Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2004 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ Ծ ...

 

 

040.0884.210604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2004 թվականի N 884-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2004 թվականի պետական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 10-ի

N 884-Ն որոշման

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. Ծրագրի մշակման հիմքերը

 

Ծրագրի մշակման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշումը:

 

II. Ծրագրի նպատակը և խնդիրները

 

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից բարձր արդյունավետ և մրցունակ զբոսաշրջային արդյունքի ստեղծումն ու միջազգային զբոսաշրջային շուկա արտահանումն է:

 

Ծրագրի նպատակներն են`

- Հայաստանը հաճախելի երկրներից մեկը դարձնելը, «Հայաստանը զբոսաշրջության համար` բարենպաստ և հրապուրիչ երկիր» նկարագրի ձևավորումը և վարկանիշի ամրապնդումը.

- Հայաստանի ինտեգրումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում.

- միջազգային ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճի ապահովումը:

 

Ծրագրի հիմնական խնդիրներն են`

. զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի

ստեղծումն ու կատարելագործումը, ակտիվ գովազդային գործունեության

ծավալումը.

. զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը:

 

Վերը նշված նպատակներին հասնելու և առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

- Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացման

նպատակով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զբոսաշրջային

տեղեկատվական գովազդային նյութերի (պրակներ, տեսաերիզներ, քարտեզներ,

ուղեցույցներ և այլն) կազմում, հրատարակում ու տարածում.

- զբոսաշրջության գրավչության օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծում և

պարբերաբար թարմացում և կատարելագործում.

- միջազգային և տարածաշրջանային զբոսաշրջային տոնավաճառներին ու

ցուցահանդեսներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովում.

- զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման համաշխարհային առաջավոր

փորձի ուսումնասիրում և միջոցառումների իրականացում.

- օտարերկրյա լրագրողների և տուրօպերատորների Հայաստան այցելությունների

կազմակերպում.

- ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում:

 

III. Ծրագրային միջոցառումների համակարգը

 

2004 թ.-ի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է զբոսաշրջության ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1. Մասնակցություն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին

 

1.1. Բեռլինում կազմակերպվող «ITB-2004» միջազգային զբոսաշրջության համաշխարհային ցուցահանդեսին հայկական զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մասնակցության ապահովում

 

Հայաստանը` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկիր ներկայացնելու հիմնական խնդիրը համաշխարհային զբոսաշրջության ներկայացուցիչների հետ անմիջական կապի հաստատումն է: Միջազգային զբոսաշրջային շուկայում ոչ բոլորն են ճանաչում Հայաստանը, նրա ազգային և մշակութային ներուժը, որը կարող է օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրության և հայտնաբերման առարկա դառնալ:

Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է 12 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսներում, որի կազմակերպչական գործառույթներն իրականացրել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ը (ԶԶՀԳ): Մասնավորապես, Հայաստանը, որպես զբոսաշրջության կիզակետ, իր «Հավերժ և անբացահայտ Հայաստան» խորագրով ներկայացվել է Բեռլինում` 2001, 2002, 2003 և 2004 թթ.-ին, Լոնդոնում` 2001, 2002 և 2003 թթ.-ին, Թբիլիսիում` 2002, 2003 թթ.-ին, Ճապոնիայում` 2002 թ.-ին, Կիևում` 2003 թ.-ին և Մայամիում` 2003 թ.-ին:

Վերը թվարկված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի զբոսաշրջության բնագավառի բազմաթիվ ներկայացուցիչներ` ստանալով հիանալի հնարավորություն Հայաստանի բազմաթիվ գրավչությունները գովազդելու համար: Նշված միջոցառումների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է Հայաստան այցելած ոչ սփյուռքահայ զբոսաշրջիկների թվի կայուն աճ: Հայաստանի անընդմեջ մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին տեսանելի առաջընթաց է զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը և համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի շարունակական ներկայացումը ճանաչում ստացած ցուցահանդեսներում խիստ անհրաժեշտ է երկրի զբոսաշրջային ոլորտի կայուն աճի ապահովման համար: Այս տարի չորրորդ անգամ Հայաստանը մարտ ամսին ներկայացվել է Բեռլինում կայացած «ITB-2004»-ին:

