040.1116.160804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 2004 թվականի N 1116-Ն
i
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
բ) հղիության վիրահատական արհեստական ընդհատման բժշկական հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
դ) հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
ե) հղիության դեղորայքային արհեստական ընդհատման պայմանները և հակացուցումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
զ) հղիության վիրահատական արհեստական ընդհատման համար հետազոտությունների ցանկը` համաձայն N 6 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1116-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հղիության վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով:
(1-ին կետը փոփ. 01.11.12 թիվ 1366-Ն որոշում)
2. Կնոջ դիմումի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հակացուցումների բացակայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը` մինչև 9 շաբաթական հղիությունը, կատարվում է վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում` միայն վիրահատական ընդհատման միջոցով:
(2-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1366-Ն որոշում)
3. Մինչև 22 շաբաթական ժամկետը` բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներով սահմանված ցուցումներին համապատասխան:
(3-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1366-Ն որոշում)
4. Հղիության արհեստական ընդհատման վիրահատություն, այդ թվում` հղիության վաղ ժամկետներում, կատարվում են միաժամանակ մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների առկայության դեպքում:
(4-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1366-Ն որոշում)
5. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատումը կատարվում է մանկաբարձական կամ գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում` ցերեկային ստացիոնարի պայմաններում:
(5-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1366-Ն որոշում)
II. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Հղիության արհեստական ընդհատում կատարելու համար կինը կարող է ընդունվել ծննդօգնության հիվանդանոցային բուժհաստատություն` կանանց կոնսուլտացիայի ուղեգրով` հետազոտված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հետազոտությունների ցանկի համաձայն (N 6 հավելված):
7. Կինը կարող է ընդունվել նաև առանց ուղեգրի, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հետազոտությունները (N 6 հավելված) պետք է կատարվեն մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բուժհաստատությունում (այսուհետ` ստացիոնար բուժհաստատություն):
8. Եթե կինը չի ցանկանում է հղիության արհեստական ընդհատումը կատարել բնակության վայրի բուժհաստատությունում, ապա կարող է դիմել ցանկացած ստացիոնար բուժհաստատություն` իր ընտրությամբ:
9. Ստացիոնար բուժհաստատությունում յուրաքանչյուր կնոջ համար լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևը` հղիության արհեստական ընդհատման բժշկական քարտ: Կատարված վիրահատությունը գրանցվում է վիրահատությունների մատյանում: Եթե կա հղիության արհեստական ընդհատման ուղեգիր, ապա այն կցվում է հղիության արհեստական ընդհատման բժշկական քարտին:
10. Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է վակուում էքսկոխլեացիայի կամ գործիքային կյուրետաժի մեթոդներով` տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:
11. Թույլատրվում է վակուում-ասպիրացիայի մեթոդով (մինի աբորտ) հղիության արհեստական ընդհատում կատարել դաշտանային պարբերաշրջանի 20 օրվանից ոչ ավելի ուշացման և հաստատված հղիության դեպքում:
12. Հղիության արհեստական ընդհատումից հետո կնոջ ստացիոնար բուժհաստատությունում մնալու ժամկետը որոշում է բուժող բժիշկը` ելնելով կնոջ առողջական վիճակից, սակայն առնվազն 4 ժամ բավարար վիճակի դեպքում: Կնոջը կարող է տրվել անաշխատունակության թերթիկ` մինչև 3 օր:
13. Հղիության արհեստական ընդհատման հետ կապված բարդությունների դեպքում անաշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար` ընդհանուր հիմունքներով:
14. Արյան ռեզուս-բացասական պատկանելությամբ կանանց առաջին հղիության արհեստական ընդհատումից հետո պետք է կատարվի իմունիզացիա` մարդկային հակառեզուս D իմունագլոբուլինով:
15. Ստացիոնար բուժհաստատությունից դուրս գալուց հետո, անհրաժեշտության դեպքում, կինն անաշխատունակության թերթիկը կարող է ներկայացնել կանանց կոնսուլտացիա` հետագա աշխատունակության վերականգնման ժամկետը որոշելու համար:
16. Հղիության արհեստական ընդհատման ենթարկված կնոջը պետք է տրամադրել տեղեկատվություն բարդությունների, հետագա ռեժիմի, ինչպես նաև ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների մասին` թույլ տալով նրան կատարել բեղմնականխման տեղեկացված ընտրություն` հնարավորության դեպքում տրամադրելով հակաբեղմնավորիչ միջոց:
III. ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բժշկական ցուցումների ցանկի (N 3 հավելված)` ամբուլատոր-պոլիկլինիկական կամ ստացիոնար բուժհաստատություններում` հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են մանկաբարձ-գինեկոլոգը, այն մասնագետը, որի ոլորտին է պատկանում հղի կնոջ հիվանդությունը և տվյալ բուժհաստատության մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավարը:
18. Ստացիոնար բուժհաստատության պայմաններում հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցման առկայության դեպքում հղիության ընդհատման բժշկական քարտում կատարվում է համապատասխան գրանցում` վավերացված տվյալ ոլորտի մասնագիտությամբ բժշկի, բուժող բժշկի և բուժհաստատության ղեկավարի ստորագրություններով:
19. Բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման հարցի վերջնական լուծումը պետք է համաձայնեցվի հղի կնոջ հետ:
20. Եթե կնոջ մոտ առկա է կյանքի համար վտանգ ներկայացնող հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցում, որը չի նախատեսվել տվյալ ցանկով, ապա հղիության ընդհատման հարցը լուծվում է հանձնաժողովի կողմից` համապատասխան մասնագետների ներգրավմամբ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1116-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
1. Հղիության վիրահատական արհեստական ընդհատման բժշկական հակացուցումներն են`
ա) կանանց սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքային հիվանդությունները,
բ) ցանկացած տեղակայման սուր և ենթասուր բորբոքային վիճակները,
գ) սուր վարակիչ հիվանդությունները:
2. Այլ հակացուցումների առկայության դեպքում հարցը լուծվում է անհատականորեն` ելնելով կոնկրետ իրավիճակից:
3. Նշված հիվանդությունների և վիճակների բուժումից հետո հղիության արհեստական ընդհատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1116-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
Ցուցումներ հղի կնոջ կողմից
1. Ինֆեկցիոն և պարազիտային հիվանդություններ (սուր վիճակից դուրս գալուց հետո)`
ա) տուբերկուլյոզի բոլոր ակտիվ ձևերը,
բ) վիրուսային հեպատիտի ծանր ձևերը,
գ) սիֆիլիսի բոլոր ձևերը,
դ) կարմրախտ և շփումներ կարմրախտով հիվանդի հետ,
ե) մարդու իմունային անբավարարության վիրուսակրություն կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առկայություն:
2. Չարորակ նորագոյացություններ`
ա) ցանկացած տեղակայմամբ չարորակ նորագոյացությունների առկայություն ներկայում կամ անցյալում`
բ) լիմֆատիկ և արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություններ:
3. Էնդոկրին համակարգի հիվանդություններ`
ա) թիրեոտոքսիկոզի միջին և ծանր ձևերը,
բ) բնածին, ձեռքբերովի հիպոթիրեոզի դեկոմպենսացված ձևը,
գ) շաքարային դիաբետի ծանր ձևը,
դ) շաքարային դիաբետ` ամուսինների մոտ,
ե) մակերիկամների ախտահարում` ծանր ընթացքով:
4. Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդություններ` հաճախակի սրացումներով, ծանր ընթացքով`
ա) ապլաստիկ անեմիա,
բ) վազոպաթիաներ (Վերլ-Հոֆի, Շեյլեն-Հենոխի հիվանդություններ):
5. Հոգեկան խանգարումներ`
ա) պսիխոզներ,
բ) քրոնիկ ալկոհոլիզմ,
գ) տոքսիկոմանիա` դեղորայքային կախվածությամբ,
դ) մտավոր հետամնացություն:
6. Նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություններ`
ա) կենտրոնական նյարդային համակարգի սուր բորբոքային հիվանդություններ (մենինգիտ, էնցեֆալիտ, միելիտ, մենինգոէնցեֆալիտ և այլն),
բ) նյարդային համակարգի ժառանգական ու դեգեներատիվ հիվանդություններ և այլ բնույթի օրգանական ախտահարումներ,
գ) էպիլեպսիա,
դ) բորբոքային և տոքսիկ նևրոպաթիա,
ե) մկանային դիստրոֆիաների և միոպաթիաների այլ ձևեր,
զ) տեսողական համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են կուրությամբ կամ տեսողության սրության այնպիսի իջեցմամբ և կամ տեսադաշտի այնպիսի նեղացմամբ, որոնք չեն ենթարկվում շտկման,
է) վեստիբուլյար ապարատի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխապտույտի սինդրոմով,
ը) խլություն, խուլ-համրություն` բնածին, ժառանգական ծագմամբ:
7. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ`
ա) արյան շրջանառության անբավարարությամբ ուղեկցվող սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
բ) սիստեմային հիվանդություններ, կոլլագենոզներ` ակտիվ փուլում, ծանր ընթացքով,
գ) հիպերտոնիկ հիվանդություն` II և III աստիճանի,
դ) սրտի ռիթմի խանգարումներ` նախասրտերի ու փորոքների ֆիբրիլյացիա և շողացում,
ե) աորտայի անևրիզմա,
զ) անոթների էմբոլիա և թրոմբոզ,
է) սրտի բնածին և ձեռքբերովի արատներ` արյան շրջանառության անբավարարությամբ,
ը) միտրալ կոմիսուրոտոմիայից հետո ռեստենոզ` թոքային հիպերտենզիայի առկայությամբ:
8. Շնչառական օրգանների հիվանդություններ`
ա) շնչուղիների, բրոնխների, կոկորդի ստենոզ` ծանր ընթացքով,
բ) բրոնխիալ ասթմայի ծանր ձևեր,
գ) բրոնխէկտատիկ հիվանդության ծանր ձևեր,
դ) թոքերի և պլևրայի հիվանդություններ` թոք-սրտային անբավարարությամբ:
9. Մարսողական օրգանների հիվանդություններ`
ա) կերակրափողի նեղացում` բուժավորման չենթարկվող,
բ) արհեստական կերակրափող,
գ) ստամոքսի և 12-մատնյա աղու խոց` ստենոզի և արյունահոսության առկայությամբ,
դ) որովայնի պատի մեծ չափերի ճողվածք,
ե) ոչ ինֆեկցիոն էնտերիտներ և կոլիտներ` ուղեկցվող աղիքային արյունահոսությամբ,
զ) վիրահատված ստամոքսի սինդրոմ,
է) լյարդի ցիռոզ,
ը) լեղաքարային հիվանդություն` ուղեկցվող դեղնությամբ,
թ) ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ` ծանր ընթացքով,
ժ) միզասեռական համակարգի հիվանդություններ,
ժա) սուր գլոմերուլոնեֆրիտ,
ժբ) երիկամային անբավարարությամբ ուղեկցվող միզասեռական համակարգի հիվանդություններ,
ժգ) երիկամների և միզուղիների ինֆեկցիաներ` ուղեկցվող կայուն հիպերտոնիայով և ֆունկցիայի խանգարմամբ,
ժդ) եզակի երիկամ,
ժե) հիդրոնեֆրոզ:
10. Հղիության գեստոզների ծանր ձևեր` պոլիօրգանային ծանր խանգարումներով` ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում:
11. Վուլգար պեմֆիգուս:
12. Ոսկրամկանային համակարգի, շարակցական հյուսվածքի հիվանդություններ`
ա) անկիլոզային սպոնդիլիտ,
բ) օստեոխոնդրոպաթիաներ:
13. Բնածին անոմալիաներ, ժառանգական հիվանդություններ`
ա) ծնողներից մեկի մոտ դոմինանտ ժառանգվող հիվանդություն,
բ) ծնողների մոտ բազմագեն հիվանդությունների հետերոզիգոտակրություն:
14. Վիճակներ`
ա) կենսական կարևոր օրգանի հեռացումից հետո (թոք կամ դրա բիլթը, փայծաղ, երիկամ և այլն),
բ) կենսական կարևոր օրգանների փոխպատվաստումից հետո:
15. Ֆիզիոլոգիական վիճակներ`
ա) կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական չհասության վիճակը (16 տարեկան և փոքր),
բ) կնոջ վերարտադրողական համակարգի ֆունկցիայի մարման վիճակը (45 տարեկան այլ ավելի):
Ցուցումներ` կապված պտղի և երեխաների ախտաբանական վիճակի հետ
1. Մահացած պտուղ:
2. Կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշում` պտղի մոտ:
3. Միանման զարգացման արատներով երեխաների կրկնակի ծնունդ:
4. Ընտանիքում սեռի հետ կապված ժառանգական հիվանդություններով երեխաների ծնունդ:
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1116-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
Հղիության ընթացքում ամուսնու մահը
Կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը
Հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը
Ամուսնալուծությունը հղիության ժամանակ
Հղիությունը բռնաբարությունից հետո
Հավելված N 5
i
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1116-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
1. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատման պայմաններն են`
ա) գերձայնային հետազոտությամբ հաստատված արգանդային հղիություն,
բ) արգանդի մեծության համապատասխանությունը հղիության ժամկետին,
գ) ամենորեայի տևողությունը, որը չի գերազանցում 63 օրը` հաշված վերջին դաշտանի առաջին օրվանից` հաստատված հղիության դեպքում:
2. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատման բացարձակ հակացուցումներն են`
ա) արտարգանդային հղիություն կամ դրա կասկածի առկայություն,
բ) հղիություն` հորմոնալ բեղմնականխման ֆոնի վրա,
գ) արգանդի մեծ չափերի միոմա,
դ) երկարատև կորտիկոստերոիդային թերապիա,
ե) արյան մակարդման համակարգի հիվանդություն, անեմիա,
զ) շաքարային դիաբետի դեկոմպենսացված ձևեր,
է) երիկամային և լյարդային անբավարարություն,
ը) սուր բորբոքային հիվանդությունների առկայություն:
3. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատման հարաբերական հակացուցումներն են`
ա) սպի արգանդի վրա` վիրահատությունից հետո,
բ) արգանդի ոչ մեծ չափերի միոմա,
գ) հղիություն` ներարգանդային պարույրի առկայության դեպքում,
դ) հղիություն` հորմոնային բեղմնականխման ֆոնի վրա:
(5-րդ հավելվածը փոփ. 01.11.12 թիվ 1366-Ն որոշում)
Հավելված N 6
i
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1116-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ (մինչև հղիության
12 շաբաթականը) ժամկետներում
1. Անամնեզի հավաքում, ընդհանուր առողջական վիճակի և հակացուցումների
գնահատում
2. Հղիության ժամկետի որոշում, երկձեռքանի գինեկոլոգիական
հետազոտություն, իսկ կասկածելի դեպքերում` էխոսկոպիա
3. Լրացուցիչ հետազոտություններ` ելնելով կնոջ ընդհանուր առողջական
վիճակից և բժշկական ցուցումներից
4. Արյան խմբի և ռեզուս-պատկանելության որոշում, եթե դրանք անհայտ են:
II. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության ուշ ժամկետներում
(12 շաբաթական և ավելի)
Հղիության ուշ` 12 և ավելի շաբաթական ժամկետներում հղիության վիրահատական արհեստական ընդհատման դեպքում հետազոտում` որովայնային վիրահատությունների պահանջներին համապատասխան:
(6-րդ հավելվածը փոփ. 01.11.12 թիվ 1366-Ն որոշում)