարի չափը:
2.10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի կողմից` իր միջոցների հաշվին:
2.11. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
2.12. Աճուրդի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