040.1393.161004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1393-Ն
i
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման 124-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների ծրագրային նախազգուշական նորոգման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1393-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՆՈՐՈԳՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների ծրագրային նախազգուշական նորոգման (այսուհետ` նորոգում) ընդհանուր պահանջները:
2. Սույն կանոնները կիրառվում են ոռոգման, կոլեկտորադրենաժային, ջրարբիացման ցանցերի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, պոմպակայանների, ջրամբարների նորոգման ու շահագործման, ինչպես նաև հակահեղեղային միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների կողմից:
II. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
3. Ոռոգման համակարգերի, կառուցվածքների և դրանց սարքավորումների նկատմամբ հսկողությունն իրականացվում է շահագործող կազմակերպությունների կողմից` պարբերական դիտարկումների և զննումների միջոցով:
4. Ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների դիտարկումների արդյունքներն օգտագործվում են որպես ելակետային տվյալներ` ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակի թերությունների մասին տեղեկագրերը կազմելու համար:
5. Ոռոգման համակարգերի, դրանց կառուցվածքների զննումներն իրականացվում են տարեկան առնվազն երկու անգամ` մինչև ոռոգման շրջանի սկիզբը և ոռոգման շրջանի ավարտից հետո, որոնց նպատակն է նորոգման տեսակները, ծավալներն ու կատարման ժամկետները որոշելը և ճշգրտելը:
i
6. Ոռոգման համակարգերի և կառուցվածքների զննումներն իրականացվում են տեսողական, իսկ անհրաժեշտության դեպքում` չափիչ գործիքներով զննման միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը սահմանելու մասին» N 686-Ն որոշմամբ սահմանված կարգի:
7. Չափագրական գործիքների միջոցով իրականացվող դիտարկումների և զննումների հատուկ ռեժիմ է սահմանվում այն ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների նկատմամբ, որոնք կառուցված են նստվածքային ապարների վրա, սեյսմիկ վտանգավոր և բնական բարդ պայմաններ ունեցող շրջաններում, ինչպես նաև` այն ոռոգման համակարգերում, որոնք ունեն հողերի անբավարար մելիորատիվ վիճակ (ըստ գրունտային ջրերի խորության և հանքայնացման):
8. Պարբերական և արտահերթ զննումներն իրականացնում են հանձնաժողովները, որոնց կազմը, ինչպես նաև զննման ժամկետները որոշում են շահագործող կազմակերպությունների ղեկավարները: Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համակարգերի և կառուցվածքների վիճակը դիտարկող մասնագետները, մասնագիտացված և նախագծային կազմակերպությունների, իսկ արտահերթ զննումների դեպքում` նաև տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները:
9. Հանձնաժողովը պարբերական և արտահերթ զննումների արդյունքների հիման վրա կազմում է թերությունների մասին տեղեկագիր, որը հաստատում է շահագործող կազմակերպության ղեկավարը` համաձայնեցնելով համապատասխան պետական կառավարման մարմնի հետ:
III. ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Նորոգումները տեխնիկական համալիր միջոցառումների իրականացում են, որոնք ուղղված են ինչպես ոռոգման համակարգերի ու կառուցվածքների ամբողջությամբ, այնպես էլ դրանց առանձին կառուցվածքային տարրերի և մասերի անխափան աշխատանքի պահպանմանը կամ վերականգնմանը:
11. Նորոգման աշխատանքները դասակարգվում են երկու տեսակի` ընթացիկ և հիմնական:
12. Ընթացիկ նորոգումներն այն աշխատանքներն են, որոնք կատարվում են պարբերաբար և ապահովում են ոռոգման համակարգերի ու կառուցվածքների աշխատունակությունը, կանխարգելում վաղաժամ մաշվածությունը` կանխարգելիչ միջոցառումների անցկացման և ոչ մեծ վնասվածքների ու անսարքությունների վերացման միջոցով: Նորոգման օբյեկտ է համարվում առանձին կառուցվածքը կամ կառուցվածքների խումբը և դրանց սարքավորումները, մայր և միջտնտեսային ջրանցքները, գլխամասային հանգույցները, պոմպակայանները, ջրամբարները, կոլեկտորները` իրենց կառուցվածքներով, պատնեշները, ինչպես նաև ոռոգման համակարգերի ու կառուցվածքների կառուցվածքային տարրերը: Ընթացիկ նորոգման արդյունքում պետք է վերականգնվեն կամ պահպանվեն ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների սկզբնական նորմատիվային ցուցանիշները:
