040.0833.160604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2004 թվականի N 833-Ն
i
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) ընթացիկ քաղաքականության, ինչպես նաև ներքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության վերլուծություններն ու մշակումները,
բ) ռազմավարական վերլուծությունները և մշակումները,
գ) տեղեկատվության համակարգումը և վերլուծությունը,
դ) Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ու նախագծերի մշակումը,
ե) սոցիալ-քաղաքական ու տնտեսական վերլուծությունները և մշակումները,
զ) ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը,
է) հասարակական տրամադրությունների և նախապատվությունների բացահայտումը, կանխատեսումը և համարժեք առաջարկություններ ներկայացնելը:
3. Թույլատրել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
բ) փորձագիտական և խորհրդատվական գործունեության իրականացում,
գ) հրատարակչական գործ,
դ) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում,
ե) գիտական վերլուծությունների իրականացում:
i
4. «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնելով` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