 

1.2. Մասնակցություն Ճապոնիայի ամենամյա «JATA» համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին` ապահովելով հայկական զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցությունը և Հայաստանի մասին մասսայական իրազեկումն ասիական երկրներում

 

Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի գովազդումը հիմնականում իրականացվել է եվրոպական շուկաներում, մասնավորապես, Բեռլինում և Լոնդոնում ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում: Նկատի ունենալով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տեղեկատվության սակավությունն ասիական երկրներում` 2002 թ.-ին ԱՍՆ ՄԶԳ-ի ՄԳԾԿ կազմակերպության աջակցությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, այդ թվում` և ԶԶՀԳ-ն ներկայացվեցին Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայացած «JATA» զբոսաշրջային ցուցահանդեսում: Ճապոնական և մասնակից այլ ասիական երկրների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ակնհայտ էր:

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2003 թ.-ին հնարավորություն չընձեռվեց կրկին անգամ Հայաստանի զբոսաշրջային արդյունքը Ճապոնիայում ներկայացնելու:

Հետազոտությունների արդյունքները պարզել են, որ հայրենական զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մեծամասնությունը բավարար հետաքրքրություն է ցուցաբերում ասիական շուկայի հանդեպ: Կարևորելով նշված հանգամանքը և հաշվի առնելով վերը նշված արդյունքները` արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները` ս.թ. սեպտեմբերի 23-26-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում կայանալիք «JATA» միջազգային ցուցահանդեսում հայաստանյան զբոսաշրջային ոլորտի մասնակիցների ներկայությունն ապահովելու նպատակով: Հայկական զբոսաշրջային ինդուստրիայի այս մասնակցությունն առավելապես կնպաստի ասիական երկրներում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մասին իրազեկության աստիճանի բարձրացմանն ու ասիական երկրներից Հայաստան ներգնա զբոսաշրջության զարգացման խթանմանը:

 

1.3. Մասնակցություն ASTA ամերիկյան զբոսաշրջային գործակալների ասոցիացիայի կողմից կազմակերպված համաշխարհային ճանապարհորդական կոնգրես ցուցահանդեսին

 

ASTA կազմակերպությունը (Ամերիկյան զբոսաշրջային գործակալների միություն) բազմաթիվ տարիներ գործում է համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Մինչև վերջերս ASTA-ի անդամ կարող էին դառնալ միայն ամերիկյան զբոսաշրջային ներկայացուցիչները, սակայն արդեն մի քանի տարի է, որ ASTA-ն դռները բաց է արել համաշխարհային ներկայացուցիչների առջև` նրանց հնարավորություն տալով ներկայացնելու իրենց երկրներն ամերիկյան գործակալներին, հաստատելով նրանց հետ սերտ գործնական կապեր:

2003 թ.-ին առաջին անգամ Մայամիում ԱՍՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ Հայաստանը ASTA համաշխարհային կոնգրես-ցուցահանդեսում ներկայացվեց ԶԶՀԳ-ի և մեկ հայ զբոսաշրջային օպերատորի կողմից: Հնգօրյա հանդիպումներից և եռօրյա ցուցահանդեսից հետո ստացվեցին բազմաթիվ դրական արձագանքներ` ամերիկյան զբոսաշրջային գործակալների և այլ զբոսաշրջային կազմակերպությունների կողմից, որն ապացույց էր այդ շուկայում Հայաստանի մասին հետաքրքրության առկայության:

Հաշվի առնելով անցյալ տարվա փորձն ու ստացված դրական արդյունքները` 2004 թ.-ին նույնպես նախատեսվում է մասնակցել ASTA-ի հերթական համաշխարհային կոնգրես-ցուցահանդեսին, որը կայանալու է ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը` Հոնկոնգում: 2004 թ.-ի մասնակցության առնչությամբ դիմում է հղվել Հայաստանում Չինաստանի դեսպանատանը, որոշակի տեխնիկական կամ ֆինանսական աջակցություն ստանալու, ASTA-ի միջոցառմանը Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար: Միայն ակնկալվող աջակցության ստացման դեպքում հնարավոր կլինի երաշխավորել հայկական զբոսաշրջության ներկայացուցիչների մասնակցությունը, որն էլ կնպաստի Հայաստանի ճանաչմանն ու հայ և ամերիկյան զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների առավել արդյունավետ համագործակցությանը:

 

2. Զբոսաշրջության ոլորտում պահանջվող գովազդային նյութերի համալրում`

դրանց մշակում, տպագրում և տարածում: Այցելուների տեղեկատվական

կենտրոնի գովազդում

 

2.1. Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ, Հայաստանի ամբողջ տարածաշրջանը ներառող և Երևան քաղաքի մանրամասն քարտեզների, Հայաստանի վերաբերյալ համառոտ տեղեկատվական ուղեցույցի կազմում, տպագրում և տարածում

 

Զբոսաշրջության զարգացումը հնարավոր չէ առանց գովազդային նյութերի, որոնք ապահովում են տեղեկատվության առավել արդյունավետ տարածում և երկրի վերաբերյալ հետաքրքրության առաջացում: Նախորդ տարիների ընթացքում գովազդային նյութերի պատրաստման աշխատանքները հիմնականում ֆինանսավորվել են ԱՍՆ ՄԶԳ-ի տրամադրած միջոցներով: Վերոհիշյալ գովազդային նյութերի սպառման հետևանքով այժմ անհրաժեշտ են նոր և թարմացված նյութերի ձեռքբերում, մշակում և տպագրում, որոնց առկայությունը հնարավորություն կտա ազգային մակարդակով գովազդելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը միջազգային ցուցահանդեսներում և համաժողովներում:

Գովազդային նյութերի շարքում կարևորներից են զբոսաշրջային քարտեզներն ու համառոտ տեղեկագիր-ուղեցույցը, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջիկին ազատ շրջելու Հայաստանում, ինչպես նաև մինչ Հայաստան ժամանելը բավարար տեղեկատվություն ստանալ երկրի մասին: Նախորդ տարի ԶԶՀԳ-ի կողմից իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ` Հայաստանի մարզերը ներառող և Երևան քաղաքի մանրամասն քարտեզներ մշակելու ուղղությամբ աշխատանքներ, որոնք դեռևս չեն տպագրվել: Հրատարակվելուց հետո քարտեզները կտրամադրվեն «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին` պոտենցիալ զբոսաշրջիկին բաժանելու, ինչպես նաև ցուցահանդեսներում և համաժողովներում ներկայացնելու համար:

Համառոտ ուղեցույցի հրատարակման համար կատարվել են նախապատրաստական աշխատանքներ` բովանդակության և նկարների հավաքագրման ուղղությամբ: Ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում 10000 տպաքանակով կներկայացվի տպագրության ուղեցույցը, որը նախատեսվում է տպագրել երկու տարբեր լեզուներով` տարբեր շուկաներում Հայաստանի մասին տեղեկատվության տարածման նպատակով:

Այս երկու հրատարակումները հնարավորություն կտան Հայաստանը պատշաճ մակարդակով ներկայացնելու զբոսաշրջիկներին և զբոսաշրջային ոլորտի մասնագետներին:

 

2.2. Հայաստանը ներկայացնող լուսանկարների արխիվի համալրում

 

Հայաստանի զբոսաշրջության արդյունքի արդյունավետ գովազդման տեսակներից ավելի պատկերավոր է երկրի ներկայացումն արտաքին աշխարհին` լուսանկարների միջոցով: Հայաստանը, լինելով քիչ ճանաչված երկիր, առավել բարդ է ներկայացնել միայն տեքստերի և երկրի մասին տեղեկատվության տարածմամբ: Գովազդման և խթանման առավելագույն նպատակային միջոցներ են հանդիսանում տարբեր տեսարժան վայրերի և երևույթների, մարդկանց սովորույթների, բնակլիմայական յուրահատկությունների, տոների և ծեսերի վերաբերյալ կատարված լուսանկարները: Անցյալ տարիներին ԶԶՀԳ-ն ունեցել է որոշ նկարադարան, որն արդեն սպառվել կամ հնացել է` երկրում կատարվող զարգացումների արդյունքում: Այժմ, Հայաստանը ներկայացնելու նպատակով, նախատեսվում է ձեռք բերել մի շարք գրավիչ լուսանկարներ, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել պաստառների, ինտերնետային էջի, ուղեցույցների, բացիկների և ցուցահանդեսների տաղավարների ձևավորման համար:

Արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ նկարիչների հետ` առաջարկությունների ներկայացման ուղղությամբ: Ներկա փուլում նախատեսվում է կատարել լավագույն նկարիչների ընտրություն, որոնք կլուսանկարեն և կտրամադրեն Հայաստանի վերաբերյալ գրավիչ նկարներ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է նաև հավաքել պահանջվող վայրերի և իրադարձությունների վերաբերյալ նոր լուսանկարներ:

 

2.3. Հայաստանում գովազդային վահանակի և միջազգային հրատարակչություններում հոդվածների տեղադրում

 

Զբոսաշրջության զարգացման ցուցանիշներից մեկն օտարերկրյա զբոսաշրջիկի համար հանդիսանում են երկրի ենթակառուցվածքային համակարգի առկայությունն ու դրա զարգացվածության աստիճանը: Զբոսաշրջության ոլորտում տեղեկատվական կենտրոններն անհրաժեշտություն են համապարփակ զբոսաշրջային տեղեկատվական աջակցության համար: «Հայաստան» տեղեկատվական կենտրոնը, որը հիմնադրվել է ԶԶՀԳ-ի աջակցությամբ` 2001 թ.-ի սեպտեմբեր ամսին, տրամադրում է համապատասխան զբոսաշրջային տեղեկատվություն` ներառյալ գրականությունը Հայաստանի տեսարժան վայրերի, հյուրանոցների, ռեստորանների և այլնի վերաբերյալ: Կենտրոնի գործունեության ընթացքում սպասարկվել են ավելի քան 9000 զբոսաշրջիկ, որոնց թիվն ունի աճի միտում:

2003 թ.-ին «Հայաստան» տեղեկատվական կենտրոնը գովազդվեց սփյուռքահայ հանրության կողմից ընթերցվող «AIM» ամսագրում, ինչպես նաև տեղադրվեց գովազդային վահանակ` օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին, որից հետո գրանցվեց կենտրոն այցելուների թվի կտրուկ աճ (70%), որն էլ ապացույցն է գովազդային աշխատանքների անհրաժեշտության:

Նախատեսվում է շարունակել կենտրոնի աշխատանքների գովազդման գործընթացը: 2004 թ.-ին նախատեսվում է գովազդել կենտրոնի աշխատանքները` նաև այլ միջազգային ամսագրերում` «Հայկական զբոսաշրջությունը» խորագրով: Այս աշխատանքները, որոնք իրականացվում են ԶԶՀԳ-ի կողմից, արդեն ստացել են դրական արձագանք, հետևաբար, նախատեսվում է աշխատանքները շարունակել` գովազդային նշված արշավն ավելի ընդլայնելու և առավելագույնս արդյունավետ դարձնելու համար:

 

3. Օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և ճանապարհորդային լրագրողների

ճանաչողական այցերի կազմակերպում

 

3.1. Ճանաչողական այցեր` զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ

 

Նախորդ տարիներին իրականացվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների ճանաչողական-ուսուցողական այցեր, որոնք կազմակերպվել են ԶԶՀԳ-ի կողմից: Նման միջոցառումների իրականացումը նպատակ ունի օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին տեղում ծանոթացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքի և գործնական կապեր հաստատելու հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքին` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորություններով գնահատել և ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային արդյունքը պոտենցիալ շուկաներում:

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում 2004 թ.-ի ընթացքում նույնպես հնարավորություն կստեղծվի երեք նմանատիպ ճանաչողական միջոցառման կազմակերպման համար, մասնավորապես, ամերիկյան և եվրոպական զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ:

Դիտարկումները ցույց են տվել, որ միջազգային պրակտիկայում երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար, բացի գովազդային գործունեությունից, անհրաժեշտ է կազմակերպել նմանատիպ այցեր:

 

3.2. Ճանաչողական այցեր` օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ

 

Վերջին տարիներին հայրենական զբոսաշրջային արդյունքի գովազդման աշխատանքների շարքում ԶԶՀԳ-ի կողմից կազմակերպվել են նաև օտարերկրյա լրագրողների ճանաչողական այցեր: Այցերի հիմնական նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, սովորույթները պատմական ժառանգությունը և զբոսաշրջիկների համար հետաքրքիր այն ամենը, որոնք օտարերկրյա լրագրողը կկարողանա լուսաբանել իր երկրում հրատարակվող թերթերում և ամսագրերում: Սա ևս մեկ միջոց է գովազդելու Հայաստանը, որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր` օտարերկրյա լրագրողների տպավորություններով, իրենց ազգային պարբերականներում: Այսպիսի այցերի կազմակերպումն անհրաժեշտ է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացման և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելու համար:

Ճանաչողական այցերի արդյունքում Հայաստանի մասին տպագրվել են բազմաթիվ ճանապարհորդական հոդվածներ: Անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում 2004 թ.-ին նույնպես հնարավոր կլինի կազմակերպել լրագրողների մասնակցությամբ մեկ այց:

 

4. Հայաստանի զբոսաշրջության ոլորտին ուղղված ինտերնետային էջի

(www.armeniainfo.am) պարբերաբար թարմացում և պահպանում

 

Հայաստանում վերջին տարիներին զգալի աճել է տարբեր ոլորտներին ուղղված ինտերնետային էջերի թիվը: Սա ժամանակակից եզակի տեղեկատվական միջոցներից է, որը մատչելի է տարբեր երկրների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար, և որը բացառապես կարևորվում է զբոսաշրջության ոլորտում: Որոշ զբոսաշրջային կազմակերպություններ առ այսօր ունեցել են ինտերնետային էջեր, որոնք հիմնականում ուղղված են եղել մասնավոր գործունեության գովազդմանը: Վերջերս ԱՍՆ ՄԶԳ-ի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ԶԶՀԳ-ի կողմից մշակվեց և ներկայացվեց առաջին պաշտոնական ինտերնետային էջը` www.armeniainfo.am, որն ընդգրկում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության ամբողջ ոլորտի վերաբերյալ: Ինտերնետի միջոցով զբոսաշրջիկին ներկայացվում են ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաև տրվում է լիարժեք տեղեկատվություն զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և ռեստորանների վերաբերյալ: Ինտերնետային էջի բացառիկ հատկանիշներից է պարբերաբար նորացվող ոլորտի շաբաթական իրադարձությունների ցանկը, որը կարելի է ստանալ էլեկտրոնային փոստով` մեկ անգամ բաժանորդագրվելուց հետո:

Հայաստանի վերաբերյալ նորացված և պատշաճ որակի տեղեկատվության տրամադրման նպատակով անհրաժեշտ է ինտերնետային էջն անընդհատ վերանայել և թարմացնել, ինչը կնպաստի էջի հանդեպ ուշադրության մեծացմանը և Հայաստանի մասին օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմանը զբոսաշրջիկներին և զբոսաշրջության ոլորտի մասնագետներին:

 

5. Զբոսաշրջության գովազդմանը նպաստող փառատոների և այլ միջոցառումների

կազմակերպում և անցկացում

 

Կենաց փառատոն-2004

 

Տարբեր արտասահմանյան երկրների փորձն արդեն ապացուցել է, որ փառատոները, որոնք կազմակերպվում են զբոսաշրջության համար պասսիվ ամիսներին, կարող են ներգրավել բազմաթիվ զբոսաշրջիկների, հատկապես, եթե փառատոնն ունի ազգային, մշակութային և սովորույթներն արտացոլող բնույթ: Վերջին երկու տարվա ընթացքում անցկացվել է հայկական ամենամյա «Կենաց» փառատոնը, որը կազմակերպվել է ԶԶՀԳ-ի կողմից:

Հաշվի առնելով, որ «Կենաց» փառատոնն ամենամյա է, և ընդհատումները խիստ անցանկալի են, 2004 թ.-ին նույնպես նախատեսվում է անցկացնել «Կենաց» փառատոն, որը կներգրավի նաև Հայաստանի մարզերը, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը մարզերում, և արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն զբոսաշրջության ոլորտում: Փառատոնի կազմակերպման հիմնական նպատակն է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանը նման գրավիչ միջոցառումների միջոցով: Անհրաժեշտ է կատարել նախնական գովազդային աշխատանքներ` կապված արտերկրում փառատոնի պատշաճ ներկայացման և ժամանակին զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրելու հետ:

Նշված փառատոնի կազմակերպման և անցկացման միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի զբոսաշրջության զարգացման խթանման և հավանական զբոսաշրջիկների ներգրավման, ինչպես նաև երկրի մշակույթի և պատմության ներկայացման համար: Նշված միջոցառումը կավելացնի զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան, որն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսական վիճակի աստիճանաբար բարելավմանը:

 

IV. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման տարում ակնկալվում է ապահովել ներգնա զբոսաշրջության շուրջ 10%-ի աճ` նախորդ տարվա համեմատ` հասցնելով ներգնա զբոսաշրջիկների քանակը 225 հազարի` նախորդ տարվա 206000-ի դիմաց:

Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում`

. կձևավորվի և կամրապնդվի «Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկիր» նկարագիրը միջազգային զբոսաշրջային շուկաներում,

. կապահովի զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճ, կավելանա արտարժույթի ներհոսքը հանրապետություն և համապատասխանաբար պետական բյուջե.

. կխթանվի միջազգային զբոսաշրջային շուկաներում Հայաստանի ինտեգրման գործընթացը:

 

V. Ծրագրի ֆինանսական ապահովումը և իրականացման սկզբունքները

 

1. 2004 թ.-ի ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 80,5 մլն դրամ, որն իրականացվելու է համաֆինանսավորման սկզբունքով, որից 20 մլն դրամը` պետական բյուջեի, իսկ 60,5 մլն դրամը նախատեսվում է ներգրավել զբոսաշրջության ոլորտում գործող մասնավոր հատվածի, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:

2. Համաձայն 2003 թ. դեկտեմբերի 25-ին ընդունված «ՀՀ 2004 թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` մասնակի ֆինանսավորմամբ` ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի իրականացման համար առանձին տողով նախատեսված է 20 մլն դրամ:

3. 2004 թ.-ի ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի միջոցառումները և դրանց իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները, աղբյուրները և իրականացման ժամանակահատվածները ներկայացված են ծրագրի հավելվածում:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 10-ի

N 884-Ն որոշմամբ հաստատված`

Հայաստանի Հանրապետության

զբոսաշրջության զարգացման 2004

թվականի պետական ծրագրի

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |        Միջոցառումները           |Միջոցա- |Ֆինանսական       |Կատարման|

|ը/կ|                                 |ռումների|միջոցների        |ժամկետը |

|   |                                 |համար   |աղբյուրը (դրամ)  |        |

|   |                                 |պահանջ- |_________________|        |

|   |                                 |վող     |ՀՀ      |մասնավոր|        |

|   |                                 |ֆինանսա-|պետական |սեկտոր  |        |

|   |                                 |կան     |բյուջե  |և  դոնոր|        |

|   |                                 |միջոց-  |        |կազմակեր|        |

|   |                                 |ները    |        |պություն|        |

|   |                                 |(դրամ)  |        |ներ     |        |

|___|_________________________________|________|________|________|________|

|1. |Բեռլինում կազմակերպվող «ITB-2004»|9215000 |4000000 |5215000 |2004    |

|   |միջազգային զբոսաշրջության        |        |        |        |թվականի |

|   |համաշխարհային ցուցահանդեսին      |        |        |        |մարտ    |

|   |հայաստանյան զբոսաշրջային ոլորտի  |        |        |        |        |

|   |ներկայացուցիչների մասնակցության  |        |        |        |        |

|   |ապահովում                        |        |        |        |        |

|___|_________________________________|________|________|________|________|

|2. |Մասնակցություն Ճապոնիայի ամենամյա|29945000|1800000 |28145000|2004    |

|   |«JATA» համաշխարհային զբոսաշրջային|        |        |        |թվականի |

|   |ցուցահանդեսին` ապահովելով        |        |        |        |երրորդ  |

|   |հայկական զբոսաշրջային            |        |        |        |եռամսյակ|

|   |կազմակերպությունների             |        |        |        |        |

|   |մասնակցությունն ու Հայաստանի     |        |        |        |        |

|   |մասին լայնածավալ իրազեկումն      |        |        |        |        |

|   |ասիական շուկաներում              |        |        |        |        |

|___|_________________________________|________|________|________|________|

|3. |Մասնակցություն ASTA ամերիկյան    |9040000 |2000000 |7040000 |2004    |

|   |զբոսաշրջային գործակալների        |        |        |        |թվականի |

|   |ասոցիացիայի կողմից կազմակերպված  |        |        |        |երրորդ  |

|   |համաշխարհային ճանապարհորդական    |        |        |        |եռամսյակ|

|   |կոնգրես-ցուցահանդեսին            |        |        |        |        |

|___|_________________________________|________|________|________|________|

|4. |Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ`  |4898550 |2000000 |2898550 |2004    |

|   |Հայաստանի տարածաշրջանները ներառող|        |        |        |թվականի |

|   |և  Երևան  քաղաքի մանրամասն       |        |        |        |ընթաց-  |

|   |քարտեզների և  Հայաստանի մասին    |        |        |        |քում    |

|   |համառոտ տեղեկատվական ուղեցույցի  |        |        |        |        |

|   |մշակում, կազմում, տպագրում և     |        |        |        |        |

|   |տարածում                         |        |        |        |        |

|___|_________________________________|________|________|________|________|

|5. |Հայաստանը ներկայացնող            |2400000 |1500000 |900000  |2004    |

|   |լուսանկարների արխիվի նորացում    |        |        |        |թվականի |

|   |                                 |        |        |        |երկրորդ |

|   |                                 |        |        |        |եռամսյակ|

|___|_________________________________|________|________|________|________|

|6. |Հայաստանում գովազդային վահանակի  |4390000 |1600000 |2790000 |2004    |

|   |տեղադրում և  միջազգային          |        |        |        |թվականի |

|   |հրատարակություններում հոդվածների |        |        |        |չորրորդ |

|   |տպագրում                         |        |        |        |եռամսյակ|

|___|_________________________________|________|________|________|________|

|7. |Ճանաչողական այցերի կազմակերպում` |2400000 |1300000 |1100000 |2004    |

|   |օտարերկրյա զբոսաշրջային          |        |        |        |թվականի |

|   |օպերատորների համար               |        |        |        |երկրորդ |

|   |                                 |        |        |        |եռամսյակ|

|___|_________________________________|________|________|________|________|

|8. |Ճանաչողական այցերի կազմակերպում` |2400000 |1300000 |1100000 |2004    |

|   |օտարերկրյա լրագրողների           |        |        |        |թվականի |

|   |մասնակցությամբ                   |        |        |        |չորրորդ |

|   |                                 |        |        |        |եռամսյակ|

|___|_________________________________|________|________|________|________|

|9. |Հայաստանի զբոսաշրջության ամբողջ  |1200000 |800000  |400000  |2004    |

|   |ոլորտին ուղղված ինտերնետային էջի |        |        |        |թվականի |

|   |պարբերաբար թարմացում և  պահպանում|        |        |        |ընթաց-  |

|   |                                 |        |        |        |քում    |

|___|_________________________________|________|________|________|________|

|10.|Զբոսաշրջության գովազդմանը նպաստող|14560000|3700000 |10860000|2004    |

|   |փառատոների և  այլ միջոցառումների |        |        |        |թվականի |

|   |կազմակերպում և  անցկացում:       |        |        |        |չորրորդ |

|   |Կենաց փառատոն - 2004             |        |        |        |եռամսյակ|

|___|_________________________________|________|________|________|________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                         |80448550|20000000|60448550|        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2004
N 884-Ն
Որոշում