13. Հիմնական նորոգումներն այն աշխատանքներն են, որոնց իրականացման ընթացքում կատարվում են կառուցվածքի կամ դրա առանձին տարրերի լրիվ կամ մասնակի վերականգնում, փոխարինվում են մաշված կառուցվածքներն ու սարքավորումները: Նորոգվող օբյեկտի մեջ մտնող առանձին կառուցվածքների լրիվ վերականգնման արժեքը կարող է գերազանցել դրա սկզբնական արժեքը: Հիմնական նորոգումների արդյունքում պետք է բարելավվեն ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների նորմատիվային ցուցանիշները:
14. Նորոգման այն աշխատանքները, որոնք իրենց բնույթով ընթացիկ նորոգում են, բայց կատարվելու են հիմնական նորոգման ընթացքում, իրականացվում են հիմնական նորոգման միջոցների հաշվին:
15. Թույլատրվում է հիմնական նորոգման ընթացքում նախագծով հիմնավորել և այդ միջոցների հաշվին կառուցել առանձին լրացուցիչ կառուցվածքներ (կոնստրուկցիաներ), որոնց անհրաժեշտությունը բացահայտվել է շահագործման ընթացքում և նպատակաուղղված է ոռոգման համակարգերի ու կառուցվածքների տեխնիկական մակարդակի և շահագործման հուսալիության բարձրացմանը: Լրացուցիչ կառուցվածքներ են համարվում ջրանցքների վրայի անցումները, դիմհար, ջրթող կառուցվածքները, ջրանկումները և արագահոսները, առանձին ջրհավաքները, ջրաչափական սարքերը և այլ կառուցվածքներ:
16. Վթարային բնույթի կամ այլ չնախատեսված վնասվածքները վերացվում են առաջին հերթին: Նման աշխատանքների կատարման համար ստեղծվում են նյութերի և սարքավորումների վթարային պաշարներ:
17. Չնախատեսված աշխատանքների կատարման համար (վթարներ, սողանքներ, վնասվածքներ, փլուզումներ և այլն) նախատեսվում է ստեղծել նյութական ռեսուրսների վթարային պաշար, որոնց արժեքը չպետք է գերազանցի նորոգման աշխատանքների տարեկան ծրագրի մեկ տոկոսը: Վթարային աշխատանքների կատարման համար կազմվում է լրացուցիչ թերությունների մասին տեղեկագիր:
IV. ՆՈՐՈԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ
18. Նորոգման կանոններով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացվում են թերությունների մասին տեղեկագրի հիման վրա` տվյալ ոռոգման համակարգերը և կառուցվածքները շահագործող կազմակերպությունների կողմից:
19. Տարեկան ծրագրերում (ժամանակացույցներում) սահմանվում են ծրագրային դիտարկումների, զննումների, շահագործման աշխատանքների, ընթացիկ և հիմնական նորոգումների կատարման ժամկետները: Հիմնական նորոգման ծրագիրը մշակելիս հաշվի է առնվում դրա կատարման պարբերականությունը` ճշտելով տեխնիկական վիճակը, կլիմայական, հիդրոլոգիական և այլ հանգամանքները:
20. Ընթացիկ նորոգումները ծրագրավորվում են յուրաքանչյուր տարի` թերությունների մասին տեղեկագրի և օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
21. Հիմնական նորոգման տարեկան ծրագիրը մշակվում է թերությունների մասին տեղեկագրի կամ նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
22. Հիմնական նորոգման տարեկան ծրագրերը պետք է ընդգրկեն`
ա) նորոգման օբյեկտների ցանկը,
բ) աշխատանքների տարեկան ծավալը,
գ) յուրաքանչյուր օբյեկտի անվանումը և հիմնական աշխատանքների ծավալները,
դ) նորոգումների օրացուցային ժամկետները,
ե) շինարարական նյութերի պահանջարկը:
Արտադրական անհրաժեշտության դեպքում` թույլատրվում է նորոգման տարեկան ծրագրերում կատարել փոփոխություններ (օբյեկտների անվանումներում, աշխատանքների տեսակներում, ծավալներում, աշխատանքների կատարման ժամկետներում), ինչպես նաև ճշգրտումներ` տարերային աղետների և այլ չնախատեսված դեպքերում:
V. ՆՈՐՈԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
23. Ոռոգման համակարգերի և կառուցվածքների ոչ մրցութային նորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման, շահագործման և հսկողական աշխատանքները ֆինանսավորվում են դրանք շահագործող կազմակերպությունների միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` նախատեսված ֆինանսական ծրագրերի սահմաններում:
VI. ՆՈՐՈԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
24. Ընթացիկ և հիմնական նորոգումները` 5.0 մլն դրամ և բարձր արժողությամբ, իրականացվում են սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա: Մինչև 5.0 մլն դրամ արժողությամբ յուրաքանչյուր օբյեկտի նորոգումները կատարվում են հաստատված թերությունների մասին տեղեկագրի հիման վրա:
25. Ընթացիկ և հիմնական նորոգումների նախահաշվային արժեքը որոշվում է նորոգման աշխատանքների գործող գնացուցակներով, տարիֆներով, նորմատիվ աշխատատարությամբ և նյութական ծախսերով, ինչպես նաև իրավասու կազմակերպությունների կողմից կազմված և հաստատված ներքին գնացուցակներով ու նյութածախսի նորմաներով: Գնացուցակներ կամ տարիֆներ չունեցող աշխատանքների համար կազմվում են լրացուցիչ գնացուցակներ, գնահաշվարկներ և տարիֆներ` գերատեսչական գործող նորմաների հիման վրա, որոնք համաձայնեցվում ու հաստատվում են սահմանված կարգով:
26. Նյութերի, բեռների փոխադրման, էլեկտրաէներգիայի, բանվորների վարձատրության պայմանների գործող գների փոփոխությունները հաշվի են առնվում լրացուցիչ գործակիցներով և նախահաշիվների ճշգրտմամբ:
27. Նորոգումների կատարման ընթացքում նախագծով և նախահաշվով չնախատեսված լրացուցիչ ծավալներ ի հայտ գալու դեպքում աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատվիրատուի և նախագծային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմում է ակտ` նշելով լրացուցիչ աշխատանքները և դրանց կատարման անհրաժեշտությունը: Նախագծային կազմակերպությունն ակտի հիման վրա օբյեկտի նախահաշվում կատարում է փոփոխություն:
28. Թերությունների մասին տեղեկագրերը կազմվում են ըստ ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների տարրերի` կատարելով չափումներ ու աշխատանքների ծավալների հաշվարկ: Թերությունների մասին տեղեկագրերին կցվում են հակիրճ բացատրագիր և կատարողական կամ նախագծային փաստաթղթերի այն մասի պատճենը, որն արտացոլում է նորոգվող օբյեկտի տեխնիկական պարամետրերը կամ չափումների հիման վրա կատարված ուրվագիծը:
29. Բանվորական գծագրեր պահանջող նորոգման աշխատանքների համար կազմվում են նախագծանախահաշվային փաստաթղթեր` անկախ աշխատանքների արժեքից:
30. Նախագծանախահաշվային փաստաթղթերն իրենց կազմում, համաձայն նախագծային նորմատիվ փաստաթղթերի, պետք է ունենան`
ա) հակիրճ բացատրագիր, որտեղ պետք է նշված լինեն տեխնիկական լուծման հիմնավորումը, տեխնիկատնտեսական ցուցանիշները և նորոգման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկությունները, նաև աշխատանքների կատարման համար անհրաժեշտ համաձայնեցումները.
բ) հիմնական նորոգման տևողության ժամկետները.
գ) նորոգումների հիմնական տեսակների և ծավալների ցանկը, անհրաժեշտ շինարարական նյութերն ու կոնստրուկցիաները, շինարարական մեքենաների և մեխանիզմների պահանջը, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր աշխատանքի կատարման նախահաշվային արժեքը.
դ) բանվորական գծագրեր (հատակագիծ, ընդլայնական և ընդերկայնական կտրվածքներ և այլն), նախահաշիվներ:
31. Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար օգտագործվում են`
ա) մելիորատիվ օբյեկտների շինարարության կատարողական փաստաթղթերը (այդ թվում` հետախուզական տվյալները).
բ) տեխնիկական վիճակի մասին ակտը.
գ) զննումների (հետազոտությունների) նյութերը:
VII. ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
32. Նորոգումներն իրականացվում են կատարողի կողմից կազմված և պատվիրատուի հետ համաձայնեցված աշխատանքային ժամանակացույցին համապատասխան, երկկողմ պայմանագրով:
33. Նորոգումներն իրականացվում են անվտանգության տեխնիկայի գործող կանոնների խստագույն պահպանմամբ, աշխատանքային, արտադրական, սանիտարական, հակահրդեհային և միջավայրի պահպանման կանոններին համապատասխան: Նորոգումներն իրականացնելիս պետք է ղեկավարվել տեխնիկական պայմաններով, գործող շինարարական նորմերով և կանոններով, աշխատանքների կատարման հրահանգներով ու ցուցումներով:
34. Այն դեպքերում, երբ նորոգվում են համեմատաբար խոշոր կամ բարդ, ինչպես նաև ծանր հիդրոերկրաբանական պայմաններում գտնվող օբյեկտներ, մշակվում է աշխատանքների կատարման նախագիծ, որի անհրաժեշտությունը որոշում է պատվիրատուն:
35. Նորոգման աշխատանքների որակի և կատարման ժամկետների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացնում է պատվիրատուն` աշխատանքներ կատարող կազմակերպության հետ միասին:
36. Հիմնական նորոգման ընթացքում ակտավորվում և վկայագրվում են փակ աշխատանքները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնց կատարման որակից է կախված ոռոգման համակարգերի կամ դրանց կառուցվածքային տարրերի աշխատունակությունը:
37. Հիմնական նորոգման խոշոր ծավալի աշխատանքները հնարավոր է իրականացնել մրցութային կարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
VIII. ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
38. Նորոգումների ավարտից հետո աշխատանքներն ընդունվում են շահագործող կազմակերպության ղեկավարի կամ պատվիրատուի կողմից նշանակված հանձնաժողովների կողմից, որոնք ղեկավարվում են գործող նորմերով և տեխնիկական փաստաթղթերով:
39. Նորոգման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`
ա) կատարողական ակտեր,
բ) անհրաժեշտության դեպքում` միջանկյալ ընդունման ակտեր և պայմանագրեր,
գ) փակ աշխատանքների մասին ակտեր: