Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

116.0067.240304

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         03           2004Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11604054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 մարտի 2004 թվականի 67-Ն

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջներով`

1. Հաստատել Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 1997 թվականի նոյեմբերի 6-ի «Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 116/171-0008 հրամանը:

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

15.03.2004 թ. թիվ 67-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները սահմանում են Հայկական երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմերի պահպանման չափորոշիչները, չափսերը և դրանց ներկայացվող հիմնական պահանջները, գնացքների երթևեկության ու ազդանշանային համակարգերի կազմակերպման սկզբունքները և նպատակ ունեն ապահովել երկաթուղային տրանսպորտի բոլոր օղակների ներդաշնակությունը, երկաթուղու հստակ և անխափան աշխատանքը, ինչպես նաև երթևեկության անվտանգությունը:

Տեխնիկական շահագործման կանոնները պարտադիր են երկաթուղային տրանսպորտի բոլոր ստորաբաժանումների և աշխատակիցների համար:

 

ԳԼՈՒԽ 2. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Երկաթուղային տրանսպորտի համակարգի աշխատողների հիմնական պարտականությունը` ուղևորների և բեռների փոխադրումների հետ կապված պատվերների կատարումն է, երթևեկության անվտանգության և բեռների պահպանության անպայման ապահովմամբ, նվազագույն ծախսումներով, տեխնիկական միջոցների արդյունավետ օգտագործմամբ:

3. Գնացքների երթևեկության ոլորտին առնչվող յուրաքանչյուր աշխատող, իր ծառայողական պարտականությունների շրջանակում, կրում է անձնական պատասխանատվություն, տեխնիկական շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների կատարման համար: Երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների կողմից տեխնիկական շահագործման կանոնների կատարման ապահովման պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի վրա:

4. Երկաթուղային տրանսպորտի յուրաքանչյուր աշխատող պարտավոր է`

ա/ գնացքի և ցանկացած շարժակազմի կանգնման ազդանշան տալ ու ձեռք առնել այլ միջոցներ, դրանց կանգնեցման համար, այն դեպքերում, եթե մարդկանց կյանքին ու երթևեկության անվտանգությանը սպառնացող վտանգ կա,

բ/ կառույցներում ու սարքավորումներում երթևեկության անվտանգությանը սպառնացող անսարքությունների հայտնաբերման դեպքում, անմիջապես միջոցներ ձեռք առնի, վտանգավոր տեղերն ու տեղամասերը շրջափակելու և անսարքությունները վերացնելու ուղղությամբ,

գ/ ապահովել ուղևորների անվտանգությունը, կայարաններում և գնացքներում,

դ/ ուղևորների համար ստեղծել անհրաժեշտ հարմարություններ,

ե/ լինել հարգալից և բարեհամբույր բոլոր նրանց հանդեպ, ովքեր օգտվում են երկաթուղային տրանսպորտի ծառայություններից,

զ/ պահանջել երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվող անձանցից պահպանել սույն կանոնները:

5. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ երկաթուղային տրանսպորտի աշխատողները պարտավոր են`

ա/ իրենց աշխատատեղը և իրենց վստահված տեխնիկական միջոցները պահեն մաքուր և աշխատունակ վիճակում,

բ/ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում հագնված լինել ըստ այդ ծառայողական արտահագուստը և տարբերանշանները կրելու համար սահմանված կարգի, եթե նրանց համար սահմանված են ծառայողական արտահագուստ և տարբերանշաններ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց համար սահմանված են այլ արտադրական արտահագուստներ:

6. Երկաթուղային տրանսպորտի յուրաքանչյուր աշխատող պետք է պահպանի անվտանգության տեխնիկայի, հրդեհային անվտանգության և արտադրական սանիտարիայի պահանջները:

Այդ պահանջների կատարման պատասխանատվությունը դրվում է աշխատողների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների վրա:

7. Կողմնակի անձինք իրավունք չունեն

ա/ մուտք գործել լոկոմոտիվների, շարժիչավագոնային գնացքների, ավտոմատրիսների, դրեզինաների և այլ շարժակազմերի կառավարման խցեր, առնչվել դրանց ազդանշանային սարքերին, սլաքային փոխադրիչներին, ապարատներին, մեխանիզմներին, երթևեկության անվտանգությունն ապահովող այլ սարքավորումներին,

բ/ մուտք գործել այնպիսի շինություններ, որտեղից իրականացվում է ազդանշանների կառավարումը և երթևեկության կարգավարումը:

8. Լոկոմոտիվների, շարժիչավագոնային գնացքների, ավտոմատրիսների, դրեզինաների, այլ շարժակազմերի, ազդանշանների, ապարատների, մեխանիզմների և սարքավորումների ղեկավարումն ու կարգավորումը, որոնք կապված են գնացքների երթևեկության անվտանգության ապահովման հետ, թույլատրվում է այն անձանց, ովքեր իրենց աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում լիազորված են այդպիսի գործունեություն իրականացնել:

Նույնպիսի լիազորություններով պետք է օժտված լինեն այն անձինք, ովքեր իրականացնում են աշխատանքներ, կապված սլաքային փոխադրիչների դիրքի փոխման հետ:

Երկաթուղային տրանսպորտի այն աշխատակիցները, ովքեր անցել են արտադրական ուսուցում` երկրորդ դեմքի /օգնականի/ որակավորմամբ, լոկոմոտիվների, ավտոմատրիսների, դրեզինաների, շարժիչավագոնային գնացքների և այլ շարժակազմերի, ազդանշանների, սլաքային փոխադրիչների, ապարատների և մեխանիզմների ղեկավարմանն ու կառավարմանը կարող են թույլատրվել, բացառապես, այն անձանց անձնական ու անմիջական հսկողությամբ և պատասխանատվությամբ, որոնք անձամբ շահագործում, սպասարկում են այդ սարքավորումները:

9. Երկաթուղային տրանսպորտում աշխատող անձինք պետք է անցնեն համապատասխան փորձաշրջան` հետագայում պարբերաբար անցնելով հրահանգավորում հետևյալ ծրագրով.

ա/ սույն կանոններից,

բ/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի հունվարի 9-ի «Հայկական երկաթուղում ազդանշանման համակարգի հրահանգի հաստատման մասին» թիվ 116-057 հրամանից,

գ/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի հունվարի 9-ի «Հայկական երկաթուղում երկաթգծի արհեստական կառույցների նորոգման և պահպանման աշխատանքների կատարման անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի հրահանգի հաստատման մասին» թիվ 116-053 հրամանից,

դ/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի հունվարի 9-ի «Հայկական երկաթուղու երկաթուղային տրանսպորտի կապի և ազդանշանման համակարգի էլեկտրամեխանիկների և էլեկտրամոնտյորների անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի հրահանգի հաստատման մասին» թիվ 116-055 հրամանից,

ե/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի հունվարի 9-ի «Հայկական երկաթուղու երկաթուղային տրանսպորտի ազդանշանային և կապի տնտեսությունների անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի հրահանգի հաստատման մասին» թիվ 116-056 հրամանից,

զ/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության 1997 թվականի մայիսի 19-ի «ՀՀ Երկաթուղի» ՀՆՊՁ-ի «Երկաթուղու աշխատողների կարգապահության մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 71/116-0005 հրամանից,

է/ Երկաթուղու աշխատողների ծառայողական հրահանգներից և այլ փաստաթղթերից` ելնելով աշխատողի պարտականություններից:

10. Գնացքների երթևեկության աշխատողները, սույն կանոններով նախատեսված ընդհանուր պարտականությունների շրջանակներում, պետք է ունենան համապատասխան գիտելիքներ արտադրական ու հրդեհային անվտանգության տեխնիկայի կանոններից և ծառայողական հրահանգներից:

11. Երկաթուղային տրանսպորտի աշխատողները պետք է պահպանեն Հայկական երկաթուղու գույքը և տեղափոխվող բեռները:

12. Երկաթուղային տրանսպորտի աշխատողներին արգելվում է աշխատանքում գտնվել ալկոհոլ, թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր օգտագործած վիճակում, ինչպես նաև թույլատրել աշխատանքի այդպիսի վիճակում գտնվող անձանց:

Ալկոհոլի, հոգեմետ նյութերի կամ թմրանյութերի ազդեցության տակ աշխատանքում գտնվող անձինք, անմիջապես մեկուսացվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից:

13. Երկաթուղային տրանսպորտի աշխատողները սույն կանոնները խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ: ՏՐԱՄԱՏ

 

14. Երկաթուղու կառույցները և կառուցվածքները պետք է պահպանվեն սարքին ու աշխատունակ վիճակում: Կառուցվածքների և կառույցների երկարատև, անխափան աշխատանքին խոչընդոտող անսարքությունների կանխարգելումը պետք է լինի այդ սարքավորումները և կառույցները սպասարկող անձանց աշխատանքի գլխավոր նպատակը:

15. Կառույցների և կառուցվածքների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը կրում են այն աշխատակիցները, որոնք իրականացնում են դրանց անմիջական սպասարկումը, կայարանների, դեպոների, տեղամասերի պետերը, մասնաճյուղերի տնօրենները, որոնց կառավարման ոլորտում գտնվում են այդ կառույցները և կառուցվածքները:

16. Նշված աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականություններին համապատասխան` պետք է իմանան կառույցների և կառուցվածքների շահագործման կանոնները, պարբերաբար ստուգեն և ապահովեն դրանց պահպանման, տեխնիկական շահագործման և վերանորոգման բարձր որակը:

17. Կառույցները, կառուցվածքները, մեխանիզմները և սարքավորումները պետք է համապատասխանեն հաստատված նախագծային փաստաթղթերին և տեխնիկական պայմաններին: Հիմնական կառույցները, կառուցվածքները, մեխանիզմները, սարքավորումները պետք է ունենան տեխնիկական անձնագրեր, անհրաժեշտ տեխնիկական և շահագործման բնութագրերով:

Երկաթուղու կառույցներն ու կառուցվածքները պետք է համապատասխանեն այնպիսի պահանջների, որպեսզի հնարավորություն ընձեռեն և ապահովեն գնացքների ընթացքը, երկաթուղու տվյալ տեղամասի համար սահմանված առավելագույն արագություններով:

Այսպիսի պահանջներին չհամապատասխանող կառույցները պետք է վերակառուցվեն:

18. Երկաթուղու ընդհանուր ցանցում, ինչպես նաև հարող կայարաններից մինչև արտադրական կազմակերպություններ, բեռնող-բեռնաթափող բազաներ ձգվող մերձատար երկաթգծերում, կառույցներն ու կառուցվածքները պետք է համապատասխանեն մոտեցման «C» տրամատին /եզրաչափին/, որը սահմանվում է պետական ստանդարտով:

Արդյունաբերական, արտադրական կազմակերպությունների, բեռնման-բեռնաթափման բազաների, դեպոների, հանքավայրերի, էլեկտրակայանների և այլ արտադրական ու տրանսպորտային կառույցների ներքին տարածքներում և դրանց միջև գործող մերձատար երկաթգծերում կառույցներն ու կառուցվածքները պետք է համապատասխանեն մոտեցման «Cn» տրամատին, որը սահմանվում է պետական ստանդարտով: C և Cn տրամատները պետք է պահպանվեն երկաթուղու նախագծման, կառուցման և վերակառուցման, մերձատար գծերի, դրանց առնչվող կառույցների, կառուցվածքների, շինարարության, երկաթգծերի էլեկտրիֆիկացման աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև շահագործվող բոլոր կառույցների և կառուցվածքների, պարագայում: C և Cn տրամատներին չհամապատասխանող կառույցների և կառուցվածքների վերակառուցման ժամանակ, առաջին հերթին պետք է հաշվի առնվեն այն օբյեկտները, որոնք չեն ապահովում նորագույն Tպռ և Tց տրամատով շարժակազմերի, ինչպես նաև սահմանային տրամատով բեռնված բեռների թողունակությունը:

Կառույցների և կառուցվածքների ցանկացած վերանորոգման, շինարարական և այլ աշխատանքների իրականացման ժամանակ արգելվում է խախտել սահմանված տրամատները:

19. Երկուղանի վազուրդների ուղիղ տեղամասերում գծերի առանցքների միջև հեռավորությունը չպետք է փոքր լինի 4100 միլիմետրից: Կայարաններում հարակից գծերի առանցքների միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 4800 միլիմետր, իսկ կայարանների երկրորդային նշանակության և բեռնային բակերի գծերում այդ հեռավորությունը չպետք է փոքր լինի 4500 միլիմետրից:

Վագոնից վագոն անմիջական վերաբեռնման աշխատանքների համար նախատեսված գծերի առանցքների միջև հեռավորությունը թույլատրվում է ոչ պակաս, քան 3600 միլիմետր:

Հարակից գծերի առանցքների միջև հորիզոնական հեռավորությունը կոր տեղամասերում, ինչպես նաև վազուրդներում և կայարաններում, գծի առանցքից մինչև կառույցներ ու կառուցվածքներ, հեռավորությունների տրամատները պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին:

20. Բաց շարժակազմերի վրա բեռնված բեռը /փաթեթավորման և ամրացման հետ միասին/ պետք է տեղավորվի սույն կանոններով սահմանված տրամատում:

21. Սահմանված տրամատի տիրույթներում բեռների բարձման իսկության մեջ համոզվելու նպատակով, մասսայական բեռնման կայարաններում, բազաներում, տեղամասերում կարող են տեղադրվել տրամատային դարպասներ:

Բեռնաթափված կամ բեռնման նախապատրաստված բեռները պետք է շարված և ամրացված լինեն գծերից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի չխախտվեն սահմանված տրամատները:

Մինչև 1200 միլիմետր բարձրությամբ բեռները կամ նրանց կուտակումները (բացի գծային աշխատանքների համար դատարկված խճավազից) պետք է գծի եզրային ռելսի գլխիկի արտաքին եզրին մոտիկ լինեն ոչ ավելի, քան 2.0 մետր, իսկ 1200 միլիմետրից բարձր բեռների կամ նրանց կուտակումների դեպքում ` ոչ մոտիկ, քան 2.5 մետր:

 

ԳԼՈՒԽ 4. ԳԾԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

22. Երկաթուղային գծի բոլոր էլեմենտները` հողապաստառ, վերին կառուցվածքներ և արհեստական կառույցներ, իրենց ամրությամբ, կայունությամբ և վիճակով պետք է ապահովեն գնացքների անվտանգ ու համաչափ, սահուն ընթացքը, տվյալ տեղամասի համար սահմանված առավելագույն արագություններով:

23. Գծի ուղեմասերի, գծային մեքենակայանների և գծային տնտեսության այլ կազմակերպությունների տեղաբաշխումը և դրանց տեխնիկական հագեցվածությունը պետք է ապահովեն երկաթուղագծի, նրա շինությունների և կառույցների պահպանման և վերանորոգման անհրաժեշտ ծավալների աշխատանքների իրականացում` նպատակ ունենալով ապահովելու փոխադրումների պահանջվող ծավալները տվյալ տեղամասում սահմանված արագություններով:

 

ԳԼՈՒԽ 5. ԳԾԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՊՐՈՖԻԼԸ

 

24. Կորերի շառավիղների, ուղիղների և կորերի կցորդման, զառիթափության թեքությունների, իրար միջև և ուղղահայաց հարթությունում պրոֆիլների բաղադրիչների կցորդումը պետք է համապատասխանի երկաթուղային գծի պլանին և պրոֆիլին:

25. կայարանները, ուղեբաժանքները, վազանցային կետերը, պետք է տեղաբաշխված լինեն հարթ տարածքներում: Առանձին դեպքերում թույլատրվում է նրանց տեղաբաշխումը 0.0015-ը չգերազանցող թեքություններով տարածքներում: Տեղանքի ծանր ռելիեֆային պայմաններից ելնելով` թույլատրվում է թեքությունների ավելացումը, բայց ոչ ավելի, քան 0.0025-ը: Հատկապես, դժվար տեղագրական պայմաններից ելնելով, ուղեբաժանքների և վազանցային կետերի, ինչպես նաև միջանկյալ կայարանների տեղաբաշխումը կարելի է իրականացնել 0.0025 թեքությունը գերազանցող տարածքներում:

Այն կայարաններում, ուղեբաժանքներում, վազանցային կետերում, որոնցում նախատեսվում է լոկոմոտիվի վագոններից անջատում և տեղաշարժային աշխատանքներ, վագոնների, գնացքների /առանց լոկոմոտիվների/ ինքնաբերաբար փախչումը /մեկնումը/ դեպի նոր կառուցված կամ վերակառուցված ընդունման-ուղարկման գծերը կանխելու նպատակով, որպես կարգ, պետք է այդ գծերը ունենան դեպի սահմանափակող սլաքային փոխադրիչներ ձգվող հակաթեքություններ, ինչպես նաև պետք է համապատասխանեն նախագծման չափորոշիչներին:

Անհրաժեշտության դեպքում, վագոնների կամ գնացքակազմերի ինքնաբերաբար ելքը դեպի այլ գծեր կանխելու նպատակով, պետք է նախատեսվեն ապահովիչ փակուղիներ, պահպանիչ սլաքային փոխադրիչներ, արտանետող կալաններ կամ սլաքներ:

Թեքությունների վրա տեղաբաշխված կայարաններում, ուղեբաժանքներում, վազանցային կետերում պետք է ապահովված լինեն սահմանված քաշային չափորոշիչներով գնացքների տեղից պոկման /շարժման/ պայմանները:

26. Կայարանները, ուղեբաժանքները, վազանցային կետերը, ինչպես նաև առանձին վագոնային պարկերը ու արտածծող գծերը պետք է տեղաբաշխված լինեն ուղիղ տարածքներում /տեղամասերում/: Տեղագրական դժվար պայմաններից ելնելով, թույլատրվում է նրանց տեղաբաշխումը 1500 մետրից ոչ պակաս շառավղով կորերի վրա:

Հատկապես դժվար տեղագրական պայմաններից ելնելով, թույլատրվում է նշված շառավղի նվազեցումը մինչև 600 մետրից, իսկ լեռնային պայմաններում` մինչև 500 մետր:

27. Գլխավոր և կայարանային, ինչպես նաև մերձատար գծերի պլանները և պրոֆիլները պետք է պարբերաբար ենթարկվեն գործիքային ստուգման:

Գծերի պլանների և պրոֆիլների գործիքային ստուգման աշխատանքների կազմակերպման, անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի կազմման ու պատրաստման, ինչպես նաև կայարանների մասշտաբային ու սխեմատիկ պլանների կազմման աշխատանքների կատարման պարտականությունները դրվում են երկաթուղային տրանսպորտի աշխատողների վրա: Այդ աշխատանքների կատարման ժամանակ, անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավվեն նախագծային ինստիտուտներ, նախագծահետազոտական ու նախագծանախահաշվային խմբեր:

28. Գծի ուղեմասը պետք է ունենա`

ա/ ուղեմասում առկա գծային տնտեսության բոլոր կառույցների ու սարքավորումների գծագրերը և նկարագրությունները, ինչպես նաև դրանց համապատասխան ստանդարտները և չափորոշիչները,

բ/ բոլոր կայարանների մասշտաբային և սխեմատիկ պլանները, գլխավոր և կայարանային գծերի, տեսակավորման բլրակների, ինչպես նաև մերձատար գծերի երկայնական պրոֆիլները, որոնցով տեղաշարժվում են Հայկական երկաթուղու համակարգի լոկոմոտիվները:

29. Տեսակավորման, տեղամասային և գլխավոր բեռնային կայարաններում, տեսակավորման բլրակների, ենթաբլրակային, արտածծման գծերի երկայնական պրոֆիլները ստուգվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ, մնացած դեպքերում` ոչ պակաս, քան 10 տարին մեկ անգամ: Ստուգումների արդյունքներով սահմանվում են գծի պրոֆիլի ուղղման աշխատանքների կատարման ժամկետներ: Այն տեղամասերը, որտեղ իրականացվել են գծի վերակառուցման կամ այլ աշխատանքներ, որոնք բերել են պլանի և պրոֆիլի փոփոխման, այդ աշխատանքների ավարտից հետո, ստուգվում են աշխատանք կատարողի կողմից, համապատասխան փաստաթղթերը և գծագրերը ներկայացնելով գծի տնտեսության ծառայություն, իսկ կայարաններում` նաև տարածքային կայարանապետին: Փաստաթղթերում պետք է հստակ արտացոլված լինեն կատարվող աշխատանքների արդյունքում կառուցվող, վերակառուցվող և տեղափոխվող օբյեկտի և կայարանի զարգացման պլանի հստակ շաղկապվածությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ԳԾԻ ՎԵՐԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

30. Հողապաստառի վերնամասի մակերեսի լայնությունը գծի ուղիղ տեղամասերում, պետք է համապատասխանի գծի վերին կառուցվածքին և լինի ոչ պակաս`

ա/ մեկուղանի գծերում - 5. 5 մետր

բ/ երկուղանի գծերում - 9. 6 մետր

31. Հողապաստառի վերնամասի մակերեսի լայնությունը գծի ուղիղ տեղամասերում, ապառաժային և դրենաժային բնահողերում`, պետք է համապատասխանի գծի վերին կառուցվածքին և լինի ոչ պակաս`

ա/ մեկուղանի գծերում - 5. 0 մետր

բ/ երկուղանի գծերում - 9. 1 մետր

32. Հողապաստառի կողնակի նվազագույն լայնությունը պետք է լինի ոչ պակաս 0.4 մետր գծի յուրաքանչյուր կողմից:

33. Գծի 2000 մետրից պակաս շառավղով կորություններում հողապաստառը լայնացվում է համաձայն սահմանված չափորոշիչների: Նոր կառուցվող երկաթուղային գծերի, ինչպես նաև երկրորդ ուղու կառուցման ժամանակ, հողապաստառի վերնամասի մակերեսի լայնությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Հողապաստառի եզրը, ջրերի ողողման տեղերում, պետք է ոչ պակաս, քան 0.5 մետրով բարձր լինի, ուժեղ քամիների դեպքում` հնարավոր սպասվող ջրի առավելագույն ալիքի կատարից:

34. ՈՒղիղ և 350 մետր ու ավելի շառավիղ ունեցող կորերում գծի անվածիրի լայնությունը ռելսերի գլխիկների ներսի եզրերի միջև պետք է լինի 1520 միլիմետր:

Անվածիրի լայնությունը ավելի կոր հատվածքներում պետք է լինի

ա/ 349 մետրից մինչև 300 մետր շառավղի դեպքում - 1530 միլիմետր`

բ/ 299 մետր և պակաս շառավղի դեպքում - 1535 միլիմետր:

35. Երկաթգծի ուղիղ և մինչև 650 մետր շառավիղ ունեցող կորերով տեղամասերում և հատվածներում, որտեղ չեն իրականացվել ռելսակոճղային շրջանակի համակցված փոխում, գծի անվածիրի լայնության նոմինալ չափ է սահմանվում 1524 միլիմետրը: Այդ դեպքում ավելի մեծ կորություն ունեցող հատվածներում գծի անվածիրի լայնություն է սահմանվում.

ա/ 650 մետրից մինչև 450 մետր շառավղով կորություններում - 1530 միլիմետր

բ/ 450 մետրից մինչև 350 մետր շառավղով կորություններում - 1535 միլիմետր

գ/ 349 մետր և փոքր շառավղով կորություններում - 1540 միլիմետր

36. Գծի անվածիրի լայնության սահմանային չափերից թույլատրելի շեղումները, որոնք չեն պահանջում դրանց վերացում, չպետք է գերազանցեն.

ա/ դեպի նեղացում - -4 միլիմետր

բ/ դեպի լայնացում - +8 միլիմետր

37. Գծի այն տեղամասերում, որտեղ սահմանված են 50 կիլոմետր/ժամ և ցածր արագություններ`

ա/ դեպի նեղացում - 4 միլիմետր

բ/ դեպի լայնացում - +10 միլիմետր

38. Նշված մեծություններից շեղումների վերացումը իրականացվում է անմիջապես:

1512 միլիմետր պակաս և 1548 միլիմետրից ավել լայնությամբ անվածիրով գծերի շահագործում չի թույլատրվում:

39. Գծի երկու թելերի ռելսերի գլխիկները, որպես կանոն, ուղիղ հատվածներում պետք է լինեն նույն հարթության վրա: Գծի ուղիղ հատվածներում թույլատրվում է մեկ ռելսային թելի բարձր լինելը մյուսից մինչև 6 միլիմետր:

Գծի արտաքին թելի բարձրությունը ներսի թելի համեմատ, չպետք է գերազանցի 150 միլիմետրը:

40. Արհեստական կառույցները պետք է սարքավորված լինեն հակահրդեհային միջոցներով, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Ըստ իրենց բեռնատարողության, բոլոր երկաթուղային կամուրջները դասակարգվում են համաձայն հաշվարկային չափորոշիչների:

41. Երկաթուղում` գծի և կառույցների վիճակի վերահսկման նպատակով, պետք է կիրառել նաև գծաչափ վագոններ և սայլակներ, վագոն-ախտորոշիչներ, ախտորոշիչ ավտոմատրիսներ, ախտորոշիչ սայլակներ, ախտորոշիչ լաբորատորիաներ, կամրջային, թունելային, գծային հետազոտական, տրամատաչափային հետազոտական, փորձարկման, վերանորոգման հետազոտական կայաններ և վագոն կայաններ: Գլխավոր գծերն ստուգվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, այն ուղղություններով, որոնցով իրականացվում են 60 կիլոմետր/ժամ արագությունից բարձր ընթացքով ուղևորափոխադրումներ:

 

ԳԼՈՒԽ 7. ՌԵԼՍԵՐ ԵՎ ՍԼԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԻՉՆԵՐ

 

42. Գլխավոր և կայարանային գծերում ռելսերը և սլաքային փոխադրիչները իրենց հզորությամբ և վիճակով պետք է համապատասխանեն շահագործման պայմաններին (բեռնալարվածություն, առանցքային բեռնվածություն, գնացքների երթևեկության արագություններ):

43. Սլաքային փոխադրիչները պետք է ունենան խաչուկների հետևյալ տիպերը`

ա/ Գլխավոր և ուղևորատար գծերում` ոչ ավելի կոր, քան 1/11, իսկ խաչահատվող փոխադրիչներում և միայնակ փոխադրիչներում, որոնք հանդիսանում են խաչահատվող փոխադրիչների շարունակություն` ոչ ավելի կոր, քան 1/9:

բ/ Սլաքային փոխադրիչները, որոնցով ուղևորատար գնացքները անցնում են միայն փոխադրիչի ուղիղ գծերով, կարող են ունենալ խաչուկներ 1/9 տիպի:

գ/ Թույլատրվում է ուղևորատար գնացքների շեղում /ուղղորդում/ դեպի եզրային գիծ 1/9 տիպի սլաքային փոխադրիչներով, եթե այդպիսի փոխադրիչների վերատեղադրումը 1/11 տիպի փոխադրիչով, կբերի սլաքային բկանցքների վերասարքավորման, որի իրականացումը տվյալ ժամանակաշրջանում անիրագործելի է:

դ/ Բեռնափոխադրումային երթևեկության ընդունման-ուղարկման գծերում ` ոչ ավելի կոր, քան 1/9, իսկ սիմետրիկները` ոչ ավելի կոր, քան 1/6:

ե/ այլ գծերում` ոչ ավելի կոր, քան 1/8, իսկ սիմետրիկները` ոչ ավելի կոր, քան Զ.5:

44. Գլխավոր գծերի վրա հակախավային սլաքային փոխադրիչների սայրերի առջևում պետք է տեղադրել հարվածահատ չորսու:

Գլխավոր գծերում, կորությունների վրա նոր սլաքային փոխադրիչների տեղադրում չի թույլատրվում: Խաչահատվող սլաքային փոխադրիչների և խուլ հատումների օգտագործումը թույլատրվում է միայն երկաթուղու երթևեկության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով Կենտրոնացված կառավարմամբ սլաքները` կախված բնակլիմայական և այլ պայմաններից, լրացուցիչ սարքավորվում են մեխանիկական մաքրման հարմարանքով կամ ձյունահալիչ սարքով:

45. Չի թույլատրվում շահագործել այն սլաքային փոխադրիչներն ու խուլ հատումները, որոնցում հայտնաբերվել են ներքոհիշյալ անսարքություններից թեկուզ մեկը.

ա/ սլաքային սայրերի խզվածություն սլաքաձգաձողերից,

բ/ առաջին սլաքաձգաձողի դիմաց սայրի հեռու մնալը շրջանակային ռելսից 4 միլիմետր և ավելի,

գ/ սայրի փշրվածությունը, որի դեպքում առաջանում է շարժակազմի անիվի կատարի վրավազքի և անիվի ռելսից դուրս ընկնելու վտանգ և մյուս բոլոր դեպքերում, երբ փշրվածության երկարություններն են.

- գլխավոր գծերում - 200 միլիմետր և ավել,

- ընդունման-ուղարկման գծերում - 300 միլիմետր և ավել,

- կայարանային մյուս գծերում - 400 միլիմետր և ավել,

դ/ եթե սայրը ցածր է մնում շրջանակային ռելսի նկատմամբ 2 միլիմետր և ավելի այն կտրվածքում, որտեղ սայրի գլխիկի լայնությունը կազմում է 50 միլիմետր և ավել,

ե/ եթե խաչուկի միջուկի աշխատանքային եզրի և հակառելսի գլխիկի աշխատանքային եզրի միջև ընկած հեռավորությունը փոքր է, քան 1472 միլիմետրը,

զ/ եթե հակառելսի գլխիկի և բեղիկի աշխատանքային եզրերի միջև հեռավորությունը ավել է, քան 1435 միլիմետրը,

է/ սայրի կամ շրջանակային ռելսի կոտրվածքի դեպքում,

զ/ խաչուկի /միջուկի, բեղիկի/ կամ հակառելսի կոտրվածքի դեպքում,

է/ հակառելսի հեղույսի խզում /միահեղույսանի ներդիրով/:

46. Գլխավոր և ընդունման-ուղարկման գծերը, ռելսերը և սլաքային փոխադրիչները ստուգվում են գծի ուղեմասի կողմից կազմված գրաֆիկի համաձայն:

47. Կայարաններում սլաքային փոխադրիչների և խուլ հատումների ապամոնտաժումը և տեղադրումը իրականացվում է գծի մասնաճյուղերի տնօրենների կարգադրությամբ:

Կայարաններում և վազուրդներում նոր տեղադրված և վերասարքավորված սլաքային փոխադրիչները և խուլ խաչումները շահագործման են ընդունվում գծի մասնաճյուղերի տնօրենների կողմից նշանակված հանձնաժողովի կողմից:

48. Սլաքային հսկիչ փականներով /կողպեքներով/ պետք է սարքավորված լինեն ոչ կենտրոնացված կառավարմամբ սլաքները, եթե`

ա/ դրանք տեղադրված են ընդունում-ուղարկում իրականացնող ու պաշտպանիչ գծերում,

բ/ որոնցով ուղղորդվում են դեպի այն գծերը, որոնցում նախատեսված են վտանգավոր բեռներով /առաջին դասի պայթուցիկ նյութերով/ վագոնների կառանում,

գ/ որոնցով ուղղորդվում են դեպի այն գծեր, որոնցում նախատեսված են վթարավերականգնողական և հրշեջ գնացքների, գծաչափ, ախտորոշիչ վագոնների, երկաթուղային-շինարարական մեքենաների կառանում,

դ/ որոնցով ուղղորդվում են դեպի ապահովիչ և որսիչ փակուղիներ:

Տեսակավորման բլրակների գծերում տեղադրված սլաքները /այդ թվում նաև կենտրոնացված ղեկավարմամբ/ պետք է ունենան հսկիչ փականներ /կողպեքներ/ և սարքավորված լինեն տիպային հարմարանքներով, որոնք հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում դրանց կողպումը կախովի կողպեքներով: Այդ հարմարանքները պետք է ապահովեն սայրի կիպ հպումը շրջանակային ռելսին:

49. Չկենտրոնացված սլաքները պետք է սարքավորված լինեն սլաքային ցուցիչներով, որոնք պետք է լուսավորված և տեղադրված լինեն գլխավոր և ընդունող-ուղարկող գծերի վրա կամ չլուսավորված, որը նշվում է կայարանի տեխնիկական և կարգադրիչ ակտում: Էլեկտրական կենտրոնացված կառավարմամբ սլաքները, ինչպես նաև տեսակավորման ենթաբլրակային պարկերի բկանցքներում տեղադրված սլաքները ցուցիչներով չեն սարքավորվում:

50. Սլաքային փոխադրիչների, խուլ հատումների վերանորոգումն ու ընթացիկ պահպանումը, սլաքային ցուցիչների, արտանետող կալանների, սայրերի և սլաքների, վագոնների ամրակցման մնայուն սարքավորումների, շրջապտույտային չորսուների տեղադրումը, նրանց շահագործումը և պահպանումը իրականացվում է գծի համապատասխան ուղեմասի կողմից: Այդ սարքավորումների կապի, ազդանշանային, կենտրոնացված կառավարման միջոցների սպասարկումը, վերանորոգումն ու պահպանումն իրականացվում է կապի և ազդանշանային համակարգերի համապատասխան ուղեմասերի կողմից:

 

ԳԼՈՒԽ 8. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՈՒՄՆԵՐ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, ԱՆՑՈՒՄՆԵՐ

 

51. Երկաթուղային գծերի հատումը այլ երկաթուղային գծերի, տրամվայի, տրոլեյբուսային ուղիների, ավտոմոբիլային ճանապարհների և բնակավայրերի փողոցների հետ, պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարատեխնիկական նորմերին համապատասխան:

Երկաթուղու գործող գծանցներով տրամվայի կամ տրոլեյբուսային երթևեկության բացում չի թույլատրվում:

52. Ինքնաշարժ տրանսպորտային միջոցների և մեխանիզմների, ինչպես նաև անասնահոտի անցումը երկաթուղու վրայից, չնախատեսված տեղերով արգելվում է: Այս պահանջների պահպանման, հսկման պատասխանատվությունը դրվում է գծի ուղեմասի աշխատակիցների վրա, իսկ կայարաններում` նաև կայարանի աշխատակիցների վրա:

53. Կախված երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկության հաճախականությունից, երկաթուղային գծանցները բաժանվում են չորս կարգի: Երկաթուղային գծանցների դասակարգումը, շահագործումը և պահպանումն իրականացվում են սույն կանոններին համապատասխան:

Այն երկաթուղային գծանցները, անկախ կարգից, եթե տեղաբաշխված են այնպիսի տեղամասերում, որտեղ առկա են երկայնական էլեկտրահաղորդման գծեր կամ էլեկտրամատակարարման այլ աղբյուրներ, պետք է ունենան էլեկտրական լուսավորվածություն, իսկ անհրաժեշտ դեպքերում նաև լուսարձակային սարքավորումներ, անցնող գնացքների զննման նպատակով:

Գծանցների անընդհատ էլեկտրամատակարարումը և արտաքին լուսավորությունը ապահովում են էլեկտրամատակարարման համապատասխան ուղեմասերը:

54. Երկաթուղային անցումները բաժանվում են երկու տիպի` կարգավորվող և չկարգավորվող:

Կարգավորվողներին են դասվում ազդանշանային միջոցներով սարքավորված այն գծանցները, որոնք տեղեկացնում են տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին, գծանցին` գնացքի մոտենալու մասին: Կարգավորվող երկաթուղային գծանցներին են դասվում նաև հերթապահ անձնակազմի կողմից սպասարկվող գծանցները:

Այն երկաթուղային գծանցները, որոնք սարքավորված չեն ազդանշանային միջոցներով և չեն սպասարկվում հերթապահ անձնակազմի կողմից, դասվում են չկարգավորվող գծանցների կարգին:

Հերթապահ անձնակազմի կողմից սպասարկվող երկաթուղային գծանցները պետք է ունենան անխափան ուղիղ հեռախոսային կապ մոտակա (հարակից) կայարանի հետ: Կապի այլ միջոցների առկայության անհրաժեշտությունը որոշվում է կոնկրետ յուրաքանչյուր գծանցի կարևորությունից ելնելով:

Գծանցային ազդանշանային համակարգի, ինքնաշխատ ուղեփակոցների, հեռախոսային կապի և այլ միջոցների անխափանությունը և աշխատունակությունը ապահովում է կապի և ազդանշանային համակարգի համապատասխան ուղեմասը:

55. Երկաթուղային գծանցները պետք է ունենան տիպային երեսպատում և մոտեցումներ, սահմանափակված ճաղասարքերով և սյուներով: Երկաթուղային գծանցների մոտեցումներում պետք է տեղադրված լինեն նախազգուշական հետևյալ նշանները.

ա/ գնացքների մոտեցումների կողմերից` ազդանշան տալու «C» նշան,

բ/ ավտոմոբիլային ճանապարհների կողմերից Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված նշաններ:

Հերթապահություն չունեցող, չկարգավորվող, անբավարար տեսանելիությամբ երկաթուղային գծանցներում գնացքների մոտեցումների կողմերից պետք է տեղադրվեն լրացուցիչ ազդանշանային «C» նշան: «C» նշանների տեղադրումն իրականացվում է սույն կանոններին համապատասխան:

56. Երկաթուղային գծանցների վրայով մեծ տրամատով, ծանրաքաշ միջոցների բեռով կամ առանց բեռի, դանդաղընթաց մեխանիզմների ու մեքենաների, ավտոգնացքների երթևեկությունը թույլատրում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար, միայն գծի ուղեմասի տնօրենի գրավոր համաձայնության առկայության դեպքում և իրականացվում է գծի վարպետի կամ բրիգադիրի անմիջական հսկողության տակ, իսկ էլեկտրիֆիկացված տեղամասերում, տեղափոխվող բեռի 4,5 մետր և ավելի բարձրության դեպքում, նաև էլեկտրամատակարարման ուղեմասի ներկայացուցչի հսկողության տակ: Այդպիսի տրանսպորտային միջոցների երկաթուղային գծանցներով երթևեկության վերաբերյալ, պետք է նախօրոք տեղյակ պահվի և համաձայնեցվի երթևեկության կարգավարի հետ:

57. Գծանցի հերթապահը պարտավոր է ապահովել գնացքների և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը երկաթուղային գծանցով, ժամանակին բացի և փակի ուղեփակոցները և տա սահմանված ազդանշաններ, հետևի անցնող գնացքների վիճակին: Երթևեկության անվտանգությանը սպառնացող անսարքություններ նկատելու դեպքում, նա պարտավոր է միջոցներ ձեռք առնել գնացքի կանգնեցման նպատակով, իսկ եթե բացակայում է գնացքի վերջին վագոնը նշող ազդանշանը, անմիջապես զեկուցել այդ մասին հարակից կայարանի հերթապահին:

58. Երկաթուղիների հատումները էլեկտրամատակարարման և կապի գծերով, նավթագազատարային, ջրատար խողովակաշարերով և այլ վերգետնյա և ստորգետնյա կառուցվածքներով, կարող են թույլատրվել միայն երկաթուղու երթևեկության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով: Այդպիսի հատումներում պետք է նախատեսել հատուկ ապահովիչ սարքավորումներ կամ ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ գնացքների անվտանգ և անխափան երթևեկությունը ապահովելու համար:

59. Նոր կառուցվող ուղիների և երկաթուղային մերձատար գծերի միացումները երկաթուղային գործող գլխավոր գծերին` վազուրդներում կարող են իրականացվել միայն երկաթուղու երթևեկության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով:

Երկաթուղուն առնչվող կամ նրան հարակից տարածքներում ցանկացած շինարարական աշխատանք կամ գլխավոր գծի կառուցվածքի ցանկացած փոփոխում կարելի է իրականացնել միայն երկաթուղու երթևեկության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով:

60. Նույն հարթությունում երկաթուղիների հատման տեղերում, ինչպես նաև երկաթուղային մերձատար գծերի` գլխավոր գծերին, վազուրդներում կամ կայարաններում կցման տեղերը պետք է ունենան ապահովիչ փակուղիներ կամ պահպանիչ սլաքներ:

Երկաթուղային մերձատար գծերի` ընդունող-ուղարկող գծերին և կայարանային այլ գծերին հարող տեղերը, շարժակազմի ինքնաբերաբար ելքը դեպի կայարան կամ վազուրդ կանխարգելելու նպատակով, պետք է ունենան ապահովիչ փակուղիներ, պաշտպանիչ սլաքներ, արտանետող կալաններ, դուրս գցող սայրեր կամ սլաքներ:

Ապահովիչ փակուղիների օգտակար երկարությունը պետք է լինի ոչ պակաս, քան 50 մետր:

Երկար ձգվող վայրէջքներ ունեցող վազուրդներում, ինչպես նաև այդ վայրէջքները սահմանափակող կայարաններում, անհրաժեշտ է նախատեսել և ունենալ որսիչ փակուղիներ:

61. Երկուղանի գծերի վազուրդներում տեղադրվող սլաքային փոխադրիչները պետք է լինեն խավի ուղղությամբ այն գնացքների համար, որոնք երթևեկում են ճիշտ ուղով:

Դժվար մոտեցումների առկայության դեպքում կարելի է տեղադրել հակախավ սլաքային փոխադրիչներ:

62. Երկաթուղու երթևեկության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով թույլատրվում է գլխավոր և ընդունող-ուղարկող գծերի միահյուսում, երեք կամ չորս թելանի գծերի կազմավորմամբ:

 

ԳԼՈՒԽ 9. ԳԾԱՅԻՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

63. Գլխավոր գծերում տեղադրվում են ազդարարման և գծային նշաններ: Սլաքային փոխադրիչների և գծերի միացման տեղերում դրվում են սահմանային սյուներ: Երկաթուղու օտարման գոտու, ինչպես նաև հողապաստառի ստորգետնյա չերևացող կառույցները հողի մակերեսին նշելու համար, տեղադրվում են հատուկ գծային նշաններ:

Ազդարարման նշանները տեղադրվում են գծի աջ կողմից` երթևեկության ուղղությամբ, իսկ գծային նշանները աջ կողմից` կիլոմետրերի հաշվարկի ուղղությամբ, եզրային գծի առանցքից ոչ մոտիկ, քան 3100 միլիմետրը:

Կտրվածքներում /բացի ապառաժային/ և նրանց ելքերում գծային ու ազդարարման նշանները տեղադրվում են խրամառվի և ջրհորդանի սահմաններից դուրս` դաշտային կողմից:

Կտրվածքներում և նրանց ելքերում (մինչև 100 մետր սահմաններում) նշված նշանները տեղադրվում են եզրային գծի առանցքից ոչ պակաս, քան 5700 միլիմետր հեռավորության վրա:

Էլեկտրիֆիկացված տեղամասերում ազդարարման և գծի նշանները կարող են տեղադրվել հպակային ցանցի հենասյուների վրա, բացի այն հենասյուներից, որոնց վրա տեղադրված են լուսացուցչային գլխիկներ, կոմպլեկտ տրանսֆորմատորային ենթակայաններ, հպակային ցանցի բաժանիչներ և պարպիչներ:

Սահմանային սյուները տեղադրվում են միջգծային տարածքների այն տեղերում, որտեղ միակցվող գծերի միջև հեռավորությունը կազմում է 4100 միլիմետր:

Գոյություն ունեցող կայարանային գծերում, որոնցով չի իրականացվում «T» տրամատի շարժակազմերի շարժ, թույլատրվում է այդ հեռավորությունը սահմանել 3810 միլիմետր: Վերաբեռնավորման գծերում /նեղացված միջգծային տարածքով/, սահմանային սյուները տեղադրվում են այն տեղերում, որտեղ միջգծային տարածքի լայնությունը հասնում է 3600 մմ:

 

ԳԼՈՒԽ 10. ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԿՈՅՈՒՂԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԵՎ ՎԱԳՈՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

64. Լոկոմոտիվային տնտեսության, լոկոմոտիվային դեպոների, լոկոմոտիվների տեխնիկական սպասարկման կետերի (տեղամասերի), արհեստանոցների, հանդերձավորման սարքավորումների և այլ կառույցների և կառուցվածքների տեղաբաշխումը և տեխնիկական հագեցվածությունը պետք է ապահովի գնացքների երթևեկության ներկայացվող ծավալները, լոկոմոտիվների արդյունավետ օգտագործումը, որակով վերանորոգումը և տեխնիկական սպասարկումը, նյութական արժեքների նպատակային օգտագործումը և աշխատանքի անվտանգ պայմանները:

65. Վագոնային և ուղևորատար տնտեսության, վագոնային դեպոների, ուղևորների սպասարկման մասնաճյուղերը, բեռնատար և ուղևորատար գնացքների տեխնիկական սպասարկման կետերը, լվացման, շոգեխաշման կայանները և այլ կառույցների և սարքավորումների տեղաբաշխումը և տեխնիկական հագեցվածությունը պետք է ապահովի գնացքների` երթևեկության ներկայացվող ծավալները, որակով վերանորոգումը և տեխնիկական սպասարկումը, նյութական արժեքների նպատակային օգտագործումը և աշխատանքի անվտանգ պայմանները:

ՈՒղևորատար գնացքների շրջապտույտի և կազմավորման տեխնիկական կայանները և վերանորոգման-հանդերձավորման դեպոները պետք է ունենան անհրաժեշտ տեխնիկական զինվածություն, ուղևորատար վագոնների երթերին որակով նախապատրաստման համար:

66. Ջրամատակարարման և ջրամշակման սարքավորումները պետք է ապահովեն լոկոմոտիվների, գնացքների, կայարանների և երկաթուղու համակարգի այլ կազմակերպությունների անխափան և պահանջված որակի ջրամատակարարում:

Կոյուղացման սարքավորումները և կառույցները, ջրամատակարարման տեղակայանքները, պետք է ապահովեն ջրահեռացումը և կոյուղացումը` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական, հակահրդեհային բնապահպանական նորմերի:

67. Հատուկ դրա համար պատրաստված տեղերում (տեղամասերում, կայարաններում, կայաններում) պետք է կառանված լինեն վթարավերականգնողական և հրշեջ գնացքներ, անհրաժեշտության դեպքում` անմիջապես վթարի վայր մեկնելու մշտապես պատրաստ վիճակում:

Չի թույլատրվում այլ շարժակազմերով զբաղեցնել վերականգնողական աշխատանքների համար նախատեսված վթարավերականգնողական ու հրշեջ գնացքների, ավտոմատրիսների, դրեզինաների մշտական կառանման տեղերի մերձատար գծերը և փակուղիները:

 

ԳԼՈՒԽ 11. ԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

68. Կայարանների գծային զարգացվածությունն ու տեխնիկական հագեցվածությունը պետք է ապահովի գնացքների երթևեկության անհրաժեշտ ու սահմանված ծավալների կատարումը, գնացքների ընդունման և ուղարկման գործառույթների իրականացման համար սահմանված ժամանակային չափորոշիչների պահպանումը, բեռների, ուղեբեռների բեռնման, բեռնաթափման աշխատանքների` սահմանված ժամանակում կատարումը, վագոնների և գնացքների մշակումը, տեխնիկական միջոցների արդյունավետ օգտագործումը, գնացքների անվտանգ երթևեկությունը և աշխատանքի անվտանգ պայմաններ:

ՈՒղևորների սպասարկման շենքերը, կառամատույցները, հարթակները, կանգառները և այլ կառուցվածքներն ու սարքավորումները պետք է ունենան անհրաժեշտ ճարտարապետագեղագիտական տեսք և ապահովեն ուղևորների տեղափոխման հետ կապված գործառույթների հարմարավետությունն ու անվտանգությունը:

Դեպի ուղևորակառամատույցներ` անցումների համար, անհրաժեշտությունից ելնելով, պետք է կառուցվեն հետիոտնի թունելներ կամ կամուրջներ:

Կայարաններում երկաթուղու գծերի հետ նույն հարթության վրա գտնվող անցումները պետք է սարքավորված լինեն հետիոտնի համար համապատասխան երեսպատումով, ցուցիչ և նախազգուշացնող արձանագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում` ինքնաշխատ ազդանշաններով: Կայարանները պետք է ունենան տոմսերի վաճառքի տեղեր, տեղեկատուներ, իսկ հանգուցային կայարաններում նաև տոմսերի վաճառքի և վերապահման ինքնաշխատ համակարգեր, ինքնասպասարկմամբ պահախցեր, գնացքների մեկնման ինքնաշխատ ցուցիչներ, տեղեկատվական կայանքներ ու սարքավորումներ:

Վազուրդներում ուղևորականգառների կետերը պետք է ունենան ուղևորակառամատույցներ /հարթակներ/ ծածկերով կամ տաղավարներով:

Կայարաններում բեռնային և սառնարանային կառույցներն ու սարքավորումները պետք է ապահովեն բեռների պաշտպանվածությունն ու պահպանումը և դրանց հետ կապված գործառույթների իրականացման հարմարավետությունը:

69. Գնացքների երթևեկության հետ կապ ունեցող աշխատակիցների ծառայողական շենքերը, տարածքները և սենյակները պետք է ապահովված լինեն աշխատանքի անհրաժեշտ պայմաններով:

Կայարանների հերթապահների ծառայողական սենյակներում և տարածքներում թույլատրվում է տեղադրել կառավարման և հսկման սարքեր, այդ թվում` ինքնաշխատ սարքավորումներ, որոնք, անմիջապես առնչվում են կայարանի հերթապահի աշխատանքի հետ, ինչպես նաև լուսավորության ու բաժանմունքացման էլեկտրական բաժանիչների հեռակառավարման կառավարակետերի հետ առնչվող սարքեր: Կայարանների հերթապահների սենյակներում թույլատրվում է տեղադրել նաև շարժակազմերի, գնացքների ընթացքի պայմանների, տեխնիկական վիճակի ինքնաշխատ հսկման հետ կապված գրանցման սարքեր: Այլ սարքավորումների և գործիքների տեղադրումը թույլատրվում է միայն երկաթուղու երթևեկության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով:

Բեռ առաքողներ, բեռ ստացողներ և ուղևորներ սպասարկող աշխատակիցների աշխատասենյակները, շենքերն ու շինությունները պետք է լինեն հարմարավետ` անհրաժեշտ գործառույթների արագ իրականացման համար: ՈՒղևորների սպասարկման համար նախատեսված շենքերը, սրահները և սենյակները այլ նպատակով օգտագործելը կամ նշված տեղերը զբաղեցնելը արգելվում է:

70. ՈՒղևորա- և բեռնափոխադրումների խառը երթևեկությամբ գծերում կառուցված, տեղակայված ուղևորա- և բեռնային կառամատույցները /հարթակները/, ուղիղ տեղամասերում /հատվածներում/ պետք է համապատասխանեն գծի առանցքից բարձրությունների և հեռավորությունների հետևյալ չափորոշիչներին`

ա/ ռելսի գլխիկի մակերևույթից` բարձր կառամատույցների /հարթակների/ համար - 1100 միլիմետր

բ/ ռելսի գլխիկի մակերևույթից` ցածր կառամատույցների համար - 200 միլիմետր

գ/ գծի առանցքից` բարձր կառամատույցների /հարթակների/ համար -1920 միլիմետր

դ/ գծի առանցքից` ցածր կառամատույցների /հարթակների/ համար - 1745 միլիմետր:

71. Գծի կոր տեղամասերում այս չափորոշիչները սահմանվում են համաձայն սույն կանոնների պահանջների:

Շահագործման ընթացքում թույլատրվում է սույն կանոններով սահմանված չափորոշիչների փոփոխության հետևյալ սահմանները.

ա/ բարձրության չափերը մինչև 20 միլիմետր դեպի ավելացում և 50 միլիմետր դեպի նվազեցում,

բ/ գծի առանցքից հեռավորության չափերը 30 միլիմետր դեպի ավելացում և 25 միլիմետր դեպի նվազեցում:

72. ՈՒղևորա- և բեռնային կառամատույցների /հարթակների/ բարձրությունների և գծի առանցքից հեռավորությունների` սահմանված չափորոշիչներից տարբերվող չափերի կիրառումը թույլատրվում է կառուցվածքների մոտեցման սույն կանոնների պահանջների սահմաններում, գծի նշանակությամբ և նրանով երթևեկող շարժակազմերի միջոցների տեսակներից և արագություններից ելնելով:

Կառամատույցների /հարթակների/ և գծերի կառուցման, վերակառուցման, վերանորոգման ընթացքում չի թույլատրվում սույն կանոններով և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտում:

73. Կայարանային կետերը, որտեղից անմիջականորեն իրականացվում է սլաքների և ազդանշանների ղեկավարումը, պետք է այնպես տեղակայված լինեն, որպեսզի ապահովվի ղեկավարվող համապատասխան սլաքների և ազդանշանների տեսանելիությունը:

Երկաթուղու գործունեության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով թույլատրվում է շեղում այս պահանջից էլեկտրական կենտրոնացման /բացի բլրակների/ կետերի համար` կախված կայարանի տեղական պայմաններից:

74. Կայարանային կենտրոնացման և սլաքային կետերի կառույցները պետք է կահավորված լինեն անհրաժեշտ ազդանշանային սարքերով, գույքով, գործիքներով, նյութերով:

Բացի վերը նշվածից, սլաքային կետերը պետք է ունենան արտաքին կանչի միջոցներ և հեռախոսային կապ:

75. Տեսակավորման բլրակները պետք է սարքավորված լինեն լուսափոխիչ ազդանշաններով, ռադիոկապով և պարկային երկկողմանի կապի միջոցներով` ծառայողական խոսակցություններ վարելու և բլրակային մեքենավարներին, գնացքներ կազմավորող բրիգադներին և այլ աշխատողներին հանձնարարականներ տալու համար:

Տեսակավորման բլրակները, աշխատանքային ծավալներից ելնելով, սարքավորվում են մեքենայացման և ինքնաշխատ միջոցներով` կապված վագոնների բաց թողման, բլրակային սլաքների կենտրոնացված ղեկավարման, բլրակային ինքնաշխատ լոկոմոտիվային ազդանշանման հետ, ինչպես նաև սարքավորումներով` կապված անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկման և ստացման գործառույթների իրականցման հետ: Բլրակային կենտրոնացման համակարգի մեջ ընդգրկված բոլոր սլաքները հնարավորին չափով պետք է սարքավորված լինեն ձյունամաքրիչ կամ ձյունահալիչ միջոցներով:

Ինքնաշխատ և մեքենայացված բլրակներով կայարաններում պետք է լինեն արհեստանոցներ և մեքենայական հրապարակներ, բլրակային սարքավորումների վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար:

76. Տեսակավորման, ուղևորա, միջանկյալ և բեռնային բոլոր կայարանները` աշխատանքային ծավալներից ելնելով, պետք է սարքավորված լինեն կարգավարական ներկայարանային կապով, տեղաշարժային և այլ տիպի կայարանային ռադիոկապով և երկկողմանի պարկային կապի միջոցներով, տեղաշարժային երթևեկության կարգադրություններ հաղորդելու, ինչպես նաև տեղաշարժային կարգավարների կայարանների հերթապահների, գնացքակազմողների, տեղաշարժային լոկոմոտիվների մեքենավարների, կայարանային տեխնոլոգիական կենտրոնների, տեխնիկական սպասարկման կետերի, առևտրային զննման տեղամասերի, բեռնային շրջանների, բեռնախցիկների հրապարակների, ինքնաշարժ հատուկ շարժակազմերի բրիգադների աշխատակիցների միջև տեղաշարժային աշխատանքների կազմակերպման, տեխնիկական սպասարկման, առևտրային զննման և գնացքներում վագոնների վերանորոգմանն առնչվող փոխխոսակցությունների վարման նպատակով:

Տեսակավորման, միջանկյալ և բեռնային կայարանները` կախված աշխատանքային ծավալներից պետք է սարքավորված լինեն նաև կապի միջոցների ինքնաշխատ կառավարման համակարգով, երկաթուղու տեղեկատվական-հաշվողական ցանցով, փոխադրումների հետ առնչվող փաստաթղթերի ստացման ու առաքման գործառույթներ իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով, զննվող և վերանորոգվող գնացքների շրջափակման ինքնաշխատ կայանքներով, իսկ կայարանների մեկնակայանները` ուղևորների տեղեկատվության համար կապի միջոցներով:

77. Կայարաններում պետք է լուսավորվեն ուղևորների սպասարկման շինությունները, գնացքների ընդունման-ուղարկման գծերը, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման և տեղաշարժային աշխատանքների հանդերձավորման, շարժակազմերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման, բեռնային շրջանների, բեռնախցիկների հրապարակների, տեսակավորման հարթակների, վագոնային կշեռքների, դիտարկային աշտարակների, տրամատային դարպասների, գնացքների և վագոնների, առևտրային խոտանների հայտնաբերման, ինքնաշխատ սարքավորումների հետ կապված արտադրությունները և տարածքները: Պետք է լուսավորվեն նաև այն տեղերը, որտեղ աշխատողները դիմավորում են գնացքները /դիմավորման տեղեր/, սլաքային բկանցքները, պահեստները, երկաթուղային անցումները, անհրաժեշտության դեպքում` կայարանային այլ գծեր ու կետեր: Լուսավորվածությունը պետք է ապահովի գնացքների երթևեկության և տեղաշարժային աշխատանքների անվտանգությունը, ուղևորների վագոններ անվտանգ բարձրանալը և իջնելը, սպասարկող աշխատողների անվտանգ ու անընդհատ աշխատանքը, բեռների և ուղեբեռների հսկումը:

Միջանկյալ կայարաններում, որոնք ունեն բեռնային փոքր աշխատանքային ծավալներ, պետք է լինեն լուսավորության տեղամասային անջատման սարքեր:

ՈՒղևորականգառման կետերում պետք է լուսավորվեն ուղևորների վագոններ բարձրանալու և իջնելու տեղերը, ինչպես նաև ուղևորների սպասատեղերը /տաղավարներ, ծածկով հարթակներ և այլն/:

Արտաքին լուսավորվածությունը չպետք է ազդի ազդանշանային լույսերի տեսանելիության հստակության վրա:

 

ԳԼՈՒԽ 12. ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ, ՇՐՋԱՓԱԿՄԱՆ, ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ: ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ

 

78. Ազդանշանները ծառայում են երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև գնացքների երթևեկության ու տեղաշարժային աշխատանքների հստակ կազմակերպման համար: Ազդանշանը հանդիսանում է հրաման և ենթակա է անվերապահ կատարման: Երկաթուղային տրանսպորտի աշխատողները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները ազդանշանի պահանջների կատարման համար:

79. Փակ լուսափոխիչի պարագայում անցում չի թույլատրվում:

80. Լուսափոխիչների մարած /հանգած/ ազդանշանային լույսերի, դրանց անհասկանալի ցուցմունքների /նշանների/, ինչպես նաև այլ ազդանշանային սարքավորումների անհասկանալի ցուցմունքների և ազդարարումների հետ կապված իրավիճակները պահանջում են ընթացքի անհապաղ դադարեցում և կանգնում: Այս պահանջը չի տարածվում ինքնաշխատ ուղեփակում չունեցող նախազգուշացնող, արգելափակող և կրկնող ազդանշանների վրա:

Երկաթուղային երթևեկության անվտանգությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով հատուկ զգուշավորության պայմաններում, փակ /անհասկանալի ազդանշանով կամ մարած/ լուսափոխիչով անցումը թույլատրվում է համաձայն սույն կանոնների:

81. Գնացքների երթևեկության և տեղաշարժային աշխատանքների հետ կապված ազդանշաններում կիրառվում են հետևյալ հիմնական ազդանշանման գույները` կանաչ, դեղին, կարմիր, լուսնասպիտակ /կաթնագույն/, կապույտ:

Ազդանշանման գույների կիրառման կարգը և լուսային ազդանշանային ցուցմունքների փոխման արագությունները սահմանվում են Հայկական երկաթուղում ազդանշանման հրահանգի պահանջների համաձայն:

Չի թույլատրվում զարդարման և գովազդային պաստառների, նկարվածքների, կարմիր, դեղին, կանաչ գույների լույսերի տեղադրում երկաթուղուն հարակից այն տարածքներում, որոնցով կխանգարեն ազդանշանների ճիշտ ընկալմանը և պատճառ կարող են դառնալ ազդանշանային ցուցումների աղճատմանը:

82. Մուտքային, նախազգուշացնող, տարանցիկ, արգելակող և պաշտպանիչ լուսափոխիչների ազդարարման կարմիր, դեղին և կանաչ լույսերը գծի ուղիղ տեղամասերում պետք է հստակ տեսանելի լինեն մոտեցող գնացքի լոկոմոտիվի կառավարման խցից, 1000 մետրից ոչ պակաս հեռավորությունից:

Գծի կոր հատվածներում լուսափոխիչների ցուցմունքները, ինչպես նաև դրանց վրա ազդանշանման շերտերը, պետք է հստակ և զանազանելի լինեն 400 մետրից ոչ պակաս հեռավորությունից: Կտրուկ կտրվածքով տեղերում /լեռներ, խորը կտրվածքներ/ վերը նշված լուսափոխիչների ցուցմունքների հստակ տեսանելիությունը թույլատրվում է 400 մետրից պակաս, բայց ոչ պակաս, քան 200 մետրը:

Գլխավոր գծերի ելքային ու երթուղային լուսափոխիչների ցուցմունքները պետք է հստակ տեսանելի և զանազանելի լինեն ոչ պակաս, քան 400 մետրից, իսկ կողային /ոչ գլխավոր/ գծերի ելքային ու երթուղային լուսափոխիչների, ինչպես նաև հրավիրող ազդանշանների և տեղաշարժային լուսափոխիչների ցուցմունքները` ոչ պակաս, քան 200 մ:

83. Բոլոր մուտքային ու տարանցիկ, ինչպես նաև պաշտպանիչ լուսափոխիչներից առաջ պետք է տեղադրվեն նախազգուշացնող լուսափոխիչներ: Այն տեղամասերում, որտեղ գործում են ինքնաշխատ ուղեփակման համակարգեր, յուրաքանչյուր տարանցման լուսափոխիչ հանդիսանում է նախազգուշացնող` նրանից հետո գործող ցանկացած լուսափոխիչի համար:

Այն տեղամասերում, որտեղ լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանումը ընդունվում է որպես ազդանշանման և կապի ինքնուրույն միջոց, մուտքային լուսափոխիչներից առաջ նախազգուշացնող լուսափոխիչներ կարող են չտեղադրվել:

Այն ուղիներում, որոնք սարքավորված են եռանշանային ազդարարման, ինքնաշխատ ուղեփակման համակարգով, հարակից լուսափոխիչների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի արգելակման ճանապարհի երկարությունը` հաշվարկված այդ տեղամասում լրիվ ծառայողական արգելակման և իրականացվելիք հնարավոր առավելագույն արագության պարագայում, բայց ոչ ավել, քան 120 կիլոմետր/ժամ` ուղևորատար գնացքների համար և 80 կիլոմետր/ժամ` բեռնատար գնացքների համար:

Հաշվարկված արգելակման ճանապարհի երկարությունը չպետք է քիչ լինի արտակարգ արգելակման ճանապարհի երկարությունից` հաշվի առած այն ժամանակում գնացքի անցած ճանապարհի երկարությունը, որն անհրաժեշտ է լոկոմոտիվի ինքնաշխատ ազդանշանման սարքերի գնացքի արգելակման համակարգի վրա ազդելու համար:

Այն տեղամասերում, որտեղ ազդանշանների տեսանելիությունը փոքր է 400 մետրից և այն գծերում, որտեղ նոր է տեղադրվում ինքնաշխատ ուղեփակման համակարգեր` նշված հեռավորությունը չպետք է պակաս լինի 1000 մետրից:

Եռանշան ազդանշանով, ինքնաշխատ ուղեփակման համակարգով արդեն սարքավորված ուղիներում առանձին լուսափոխիչներ կարող են թողնվել անհրաժեշտ արգելակման ճանապարհի երկարությունից ավելի փոքր հեռավորության վրա: Այդպիսի, ինչպես նաև նրա համար նախազգուշացնող հանդիսացող լուսափոխիչների համար պետք է տեղադրվեն լուսային ցուցիչներ: Կայարաններում լուսային ցուցիչներ կիրառվում են այն դեպքում, երբ գլխավոր գծերի հարակից /մուտքային, երթուղային, ելքային/ լուսափոխիչների միջև հեռավորությունը փոքր է, քան արգելակման ճանապարհի անհրաժեշտ երկարությունը:

Կիսաինքնաշխատ ուղեփակմամբ տեղամասերում, մուտքային, երթուղային, ելքային լուսափոխիչների միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ տեղի համար լրիվ ծառայողական արգելակման և առավելագույն հնարավոր արագության համադրումից հաշվարկված արգելակման ճանապարհի երկարությունն է: Լոկոմոտիվի ինքնաշխատ ազդանշանային գծային սարքավորումների առկայության դեպքում այդ հեռավորությունը, բացի վերը նշվածից, չպետք է փոքր է լինի, քան արտակարգ արգելակման ճանապարհի երկարությունը` հաշվի առած այն անցնելիք ճանապարհը, որը պայմանավորված է լոկոմոտիվի ինքնաշխատ ազդանշանման սարքավորումների գնացքի արգելակման համակարգի վրա ազդելու ժամանակով:

Այն տեղամասերում, որոնք սարքավորված չեն ինքնաշխատ ուղեփակման համակարգով, նախազգուշացնող լուսափոխիչները, հիմնականներից տեղադրվում են արգելակման ճանապարհի երկարությունից ոչ պակաս հեռավորության վրա, ընդ որում, արգելակման ճանապարհի հաշվարկային երկարությունը հաշվարկվում է տվյալ տեղում արտակարգ արգելակման և առավելագույն հնարավոր արագության համադրմամբ, իսկ եթե տեղամասում առկա է լոկոմոտիվի ինքնաշխատ ազդանշանման գծային սարքավորումների մոտեցումներ ` ոչ պակաս, քան արտակարգ արգելակման ճանապարհի երկարությունը` հաշվի առած այն անցնելիք ճանապարհը, որը պայմանավորված է լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգի վրա ազդելու ժամանակով:

Այն տեղամասերում, որտեղ լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգը կիրառվում է որպես ազդանշանման ու կապի անկախ, ինքնուրույն միջոց, երկու հարակից բաժանմունք - տեղամասերի երկարությունները չպետք է փոքր լինեն արգելակման ճանապարհի երկարությունից, որը տվյալ տեղի համար հաշվարկվում է արտակարգ արգելակման ճանապարհի երկարությունը` հաշվի առած առավելագույն հնարավոր արագության դեպքում այն անցնելիք ճանապարհը, որը պայմանավորված է լոկոմոտիվի ինքնաշխատ ազդանշանման սարքավորումների գնացքի արգելակման համակարգի վրա ազդելու ժամանակով:

84. Լուսափոխիչները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ, գծի աջ կողմում: Դրանք կարող են դրվել նաև գծի վերևում առանցքի ուղղությամբ:

Արգելափակող և դրանց համար նախազգուշացնող հանդիսացող լուսափոխիչները, որոնք տեղադրվում են վազուրդներում` երկաթուղային անցումների առջև, ոչ ճիշտ ուղով ընթացող գնացքների համար, կարող են տեղադրվել նաև երթևեկության ուղղությամբ` գծի ձախ կողմից:

Լուսափոխիչները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի նրանց կողմից տրվող ազդանշանները հնարավոր չլինի գնացքից շփոթել կամ ընդունել հարակից գծերին առնչվող ազդանշանների հետ:

Լուսափոխիչների` աջ կողմից տեղադրման համար, անհրաժեշտ տրամատի բացակայության դեպքում թույլատրվում է դրանց տեղադրումը ձախ կողմից հետևյալ դեպքերի ու նպատակների համար.

ա/ Ոչ ճիշտ ուղով շարժվող գնացքների, հրող լոկոմոտիվների և վազուրդներից վերադարձող տնտեսական գնացքների կայարան ընդունելու համար տեղադրված մուտքային և սրանց համար նախազգուշացնող հանդիսացող լուսափոխիչները:

բ/ Երկրորդ գծերի կառուցման ընթացքում ժամանակավոր տեղադրված մուտքային և տարանցիկ լուսափոխիչները:

85. Թույլատրվում է բլրակային լուսափոխիչների տեղադրումը ձախ կողմից այն տեղերում, որտեղ դա պայմանավորված է տեղաշարժային աշխատանքների տեխնոլոգիայով:

86. Լուսափոխիչները կիրառվում են, որպես կանոն, ազդանշանային լույսերի միացված /վառված/ վիճակը համարելով նորմալ վիճակ:

Ինքնաուղեփակման համակարգով գծերում թույլատրվում է նորմալ վիճակում չվառվող ազդանշանային լույսերով տարանցիկ լուսափոխիչների կիրառում, որոնք վառվում /միանում/ են գնացքի ինքնաուղեփակման համակարգի գործողության տիրույթ մտնելուց անմիջապես առաջ:

87. Կառավարման սարքերում, խաթարումների կամ անսարքությունների առաջացման դեպքում, լուսափոխիչները ինքնաշխատ կարգով պետք է ընդունեն արգելող ցուցմունքներ, իսկ սրանց նախազգուշացնող լուսափոխիչները` ցուցմունքներ, որոնք համապատասխանում են իրենց հետ կապված հիմնական լուսափոխիչների արգելող ցուցմունքներին:

88. Ինքնաշխատ ուղեփակման համակարգերով սարքավորված գծերում տարանցիկ լուսափոխիչների նորմալ ցուցմունքը հանդիսանում է թույլատրող վիճակ, իսկ մուտքային, երթուղային և ելքային լուսափոխիչներին` արգելող վիճակ:

Երկաթուղու այն տեղամասերում, որտեղ մուտքային, երթուղային, ելքային լուսափոխիչները կարող են բերվել ինքնաշխատ գործողության, կայարանով գնացքների միջանցիկ անցման իրականացման նպատակով, թույլատրող ցուցմունքները հանդիսանում են նորմալ այդպիսի լուսափոխիչների համար, եթե դրանք բերված են ինքնաշխատ գործողության վիճակի:

Այն տեղամասերում, որոնք սարքավորված չեն ինքնաշխատ ուղեփակման համակարգերով, մուտքային, տարանցիկ, ելքային և երթուղային լուսափոխիչների համար ցուցմունքի արգելող վիճակը համարվում է նորմալ:

89. Մուտքային լուսափոխիչները պետք է տեղադրվեն առաջային մուտքային սլաքային փոխադրիչից ոչ մոտիկ, քան 50 մետրը` հակախավային սայրից կամ խավային սլաքային փոխադրիչի սահմանային սյունից հաշված:

Նախկինում 50 մետրից մոտիկ, բայց ոչ մոտիկ, քան 15 մետր հեռավորության վրա տեղադրված մուտքային լուսափոխիչները կարելի է չվերատեղադրել:

Երկաթուղու էլեկտրիֆիկացված տեղամասերում, մուտքային լուսափոխիչները, ինչպես նաև «կայարանի սահմանը» ազդարարող նշանները պետք է տեղադրվեն վազուրդային հպակային ցանցը, կայարանային հպակային ցանցից տարանջատող օդային արանքներից առաջ /վազուրդի կողմից/:

90. Ելքային լուսափոխիչները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր ուղարկող գծի համար մեկնող գնացքի լոկոմոտիվի կանգառի համար սահմանված տեղից առաջ: Կայարանային այնպիսի գծերից, որոնց ոչ բավարար երկարության պատճառով, գնացքի գլուխը կգտնվի ելքային լուսափոխիչից այն կողմ, գնացքների ուղարկմամբ պայմանավորված դեպքերի համար թույլատրվում է ելքային լուսափոխիչների հակառակ կողմից տեղադրել լուսափոխիչի կրկնող գլխիկ:

Թույլատրվում է գծերի խմբերի համար տեղադրել խմբային ելքային և երթուղային լուսափոխիչներ, բացի այն գծերից, որոնցով իրականացվում է գնացքների անկանգառ երթևեկություն: Խմբային ելքային և երթուղային լուսափոխիչները պետք է լրացվեն երթուղային ցուցիչներով, որոնք պետք է ցույց տան այն գծի համարը, որից թույլատրվում է գնացքի մեկնումը:

91. Ինքնաշխատ ուղեփակման համակարգերի տարանցիկ /անցումային/ լուսափոխիչները տեղադրվում են բաժանմունք-տեղամասերի սահմանազատման տեղերում, իսկ կիսաինքնաշխատ ուղեփակման լուսափոխիչները` միջպահակետային վազուրդների սահմանային կետերում: Այն տեղամասերում, որտեղ լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանային համակարգը կիրառվում է որպես ազդանշանման և կապի ինքնուրույն միջոց, այդպիսի տեղամասերի բաժանմունք-տեղամասերի սահմանների վրա տեղադրվում են «բաժանմունք-տեղամասի սահման» մակագրությամբ նշան:

Երկուղանի վազուրդներում, ոչ ճիշտ ուղով երթևեկության դեպքում, բաժանմունք-տեղամասի սահման է հանդիսանում, ինքնաշխատ ուղեփակման ճիշտ ուղով երթևեկության համար տեղադրված լուսափոխիչները:

92. Միջանկյալ կայարաններում, գնացքների ընդունման և ուղարկման երթուղիների մեջ մտնող սլաքները, պետք է ունենան փոխկապակցություն մուտքային, ելքային և երթուղային լուսափոխիչների հետ:

93. Վազուրդներում, գլխավոր գծերից ճյուղավորումների սլաքները, գծային արգելափակման կամ էլեկտրամականային համակարգի առկայության դեպքում, պետք է կապված լինեն այդ սարքավորումների հետ այնպես, որ մոտակա տարանցիկ կամ ելքային լուսափոխիչի բացումը, ինչպես նաև մականի դուրս հանումը հնարավոր լինի միայն գլխավոր գծում սլաքի նորմալ դիրքի պայմաններում:

94. Նույն հարթության վրա գծերի հատումները, ինչպես նաև գծային միահյուսումները պետք է երկու կողմից արգելափակված լինեն պաշտպանիչ լուսափոխիչներով, որոնք պետք է տեղադրվեն սահմանային սյուներից ոչ մոտիկ, քան 50 մետրը: Վերը նշված տեղերում տեղադրված պաշտպանիչ լուսափոխիչները պետք է ունենան այնպիսի փոխկապվածություն, որի դեպքում դրանցից յուրաքանչյուրի բացումը հնարավոր լինի միայն հակառակ /թշնամի/ երթուղիների լուսափոխիչների արգելող ցուցումների դեպքում:

95. Ինքնաշխատ կամ կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգերի տեղամասերում տեղաբաշխված կայարաններում, որտեղ նախատեսվում են գնացքների անկանգառ բացթողում գլխավոր և ընդունման ուղարկման գծերով, մուտքային և երթուղային լուսափոխիչներում պետք է կիրառվեն այդ գծերով գնացքների անկանգառ բացթողման ազդանշանման միջոցներ:

 

ԳԼՈՒԽ 13. ԳԾԱՅԻՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՎ ԿԻՍԱԻՆՔՆԱՇԽԱՏ ՈՒՂԵՓԱԿՈՒՄՆԵՐ

 

96. Երկաթուղային վազուրդները, որպես կանոն, պետք է սարքավորված լինեն գծային ուղեփակումներով, իսկ առանձին տեղամասերում` լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգով, որպես ինքնուրույն կիրառման ազդանշանային և կապի միջոց, որի առկայության դեպքում, գնացքների երթևեկությունը վազուրդներում, երկու ուղղություններով, իրականացվում է լոկոմոտիվային լուսափոխիչների ազդանշաններով:

97. Ինքնաշխատ և կիսաինքնաշխատ ուղեփակման սարքավորումները չպետք է թույլ տան ելքային կամ տարանցիկ լուսափոխիչների բացում, մինչև շարժակազմային միջոցի կողմից նրանց ուղեփակած բաժանմունք-տեղամասի /միջկայարանային կամ միջպահակետային վազուրդի/ ազատումը, կամ լուսափոխիչի ինքնակամ փակում, էլեկտրամատակարարման հիմնական աղբյուրից պահեստային աղբյուրին անցնելու կամ հակառակ` պահեստայինից հիմնականին անցնելու պատճառով:

98. Միուղանի վազուրդներում, որոնք սարքավորված են ինքնաշխատ կամ կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգով, կայարանում ելքային լուսափոխիչների բացումից հետո, պետք է բացառվի հարևան կայարանում ելքային և տարանցիկ լուսափոխիչների բացումը, գնացքներ` այդ նույն վազուրդ հակառակ ուղղությամբ ուղարկելը բացառելու նպատակով:

Ազդանշանային համակարգի այդպիսի փոխկապվածություն պետք է լինի նաև երկուղանի վազուրդներում, որոնք սարքավորված են ինքնաշխատ կամ կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգով, նախատեսված յուրաքանչյուր ուղով երկկողմանի երթևեկության համար:

99. Ինքնաշխատ ուղեփակման դեպքում, բոլոր լուսափոխիչները պետք է ինքնաշխատ ընդունեն արգելող ցուցումների վիճակ, գնացքի` իրենց արգելափակման բաժանմունք-տեղամաս մտնելու դեպքում, ինչպես նաև այդ տեղամասերում ռելսային շղթայի ամբողջականության խզման դեպքում:

100. Գծային ուղեփակմամբ սարքավորված տեղամասերում տեղաբաշխված կայարաններում, այդ սարքավորումները պետք է ունենան մական-բանալի, տնտեսական գնացքների համար, իսկ կիսաինքնաշխատ ուղեփակմամբ սարքավորված տեղամասերում տեղաբաշխված կայարաններում, որտեղ կիրառվում են գնացքների հրում, հրող լոկոմոտիվի վերադարձով` մական-բանալի նաև հրող լոկոմոտիվի համար:

Ինքնաշխատ ուղեփակմամբ սարքավորված մեկուղանի գծերում, ինչպես նաև յուրաքանչյուր գծի համար երկկողմանի ինքնաշխատ ուղեփակմամբ երկուղանի վազուրդներում կայարաններում, որտեղ տեղաշարժային աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունենում տեղաշարժակազմի դուրս գալ կայարանի սահմանից, ինքնաշխատ ուղեփակման սարքավորումները, անհրաժեշտության դեպքում լրացվում են նրանց հետ փոխկապակցված տեղաշարժային լուսափոխիչների տեղադրմամբ:

101. Ինքնաշխատ և կիսաինքնաշխատ ուղեփակմամբ սարքավորված գծերում տեղաբաշխված կայարանները պետք է սարքավորված լինեն այնպես, որպեսզի բացառվի երթուղու կազմման ժամանակ մուտքային լուսափոխիչի բացումը դեպի զբաղված գիծ: Այդ կայարանների սարքավորումներով հագեցվածությունը պետք է ապահովի կառավարման սարքի /վահանակի, ցուցանակի/ վրա գծերի և սլաքների զբաղվածության հսկողություն:

Կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգով սարքավորված կայարանները կարող են ունենալ սարքավորումներ, որոնք թույլ կտան.

ա/ փակված ելքային լուսափոխիչի կրկնակի բացում, եթե գնացքը այն փաստացի չի անցել,

բ/ ապահովել գնացքների լրիվ կազմով ժամանման ինքնաշխատ հսկողություն:

102. Ինքնաշխատ ուղեփակման համակարգը պետք է լրացվի լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգով և կարգավարական հսկողության սարքավորումներով, իսկ կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգը` լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգով:

103. Ինքնաշխատ ուղեփակման համակարգով սարքավորված տեղամասերում, գնացքների երթևեկության կարգավարական հսկողության սարքավորումները պետք է ապահովեն երթևեկություն /միուղանի վազուրդներում/ սահմանված ուղղության միջանկյալ կայարաններում, բաժանմունք-տեղամասերի, գլխավոր և ընդունող-ուղարկող գծերի զբաղվածության հսկումը, ինչպես նաև մուտքի և ելքի լուսափոխիչների ցուցումների վիճակի հսկողություն:

Նոր կիրառման մեջ դրվող կարգավարական հսկողության համակարգերը, բացի սույն գլխում սահմանված պահանջներից, պետք է ապահովեն ուղեփակման կենտրոնացված համակարգերի տեխնիկական վիճակի վերահսկողության հնարավորություն:

 

ԳԼՈՒԽ 14. ԼՈՒՍԱՓՈԽԻՉՆԵՐԻ ԵՎ ՍԼԱՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

 

104. Էլեկտրական կենտրոնացման սարքավորումները պետք է ապահովեն.

ա/ սլաքների և լուսափոխիչների փոխադարձ միակցումը,

բ/ տվյալ երթուղին ուղեփակող սլաքի ճեղքվածքի /զատման/, լուսափոխիչի հետ միաժամանակյա փակման հսկում,

գ/ կառավարման սարքի /վահանակի/ վրա սլաքների վիճակի և գծերի ու սլաքային բաժանմունքների զբաղվածության հսկում,

դ/ սլաքների և լուսափոխիչների երթուղային կամ առանձին կառավարման հնարավորության ընձեռում, տեղաշարժային աշխատանքների իրականացում, անհրաժեշտության դեպքում սլաքների հանձնումը տեղական ղեկավարման:

105. Էլեկտրական կենտրոնացման սարքավորումները պետք է բացառեն.

ա/ մուտքի լուսափոխիչի բացում դեպի զբաղված գծով երթուղի,

բ/ շարժակազմի տակ սլաքի փոխում,

գ/ երթուղու համապատասխան լուսափոխիչների բացումը մինչև սլաքների անհրաժեշտ դիրքի բերելը,

դ/ երթուղու կազմի մեջ մտնող սլաքների դիրքի փոխում, կամ լուսափոխիչի բացում դեպի հակառակ /թշնամի/ երթուղի, վերջինիս ուղեփակող լուսափոխիչի բաց վիճակի դեպքում:

106. Կենտրոնացված սլաքների շարժակները և կցորդիչները պետք է ապահովեն.

ա/ սլաքների վերջնական դիրքում սայրերի կիպ հպվածությունը շրջանակային ռելսին, ինչպես նաև ապահովելով հակադիր սայրի հեռացում շրջանակային ռելսից ոչ պակաս, քան 125 միլիմետր,

բ/ հպված սայրի և շրջանակային ռելսի միջև 4 միլիմետր և ավել բացվածքի դեպքում թույլ չտա միակցում:

107. Կարգավարական կենտրոնացման սարքավորումները պետք է ապահովեն.

ա/ Կայարանների որոշակի խմբի և վազուրդների սլաքների և լուսափոխիչների կառավարում մեկ տեղից:

բ/ Կառավարման սարքի /վահանակի/ վրա սլաքների դիրքի և զբաղվածության ցուցադրում և հսկում:

գ/ Կառավարման սարքի /վահանակի/ վրա վազուրդների, կայարանային գծերի և նրանց հարող բաժանմունք-տեղամասերի զբաղվածության հսկում:

դ/ Կառավարման սարքի /վահանակի/ վրա մուտքային, երթուղային, ելքային լուսափոխիչների ցուցմունքների կրկնում:

ե/ Կայարանների գնացքների ընդունման և ուղարկման գծերի սլաքների և լուսափոխիչների պահուստային կառավարման հանձնելու հնարավորություն:

զ/ Տեղաշարժային աշխատանքների իրականացման նպատակով սլաքները տեղական կառավարման հանձնելու հնարավորություն:

է/ Գնացքների իրականացված երթևեկության գրաֆիկի ինքնաշխատ գրառում:

ը/ Էլեկտրական կենտրոնացման, ինքնաշխատ ուղեփակման, ինքնուրույն ազդանշանման ու կապի միջոց կիրառվող լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման, գնացքների լրիվ կազմով ժամանման հսկման ինքնաշխատ համակարգերի ներկայացվող պահանջների կատարումը:

Կարգավարական կենտրոնացման նոր տեղադրվող համակարգերը պետք է ապահովեն, բաժանմունք-տեղամասերի սխալ զբաղվածություն ցույց տալու դեպքում, երթևեկության երկաթուղային կարգավարի կողմից ուղղության փոխման հնարավորություն, ինչպես նաև գնացքների ազդանշանման միջոցների սարքինության հսկողության հնարավորություն:

Հարակից կայարանների սլաքների և լուսափոխիչների հեռակառավարման սարքերը պետք է ապահովեն կարգավարական կենտրոնացման սարքավորումներին ներկայացվող պահանջների կատարումը:

 

ԳԼՈՒԽ 15. ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

108. Լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգի առկայության դեպքում, լոկոմոտիվային լուսափոխիչները պետք է ցույց տան գծային լուսափոխիչներին, որոնց մոտենում է գնացքը, համընկնող ցուցումներ: Միայն լոկոմոտիվային լուսափոխիչներով երթևեկության պարագայում, այդ լուսափոխիչները պետք է ցույց տան շարժման ուղղությամբ դիմացում գտնվող բաժանմունք - տեղամասերի զբաղվածության կամ ազատ լինելու վիճակից կախված ցուցումներ:

109. Լոկոմոտիվային լուսափոխիչները տեղադրվում են լոկոմոտիվի, շարժիչավագոնային գնացքի, հատուկ ինքնագնաց շարժակազմի ղեկավարման խցերում ու տալիս են ազդանշանային ցուցումներ, ամնիջականորեն մեքենավարին և նրա օգնականին, դրեզինաների պարագայում` դրեզինայի վարորդին և նրա օգնականին:

110. Լոկոմոտիվներում, շարժիչավագոնային գնացքներում, հատուկ ինքնագնաց շարժակազմում լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգը պետք է լրացված լինի վերահսկում ապահովող անվտանգության սարքերով: Նշված սարքերի միջոցով պետք է հսկվեն երթևեկության սահմանված արագությունները, գնացքի կամայական փախչումը, ինչպես նաև մեքենավարի զգոնության պարբերաբար ստուգում: Մեքենավարի կողմից լոկոմոտիվի, շարժիչավագոնային գնացքի, հատուկ ինքնագնաց շարժակազմի կառավարման ընդունակության կորստի դեպքում, նշված սարքավորումները պետք է ապահովեն գնացքի ինքնաշխատ կանգնումը փակ ցուցումներով գծային լուսափոխիչների առաջ: Այս պահանջը տարածվում է նաև դրեզինաների և նրանց վարորդների վրա:

111. Ինքնաշխատ ուղեփակման կամ լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման (որպես ազդանշանման ու կապի ինքնուրույն միջոց օգտագործվող) համակարգերով սարքավորված տեղամասերում, տեղաբաշխված կայարաններում, գլխավոր գծերը, ուղևորատար գնացքների ընդունող-ուղարկող գծերը, ինչպես նաև գնացքների առանց կանգառի բաց թողնման համար նախատեսված գծերը պետք է սարքավորված լինեն լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման սարքերով:

112. Առանձին կայարաններում լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման գծային սարքավորումների բացակայությունը թույլատրվում է միայն երկաթուղում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգերի պարագայում, լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման գծային սարքերով սարքավորվում են կայարանի գլխավոր գծերը ու մոտեցման տեղամասերը:

 

ԳԼՈՒԽ 16. ՍԼԱՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

113. Բանալիային կախվածության սարքերը պետք է ապահովեն սլաքների և ազդանշանների փոխադարձ միակցման հնարավորություն, վերահսկիչ կողպեքների (փականների) միջոցով:

114. Սլաքային վերահսկիչ կողպեքները պետք է

ա/ հնարավորություն ընձեռեն բանալու դուրս քաշում միայն սլաքի փակ վիճակի դեպքում,

բ/ փակեն սլաքները միայն այնպիսի դիրքով, որը նշված է կողպեքից դուրս քաշված բանալու վրա, սայրի շրջանակային ռելսին կիպ հպվածության պայմանով,

գ/ թույլ չտան սլաքի փակում, եթե սայրի և շրջանակային ռելսի բացվածքը 4 միլիմետր է և ավելի:

115. Չի թույլատրվում նույն տիպի (տեսակի) սլաքային հսկիչ կողպեքների օգտագործում նույն կայարանի սահմաններում:

 

ԳԼՈՒԽ 17. ԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՓԱԿՈՒՄ

 

116. Կայարանային ուղեփակումը պետք է ապահովի.

ա/ կայարանի հերթապահի կողմից հսկողության իրականացում կազմվող երթուղիների և գնացքների ներկայարանային երթուղիներով տեղաշարժերի իրականացման ճշտության առումով

բ/ տարբեր կետերից կառավարվող սլաքների և ազդանշանների փոխկապակցվածությունը:

 

ԳԼՈՒԽ 18. ԳԾԱՆՑԱՅԻՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՈՒՂԵՓԱԿՈՑՆԵՐ

 

117. Գծանցային ինքնաշխատ ազդանշանման սարքերի, դեպի ավտոմոբիլային ճանապարհի կողմեր, կանգառի ազդանշաններ տալը, իսկ ինքնաշխատ ուղեփակոցները` փակ դիրք ընդունելը պետք է սկսեն այնպիսի պահից, որը հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների երկաթուղային գծանցի ժամանակին ազատումը մինչ գնացքի երկաթուղային գծանցին մոտենալը:

118. Գծանցային ինքնաշխատ ազդանշանման սարքերը պետք է գործեն, իսկ ինքնաշխատ ուղեփակոցները մնան փակ դիրքում մինչև գնացքի կողմից երկաթուղային գծանցի լրիվ ազատումը:

 

ԳԼՈՒԽ 19. ԳՆԱՑՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

119. Ինքնաշխատ ուղեփակմամբ վազուրդները և սլաքների էլեկտրակենտրոնացմամբ կայարանները պետք է սարքավորված լինեն տեղեկացման ինքնաշխատ համակարգով, գծերում աշխատող աշխատակիցներին գնացքի մոտենալը նախազգուշացնելու համար:

120. Գնացքների ընթացքի ժամանակ շարժակազմերի տեխնիկական վիճակի հսկման ինքնաշխատ սարքերը պետք է ապահովեն

ա/ Ընթացքի ուղղությամբ առջևում տեղաբաշխված կայարանի հերթապահին տեղեկատվության հաղորդում, կապված գնացքի կազմում ընդգրկված շարժակազմի թերությունների և այդ թերությունների տեսակի վերաբերյալ:

Կարգավարական կենտրոնացմամբ սարքավորված տեղամասերում այդպիսի տեղեկատվության ստացման հնարավորություն պետք է ունենա նաև երթևեկության կարգավարը:

բ/ Գնացքի կազմում թերություններ ունեցող շարժակազմի, ինչպես նաև արձանագրված թերության տեսակի վերաբերյալ տեղեկատվության հաղորդում լոկոմոտիվի մեքենավարին:

Տեղեկատվության հաղորդումը կարելի է իրականացնել ինչպես տեղադրված ցուցիչի վառվող լուսային շերտիկների, այնպես էլ խոսակցական-բարձրախոս տեղեկատուի միջոցով:

գ/ Առջևում տեղաբաշխված կայարանի հերթապահին, իսկ կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում նաև երթուղային կարգավարին` գնացքում ընդգրկված շարժակազմի թերության և այդ թերության տեսակի վերաբերյալ հաղորդած տեղեկատվության գրանցում:

 

ԳԼՈՒԽ 20. ԳՆԱՑՔՆԵՐԻ ՄԵԿՆՄԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՍԱՐՔԵՐ

 

121. Ապահովիչ փակուղիները, պաշտպանիչ սլաքները, արտանետող կալոնները, արտանետող սայրերը կամ արտանետող այլ սարքավորումները պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին, դրանք կենտրոնացման համակարգի մեջ ընդգրկելու համար /ապահովիչ փակուղիների համար դեպի փակուղի տանող սլաքները/: Այդ սարքավորումները պետք է ընձեռեն շրջափակման վիճակի հսկման հնարավորություն և բացառեն շարժակազմի ինքնաբերաբար ելքը այլ գծեր և գնացքների ընդունման և ուղարկման երթուղիներ:

Անհրաժեշտության դեպքում արտանետման սարքավորումների /արտանետող կալոններ, արտանետող սայրեր, արտանետող սլաքներ/ տեղադրման տեղերը սարքավորվում են ցուցիչներով` համաձայն Հայկական երկաթուղու ազդանշանման հրահանգների:

 

ԳԼՈՒԽ 21. ԿԱՊ

 

122. Հայկական երկաթուղու ամբողջ երկարությամբ պետք է լինի կապի հետևյալ միջոցները`

ա/ երթուղային կարգավարական կապ

բ/ երթուղային միջկայարանային կապ

գ/ կայարանային կապ

դ/ ուղեգծային կապ

ե/ սլաքային կապ:

123. Ինքնաշխատ ուղեփակման համակարգերով սարքավորված ուղեմասերում, կարգավարական կենտրոնացված, ինչպես նաև էլեկտրիֆիկացված տեղամասերում պետք է լինի էլեկտրակարգավարական և վազուրդային կապի միջոցներ:

124. Բացի սույն կանոնների 128 և 129 կետերում նշված սարքավորումներից, երկաթուղում պետք է լինի մայրուղային, ճանապարհային, ճանապարհաբաշխիչ, տոմսակարգավարական, վագոնակարգավարական, տեղաշարժային-կարգավարական, հաշվողական-տեղեկատվական, տեղական և այլ հեռախոսային և հեռագրային կապի միջոցներ, որոնք հնարավորություն պետք է ընձեռեն գնացքների երթևեկության, տոմսերի վաճառքի, գծային ենթակառույցների աշխատանքների կազմակերպումն ու կառավարումն իրականացնելու համար:

125. Երկաթուղու բոլոր տեղամասերը պետք է ապահովված լինեն երթուղային ռադիոկապով:

Երթուղային ռադիոկապը պետք է ապահովի անխափան երկկողմանի կապ, երթուղային լոկոմոտիվների մեքենավարների և երթուղային կարգավարների միջև` երթուղու ամբողջ երկարությամբ: Այդպիսի կապով պետք է ապահովված լինեն նաև շարժիչավագոնային գնացքները, հատուկ նշանակության ինքնաշարժ շարժակազմերը:

Երկկողմանի կապ պետք է լինի նաև վերը նշված միջոցների մեքենավարների և տվյալ վազուրդը սահմանափակող կայարանների հերթապահների միջև:

Անհրաժեշտությունից ելնելով, երկկողմանի կապի միջոցներով պետք է սարքավորվեն նաև հանդիպակաց և իրար հետևից երթևեկող լոկոմոտիվները շարժիչավագոնային գնացքները, հատուկ նշանակության ինքնաշարժ շարժակազմերը, եթե դրանք գտնվում են նույն վազուրդում:

126. Տեխնոլոգիական անհրաժեշտությունից ելնելով, կիրառվում են կայարանային ռադիոկապի, պարկային երկկողմանի կապի միջոցներ, ինչպես նաև ուղևորների տեղեկացման համար անհրաժեշտ կապի միջոցներ:

127. Երթուղային և կայարանային ռադիոկապի միջոցները պետք է սարքավորված լինեն փոխխոսակցությունների գրանցման հարմարանքներով:

128. Վազուրդներում և կայարաններում վերանորոգման աշխատանքների ղեկավարման և կազմակերպման նպատակով կարելի է կիրառել վերանորոգման-օպերատիվ ռադիոկապ:

129. Արգելվում է երթուղային կարգավարական և սլաքային կապի օգտագործումը, երթևեկությանը չառնչվող խոսակցությունների համար: Արգելվում է սլաքային կապի ցանցին այլ հեռախոսների միացումը, բացի կենտրոնացման, սլաքային կետերի և կայարանի հերթապահի հեռախոսներից:

Երթուղային կարգավարական կապի ցանցին թույլատրվում է միացնել միայն կայարանների հերթապահների, տեղաշարժային կարգավարների, օպերատորների, լոկոմոտիվային դեպոների հերթապահների, փոխանակման կետերի հերթապահների, էներգակարգավարների, լոկոմոտիվային կարգավարների, կապի և ազդանշանման ուղեմասերի կարգավարների հեռախոսները: Կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում կարելի է երթուղային կարգավարական կապի ցանցին միացնել գծանցների հերթապահների հեռախոսները:

Վազուրդներում թույլատրվում է երթուղային կարգավարական կապի ցանցին ժամանակավոր միացնել շարժական, տեղափոխվող հեռախոսներ, կապված վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման ու կառավարման հետ, ինչպես նաև դրեզինաների վարորդների շարժական հեռախոսները, դրեզինաների պարտադրված, ստիպված կանգառների դեպքում:

Միջկայարանային երթուղային կապի ցանցին թույլատրվում է միացնել միայն կայարանային հերթապահների հեռախոսները, իսկ ինքնաշխատ ուղեփակմամբ տեղամասերում` նաև վազուրդային կապի և գծանցային հերթապահների հեռախոսները:

 

ԳԼՈՒԽ 22. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

130. Երկաթուղային տրանսպորտում կիրառվող տեղեկատվական-հաշվողական համակարգերը պետք է ընձեռեն տվյալների մուտքի, հաղորդման, մշակման և պահպանման հնարավորություն:

 

ԳԼՈՒԽ 23. ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՈՒՂԵՓԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳԾԵՐ

 

131. Վազուրդներում ազդանշանման, կենտրոնացված ուղեփակման համակարգերի և կապի մալուխային գծերը, որպես կանոն, պետք է անցկացվեն երկաթուղու օտարման գոտիով` հողապաստառի տարածքից դուրս: Առանձին դեպքերում թույլատրվում է մալուխային գծերի հողապաստառով անցկացում գործող կանոնների պահպանմամբ:

132. Օպտիկամանրաթելային կապի մալուխները թույլատրվում է անցկացնել օդով, օգտագործելով հպակային ցանցի կամ ինքնաշխատ ուղեփակման հենասյուները: Օդով անցկացրած կապի մալուխային գծերը պետք է ապահովեն տրամատային հետևյալ չափորոշիչները.

ա/ բնակավայրերի տարածքներից դուրս` գետնից ոչ պակաս, քան 5 մետր բարձրությամբ

բ/ բնակավայրերի տարածքներում` գետնից ոչ պակաս, քան 6 մետր բարձրությամբ

գ/ ուղևորահարթակների /կառամատույցների/ մակերևույթից` ոչ պակաս, քան 4.5 մետր

դ/ գծանցներում ավտոմոբիլային ճանապարհի պաստառից` ոչ պակաս, քան 7.0 մետր:

133. Կենտրոնացված ուղեփակման համակարգերի և կապի օդային գծերը պետք է ապահովեն տրամատային հետևյալ չափորոշիչները.

ա/ բնակավայրերի տարածքներից դուրս` գետնից ոչ պակաս, քան 2.5 մետր

բ/ բնակավայրերի տարածքներում` գետնից ոչ պակաս, քան 3.0 մետր

գ/ ավտոմոբիլային ճանապարհների հետ հատումներում, ճանապարհի պաստառից ոչ պակաս, քան 5.5 մետր

դ/ ոչ էլեկտրիֆիկացված երկաթուղիների հետ հատումներում, ռելսի գլխիկի վերևից ոչ պակաս, քան 7.5 մետր

ե/ էլեկտրիֆիկացված երկաթուղիների հետ հատումները պետք է իրականացվեն միայն ստորգետնյա մալուխով:

134. Կապի և ազդանշանման, կենտրոնացված ուղեփակման համակարգերի գծերի վնասման դեպքերում, դրանց վերականգնումը պետք է իրականացվի հետևյալ հաջորդականությամբ.

1) երթևեկության կարգավարական կապը ապահովող գծերը

2) գծային ուղեփակման, էներգակարգավարական, էլեկտրամականային համակարգի, միջկայարանային երթևեկության կապի գծերը և էլեկտրամատակարարման հեռակառավարման սարքերի ուղիները

3) մայրուղային կապի գծերը

4) ազդանշանման, կենտրոնացված ուղեփակման համակարգերի և կապի մյուս գծերը:

135. Ազդանշանման, կենտրոնացված ուղեփակման համակարգերի և կապի կառույցներն ու սարքավորումները պետք է պաշտպանված լինեն քարշի խանգարող վտանգավոր հոսանքից, էլեկտրահաղորդման գծերից և ամպրոպային պարպումներից /կայծակներից/:

 

ԳԼՈՒԽ 24. ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՈՒՂԵՓԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

136. Ազդանշանման, կենտրոնացված ուղեփակման համակարգերի այն սարքավորումները, որոնց միջոցով իրականցվում են երկաթուղու գծային տնտեսության և ազդանշանման սարքավորումների տարբեր տեսակի փոխկապվածություններ, ինչպես նաև երթևեկության և կայարանային ռադիոկապի միջոցները պետք է փակված և կնքված լինեն: Կնիքների պոկում և այդ սարքավորումների բացելու իրավունք ունեն կապի և ազդանշանման ուղեմասի համապատասխան լիազորություններով օժտված աշխատակիցները, սարքավորումների զննման մատյանում անպայման նախօրոք անհրաժեշտ գրառում կատարելուց հետո: Այդ և ռադիոկապի սարքավորումների վրա դրված կնիքների պահպանման հարցով պատասխանատու են այդ սարքավորումներից օգտվող հերթապահ անձնակազմը /կայարանների հերթապահներ, լոկոմոտիվների մեքենավարներ, սլաքային և կենտրոնացման կետերի հերթապահներ և այլն/:

137. Կապի և ազդանշանման ուղեմասերում պետք է լինեն տվյալ սպասարկման գոտում շահագործվող ազդանշանման, կենտրոնացված ուղեփակման համակարգերի, կապի և այլ սարքավորումների նկարագրերը և գծագրերը, ինչպես նաև այդ սարքավորումներին վերաբերող ստանդարտները և չափորոշիչները:

Կապի, հաշվողական տեխնիկայի և այլ սարքավորումների ոչ տիպային լուծումների կիրառում չի թույլատրվում:

138. Ազդանշանման և կապի սարքավորումների փոխկապվածության ժամանակավոր փոփոխություններ թույլատրվում է, բայց ոչ ավել, քան 5 օր:

139. Ազդանշանման և կապի սարքավորումների հետ առնչվող վերասարքավորման, տեղափոխման, վերանորոգման, փորձարկման, փոխման, ինչպես նաև ծրագրված պլանային այն աշխատանքները, որոնք կբերեն այդ սարքավորումների փոխկապվածությունների սահմանված վիճակների խաթարում կամ դրանց գործողության ժամանակավոր դադարեցում, պետք է իրականացվեն երթևեկության անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումների կիրառմամբ: Յուրաքանչյուր այդպիսի աշխատանք պետք է իրականացվի կապի և ազդանշանման ուղեմասի հրամանով, որում պետք է հստակ արտացոլվի աշխատանքների իրականացման հաջորդականությունը և ժամանակացույցը, պատասխանատու անձը, աշխատանքների իրականացման ընթացքում երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումները: Հաստատված հրամանի վերաբերյալ պետք է ծանուցվեն Հայկական երկաթուղով երթևեկությանն առնչվող ստորաբաժանումները:

140. Ազդանշանային սարքավորումների լուսավորվածությունը պետք է ապահովի դրանց ազդանշանային ցուցմունքների հստակ տեսանելիություն:

Ազդանշանային սարքավորումների հստակ և անխափան լուսավորվածության ապահովման պատասխանատվությունը դրվում է.

ա/ լուսացուցիչների և երթուղային ցուցիչների պարագայում կապի և ազդանշանման ուղեմասերի պետերի վրա:

բ/ կայարանների սլաքային, արտանետման, գծային ուղեփակման սարքավորումների պարագայում` համապատասխան կայարանապետերի վրա:

գ/ լոկոմոտիվային, վագոնային, գծային և մյուս տնտեսությունների սպասարկման մերձատար և փակուղային գծերի ազդանշանային սարքավորումների պարագայում` տվյալ տնտեսության ղեկավարի վրա:

Ազդանշանային սարքավորումների լուսավորվածության սարքերի անխափան էլեկտրամատակարարումն ապահովվում է էլեկտրամատակարարման համապատասխան ուղեմասի կողմից:

141. Կապի և ազդանշանման ուղեմասերի աշխատակիցները պարտավոր են ապահովել լուսափոխիչների հստակ տեսանելիություն:

Լուսափոխիչների լապտերների յուրաքանչյուր փոխումից հետո տեղամասը սպասարկող կապի և ազդանշանման ուղեմասի էլեկտրամեխանիկի կողմից, պետք է ստուգվի դրանց տեսանելիության հստակությունը: ՈՒղեմասի ավագ էլեկտրամեխանիկի կողմից, գլխավոր գծերի վազուրդների և կայարանների ազդանշանային սարքավորումների տեսանելիությունը լոկոմոտիվից պետք է ստուգվի ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, իսկ ուղեմասի պետի կամ նրա տեղակալի /գլխավոր ինժեների/ կողմից` ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

Կապի և ազդանշանման ուղեմասերի և լոկոմոտիվային դեպոների պետերի կամ նրանց տեղակալների /գլխավոր ինժեներների/ կողմից, ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, լոկոմոտիվից պետք է ստուգվի լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգերի, ռադիոկապի և անվտանգության սարքավորումների աշխատանքը:

142. Գծի, ազդանշանման, կենտրոնացված ուղեփակման համակարգերի, էլեկտրամատակարարման, շարժակազմերի, հատուկ շարժակազմերի սարքավորումները պետք է ապահովեն էլեկտրական ռելսային շղթաների մշտական հուսալի աշխատանքը, իրենց գործունեությամբ չխաթարելով դրանք:

143. Ազդանշանման և կապի սարքավորություններից օգտվող աշխատակիցները պետք է հանձնեն դրանցից օգտվելու կանոնների ուսուցում և հրահանգավորում:

Կապի և ազդանշանման ուղեմասերը պարտավոր են ապահովել երկաթուղու աշխատակիցների ուսուցումը, որոնք առնչվում են ազդանշանման և կապի սարքավորումների շահագործմանը: Յուրաքանչյուր աշխատակցի ուսուցման կազմակերպման և իմացության ստուգման պատասխանատվությունը կրում է տվյալ աշխատակցի անմիջական ղեկավարը:

 

ԳԼՈՒԽ 25. ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

144. Երկաթուղում էլեկտրական էներգիայի մատակարարման սարքավորումները պետք է ապահովեն հուսալի էլեկտրամատակարարում.

ա/ էլեկտրական շարժակազմերին, գնացքների քարշային, արագության, ինչպես նաև նրանց միջև հեռավորությունների սահմանված չափորոշիչներին համապատասխան երթևեկություն իրականացնելու համար

բ/ Ազդանշանման, կապի և հաշվողական տեխնիկայի սարքավորումներին, դրանք դիտարկելով որպես էլեկտրական էներգիայի առաջին կարգի սպառողներ

գ/ երկաթուղային տրանսպորտի բոլոր մնացած սպառողների:

145. Ինքնաշխատ կամ կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգերի համար նախատեսված, էլեկտրամատակարարման մարտկոցային պահուստային աղբյուրի առկայության դեպքում, մարտկոցները պետք է լինեն մշտական պատրաստ վիճակի և ապահովեն կապի և գծանցային ազդանշանման սարքերի անխափան աշխատանքը, ոչ պակաս, քան 8 ժամվա ընթացքում, պայմանով, որ հիմնական էլեկտրամատակարարումը անջատված չի եղել նախորդող 36 ժամերի ընթացքում: Ինքնաշխատ և կիսաինքնաշխատ ուղեփակման համակարգերի հիմնական սնման աղբյուրից անցումը պահեստայինին և հակառակը` չպետք է գերազանցի 1.3 վայրկյանը:

146. Հուսալի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով, պետք է պարբերաբար ստուգվեն էլեկտրամատակարարման սարքավորումների և կառույցների վիճակը, իրականացվեն դրանց վերանորոգման ծրագրավորված աշխատանքներ:

147. Էլեկտրական շարժակազմերի հոսանքաընդունիչի վրա հաստատուն հոսանքի հպակային ցանցի լարումը չպետք է ցածր լինի 2.7 կիլովատից և ոչ բարձր 4.0 կիլովատը: Երկաթուղու առանձին տեղամասերում կարող է հպակային ցանցի լարման նվազագույն մեծություն համարվել 2.4 կիլովատը:

Ազդանշանման և ուղեփակման սարքավորումների փոփոխական հոսանքի նոմինալ լարումը պետք է լինի 110, 220 կամ 380 վոլտ: Նոմինալ լարման նշված մեծություններից շեղումներ թույլատրվում են նվազման ուղղությամբ` ոչ ավել, քան 10 տոկոս, իսկ գերազանցման ուղղությամբ` ոչ ավել, քան 5 տոկոս:

148. Էլեկտրական մատակարարման սարքավորումները պետք է պաշտպանված լինեն կարճ միացման հոսանքներից, գերլարումներից, ինչպես նաև սահմանված չափորոշիչները խիստ գերազանցող էլեկտրական բեռնվածություններից: Էլեկտրիֆիկացված երկաթուղու հաստատուն հոսանքի գծերի շրջակայքում գտնվող ստորգետնյա մետաղական սարքավորումները /խաչուկաշարեր, մալուխներ և այլն/, մետաղական, երկաթբետոնյա կամուրջները, ուղեանցումները, հպակային ցանցի հենասյուները, լուսափոխիչները և այլն, պետք է պաշտպանված լինեն էլեկտրական քայքայման երևույթից:

Քարշի ենթակայանների հաստատուն հոսանքի սարքավորումները, ինչպես նաև էլեկտրաշարժակազմերը, պետք է ունենան հպակային ցանց այլ հոսանքների թափանցման պաշտպանություն, հոսանքներ, որոնք կարող են խաթարել ազդանշանման և կապի սարքավորումների բնականոն աշխատանքը:

149. Ռելսի գլխիկի վերևից հպակային ցանցի կախոցի բարձրությունը պետք է լինի.

ա/ վազուրդներում և կայարաններում է ոչ պակաս, քան 5750 միլիմետր

բ/ գծանցներում` ոչ պակաս, քան 6000 միլիմետր:

Բացառիկ դեպքերում, արդեն գոյություն ունեցող կայարաններում տեղաբաշխված արհեստական կառույցների տարածքներում /գծեր, որոնց վրա նախատեսված չէ շարժակազմերի կանգառ/, ինչպես նաև վազուրդներում, այդ բարձրությունները կարելի է նվազեցնել մինչև 5550 միլիմետր:

150. Հպակային ցանցի կախոցի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 6800 միլիմետրը:

Արհեստական կառույցների տարածքներում, էլեկտրական շարժակազմերի /էլեկտրաքարշերի/ հոսանքաընդունիչների լարման տակ գտնվող մասերի և հպակային ցանցի լարման տակ գտնվող հանգույցների հեռավորությունը, կառույցների և էլեկտրոշարժակազմերի հողակցված մասերից չպետք է փոքր լինի, քան 200 միլիմետրը:

151. Վազուրդներում և կայարաններում հպակային ցանցի հենասյան ներսի եզրի և եզրային գծի առանցքի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 3100 միլիմետրը: Կտրվածքներում, հենասյուները պետք է տեղադրվեն խրամառվից դուրս:

Գործող գծերում, մինչև դրանց վերակառուցումը, ինչպես նաև, հատկապես, դժվար տեղանքային պայմաններում, գծի առանցքից մինչև հպակային ցանցի հենասյան ներսի եզրի միջև ընկած հեռավորությունը թույլատրվում է ոչ պակաս քան 2450 միլիմետր` կայարաններում և 2750 միլիմետր` վազուրդներում:

Մինչև այժմ նշված բոլոր չափերը սահմանված են գծի ուղիղ տեղամասերի համար: Կոր տեղամասերում այդ հեռավորությունները պետք է մեծացվեն համաձայն հպակային ցանցի հենասյուների համար սահմանված տրամատային չափորոշիչների:

Հպակային ցանցի, օդային գծերի, լուսափոխիչների և ազդանշանային հենասյուների տեղադրման դիրքերը պետք է լինեն այնպիսին, որպեսզի ապահովեն ազդանշանների և ցուցիչների լավ տեսանելիություն:

152. Բոլոր մետաղական կառույցները /կամուրջներ, գծանցներ, հենասյուներ/, որոնց վրա ամրացվում են հպակային ցանցի հանգույցները, երկաթբետոնյա հենասյուների, մետաղական և երկաթբետոնյա արհեստական կառուցվածքների վրա հպակային ցանցի ամրացման կախոցային մասերը, ինչպես նաև առանձին տեղակայված մետաղական այն կառուցվածքները /լուսափոխիչներ, կամուրջների և գծանցների հանգույցներ և այլն/, որոնք գտնվում են հպակային ցանցի լարման տակ գտնվող մասերից 5 մետրից պակաս հեռավորության վրա, պետք է պարտադիր հողանցվեն:

Հողանցման ենթակա են նաև հպակային ցանցի և փոփոխական հոսանքի էլեկտրահաղորդման օդային գծերի ազդեցության գոտիներում գտնվող մետաղական կառուցվածքները, որոնց վրա հնարավոր է վտանգավոր էլեկտրական լարումների առաջացում:

Էլեկտրիֆիկացված գծերի տակ գտնվող գծանցների և հետիոտնի համար կամուրջների վրա, մարդկանց անցման հատվածներում, պետք է տեղադրված լինեն պաշտպանիչ վահաններ և անընդհատ երեսպատումներ, լարման տակ գտնվող հպակային ցանցի մասերից արգելափակման նպատակով:

153. 1000 վոլտ և ավելի լարմամբ հպակային ցանցը, ինքնաշխատ ուղեփակման և երկայնական էլեկտրամատակարարման օդային գծերը պետք է մասնատվեն առանձին բաժանմունքների, օդային հատվածներով /մեկուսացնող հպվածքներով/ մեկուսիչ ներդիրներով, մեկուսիչներով և բաժանիչների օգնությամբ:

Օդային հատվածների սահմանագլխում տեղադրված հպակային ցանցի հենարանները պետք է ունենան բնորոշիչ գունավորում: Այդ հենարանների միջև ընկած հատվածներում արգելվում է էլեկտրաշարժակազմի կանգառը, բարձրացված հոսանքաընդունիչներով:

154. Հպակային ցանցի, երկայնական էլեկտրահաղորդման, ինքնաշխատ ուղեփակման գծերի, սնուցման և բաժանմունքացման սխեմաները կազմվում են էլեկտրամատակարարման ուղեմասերի կողմից: Այդ սխեմաների պատճենները կցվում են կայարանի տեխնիկական-կարգադրիչ ակտերին:

155. Լոկոմոտիվային դեպոներում և հանդերձավորման տեղամասերում, ինչպես նաև գծերի այն հատվածներում, որտեղ նախատեսվում են էլեկտրաշարժակազմերի տանիքային սարքավորումների զննումներ, հպակային ցանցի բաժանիչների փոխանջատումները իրականացվում են լոկոմոտիվային դեպոների` այդ նպատակով առանձնացված և ուսուցված աշխատակիցների կողմից: Մյուս բոլոր դեպքերում բաժանիչների փոխանջատումներն իրականացվում են էներգաուղեմասերի աշխատակիցների կողմից էներգակարգավարի հրամանով: Բաժանիչների և անջատիչների փոխանջատումներ, բացի էներգաուղեմասերի աշխատակիցներից, էներգակարգավարի հրամանով, կարող են իրականացնել երկաթուղու այլ ծառայությունների աշխատակիցներ, եթե նրանք անցել են համապատասխան ուսուցում և հրահանգավորում:

Ձեռքի ղեկավարմամբ բաժանիչների բանեցումները պետք է կողպված լինեն:

Հպակային ցանցի, էլեկտրամատակարարման երկայնական գծերի, ինքնաուղեփակման գծերի բաժանիչների, անջատիչների փոխանջատումների կարգը սահմանում է համապատասխան էներգաուղեմասը: Բաժանիչների բանեցումների կողպեքների բանալիների պահպանման և դրանց օգտագործման կարգը, որը կապահովի էլեկտրամատակարարման անընդհատությունը և աշխատանքների կատարման անվտանգությունը, սահմանում է համապատասխան ուղեմասը:

156. 1000 վոլտ և ավելի լարման էլեկտրահաղորդման երկայնական օդային գծերի հաղորդալարերի ամենացածր կետի հեռավորությունը գետնից պետք է լինի ոչ պակաս, քան.

ա/ վազուրդներում 6 մետր

բ/ վազուրդների դժվար մատչելի վայրերում 5 մետր

գ/ ավտոմոբիլային ճանապարհների հետ հատումներում, կայարաններում և բնակավայրերում 7մետր

157. 1000 վոլտ և ավելի լարման էլեկտրահաղորդման գծերի, ոչ էլեկտրիֆիկացված երկաթուղագծերի հետ հատումներում, հաղորդալարերի ամենացածր կետի ռելսի գլխիկի վերևից նվազագույն հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7.5 մետր:

Էլեկտրիֆիկացված երկաթուղագծերի հետ ցանկացած լարման էլեկտրահաղորդման օդային գծերի հատումները, օդային գծերի հաղորդալարերի հեռավորությունները հպակային ցանցի հոսանքատարներից սահմանվում է համաձայն սույն կանոնների:

 

ԳԼՈՒԽ 26. ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԶՆՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ. ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶՆՆՈՒՄՆԵՐ

 

158. Կառույցների, կառուցվածքների, տեխնիկական-ծառայողական շենքերի զննումներն իրականացվում են դրանք անմիջական շահագործող և սպասարկող անձնակազմի կողմից: Զննումներ պետք է իրականացնեն այն կայարանների, դեպոների, ուղեմասերի, տեղամասերի ղեկավարները, որոնց ղեկավարման ոլորտներում են գտնվում այդ կառույցները:

Գլխավոր և ընդունող-ուղարկող գծերի սլաքային փոխադրիչները, բացի վերը նշվածից, ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ, պետք է զննի կայարանի պետը, գծի վարպետի և ազդանշանման համակարգի էլեկտրոմեխանիկի հետ համատեղ:

Զննումների արդյունքները և արձանագրված թերությունների վերացման միջոցառումները գրանցվում են հատուկ մատյանում, որտեղ նշվում են նաև արձանագրված թերությունների վերացման ժամկետները, ինչպես նաև նշվում նախանշված միջոցառումների կատարումը:

 

ԳԼՈՒԽ 27. ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

159. Երկաթուղու կառույցների և կառուցվածքների վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս պետք է ապահովվեն երթևեկության անվտանգությունը և աշխատանքի պաշտպանության պահանջները, որպես կանոն չխախտելով երթևեկության գրաֆիկները: Վերանորոգման և շինարարական մեծ ծավալներով աշխատանքների իրականացման համար գնացքների երթևեկության գրաֆիկներում պետք է նախատեսվեն երթևեկությունից ազատ ժանամակահատվածներ` այսպես կոչված «պատուհաններ» և այդ աշխատանքներով պայմանավորված արագության սահմանափակումներ:

Գծի արհեստական կառույցների, հպակային ցանցի և կապի սարքավորումների պահպանման ընթացիկ աշխատանքներ իրականացնելու համար պետք է գնացքների երթևեկության գրաֆիկներում նախատեսել 1.5-ից երկու ժամանոց տեխնոլոգիական «պատուհաններ»: Եթե այդ աշխատանքների կատարման ժամանակ կիրառվում են մեքենաներ, մեխանիզմներ, մեքենակայաններ, հատուկ մասնագիտացված բրիգադների մասնակցությամբ, ապա տեխնոլոգիական «պատուհանները» պետք է լինեն 3-4 ժամ տևողությամբ:

Գնացքների երթևեկության գրաֆիկով տվյալ ժամանակով չօգտագործվող գծերի, հպակային ցանցերի, ազդանշանման սարքավորումների վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս, եթե դրանք չեն խաթարում երթևեկության անվտանգությունը, վազուրդները չեն փակվում:

Եթե աշխատանքների կատարումը անհրաժեշտություն է առաջացնում երթևեկության ընդմիջման, ապա այդ աշխատանքների սկսման և ավարտման ժամանակը որոշում է աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:

Երթևեկության ընդմիջում առաջացնող աշխատանքների իրականացման ողջ ընթացքում, երկաթուղու համապատասխան ծառայությունները աշխատանքների իրականացման տեղից պետք է ապահովեն մշտական կապ երթևեկության կարգավարի հետ:

Եթե աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին, ապա աշխատանքների կատարման վայրը նաև պետք է լուսավորվի:

160. Կայարաններում, վազուրդներում և աշխատանքների կատարման տեղերում երթևեկության ցանկացած խոչընդոտ, որը վտանգ է սպառնում երթևեկության անվտանգությանը և պահանջում է երթևեկության ընդհատում կամ արագության նվազեցում, ապա այդպիսի վայրերը պետք է երկու կողմից շրջափակված լինեն ազդանշաններով, անկախ նրանից գնացք, այդ թվում` տեղաշարժային գնացք, սպասվում է թե ոչ:

161. Արգելվում է.

ա/ աշխատանքների սկսում, մինչև երթևեկության համար վտանգավոր խոչընդոտների կամ աշխատանքների իրականացման տեղի երկու կողմերի արգելափակման նշանների տեղադրումը,

բ/ երթևեկության համար վտանգավոր խոչընդոտների կամ աշխատանքների իրականացման տեղերից ազդանշանների հանումը մինչև խոչընդոտի վերացումը կամ աշխատանքների լրիվ ավարտը, գծի, ինչպես նաև հպակային ցանցի վիճակի ստուգումները և տրամատների պահպանվածության ստուգումների ավարտը:

162. Աշխատանքի ղեկավարը շարժական ազդանշանների տեղադրման և պահպանության նպատակով աշխատանքներ իրականացնող բրիգադի կազմից առանձնացնում և նշանակում է ազդանշանորդներ, որոնք պետք է կրեն մյուսներից տարբերվող գլխարկներ և հագած լինեն դեղին բաճկոններ:

Գծերում լայնածավալ աշխատանքների իրականցման ժամանակ, ինչպես նաև կորերով և ոչ բավարար տեսանելիությամբ տեղամասերում աշխատանքներ կատարելիս, աշխատանքի ղեկավարը և ազդանշանորդները կարող են ունենալ երկկողմ կապի միջոցներ:

163. Կայարանային գծերում, հպակային ցանցերում ցանկացած աշխատանքների կատարում, անկախ նրանից, դրանք պահանջում են երթևեկության ընդհատում, թե ոչ, պետք է իրականացվի միայն կայարանի հերթապահի թույլտվությամբ և հատուկ այդ նպատակով առանձնացված մատյանում գրառում կատարելուց հետո: Կայարանի հերթապահը աշխատանքների կատարման թույլտվությունը պետք է համաձայնեցնի երթևեկության կարգավարի հետ:

Աշխատանքների ավարտից հետո սարքավորման կամ կառույցի շահագործման մեջ դնելու կարգադրություն տալիս է կայարանի հերթապահը, աշխղեկի մատյանում անհրաժեշտ գրառում կատարելուց հետո կամ այդ նույն մատյանում գրառված հեռախոսագրի հիման վրա, որը հետագայում պետք է վավերացվի կայարանի հերթապահության ժամանակ հեռախոսագիրը հաղորդած աշխատանքի ղեկավարի կողմից:

164. Վազուրդի փակում և բացում իրականցվում է երթևեկության կարգավարի հրամանի հիման վրա, որը տրվում է աշխատանքների և սկզբի և ավարտի համար:

Արգելվում է անցնել աշխատանքների կատարմանը, մինչև աշխատանքի ղեկավարը չստանա երթևեկության կարգավարի հրամանը, գիծը կամ վազուրդները փակելու վերաբերյալ, ինչպես նաև քանի դեռ չեն տեղադրված արգելափակող ազդանշանները:

Վազուրդի կամ գծերի բացումն իրականցվում է գծի ուղեմասի պետի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի /բայց ոչ ցածր, քան գծի վարպետը/, գրավոր հաղորդագրության հիման վրա, որով հավաստվում է, որ գծային կամ արհեստական կառույցների վրա աշխատանքները լրիվ ավարտված են, գնացքների անընդհատ և անվտանգ երթևեկությանը խանգարող բոլոր արգելքները հանված են և կարգավորված:

Ազդանշանման, կապի, էներգամատակարարման սարքավորումների աշխատանքի վերականգնումն իրականացվում է կապի ավագ էլեկտրամեխանիկի հաղորդագրության և կամ էներգակարգավարի հրամանի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 28. ՇԱՐԺԱԿԱԶՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՇԱՐԺԱԿԱԶՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

165. Շարժակազմերը և հատուկ ինքնաշարժ շարժակազմերը պետք է ժամանակին ենթարկվեն կանխարգելիչ վերանորոգումների, կատարվեն տեխնիկական սպասարկումներ և շահագործման ընթացքում լինեն սարքին վիճակում, պատրաստ անխափան և անընդհատ աշխատանքի: Շարժակազմերը պետք է բավարարեն երթևեկության անվտանգության և աշխատանքի պաշտպանության պահանջները: Շարժակազմերի և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի անսարքությունների կանխարգելման և շահագործման սահմանված ժամկետների պահպանումը պետք է լինի դրանց շահագործում, տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող անձանց գլխավոր խնդիրը:

166. Ցանկացած տիպի վագոնների հանգույցները, ըստ իրենց ամրության, կայունության և տեխնիկական վիճակով պետք է ապահովեն գնացքների անվտանգ և սահուն ընթացք:

167. Շահագործման մեջ գտնվող շարժակազմերի և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի հիմնական հանգույցների կառուցվածքային փոփոխություններ կատարել չի թույլատրվում:

168. Շարժակազմը պետք է բավարարի սույն կանոններով սահմանված տրամատային չափորոշիչների պահանջներին:

169. Շարժակազմի և հատուկ ինքնաշարժ շարժակազմի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա հետևյալ բնորոշող հստակ նշաններ և գրառումներ.

ա/ Հայկական երկաթուղու տեխնիկական նշանը «Հայկական երկաթուղի» բառակապակցության գլխատառերով` հայերեն և ռուսերեն /ՀԵՈՒ-ԱՌՄ. ԺԴ/, բացի վագոններից

բ/ համարը, Հայկական երկաթուղու ծածկագիրը /կոդ/

գ/ արտադրող գործարանի ցուցատախտակով, արտադրության տեղի և տարեթվի նշումով

դ/ քաշը /բացի լոկոմոտիվներից և հատուկ ինքնաշարժ շարժակազմերից/

170. Յուրաքանչյուր լոկոմոտիվի, վագոնի, շարժիչավագոնային միավորի, հատուկ ինքնաշարժ շարժակազմի համար պետք է վարվի տեխնիկական անձնագիր, որում պետք է լրացվի տվյալ շարժակազմային միավորի կարևորագույն տեխնիկական և շահագործման բնութագրեր և այլ տվյալներ:

171. Լոկոմոտիվները, շարժիչավագոնային շարժակազմերը, հատուկ ինքնաշարժ շարժակազմերը պետք է սարքավորված լինեն ռադիոկայաններով, արագաչափիչներով /գրանցող ժապավեններով/ և այլն:

ՈՒղևորատար գնացքների լոկոմոտիվները պետք է սարքավորված լինեն էլեկտրապնևմատիկ արգելակման սարքերով, իսկ բեռնատար գնացքների համար նախատեսվող լոկոմոտիվները պետք է սարքավորված լինեն արգելակային մայրուղային խողովակաշարում կիպության վիճակի հսկման սարքերով:

Հայկական երկաթուղու համակարգում կտրականապես արգելվում է գնացքային լոկոմոտիվների միանձնյա ղեկավարում, սպասարկում և շահագործում:

172. Հայկական երկաթուղուն չպատկանող լոկոմոտիվները և վագոնները, որոնք մուտք են գործում Հայկական երկաթուղու ընդհանուր օգտագործման գծեր, պետք է բավարարեն սույն կանոնների պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 29. ԱՆՎԱԶՈՒՅԳԵՐ

 

173. Ցանկացած տիպի շարժակազմի անվազույգերի առանցքների վրա պետք է հստակ երևան նրա ձևավորման տարեթվի և տեղի, վկայագրման տվյալների դաջվածքային նշանները, ինչպես նաև կաղապարալցման ընդունման դաջվածքը:

174. Նոր ձեռք բերված, գործարանային արտադրության անվազույգերը պետք է ունենան դրանց փորձարկման, սովորական և լրիվ հավաստագրման, կաղապարալցման վերաբերյալ ուղեկցող փաստաթղթեր կամ անձնագիր:

175. Անիվների ներսի եզրի միջև հեռավորությունը, դրանց չծանրաբեռնված վիճակում պետք է լինի 1440 միլիմետր: Շեղումներ թույլատրվում է.

ա/ դեպի ավելացում` 3 միլիմետր

բ/ դեպի նվազեցում` մինչև 3 միլիմետր:

176. Չի թույլատրվում շահագործել և մտցնել մեկնման պատրաստվող գնացքների կազմի մեջ այն շարժակազմերը, որոնց անվազույգերի վրա առկա են հետևյալ թերությունները և խոտանները.

ա/ անվազույգերի լիսեռի /առանցքի/ վրա, ցանկացած տեղում ճաքի առկայություն

բ/ ճաքերի առկայություն անվագոտու վրա

գ/ ճաքերի առկայություն անիվի սկավառակի վրա

դ/ ճաքերի առկայություն անիվի անվակունգի վրա

ե/ սուրծայրային գլանում ունեցող կատարներով անվազույգերի առկայության դեպքում:

177. Արգելվում է շահագործել և մտցնել մեկնման պատրաստվող գնացքների կազմի մեջ այն շարժակազմերը, որոնց անվազույգերը ունեն հետևյալ մաշվածությունը.

1) երթևեկության մինչև 120 կմ/ժ արագությունների դեպքում.

ա) անվազույգերի անիվների գլորման շրջանի գլանվածքի մաշվածությունը

բ/ լոկոմոտիվների, շարժիչավագոնային շարժակազմերի, ուղևորատար վագոնների անվազույգերի անիվների համար ոչ ավել, քան 7 միլիմետրը

գ/ հատուկ ինքնաշարժ շարժակազմերի անիվների համար ոչ ավել, քան 8 միլիմետրը

դ/ սառնախցիկային և բեռնատար վագոնների անիվների համար ոչ ավել քան 9 միլիմետրը

2) լոկոմոտիվների անվազույգերի անիվների կատարի հաստության չափերի համար սահմանված են`

ա/ ոչ ավել 33 միլիմետրը և ոչ պակաս 25 միլիմետրը /30 միլիմետր բարձրությամբ կատարի գագաթից 20 միլիմետր հեռավորության վրա, իսկ 28 միլիմետր բարձրությամբ կատարի գագաթից 18 միլիմետր հեռավորության վրա/:

178. Չի թույլատրվում շահագործել այն շարժակազմերը, որոնց անվազույգերի անիվների կատարները /սանդերքը/ ունեն 18 միլիմետրից ավել ուղղաձիգ խուզվածք, որը չափվում է հատուկ ձևանմուշով:

179. Չի թույլատրվում շահագործել այն շարժակազմերը, որոնց անվազույգերի անիվների գլորման մակերեսների վրա կան 1 միլիմետրից ավել սողուկներ:

180. Շարժակազմերը, որոնց անիվների վրա հայտնաբերվել են 1 միլիմետրից ավել սողուկներ, թույլատրվում է առանց գնացքակազմից անջատելու հասցնել մոտակա տեխնիկական սպասարկման կետ, որտեղ կա անվազույգերի փոխման հնարավորություն: Այդ գնացքների երթևեկության ընթացքում, որոնց կազմում կան վերը նշված թերությունն ունեցող անվազույգերով շարժակազմեր, պետք է կիրառվեն երթևեկության անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ:

181. Վագոնների անիվների վրա 2-6 միլիմետր, իսկ լոկոմոտիվների, շարժիչավագոնային շարժակազմերի, հատուկ ինքնաշարժ շարժակազմերի անիվների վրա 1-2 միլիմետր խորությամբ սողուկների առկայության դեպքում, թույլատրվում է այդպիսի շարժակազմեր ունեցող գնացքների երթևեկությունը մինչև մոտակա տեխնիկական սպասարկման կայան 15 կմ/ժամ արագությամբ, իսկ սողուկների համապատասխանաբար 6-12 միլիմետր և 2-4 միլիմետր խորությունների դեպքում 10 կմ/ժամ արագությամբ:

182. Անիվների վրա սողուկների համապատասխանաբար 12 միլիմետրից և 4 միլիմետրից ավել խորությունների դեպքում, դրանց տեղափոխումը մինչև տեխնիկական սպասարկման կայան թույլատրվում է առանձին գնացքով ոչ ավել, քան 10 կմ/ժամ արագությամբ, կիրառելով երթևեկության անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ:

 

ԳԼՈՒԽ 30. ԱՐԳԵԼԱԿԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՆՔՆԱԿՑՄԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ

 

183. Շարժակազմերը և հատուկ շարժակազմերը պետք է սարքավորված լինեն ինքնաշխատ արգելակներով, իսկ ուղևորատար վագոնները և լոկոմոտիվները, բացի այդ, նաև էլեկտրոօդաճնշմամբ արգելակներով:

184. Դրանք պետք է լինեն կառավարելի և հուսալի, ցանկացած իրավիճակում ապահովելով արգելակման սահունություն, իսկ ինքնաշխատ արգելակները նաև գնացքի կանգառում, օդախողովակային մայրուղու բաժանման կամ խզման, ինչպես նաև կանգառ-ծորակի /արտակարգ արգելակման ծորան/ բացման դեպքում:

185. Շարժակազմերի և հատուկ շարժակազմերի ինքնաշխատ և էլեկտրաօդաճնշումային արգելակները պետք է ապահովեն անհրաժեշտ արգելակային սեղմում, որը կերաշխավորի գնացքի կանգնումը արտակարգ արգելակման դեպքում, արգելակման ճանապարհի տարածության սահմաններում:

186. Ինքնաշխատ արգելակները, կախված վագոնների բեռնվածությունից, գնացքի երկարությունից, գծի պրոֆիլից, պետք է հնարավորություն ընձեռեն արգելակման զանազան գործելակարգերի կիրառման համար:

187. Արտակարգ արգելակման կանգառ-ծորակները ուղևորատար վագոններում և շարժիչավագոնային շարժակազմերում տեղադրվում են վագոնների ներսում, սրահակներում և կնքվում են:

188. Հատուկ ինքնաշարժ շարժակազմերում, անհրաժեշտությունից ելնելով, արտակարգ արգելակման համար տեղադրվում են կանգառ-ծորակներ կամ այլ սարքավորումներ:

189. Լոկոմոտիվները, ուղևորատար վագոնները, շարժիչավագոնային և հատուկ ինքնընթաց շարժակազմերը սարքավորվում են ձեռքի արգելակներով: Որոշակի քանակությամբ բեռնատար վագոններ պետք է ունենան անցումային հարթակներ արտակարգ արգելակման կանգառ-ծորակներով և ձեռքի արգելակման հարմարանքով:

190. Առանց ձեռքի արգելակման հարմարանքներով սարքավորված փոստային և բեռնային վագոնների շահագործում թույլատրվում է, եթե դրանք արտադրված են մինչև 1970 թվականի հունվարի 1-ը: 1970 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված վերը նշված վագոնների շահագործում, առանց ձեռքի արգելակման հարմարանքների` արգելվում է:

191. Շարժակազմերի և հատուկ ինքնընթաց շարժակազմերի ձեռքի արգելակները պետք է շահագործվեն սահմանված կարգով և չափորոշիչներով ու ապահովեն արգելակման սահմանված հաշվարկային սեղմումային ճնշումները արգելակման համակարգում:

192. Ձեռքի արգելակների այն հանգույցները, որոնց խզումը կամ կոտրումը, արգելակները գործողության մեջ դնելու կամ այլ պատճառով, կարող է բերել տրամատի խախտում և այդ հանգույցների ընկնում գծի վրա, պետք է ունենան վերը նշված դեպքերի բացառման ապահովիչ հարմարանքներ:

193. Շարժակազմերը և հատուկ շարժակազմերը պետք է սարքավորված լինեն ինքնակցիչներով: Ինքնակցիչի առանցքի բարձրությունը ռելսի գլխիկի մակերևույթից պետք է լինի.

ա/ լոկոմոտիվների, ուղևորատար և բեռնատար դատարկ վագոնների համար` ոչ ավել, քան 1080 միլիմետր

բ/ լոկոմոտիվների և մարդկանցով նստեցված ուղևորատար վագոնների համար` ոչ պակաս 980 միլիմետր

գ/ բեռնված բեռնատար վագոնների համար` ոչ պակաս 950 միլիմետր

դ/ հատուկ շարժակազմերի համար`

ե/ դատարկ վիճակում` ոչ ավել 1080 միլիմետր

զ/ բեռնված վիճակում` ոչ պակաս 980 միլիմետր:

194. Ինքնակցիչների երկայնական առանցքների միջև բարձրության տարբերությունները կարող են լինեն`

    ա/ բեռնատար գնացքներում                    ոչ ավել 100 միլիմետր

բ/ լոկոմոտիվների և բեռնատար գնացքի

    առաջին բեռնված վագոնի միջև                 ոչ ավել 110 միլիմետր

    գ/ ուղևորատար  գնացքներում                 ոչ ավել 50 միլիմետր

դ/ լոկոմոտիվի և ուղևորատար գնացքի

    առաջին վագոնի միջև                         ոչ ավել 100 միլիմետր

ե/ լոկոմոտիվի և հատուկ շարժակազմային

    միավորի միջև                               ոչ ավել 100 միլիմետր:

ՈՒղևորատար վագոնների ինքնակցիչները պետք է ունենան ուղղահայաց ուղղությամբ շարժի սահմանափակիչներ:

195. Ինքնակցիչ սարքավորումների տեխնիկական վիճակի և գնացքի կազմում վագոնների ճիշտ կցման համար պատասխանատու է վագոններ զննողը, որն իրականացնում է գնացքի տեխնիկական սպասարկումը դրա ուղարկումից առաջ:

196. Վագոնների գնացքներին կցման, եթե դրանք իրականացվում են այնպիսի կայարաններում, որտեղ չկան վագոններ զննողներ, ինչպես նաև այդպիսի կայարաններում տեղաշարժային աշխատանքների կատարման ընթացքում վագոնների միմյանց ճիշտ կցման իրականացման պատասխանատվությունը դրվում է տեղաշարժային աշխատանքների իրականացման ղեկավարի վրա:

197. Լոկոմոտիվի կամ որպես լոկոմոտիվ օգտագործվող հատուկ ինքնաշարժ շարժակազմի գնացքի առաջին վագոնին կամ ուրիշ շարժակազմին ճիշտ կցման համար պատասխանատու է հանդիսանում լոկոմոտիվի կամ որպես լոկոմոտիվ օգտագործվող հատուկ ինքնաշարժ շարժակազմի մեքենավարը:

198. Գնացքային լոկոմոտիվի գնացքից անջատման և գնացքին կցման աշխատանքները, այդ թվում` արգելակման թևերի բաժանման, միացման և կախման, ծայրային ծորակների բացման և փակման հետ կապված գործողությունները պետք է իրականացնեն լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցները:

199. Գնացքային լոկոմոտիվի, էլեկտրական տաքացմամբ սարքավորված, ուղևորատար գնացքից անջատումը իրականացնում է լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցը, իսկ բացառիկ դեպքերում, եթե լոկոմոտիվը սպասարկում է մեկ մեքենավար, ապա անջատումն իրականացնում է վագոն զննողը, գնացքի էլեկտրամեխանիկի կողմից, միջվագոնային բարձրավոլտ միացուցիչների հատումից /խզումից/ հետո:

200. Տաքացման էլեկտրական շղթաների հատումը /խզումը/ պետք է իրականացվի միայն իջեցված հոսանքաընդունիչի պայմաններում:

201. Գնացքային լոկոմոտիվի գնացքից անջատման կամ կցման գործառույթների անվտանգ կատարման պատասխանատվությունը դրվում է լոկոմոտիվի մեքենավարի և տեղաշարժային աշխատանքների իրականացման ղեկավարի վրա:

 

ԳԼՈՒԽ 31. ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԻՆՔՆԱՇԱՐԺ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

202. Չի թույլատրվում շահագործել և մտցնել մեկնող գնացքների կազմում, երթևեկության անվտանգությանը սպառնացող և տեղափոխվող բեռի պահպանությունը չապահովող, թերություններ ունեցող բեռնատար վագոններ, շարժակազմեր և հատուկ ինքնաշարժ շարժակազմեր: Չի թույլատրվում ծառայության ժամկետը լրացած լոկոմոտիվների շահագործումը:

203. Չի թույլատրվում շահագործել էլեկտրաօդաճնշիչ արգելակների, ջեռուցման համակարգի, էլեկտրասարքավորումների, օդափոխիչ սարքերի և այլ հանգույցների թերություններ ունեցող ուղևորատար վագոններ, որոնք չեն ապահովի ուղևորների նորմալ սպասարկում, ինչպես նաև ուղևորատար ղեկավարական վագոնի շահագործում, գնացքի պետի /բրիգադիր-մեխանիկի/ և լոկոմոտիվի մեքենավարի հետ անսարք ռադիոկապի թերությամբ:

204. Էլեկտրաջեռուցմամբ սարքավորված ուղևորատար վագոնները պետք է ունենան ջեռուցման ինքնաշխատ կարգավորման համակարգ, իսկ ուղևորատար գնացքների էլեկտրաքարշերը` բարձրավոլտ էլեկտրաջեռուցման համար անհրաժեշտ հզորության միացման տեղեկայանքներ:

205. Շարժակազմերի և հատուկ շարժակազմերի տեխնիկական սպասարկման, վերանորոգման աշխատանքների որակի, ինչպես նաև դրանց երթևեկության անվտանգության համար պատասխանատու են շարժակազմերի անմիջական տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներն իրականացնող աշխատակիցները, համապատասխան տեղամասերի, մասնաճյուղերի, ուղեմասերի վարպետները և ղեկավարները, ինչպես նաև այն ընկերությունների ղեկավար անձնակազմը, որոնց ոլորտում շահագործվում են այդ միջոցները:

 

ԳԼՈՒԽ 32. ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ, ՇԱՐԺԻՉԱՎԱԳՈՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԻՆՔՆԱՇԱՐԺ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

206. Լոկոմոտիվների, շարժիչավագոնային և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի տեխնիկական վիճակը պետք է մշտապես ստուգվի լոկոմոտիվային, հատուկ ինքնաշարժ շարժակազմի բրիգադների, ինչպես նաև մասնագիտացված բրիգադների կողմից, տեխնիկական սպասարկման կետերում, դեպոներում: Վերը նշված շարժակազմերի տեխնիկական վիճակը պարբերաբար պետք է ստուգվի և վերահսկվի դեպոների, ուղեմասերի ղեկավարության կողմից, որոնց շահագործման ոլորտում գտնվում են այդ միջոցները:

Տեխնիկական սպասարկման ժամանակ ստուգվում են.

1/ սարքավորումների, հանգույցների և մասերի վիճակը և մաշվածությունը, դրանց համապատասխանությունը սահմանված չափսերին

2/ անվտանգության, ռադիոկապի, արգելակման, ինքնակցման, վերահսկման, չափիչ, ազդանշանման սարքավորումների, էլեկտրական շղթաների տեխնիկական վիճակը և դրանց սարքինությունը

3/ չի թույլատրվում այն լոկոմոտիվների, շարժիչավագոնային և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի շահագործումը, եթե նրանցում առկա են ստորև նշվող թերություններից կամ անսարքություններից թեկուզ մեկը

4/ ձայնային ազդանշանի տրման սարքավորման անսարքություն

5/ օդաճնշումային, էլեկտրաօդաճնշումային, էլեկտրական, ձեռքի արգելակների կամ ճնշակի անսարքություն

6/ թեկուզ մեկ քարշի էլեկտրաշարժիչի անսարքություն կամ հոսանքազրկություն, շարժաբերման բանեցման սարքավորումների անսարքություն

7/ դիզել-շարժիչի, քարշի էլեկտրաշարժիչի, էլեկտրական ուղղիչ տեղակայանքի օդափոխիչ սարքավորումների անսարքություն

8/ լոկոմոտիվի ինքնաշխատ ազդանշանման համակարգի կամ անվտանգության սարքավորումների անսարքություններ

9/ արագաչափիչի և գրանցող սարքերի անսարքություններ

10/ գնացքային և տեղաշարժային ռադիոկապի, իսկ շարժիչավագոնային շարժակազմում` «ուղևոր-մեքենավար» կապի միջոցների անսարքություններ

11/ ինքնակցիչ սարքերի, այդ թվում` անջատող լծակի խզում կամ դրա ձևազեղծում

12/ ավազի մատուցման համակարգի անսարքություններ

13/ լուսարձակների, լուսավորության, հսկիչ և չափիչ սարքերի անսարքություններ

14/ անուրի զսպակային կախոցի, զսպակային հիմնական թերթի վրա ճաքերի, ինչպես նաև զսպակային թերթի ջարդվածքի առկայություն

15/ առանցքատուփի իրանի վրա ճաքերի առկայություն

16/ առանցքատուփի կամ շարժիչաառանցքային առանցքակալների թերություններ

17/ մասերի, հանգույցների գծի մեջ ընկնելը բացառող ապահովիչ սարքավորումների բացակայություն

18/ քարշի ատամնանիվային փոխանցման թեկուզ մեկ ատամի ճաք կամ կոտրվածք

19/ ատամնանիվային փոխանցման տուփի իրանի անսարքություն, որը պատճառ է հանդիսանում քսայուղի թափման

20/ բարձրավոլտ լարման խուցի պաշտպանիչ արգելապատնեշման անսարքություն

21/ հոսանքաընդունիչի անսարքություն

22/ հրշեջահանգցման սարքավորումների անսարքություն կամ դրանց բացակայություն

23/ կարճ միացման հոսանքներից, գերբեռնվածությունից, գերլարումներից պաշտպանության սարքավորումների անսարքություններ

24/ դիզելի վթարային կանգնեցման պաշտպանական սարքավորումների անսարքություն

25/ դիզելում կողմնակի աղմուկի, թխկոցի հայտնաբերում

26/ էլեկտրական սարքավորումների պաշտպանիչ պատյանների բացակայություն

27/ ակումուլյատորային մարտկոցների անսարքություն:

207. Լոկոմոտիվները, շարժիչավագոնային շարժակազմերը, ինչպես նաև հատուկ ինքնաշարժ շարժակազմերը, որոնք շահագործվում են շուրջտարյա գրաֆիկով, պետք է տարին երկու անգամ /գարնանը և աշնանը/ ենթարկվեն հանձնաժողովային ստուգման:

208. Լոկոմոտիվների շարժիչավագոնային և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի վրա տեղադրված անվտանգության սարքավորումները և ռադիոկապի միջոցները պարբերաբար պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում դրանք պետք է կարգի բերվեն:

209. Լոկոմոտիվների, շարժիչավագոնային և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի վրա տեղադրված ճնշաչափերը և ապահովիչ կափույրները պետք է լինեն կնքված: Պետք է կնքվեն նաև էլեկտրաքարշերի և ջերմաքարշերի էլեկտրաէներգիայի և վառելիքի ծախսի չափիչ սարքերը:

210. Էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի, շարժիչավագոնային շարժակազմերի էլեկտրական պաշտպանության, հրդեհաշեջ միջոցների, հրդեհային ազդանշանման սարքավորումները, ինչպես նաև ապահովիչ կախոցները, ճնշաչափերը, օդապահեստարանները պետք է փորձարկվեն և հավաստագրվեն:

211. Արգելվում է լոկոմոտիվների, շարժիչավագոնային և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի սպասարկումը և շահագործումը միանձնյա, մեկ մեքենավարով, բացառությամբ երկաթուղում երթևեկության անվտանգությունը ապահովելու անհրաժեշտության առկայության դեպքերի:

212. Չի թույլատրվում լոկոմոտիվները, շարժիչավագոնային և հատուկ ինքնաշարժ շարժակազմերը աշխատող վիճակում, առանց դրանց շահագործման կանոններն իմացող և դրանց ընթացքը կանգնեցնելու գիտելիքներ ունեցող աշխատակցի հսկողության, թողնել դեպոյական և այլ նշանակության գծերում, իսկ կայարանային և մայրուղային գծերում` առանց մեքենավարի կամ նրա օգնականի հսկողության:

 

ԳԼՈՒԽ 33. ՎԱԳՈՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

213. Վագոնների տեխնիկական սպասարկումները և վերանորոգումները իրականացվում են բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական սպասարկման կետերում, վագոնային դեպոներում:

Տեխնիկական սպասարկման ընթացքում ստուգվում են.

ա/ վագոնների հանգույցների և մասերի վիճակը և մաշվածությունը, դրանց համապատասխանությունը սույն կանոններով սահմանված չափսերին

բ/ արգելակման սարքավորումների, բախման արգելիչային, ինքնակցիչային սարքավորումների ամրացումների սարքինությունը, հատկապես, ուշադրություն դարձնելով ինքնակցիչի անջատող լծակի շղթայի, ինքնաշխատ արգելակների սարքինությանը

գ/ ընթացքային մասերի և հանգույցների /ազդակների/ վիճակը և սարքինությունը:

214. Չորս առանցքանի բոլոր տիպի բեռնատար վագոնների /այդ թվում «հոպպեր» բաժնեչափիչ /ՃծԼԼ-ԺԹի տիպի վագոններ/ սահունների գումարային բացվածքը երկու կողմից պետք է լինի ոչ ավել 20 միլիմետր և ոչ պակաս 4 միլիմետր, բացի ՃծԼԼ-2, ՃծԼԼ-ի տիպի «հոպպեր» բաժնեչափիչ, BC-50 տիպի ինքնաթափ, դումպկար վագոնների, որոնց պարագայում բացվածքը պետք է լինի ոչ ավել 12 միլիմետր և ոչ պակաս 6 միլիմետր, իսկ BC-80, BC-82, BC-85 տիպի ինքնաթափ վագոնների պարագայում` ոչ ավել 20 միլիմետր և ոչ պակաս 12 միլիմետր:

215. Միացուցիչ և սռնացցային հեծանների սահունների միջև գումարային բացվածքը երկու կողմից /նույն ծայրից/ 8 առանցքանի տակագլանային վագոնների պարագայում պետք է լինի 4 միլիմետրից մինչև 15 միլիմետր`

ա/ վագոնների թափքերի և տակառագլանների սարքինությունը, որը կերաշխավորի տեղափոխվող բեռների պահպանվածությունը

բ/ անցումային հարթակների, հատուկ ոտնակների և բռնաձողերի սարքինությունը

գ/ գծի վրա վագոնների հանգույցների, մասերի ընկնումը բացառող ապահովիչ հարմարանքների առկայությունը և սարքինությունը:

216. Չի թույլատրվում շահագործման թողնել բեռնատար և ուղևորատար այն վագոնները, որոնք անսարք են և չեն անցել տեխնիկական սպասարկում և զննում: Դրանց սարքինությունը պետք է հավաստվի հատուկ մատյանում արված գրառումով: Տեխնիկական սպասարկման կետեր չունեցող կայարաններում, բեռնման տրվող վագոնները պետք է տեխնիկական սպասարկում և զննում անցնեն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգվեն հարակից կամ մոտակա կայարանում, որն ունի վագոնների տեխնիկական սպասարկման կետ:

217. Գնացքների կազմավորման և ապակազմավորման համար նախատեսված կայարաններում, ինչպես նաև գնացքների երթևեկության գրաֆիկով նախատեսված կայարաններում, գնացքի յուրաքանչյուր վագոն պետք է ենթարկվի տեխնիկական սպասարկման, առանց այն գնացքից անջատելու:

Թերությունների հայտնաբերման դեպքում այդպիսի վագոնները պետք է վերանորոգվեն:

218. Բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական սպասարկման կետերի աշխատողները պարտավոր են ժամանակին և տեխնոլոգիական գործընթացին համապատասխան, չխախտելով գնացքների երթևեկության գրաֆիկները, իրականացնել վագոնների տեխնիկական սպասարկում և վերանորոգում:

219. Վագոնների սարքինության պատասխանատվությունը, իրենց սպասարկման տեղամասում կրում են վագոնների տեխնիկական սպասարկման տվյալ կետի աշխատակիցները:

 

ԳԼՈՒԽ 34. ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՖԻԿՆԵՐ

 

220. Գնացքների երթևեկության կազմակերպման հիմքը հանդիսանում է երթևեկության գրաֆիկը, որը համախմբում է երկաթուղու համակարգի բոլոր ստորաբաժանումների գործունեությունը և արտացոլում է երկաթուղու շահագործական աշխատանքների ողջ ծավալը:

Գնացքների երթևեկության կազմակերպման հետ կապված բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել գնացքների երթևեկության գրաֆիկը:

221. Գնացքների երթևեկությունը, համաձայն գրաֆիկի, պետք է իրականացվի գործող չափորոշիչների պահպանմամբ, կայարաններում, դեպոներում, քարշի ենթակայաններում, տեխնիկական սպասարկման կետերում և երթևեկության հետ առնչվող երկաթուղու մյուս ստորաբաժանումներում աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ ու տեխնոլոգիական գործնըթացների խստիվ պահպանմամբ:

Գնացքների երթևեկության գրաֆիկի խախտում չի թույլատրվում:

Բացառիկ դեպքերում, երբ տեխնիկական միջոցների խաթարման, բնական աղետների կամ այլ չնախատեսված պատճառներով տեղի է ունենում գրաֆիկի խախտում, երկաթուղու համակարգի բոլոր ոլորտների աշխատողները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները, ուշացող ուղևորատար և բեռնատար գնացքների գրաֆիկի մեջ մտցնելու առումով և ապահովելով դրանց երթևեկության անվտանգությունը:

222. Գնացքների երթևեկության գրաֆիկը պետք է ապահովի.

ա/ ուղևորների և բեռների փոխադրումների պահանջվող ծավալների կատարումը

բ/ գնացքների երթևեկության անվտանգությունը

գ/ կայարանների, մայրուղային գծերի և փոխադրումների հետ առնչվող կառույցների և սարքավորումների տեխնիկական, թողունակային, բեռնման - բեռնաթափման հնարավորությունների արդյունավետ օգտագործում

դ/ շարժակազմերի նպատակային և արդյունավետ օգտագործումը

ե/ լոկոմոտիվային բրիգադների անընդհատ աշխատանքի սահմանված ժամանակի պահպանումը

զ/ գծի, ինժեներական և այլ կառուցվածքների, ազդանշանման, կապի և էլեկտրամատակարարման սարքավորումների ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարման հնարավորության ընձեռումը:

223. Գնացքների նշանակումը և չեղյալ հայտարարումն իրականացվում է

ա/ միջպետական, ներհանրապետական ուղևորատար, փոստաբեռնային, բեռնաուղևորատար գնացքների պարագայում.

բ/ զինվորական, բեռնատար գնացքների պարագայում.

գ/ երթևեկության գրաֆիկով չնախատեսված վերականգնողական, հրշեջային գնացքների, ձյունամաքրիչների, առանց վագոնների միայնակ լոկոմոտիվների, հատուկ ինքնաշարժ շարժակազմերի, տնտեսական և այլ գնացքների պարագայում` երթևեկության կարգավարի հրահանգով, պարտադիր նշելով դրանց երթևեկության կարգը և պայմանները:

224. Յուրաքանչյուր գնացքին, երթևեկության գրաֆիկի համաձայն, շնորհվում է համար: Մեկ ուղղությամբ մեկնող գնացքներին շնորհվում է զույգ համարներ, հակառակ ուղղությամբ մեկնող գնացքներին` կենտ համարներ: Գնացքի կազմավորման կայարանում, բացի համարից, գնացքին տրվում է նաև համապատասխան թվացուցիչ, որը չի փոխվում մինչև այն կայարանը, որտեղ տեղի է ունենում գնացքի ապակազմավորում: Երթևեկության գրաֆիկով չնախատեսված գնացքներին համարներ շնորհվում են դրանց նշանակման պահին:

225. Գնացքներն ըստ նշանակության զատվում են.

ա/ արտահերթ գնացքներ: Դրանք են` վերականգնողական, հրշեջային գնացքները, ձյունամաքրիչները, առանց վագոնների լոկոմոտիվները, հատուկ ինքնաշարժ շարժակազմերը, որոնք մեկնում են վթարների վերացման, հրդեհահանգցման նպատակով, երթևեկության բնականոն վիճակը վերականգնելու համար:

բ/ հերթական` ըստ կարևորության հերթականություն

1/ ուղևորատար ճեպընթաց գնացքներ

2/ ուղևորատար ներհանրապետական, միջքաղաքային գնացքներ

3/ փոստաբեռնային, զինվորական, բեռնատար գնացքներ

4/ տնտեսական գնացքներ և առանց վագոնների լոկոմոտիվներ

գ/ հատուկ պահանջով նշանակված գնացքների հերթականությունը որոշվում է դրանց նշանակման պահին, ելնելով գնացքի կարևորությունից:

226. Հայաստանի Հանրապետության տարածքում, գնացքների երթևեկությունն իրականացվում է Երևանի ժամանակով:

Ծառայողական շենքերում, ուղևորատար հարթակներում, ուղևորասրահներում պետք է տեղադրված լինեն պատի ժամացույցներ:

 

ԳԼՈՒԽ 35. ԲԱԺԱՆԱՐԱՐ ԿԵՏԵՐ

 

227. Գնացքների երթևեկությունն իրականացվում է ըստ բաժանարար կետերի` սահմանափակված հատվածներով:

Բաժանարար կետեր կարող են հանդիսանալ կայարանները, ուղեբաժանքները, գծային պահակակետերը, ինքնաուղեփակման անցումային լուսափոխիչները, ինչպես նաև որպես ինքնուրույն ազդանշանման և կապի միջոց հանդիսացող լոկոմոտիվային ազդանշանման համակարգի ուղեփակման տեղամասերը:

228. Կայարանների սահմաններ են հանդիսանում.

ա/ մեկուղանի տեղամասերում` մուտքային լուսափոխիչները

բ/ երկուղանի տեղամասերում` կայարան մտնող գլխավոր գծի մուտքային լուսափոխիչը և կայարանից դուրս եկող գլխավոր գծի «Կայարանի սահման» ազդարարող նշանը, որը տեղադրված է վերջին սլաքային փոխադրիչից հետո ոչ պակաս, քան 50 մ հեռավորության վրա:

229. Երկուղանի տեղամասերում, որոնք սարքավորված են երկկողմանի ինքնաշխատ ուղեփակման համակարգերով, ինչպես նաև այն դեպքում, երբ տեղադրված են ոչ ճիշտ գծով գնացքների ընդունման լուսափոխիչներ, կայարանի սահման են հանդիսանում յուրաքանչյուր գլխավոր գծի համար մուտքային լուսափոխիչները:

230. Յուրաքանչյուր բաժանարար կետ, օժանդակ պահակակետ, ուղևորականգառման կետ պետք է ունենան անվանում կամ համար:

231. Անվանագրերը պետք է տեղադրվեն շենքերի, շինությունների ճակատային տեսանելի տեղերում, գնացքի մոտեցման երկու կողմերից:

232. Երկաթուղային գծերը բաժանվում են գլխավոր /վազուրդներում, կայարաններում/ և հատուկ նշանակության գծերի:

Կայարանների տարածքի բոլոր գծերը, որոնք տրված են կամ պատկանում են այլ կազմակերպությունների, գտնվում են կայարանի պետի հսկողության տակ:

233. Կայարանային յուրաքանչյուր գիծ, սլաքային փոխադրիչ, կենտրոնացման կայարանային կետ և սլաքային կետ, իսկ վազուրդներում` յուրաքանչյուր գլխավոր գիծ պետք է ունենա համար:

234. Չի թույլատրվում նույն կայարանի տարածքում նույն համարը շնորհել սլաքային փոխադրիչների, գծերի և սլաքային կետերին:

 

ԳԼՈՒԽ 36. ԿԱՅԱՐԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

235. Կայարանների տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանվում է կայարանի տեխնիկական-կարգադրական ակտով, որով կարգավորվում է կայարանով գնացքների ընդունման, ուղարկման և տարանցիկ անցման անվտանգ և անարգելք իրականացումը, ներկայարանային տեղաշարժային աշխատանքների անվտանգ կատարումը և աշխատանքի պահպանության պահանջների պահպանումը:

Տեխնիկական կարգադրական ակտով սահմանված կարգը համարվում է պարտադիր երկաթուղու համակարգի բոլոր աշխատողների, ինչպես նաև կայարանի հետ առնչվող այլ կազմակերպությունների աշխատակիցների համար:

236. Տեխնիկական-կարգադրական ակտը կազմվում է կայարանապետի կողմից` ելնելով սույն կանոնների պահանջներից ելնելով:

Տեխնիկական-կարգադրական ակտին կցվում է կայարանի սխեմատիկ պլանը և անհրաժեշտ այլ տեխնիկական փաստաթղթերը: Կայարանի տեխնիկական կարգադրական ակտից, կայարանի պետի կողմից հաստատված համապատասխան քաղվածքները պետք է գտնվեն տեղաշարժային կարգավարի, սլաքային կետերի, լոկոմոտիվային դեպոների հերթապահների, վագոն զննողների աշխատասենյակներում: Քաղվածքները պետք է պարունակեն այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ են նրանց աշխատանքի ընթացքում: Կայարանի հերթապահը պետք է ունենա կայարանի տեխնիկական կարգադրական ակտի կրկնօրինակն ամբողջությամբ:

 

ԳԼՈՒԽ 37. ՍԼԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

237. Գլխավոր և ընդունման-ուղարկման գծերում տեղադրված, ինչպես նաև պահպանվող սլաքները պետք է գտնվեն նորմալ վիճակում:

238. Սլաքների նորմալ վիճակ է հանդիսանում.

ա/ մեկուղանի կայարանների գլխավոր գծերում մուտքային սլաքներ կայարանի յուրաքանչյուր մուտքից դեպի տարբեր գծերի ուղղություններ

բ/ երկուղանի կայարանների գլխավոր գծերի մուտքային սլաքներ դեպի համապատասխան գլխավոր ուղղությունը

գ/ գլխավոր վազուրդների ու կայարանների մնացած սլաքները, բացառությամբ ապահովիչ և որսիչ փակուղիների սլաքները, դեպի համապատասխան գլխավոր գծերի ուղղությունները

դ/ ապահովիչ և որսիչ փակուղիների սլաքները դեպի այդ ուղղությունների փակուղիները:

239. Երկաթուղիների լուսափոխիչների ցուցմունքների և սլաքների դիրքի փոխկապակցության աղյուսակներում, սլաքների նորմալ վիճակը նշվում է «պլյուս» նշանով: Էլեկտրական կենտրոնացում չունեցող սլաքներով կայարաններում, այդ սլաքների նորմալ դիրքը, բացի վերը նշված աղյուսակից, նշվում է նաև կայարանի տեխնիկական-կարգադրական ակտերում և նրանից արված քաղվածքներում: Անհրաժեշտ դեպքերում կայարանի պետի կողմից սահմանվում է չկենտրոնացված կառավարմամբ այն սլաքների նորմալ դիրքը, որոնք մտած չեն ազդանշանների և երթուղիների փոխկապակցության և փոխկախվածության շղթայի մեջ և տանում են դեպի վերականգնողական և հրդեհային գնացքների, առաջին կարգի վտանգավոր /պայթուցիկ նյութեր/ բեռներով բեռնված վագոնների կանգնեցման կայարանային գծեր:

Սահմանված նորմալ դիրքը նշվում է սլաքների իրանների և սլաքների էլեկտրական կենտրոնացման շարժաբերների պատյանների վրա:

240. Սլաքները այլ դիրքի կարող են բերվել հետևյալ պատճառներով.

ա/ գնացքների ընդունման և ուղարկման նպատակով երթուղիների նախապատրաստում

բ/ տեղաշարժային աշխատանքների իրականացում

գ/ շարժակազմի կողմից գծի զբաղվածություն

դ/ գծում առաջացած արգելքների և թերությունների տեղերի շրջափակման և կայարանային գծերի վերանորոգման, կանխարգելող, ընթացիկ շահագործմանն առնչվող աշխատանքների իրականացում

ե/ սլաքների մաքրում, ստուգում և վերանորոգման աշխատանքների իրականացում:

241. Էլեկտրական կենտրոնացմամբ կայարաններում, սլաքների նորմալ դիրքի բերելը պարտադիր չէ, բացառությամբ այն սլաքների, որոնք տանում են դեպի ապահովիչ, որսիչ փակուղիներ, արտանետող սլաքներ: Վերջիններն իրենց նորմալ դիրքերի են բերվում սլաքների հետ վերադարձման ինքնաշխատ սարքերի միջոցով, իսկ այդպիսիների բացակայության դեպքում` կայարանի հերթապահի կողմից:

242. Վազուրդներում տեղադրված սլաքային փոխադրիչները հաշվառվում են, կցվում են վազուրդին հարակից կայարաններից մեկին կամ ճյուղավորման տեղում տեղադրվում է սլաքային պահակակետ:

243. Սլաքների և ազդանշանների կառավարման յուրաքանչյուր կետ կամ պահակակետ, պետք է գտնվի միայն մեկ աշխատողի ղեկավարման ներքո, որը հանդիսանում է պատասխանատու իր ղեկավարման տակ գտնվող սլաքների և ազդանշանների դիրքի փոփոխման և երթևեկության անվտանգության համար:

244. Կայարանային կենտրոնացմամբ սլաքային կետը պետք է գտնվի կայարանի հերթապահի ղեկավարման ներքո:

245. Սլաքների գործարկման կայարանային էլեկտրակենտրոնացմամբ կետերը պետք է գտնվեն այդ կետերի հերթապահի ղեկավարման ներքո:

Սլաքային կետը պետք է գտնվի այդ կետի հերթապահի ղեկավարման ներքո:

Մեքենայացված և ինքնաշխատ համակարգերով տեսակավորման բլրակների կենտրոնացման կետերը պետք է գտնվեն տեսակավորման բլրակի հերթապահի կամ տեսակավորման բլրակի օպերատորի ղեկավարման ներքո:

246. Կայարաններում թույլատրվում է սլաքային երկու կետի սպասարկումը մեկ հերթապահի կողմից, իսկ առանձին սլաքների և սլաքային կետերի սպասարկում թույլատրվում է անմիջականորեն կայարանի հերթապահի կողմից:

247. Կարգավարական կենտրոնացման համակարգերի աշխատանքային գոտում տեղաբաշխված կայարանների սլաքների դիրքի և ազդանշանային սարքավորումների ցուցմունքների փոփոխման պատասխանատու է հանդիսանում երթուղային կարգավարը:

248. Ելնելով կայարանի գծային տնտեսության զարգացվածությունից, իրականացվող տեղաշարժային աշխատանքների բնույթից և ծավալներից, նշանակվում են սլաքային կետերի ավագ հերթապահներ: Սլաքային կետերի ավագ հերթապահը կարող է իրականացնել սլաքային կետի անմիջական սպասարկում կամ միաժամանակ իրականացնել սլաքային կետի սպասարկում և ուրիշ սլաքային կետերի հերթապահների աշխատանքների վերահսկում, եթե այդ կետերը գտնվում են նույն սլաքային շրջանում:

249. Գնացքների ընդունումից ու ուղարկումից առաջ պետք է կողպվեն այն սլաքները, որոնք անմիջապես ելք ունեն դեպի ընդունման և ուղարկման երթուղիներ, ինչպես նաև պաշտպանիչ նշանակության փակուղիներ և երթուղիներ:

Գնացքների ընդունման և ուղարկման նպատակով, երթուղիների կազմման ժամանակ, կենտրոնացված սլաքների դիրքի փոխումն իրականացնում է հերթապահը կամ նրա հանձնարարականով` կենտրոնացման կետի հերթապահը:

Գնացքների ընդունման և ուղարկման երթուղիների կազմման ժամանակ չկենտրոնացված սլաքների դիրքի փոխումը իրականացնում է սլաքային կետի հերթապահի, ավագ հերթապահի կամ կայարանի հերթապահի կողմից, եթե այդ սլաքները սպասարկվում են նրանց կողմից:

250. Գնացքների ընդունման և ուղարկման կազմված երթուղիների չկենտրոնացված համակարգերի կողպված սլաքների բանալիները, եթե այդ սլաքները չունեն բանալիային փոխկախվածության սարքավորումներ, պետք է պահպանվեն կայարանի հերթապահի, կամ սլաքային կետի ավագ հերթապահի մոտ: Բանալիային փոխկախվածության սարքավորումներ ունեցող սլաքների պարագայում, այդ բանալիները կարող են պահպանվել նաև սլաքային կետի հերթապահի կամ կայարանի հերթապահության կարգադրիչ-կարգավորող վահանակում (ապարատում): Վազուրդների, ինչպես նաև միջանկյալ կայարանների ընդունման-ուղարկման գծերի բանալիային փոխկախվածության սարքավորումներ չունեցող, կողպված սլաքների բանալիները, այդ գծերի առանց լոկոմոտիվների գնացքների կամ առանձին վագոնների զբաղվածության պարագայում, պետք է պահպանվեն կայարանի հերթապահի մոտ:

Մյուս առավել կարևոր սլաքների, որոնք տանում են դեպի վտանգավոր` առաջին դասի (պայթուցիկ) նյութերով բեռնված վագոնների կառանման համար նախատեսված գծեր, ինչպես նաև վթարավերականգնողական, հակահրդեհային գնացքների գծեր ու որսիչ փակուղիներ տանող սլաքների կողպեքների բանալիների պահպանման կարգը, ինչպես նաև այդ սլաքների ցանկը սահմանվում է կայարանի տեխնիկական-կարգադրական ակտով:

251. Տեղաշարժերի ժամանակ, սլաքների դիրքի փոխումը կատարվում է ազդանշանորդների, կամ սլաքային կետի հերթապահի կողմից, տեղաշարժային աշխատանքների ղեկավարի կարգադրությունների հիման վրա:

Էլեկտրակենտրոնացմամբ կայարաններում տեղաշարժային աշխատանքների իրականացման ժամանակ սլաքների դիրքի փոփոխումն իրականացվում է կայարանի հերթապահի, կամ էլեկտրակենտրոնացման կետի օպերատորի կողմից:

Այն դեպքում, երբ սլաքների կառավարումը էլեկտրակենտրոնացումից հանձնվում է տեղական կառավարման, ինչպես նաև սլաքային կետի հերթապահի կողմից չշահագործվող չկենտրոնացված սլաքներով, տեղաշարժերի իրականացման դեպքում, թույլատրվում է սլաքների դիրքի փոխումն իրականացնել գնացքակազմավորման և լոկոմոտիվային բրիգադների անձնակազմերի միջոցով:

Այդպիսի աշխատանքներ կարող են իրականացնել նաև վագոնավարները, կայարանների հերթապահները, կայարանների պետերը, լոկոմոտիվային և վագոնային դեպոների աշխատակիցները: Կենտրոնացված կառավարմամբ սլաքի դիրքի փոխելուց առաջ, այն սպասարկող աշխատակիցը պետք է ստուգի և համոզվի, որ այդ սլաքային փոխադրիչը զբաղված չէ շարժակազմով:

252. Սլաքային փոխադրիչի վերանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտության դեպքում, ազդանշանորդը կամ սլաքային կետի հերթապահը, գծի կամ ազդանշանման ու կապի միջոցների ուղեմասերի աշխատակիցներին կարող է թույլատրել աշխատանքների սկսելը, միայն կայարանի հերթապահի կարգադրությամբ:

Աշխատանքների ավարտից հետո, ազդանշանորդը, սլաքային կետի հերթապահը պարտավոր են ստուգել և համոզվել, որ աշխատանքների կատարումից հետո սլաքային փոխադրիչի վիճակը չի վտանգում երթևեկության անվտանգությունը և այդ մասին պարտավոր են զեկուցել կայարանի հերթապահին;

253. Կայարանային գծերի, ինչպես նաև կայարանային գծերին միացված այլ կազմակերպություններին պատկանող գծերի սլաքային փոխադրիչները գտնվում են կայարանի պետի ենթակայության ներքո:

Այլ կազմակերպություններին պատկանող մերձատար գծերի մյուս սլաքային փոխադրիչները գտնվում են տվյալ կազմակերպությունների ենթակայության տակ:

Կայարանների պետերը, համապատասխան կազմակերպությունների ղեկավարները պատասխանատու են իրենց ենթակայության ներքո գտնվող սլաքային փոխադրիչների տեխնիկական պատշաճ սպասարկման ապահովման հարցում, սլաքային փոխադրիչները և սլաքային ցուցիչները միշտ պահելով սարքին ու մաքուր վիճակում, ապահովելով դրանց լավ լուսավորվածություն:

254. Սլաքային փոխադրիչների տեխնիկական վիճակի հսկումը, դրանց մաքրումը, յուղումը և առանձին հեղույսների փոխումը և ամրացումը իրականացնում են`

ա/ չկենտրոնացված համակարգի սլաքային փոխադրիչների պարագայում` դրանք սպասարկող սլաքային կետի հերթապահների կողմից

բ/ կենտրոնացված համակարգի սլաքային փոխադրիչների պարագայում` գծի ուղեմասի աշխատակիցների կողմից:

 

ԳԼՈՒԽ 38. ՏԵՂԱՇԱՐԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

255. Կայարանային գծերում շարժակազմի տեղաշարժային աշխատանքները պետք է իրականացվեն միայն մեկ անձի հրահանգների հիման վրա: Տեղաշարժային աշխատանքները կարող են ղեկավարել կայարանի հերթապահը, երթևեկության կարգավարը, տեղաշարժային կարգավարը, տեսակավորման բլրակի հերթապահը, երթևեկության կարգավարը, եթե կայարանը գտնվում է կարգավարական կենտրոնացման տիրույթում:

Տեղաշարժային աշխատանքներում ղեկավարի պարտականությունները նշվում են կայարանի տեխնիկական-կարգադրիչ ակտում:

256. Տեղաշարժային աշխատանքների ընթացքում հրահանգների, հանձնարարությունների հաղորդման հիմնական միջոց պետք է հանդիսանա ռադիոկապը, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում նաև կայարանային երկկողմանի կապը:

Տեղաշարժային աշխատանքների ժամանակ ազդանշաններ թույլատրվում է տալ ձեռքի ազդանշանային սարքերով:

257. Տեղաշարժեր իրականացնող լոկոմոտիվի, հատուկ ինքնաշարժ շարժակազմի/դրեզինաներ, մատրիսներ և այլն/ մեքենավարները, իրավունք չունեն շարժման մեջ դնել լոկոմոտիվը կամ ինքնաշարժ շարժակազմը, մինչև տեղաշարժային աշխատանքների ղեկավարի կողմից անձամբ հրահանգ ստանալը:

Այդ հրահանգը նրան կարող է տրվել ռադիոկապով, երկկողմանի կապի միջոցով, ինչպես նաև ձեռքի ազդանշանային սարքերի միջոցով:

Տեղաշարժային աշխատանքների ղեկավարի կողմից անհրաժեշտ հրահանգը կամ ազդանշանը ստանալուց հետո, կենտրոնացված ղեկավարմամբ սլաքների վրա դուրս գալուց առաջ, մեքենավարը պետք է համոզվի տեղաշարժային լուսափոխիչի թույլատրող ցուցիչի առկայության հարցում, իսկ չկենտրոնացված սլաքների պարագայում, սլաքների վրա դուրս գալուց առաջ, սլաքային կետի հերթապահից ստանա /անձամբ, ռադիոկապով, երկկողմանի կապի միջոցներով/ սլաքի պատրաստ լինելու հավաստման հաղորդագրություն:

Սլաքների և ազդանշանների էլեկտրակենտրոնացմամբ կայարաններում, եթե սլաքները տրվել են տեղական կառավարման, ապա այդպիսի սլաքների վրա դուրս գալը թույլատրվում է միայն այդ սլաքները սպասարկող, դրանց դիրքը փոխող աշխատակցից թույլտվությունն ստանալուց հետո:

258. Տեղաշարժային աշխատանքների իրականացման արագությունն ըստ կայարանների սահմանում է տվյալ գծային տնտեսության ուղեմասի պետը:

Տեղաշարժային աշխատանքների իրականացման ժամանակ սահմանված արագությունները, աշխատանքների ընթացքում անվտանգության պահպանման պայմանները ամրագրվում են և սահմանվում կայարանի տեխնիկական- կարգադրիչ ակտերում:

259. Կայարանային գլխավոր գծերում, տեղաշարժային աշխատանքները իրականացնելիս, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման ժամանակ, կայարանային ելքային /մուտքային/ սլաքների վրա դուրս գալու անհրաժեշտության դեպքում, այդ աշխատանքները կարելի է իրականացնել յուրաքանչյուր այդպիսի դեպքի համար կայարանի հերթապահի թույլտվությունը ստանալուց հետո, համապատասխան ելքային լուսափոխիչների փակված դիրքերի պարագայում, բացառելով այլ շարժակազմերի ելքը դեպի այն գծեր և սլաքներ, որոնց վրա իրականացվում են տեղաշարժեր:

Առանց երկաթուղու երթևեկության կարգավարի և հարևան կայարանի հերթապահի համաձայնության, տեղաշարժային աշխատանքներ իրականացնելիս, արգելվում է շարժակազմի ելքը վազուրդ: Այդպիսի ելքեր դեպի վազուրդներ իրականացնելիս, նախօրոք մեքենավարին պետք է հանձնվի սահմանված ձևի թույլտվության կտրոն:

260. Թեքությունների վրա տեղաբաշխված կայարանային գծերում տեղաշարժեր իրականացնելիս, որտեղ առկա է գնացքների, շարժակազմերի դեպի վազուրդ կամ գնացքի մեկնման երթուղի ինքնաբերաբար փախչման վտանգ, լոկոմոտիվը պետք է գնացքի կազմում տեղադրվի թեքության կողմից և միացվի ու ստուգվի վագոնների ինքնաշխատ արգելակման համակարգը: Եթե տեխնիկապես հնարավոր չէ լոկոմոտիվի գծի թեքության ուղղությամբ գնացքի առջևից տեղադրելը, ապա այդպիսի գծերում, տեղաշարժային աշխատանքները պետք է իրականացվեն նստեցման մեթոդով, վագոնների ինքնաշխատ արգելակման համակարգի միացման և ստուգման պայմանով:

261. Արգելվում է տեսակավորման բլրակների օգտագործումով տեղաշարժային աշխատանքներ իրականացնել այն շարժակազմերի հետ, որոնց վրա կան հետևյալ հատուկ նշումները.

ա/ «Բլրակից բաց չթողնել»,

բ/ «Բլրակով չանցկացնել»:

262. Կայարանային գծերում շարժակազմերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի նրանք գտնվեն կայարանի սահմանները նշող սահմանային սյունիկներից ներս գտնվող տարածքներում:

Կայարանային գծերում կանգնած, առանց լոկոմոտիվների, գնացքակազմերը, հատուկ շարժակազմերը պետք է հուսալի ամրացված լինեն արգելակային կալոններով, վագոնների ամրացման հատուկ սարքավորումներով, ձեռքի արգելակներով:

Կայարաններում կանգնած, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում չօգտագործվող, մաքրման, հականեխման, ինչպես նաև վերանորոգման տակ չգտնվող վագոնների դռները պետք է փակված լինեն:

263. Առաջին դասի պայթուցիկ նյութերով բեռնված վագոնները, հեղուկ գազով լցված տակառագլանային վագոնները, եթե դրանք չեն գտնվում գնացքակազմում, կայարանները պետք է կանգնեցվեն առանձին հատուկ գծերում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք գնացքակազմման նպատակով գտնվում են կուտակման, տեսակավորման գծերում:

Առանձին կանգնեցված այդպիսի վագոնները պետք է հուսալի ամրացված և պատնեշված լինեն կանգառի շարժական ազդանշաններով:

Այդ գծերի սլաքները պետք է բերված լինեն այնպիսի դիրքի, որպեսզի բացառվի այլ շարժակազմի, գնացքների մուտքը այդ գծեր:

Առաջին դասի պայթուցիկ նյութերով բեռնված և հեղուկ գազով լցված տակառագլանային վագոնները, գնացքակազմման նպատակով, կուտակման տեսակավորման գծերում գտնված ժամանակահատվածում, պետք է պահպանվեն և նրանց համար կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցառումներ:

264. Տեղաշարժեր իրականացնող լոկոմոտիվի ընթացքը պետք է կառավարի միայն մեկ աշխատակից, այն է տեղաշարժային աշխատանքների ղեկավարը /գնացք կազմողը/, որն էլ պատասխանատու է դրանց ճիշտ իրականացման հարցում:

265. Տեղաշարժային աշխատանքների ղեկավարը պարտավոր է.

ա/ ճիշտ և ժամանակին կատարել տեղաշարժային աշխատանքների հանձնարարությունը

բ/ ապահովել տեղաշարժային աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների ճիշտ տեղաբաշխումը և նրանց գործողությունների համաձայնեցվածությունը, նրանց տեղաշարժային աշխատանքների իրականացման ծրագրի և ձևերի հետ ծանոթացման հիման վրա

գ/ գնացքները կազմավորել սույն կանոնների և Հայկական երկաթուղու գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան

դ/ տեղաշարժային աշխատանքներն իրականացնել այնպես, որպեսզի պահպանվի երթևեկության անվտանգությունը, այդ աշխատանքներում ընդգրկված մարդկանց անձնական անվտանգությունը, բեռների և շարժակազմերի անխաթարությունը: Մարդկանցով զբաղեցրած վագոնների, ինչպես նաև ոչ տրամատային ու վտանգավոր բեռներով վագոնների տեղաշարժերը պետք է իրականացվեն հատուկ զգուշավորությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր վթարները, պայթյունները և հրդեհները:

266. Տեղաշարժային աշխատանքների ընթացքում լոկոմոտիվային բրիգադի անձնակազմը պարտավոր է.

ա/ ճշտորեն և ժամանակին կատարել տեղաշարժային աշխատանքին առնչվող հանձնարարությունը

բ/ ուշադիր հետևել տրվող ազդանշաններին, ճիշտ և ժամանակին կատարել շարժմանն առնչվող ազդանշանները և նշանները

գ/ ուշադիր հետևել գծերում գտնվող մարդկանց, սլաքների դիրքին և շարժակազմի տեղակայմանը

դ/ ապահովել տեղաշարժերի իրականացման անվտանգությունը և շարժակազմի անխաթարությունը:

267. Լոկոմոտիվային բրիգադի, հավաքական գնացքների հետ աշխատող, գնացք կազմող բրիգադի անձնակազմերը, ինչպես նաև տեղաշարժային աշխատանքներին մասնակցող այլ անձինք պետք է իմանան տվյալ կայարանում տեղաշարժային աշխատանքների կատարման կարգը կայարանի տեխնիկական-կարգադրիչ ակտում տեղաշարժային աշխատանքներին վերաբերող հանձնարարականները:

 

ԳԼՈՒԽ 39. ԳՆԱՑՔԱԿԱԶՄՈՒՄ

 

268. Գնացքները պետք է կազմվեն համաձայն սույն կանոնների պահանջների, երթևեկության գրաֆիկի և գնացքակազմման ծրագրերին համապատասխան:

Բեռնատար գնացքների քաշային նորմաները և նրանց երկարությունները երկաթուղու յուրաքանչյուր տեղամասի, տարածքի համար հաստատագրվում է երթևեկության գրաֆիկի և գնացքակազմման պլանում: Դրանք պետք է համապատասխանեն լոկոմոտիվի տեսակին, գծի պրոֆիլին, կայարանների ընդունող-ուղարկող գծերի օգտակար երկարություններին, իսկ էլեկտրիֆիկացված տեղամասերում նաև քարշի հաստատուն հոսանքի /3. 2 կվ/ էլեկտրամատակարարման պայմաններին:

269. Չի թույլատրվում գնացքի կազմում ընդգրկել.

ա/ անսարք, երթևեկության անվտանգությունը վտանգող վագոններ, որոնց տեխնիկական վիճակը չի ապահովի տեղափոխվող բեռի պահպանվածությունը

բ/ իրենց բեռնատարողությունից ավել բարձված վագոններ

գ/ բեռնման և ամրացման տեխնիկական պայմանների խախտումով, բեռնված հարթակային վագոնները, կիսավագոնները, ինչպես նաև դռները, բաց շարժակազմերը

դ/ գերճնշված /նստած/ զսպակներով վագոններ, որը կարող է տեղիք տալ գնացքի հենոցի և թափքի հանգույցների ընթացքային մասերի հարվածների

ե/ վագոնի ծածկի անսարքություններ, որոնք կարող են պատճառ դառնալ թիթեղյա թերթերի կամ այլ մասերի պոկման

զ/ գծից արտաընկված, կամ վթարի ենթարկված գնացքի կազմում եղած վագոններ, մինչև դրանց զննումը և պիտանիության հավաստումը

է/ վագոնի վրա սահմանված վերանորոգումների իրականացման վերաբերյալ, գրառումների բացակայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վագոնը երթևեկում է հատուկ փաստաթղթերով /ինչպես բեռ սեփական առանցքների վրա/

ը/ ոչ տրամատային բեռներով հարթակային վագոններ, կիսավագոններ և այլ տիպի վագոններ, եթե նրանց երթևեկության թույլտվության հարցով չկան հատուկ հանձնարարականներ

թ/ չփակված կողերով հարթակային վագոններ, եթե նրանց երթևեկության թույլտվության հարցով չկան հատուկ հանձնարարականներ

ժ/ տակառագլանային, հոպպեր, ցորենակիր, ցեմենտակիր և դրանց դասի վագոններ, եթե փակված և ամրացված չեն նրանց զետեղարանների բեռնման-բեռնաթափման հարմարանքների վերին և ստորին կափարիչները

ժա/ բաց կամ կիսաբաց լրիվ չփակված, չամրացված դռներով և դիտանցքներով կիսավագոններ

ժբ/ բաց կամ կիսաբաց, լրիվ չփակված, չամրացված դռներով դատարկ փակ վագոններ

ժգ/ նավթային կամ այլ ծագման բիտումների ու խեժերի տեղափոխման համար նախատեսված վագոններ, եթե մաքրված չեն այդ վագոնների անվազույգերի գլորման շրջանի մակերեսները, տեղափոխվող բիտումի կամ խեժի թափվածքները:

270. Բոլոր ուղևորատար գնացքներում առաջին և վերջին վագոնների եզրային, վերջին դիմային դռները պետք է կողպված լինեն, իսկ անցումային հարթակները` բարձրացված վիճակում ամրացված:

Չի թույլատրվում ուղևորատար փոստաբեռնային գնացքների կազմում ընդգրկել.

ա/ վտանգավոր բեռներով վագոններ

բ/ զննումների և վերանորոգումների առումով ժամկետանց վագոններ:

271. Բեռնատար գնացքների կազմավորումն իրականացվում է առանց վագոնների ըստ քաշի և առանցքների քանակի նախնական ընտրության:

Ծանրաքաշ և երկարակազմ գնացքների կազմավորման ժամանակ դատարկ վագոնները պետք է տեղադրվեն գնացքի վերջին երրորդ մասում:

Հավաքական գնացքներում վագոններն ընտրվում և գնացքի կազմում տեղադրվում են խմբերով, ըստ դրանց նշանակման կայարանների, իսկ բաշխիչ հավաքական վագոնները տեղադրվում են մեկ խմբով:

272. Մարդկանցով զբաղեցված ուղևորատար և բեռնատար վագոնների կցումը բեռնատար գնացքներին իրականացվում է միայն երկաթուղում երթևեկության արդյունավետության կամ անվտանգության ապահովման նպատակով:

 

ԳԼՈՒԽ 40. ԳՆԱՑՔՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԿՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

273. Շարժակազմի, հատուկ շարժակազմի տեխնիկական հագեցվածությունից կախված, արգելակային միջոցների համար Հայկական երկաթուղում սահմանվում են.

ա/ ուղևորատար և բեռնատար գնացքների յուրաքանչյուր 100 տոննա քաշի համար միասնական արգելակային սեղմման մեծություն, ինչպես նաև ամենամեծ կառավարվող վայրէջքի երկարություն, որով թույլատրվում է գնացքների երթևեկություն, սահմանված առավելագույն արագություններով

բ/ երթևեկության արագության, թեքության մեծության, արգելակային սեղմման և արգելակման ճանապարհի միջկախվածությունը

գ/ արգելակային կալոնների շարժակազմի և հատուկ շարժակազմի առանցքի վրա սեղմման հաշվարկային չափորոշիչներ, ինչպես նաև գնացքները ձեռքի արգելակներով ապահովելու չափորոշիչներ և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են արգելակային հաշվարկների իրականացման համար:

274. ՈՒղևորատար գնացքներում, ինքնաշխատ արգելակման համակարգի մեջ պետք է ընդգրկվեն ուղևորատար տիպի ինքնաշխատ արգելակներով վագոններ, իսկ բեռնատար և տնտեսական գնացքներում, բեռնային տեսակի ինքնաշխատ արգելակներով վագոններ և հատուկ շարժակազմեր:

ՈՒղևորատար և փոստաբեռնային գնացքները պետք է շահագործվեն էլեկտրաօդաճնշիչ արգելակմամբ: ՈՒղևորատար և փոստաբեռնային գնացքների կազմում ՌԻՑ տրամատով վագոնների ընդգրկման դեպքում թույլատրվում է այդպիսի գնացքների երթը օդաճնշիչ արգելակմամբ:

Գնացքների կազմում ընդգրկված բոլոր լոկոմոտիվների և հատուկ շարժակազմերի ինքնաշխատ արգելակման համակարգերը պետք է միացված լինեն գնացքի արգելակման համակարգին:

Բեռնատար և տնտեսական գնացքներում կարելի է ընդգրկել շարժակազմ, ինչպես նաև հատուկ շարժակազմ, եթե դրանք ունեն արգելակման հենամեջային մայրուղի, պայմանով, որ գնացքի մեջ ընդգրկվող շարժակազմային խմբի առանցքների ընդհանուր թիվը չի գերազանցի 8-ը, իսկ եթե ընդգրկվող խումբը պետք է տեղադրվի գնացքի պոչամասում, վերջին երկու վագոնից առաջ, ոչ ավել քան 4 առանցքը: Վերջին երկու վագոնները պետք է ունենան սարքին, գործող, միացված ինքնաշխատ արգելակներ:

275. Գնացքներում ինքնաշխատ արգելակների փորձարկումն իրականացվում է:

1) Արգելակման մայրուղու և բոլոր վագոնների արգելակների գործելու ստուգմամբ լրիվ փորձարկում.

ա/ գնացքների ուղարկումից առաջ, գնացքների կազմավորման կայարաններում.

- լոկոմոտիվի փոխումից հետո

- գնացքի տեխնիկական սպասարկման իրականացման համար նախատեսված կայարաններում, անկախ նրանից, լոկոմոտիվ փոխվում է, թե` ոչ

- դեպոյից շարժիչավագոնային գնացքի դուրս գալուց առաջ, ինչպես նաև նրանց կայարանում առանց բրիգադի կանգառից հետո

- ձգվող վայրէջքներին անմիջապես հաջորդող կայարաններում, որտեղ գնացքի կանգառ նախատեսվում է երթևեկության գրաֆիկով: 0.018 և ավելի զառիթափություն ունեցող վայրէջքներից հետո, լրիվ փորձարկում իրականացվում է տասը րոպեանոց արգելակման վիճակի պահմամբ:

Էլեկտրաօդաճնշիչ արգելակների լրիվ փորձարկում իրականացվում է ուղևորատար գնացքների կազմավորման ու շրջապտուտային կայարաններում, օգտագործելով կայարանային կամ գնացքի լոկոմոտիվի օդաճնշման սարքավորումները, տեղակայանքները:

2) Արգելակման մայրուղու և գնացքի պոչամասի վերջին երկու վագոնների, շարժիչավագոնային գնացքների դեպքում ` պոչամասի վերջին վագոնի արգելակների գործելու ստուգմամբ կրճատված փորձարկում.

- գնացքի լոկոմոտիվի գնացքին կցումից հետո, եթե նախապես կայարանում իրականացվել է ինքնաշխատ արգելակների լրիվ փորձարկում, կայարանային կամ լոկոմոտիվի օդաճնշման սարքավորումների օգտագործումով

- շարժիչավագոնային գնացքի կառավարման խցիկի փոխումից հետո, եթե լոկոմոտիվը գնացքից չի անջատվում

- վագոնների կաշեփոկերի` միմյանցից անջատման ցանկացած դեպքից հետո, գնացքի վերջին ծորանի բացման, գնացքին նոր վագոնների կցման պատճառով կաշեփոկերի միացման գործողություններից հետո:

Ընդսմին, գնացքին նոր շարժակազմերի կցման դեպքում պետք է ստուգվեն նոր միացված վագոններից յուրաքանչյուրի արգելակների աշխատանքը:

- 20 րոպեից ավել ժամանակով կանգառներից հետո, ուղևորատար գնացքի գլխավոր պահուստարաններում օդի ճնշման 5,5 կիլոգրամ/սանտիմետր2 սահմանային ցուցանիշից ցածր ընկնելու դեպքում, ինչպես նաև ղեկավարման խցիկի փոխման կամ գնացքի կառավարումը երկրորդ լոկոմոտիվի մեքենավարին փոխանցելու դեպքում կապված վազուրդում գնացքի չնախատեսված կանգառի և դրա հետևանքով գլխամասային խցիկից գնացքի երթևեկության կառավարման իրականացման անհնարինության

ա/ բեռնատար գնացքում, եթե կանգառի ժամանակ տեղի է ունեցել ինքնաշխատ արգելակների ինքնուրույն գործում կամ առկա է օդի ճնշման խտության փոփոխություն ՎՈՒ-45 ձևի տեղեկանքում նշվածից ավելի քան 20 տոկոս

բ/ բեռնատար գնացքների 30 րոպեից ավել կանգառներից հետո, եթե կանգառման կայարանում կան վագոններ զննողներ կամ աշխատակիցներ, որոնք ուսուցված են վագոնների ինքնաշխատ արգելակների փորձարկումներ կատարելու հարցում և որոնց վրա դրված է այդպիսի փորձարկումներ իրականացնելու ծառայողական պարտականություններ:

Էլեկտրաօդաճնշմամբ արգելակների կրճատ փորձարկումներ իրականացվում են լոկոմոտիվների, լոկոմոտիվային բրիգադների փոխման կետերում և կայարաններում, ինչպես նաև գնացքին լրացուցիչ վագոնների կցում իրականացնելուց հետո, նոր կցված յուրաքանչյուր վագոնի արգելակների պարտադիր ստուգմամբ: Արգելակների կրճատ փորձարկում պետք է իրականացվի նաև գնացքին երթային լոկոմոտիվի կցումից հետո, եթե նախապես կայարանում իրականացվել է գնացքի էլեկտրաճնշմամբ արգելակների լրիվ փորձարկում, օգտագործելով կայարանային տեղակայանքները կամ լոկոմոտիվային սարքավորումները:

Լրիվ կամ կրճատ փորձարկումներից հետո գնացքի արգելակային համակարգը պետք է պարբերաբար փորձարկվի նաև գնացքի երթևեկության ընթացքում:

Այն կայարաններում, որտեղ նախատեսված չեն վագոններ զննողներ, ինչպես նաև վազուրդներում, ուղևորատար գնացքների արգելակների կրճատ փորձարկումներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, այդ աշխատանքներում պետք է ընդգրկվեն գնացքի պետը /մեխանիկ-բրիգադիրը/, ինչպես նաև գնացքի գլխամասային և վերջին վագոնների ուղեկցողները, լոկոմոտիվի մեքենավարի ռադիոկապով կամ ուղղակի արված կարգադրության հիման վրա:

276. Գնացքի արգելակների լրիվ կամ կրճատ փորձարկում իրականացնելուց հետո, վագոններ զննողը գնացքի գլխամասային լոկոմոտիվի մեքենավարին, որը իրականացնում է գնացքի կառավարումը, հանձնում է տեղեկանք, որով հավաստում է գնացքը արգելակներով ապահովվածությունը և արգելակային համակարգի հստակ գործումը: Նշված տեղեկանքում պետք է նշվի նաև գնացքի վերջին վագոնի համարը: Շարժիչավագոնային գնացքի ինքնաշխատ արգելակների լրիվ փորձարկման յուրաքանչյուր դեպք գրանցվում է այդ նպատակով առանձնացված հատուկ մատյանում: Ինքնաշխատ արգելակների յուրաքանչյուր կրճատ փորձարկումից հետո, վագոններ զննողը կամ այդ պարտականությունները կատարող պաշտոնատար անձը պետք է նշում կատարի մեքենավարի մոտ եղած արգելակներին վերաբերող տեղեկանքում:

Եթե կրճատ փորձարկման ժամանակ չեն գործում գնացքի պոչամասի վերջին երկու վագոնների արգելակները, ինքնաշխատ արգելակների փորձարկման պարտականություններ կատարող աշխատակիցը պարտավոր է միջոցներ ձեռք առնել, որպեսզի թույլ չտա գնացքի մեկնում:

Այն կայարաններում, որտեղ նախատեսված չեն վագոններ զննողի պաշտոն, ուղևորատար և բեռնատար գնացքների ինքնաշխատ արգելակների գործողության ստուգման նպատակով ընդգրկվում են երկաթուղու այլ աշխատակիցներ:

277. Արգելակների կիրառման և կառավարման բնութագրերի ստուգման համար /արագացուցիչ ժապավենների վերծանմամբ/ պետք է օգտագործվեն արգելակափորձարկիչ վագոններ:

 

ԳԼՈՒԽ 41. ԳՆԱՑՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

278. ՈՒղևորատար, փոստաբեռնային, զինվորական և մարդկանցով զբաղեցրած գնացքները պետք է ունենան հակահրդեհային, ինչպես նաև մարդկանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու միջոցներ:

ՈՒղևորատար գնացքները սարքավորում են լոկոմոտիվի մեքենավարի հետ ռադիոկապով կամ կապի այլ միջոցներով:

279. Լոկոմոտիվները պետք է ունենան երկու շարժական ռադիոկայաններ հրդեհաշեջ և շարժակազմը գծի վրա բարձրացնելու միջոցների ազդարարման անհրաժեշտ սարքավորումներ, գործիքներ և այլ գույք:

Լոկոմոտիվները և շարժիչավագոնային գնացքները պետք է ունենան արգելակման 4 կալոններ, անհրաժեշտության դեպքում վազուրդում գնացքը ամրակապելու համար:

280. Երթևեկության ողջ ընթացքում գնացքը սպասարկվում է լոկոմոտիվային բրիգադի կողմից կամ հատուկ ինքնաշարժ շարժակազմի ղեկավարման բրիգադի կողմից: ՈՒղևորատար գնացքների պարագայում, գնացքի սպասարկումն իրականացվում է նաև ուղեկցողների և գնացքի ողջ անձնակազմի կողմից:

Հատուկ շարժակազմերը, բացի վերը նշվածից, բանվորական վիճակում սպասարկվում են այդ նպատակի համար նախատեսված բրիգադների կողմից:

Վազուրդներում գնացքների ղեկավարումն իրականացնում է աշխատանքների ղեկավարը կամ նրա կողմից նշանակված անձը:

Լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցողների հանգստի համար շրջապտուտային կետերում պետք է լինեն հատուկ հանգստի տներ կամ սենյակներ:

 

ԳԼՈՒԽ 42. ԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԼՈԿՈՄՈՏԻՎԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

 

281. Գործող էլեկտրաքարշերը և ջերմաքարշերը գնացքի կազմում տեղադրվում են նրա գլխամասում և մեքենավարի կողմից կառավարվում են առջևի խցից: Մեկ կառավարման խուց ունեցող ջերմաքարշերը տեղադրվում են գնացքի գլխամասում, առաջ երթևեկության համար:

Երկու կամ երեք գործող լոկոմոտիվներով գնացքներում, գնացքի գլխամասում, տեղադրվում է այն լոկոմոտիվը, որը ունի ամենահզոր ճնշակային սարքավորումներ:

282. Կառավարման մեկ խցիկ ունեցող լոկոմոտիվների և հատուկ ինքնաշարժ շարժակազմերի հետընթաց վիճակով երթևեկություն թույլատրվում է միայն.

ա/ մերձքաղաքային, տնտեսական, վերականգնողական, հրդեհաշեջ, տեղափոխային գնացքներում

բ/ երկաթուղային մերձատար գծերով

գ/ տեղաշարժային աշխատանքների ընթացքում

դ/ կրկնակի քարշի դեպքում, երկրորդ լոկոմոտիվի համար

ե/ այն կայարաններից գնացքի ուղարկման դեպքում, որոնք չունեն լոկոմոտիվի շրջման հարմարանքներ

զ/ գնացքի հրումից հետո մեկնման կայարան վերադառնալու դեպքում

է/ նույն կայարանների երկու ուղղությամբ գնացքի հրման աշխատանքներ իրականացնելու դեպքում, ինչպես նաև կայարանի տարածքում գնացքի հրման աշխատանքներ իրականացնելու ժամանակ

ը/ վազուրդից օգնող լոկոմոտիվով գնացքի դուրս հանման աշխատանքների իրականացման ընթացքում

թ/ առանց վագոնների ընթացքի ժամանակ:

283. Անաշխատունակ վիճակում ուղարկվող լոկոմոտիվները գնացքում կարող են տեղադրվել տանող լոկոմոտիվից հետո:

 

ԳԼՈՒԽ 43. ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

284. Տեղամասում գնացքների երթևեկությունը պետք է ղեկավարի միայն մեկ աշխատող, այն է` երթևեկության կարգավարը, որը պատասխանատու է իր սպասարկման տեղամասում գնացքների երթևեկության գրաֆիկի կատարման համար:

Երթևեկության կարգավարի հրամանները ենթակա են անվերապահ կատարման իր սպասարկած տեղամասում գնացքների երթևեկության հետ անմիջական առնչություն ունեցող ցանկացած անձի կողմից:

Երթևեկության կարգավարի սպասարկած տեղամասում չի թույլատրվում` շրջանցելով նրան, տալ գնացքների երթևեկությանն առնչվող օպերատիվ հանձնարարականներ:

Արտակարգ, չնախատեսված իրավիճակների հետևանքով, ստիպված ուղևորատար գնացքի լոկոմոտիվի մեկ մեքենավարով կառավարման դեպքում, երթևեկության կարգավարը պարտավոր է ապահովել այդ գնացքի ընթացքի հսկումը և այդ մասին տեղյակ պահել տեղամասի կայարանների հերթապահներին:

285. Գնացքների երթևեկության կառավարման առումով, յուրաքանչյուր կայարան, գծային կետ և յուրաքանչյուր գնացք պետք է միաժամանակ գտնվեն մեկ աշխատողի ենթակայության ներքո, կայարանները կամ գծային կետերը` տվյալ կայարանի հերթապահի ղեկավարման ներքո, իսկ եթե դրանք տեղաբաշխված են կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում, ապա` երթուղային կարգավարի ղեկավարման ներքո: Գնացքը, շարժիչավագոնային գնացքը պետք է գտնվեն գլխամասային տանող լոկոմոտիվի մեքենավարի ղեկավարման ներքո, հատուկ ինքնաշարժ շարժակազմը` մեքենավարի ղեկավարման ներքո:

Կայարանների տարածքներում, գնացքների, հատուկ ինքնաշարժ շարժակազմերի մեքենավարները ենթարկվում են տվյալ կայարանի հերթապահին և նրա հրամանները ենթակա են անվերապահ կատարման, ինչպես գնացքների, հատուկ շարժակազմերի մեքենավարների, այդպես էլ գնացքներն ու շարժակազմերը սպասարկող այլ աշխատակիցների կողմից, իսկ այն կայարաններում, որոնք մտնում են կարգավարական կենտրոնացման տեղամասերի մեջ, ենթակա են երթևեկության կարգավարին:

286. Կայարան ժամանող յուրաքանչյուր գնացք պետք է ընդունվի այդ տիպի գնացքների ընդունման համար նախօրոք որոշված գծերի վրա:

Գնացքների ընդունման և ուղարկման նպատակով նախատեսված գծերի օգտագործման կարգը պետք է նշված լինի կայարանի տեխնիկական-կարգադրիչ ակտում:

287. Կայարանի հերթապահը պարտավոր է գնացքների` ժամանակին ընդունման համար ապահովել ազատ գծերի առկայություն և թույլ չտալ գնացքի ընթացքի կասեցում կայարանի մուտքային ազդանշանի դիմաց, առանց դրա անհրաժեշտության:

Չի թույլատրվում ընդունման-ուղարկման գծերի զբաղեցումը առանձին վագոններով կամ վագոնների խմբով, որոնք անջատվել են տարանցիկ գնացքներից ու նախատեսված են բեռնման-բեռնաթափման համար, վերանորոգման նպատակով կամ այլ գործառույթներ իրականացնելու համար:

Միջանկյալ կայարաններում ընդունման-ուղարկման գծերի ժամանակավոր զբաղեցումը առանձին վագոններով կամ վագոնների խմբով կարելի է միայն երթևեկության կարգավարի թույլտվությամբ:

Չի թույլատրվում որսիչ փակուղիների զբաղեցումը ցանկացած տեսակի շարժակազմով, իսկ ապահովիչ փակուղիները` այն ուղևորատար և բեռնատար վագոններով զբաղեցնելը, որոնցում կան մարդիկ կամ վտանգավոր բեռներ:

Հայկական երկաթուղում արգելվում է ցանկացած տիպի և նշանակության գնացքի` մեկ մեքենավարով միանձնյա վարումը:

288. Կայարանապետը պարտավոր է հսկել կայարանի հերթապահների, կենտրոնացման կետի հերթապահների, ազդանշանորդների, սլաքային կետերի հերթապահների աշխատանքը, կապված գնացքների ընդունման և ուղարկման գործառույթների ճիշտ իրականացման հետ, ինչպես նաև տեղաշարժային աշխատանքների իրականացման ընթացքում, հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ խախտված են ազդարարման և կապի սարքավորումների բնականոն աշխատանքը:

Կայարանապետը պարտավոր է այնպես կազմակերպել կայարանի հերթապահների աշխատանքը, որպեսզի երթևեկության անվտանգության անվերապահ ապահովմամբ թույլ չտա գնացքների ուշացումներ:

Կայարանի հերթապահի սենյակը պետք է առանձնացված և մեկուսացված լինի: Կայարանի հերթապահի սենյակ մուտքի իրավունք ունեն միայն կայարանապետը, հերթապահի աշխատանքը վերահսկող անձինք, հերթապահի հետ համատեղ իրենց աշխատանքային պարտականությունները կատարող և ղեկավարման ու կառավարման սարքավորումների աշխատանքին հետևող անձինք:

Այն կայարաններում, որտեղ հաստիքացուցակով նախատեսված չեն փոխադրումների, գնացքների ընդունման և ուղարկման հարցերով զբաղվող անձինք, ինչպես նաև տեղաշարժային սլաքների սպասարկման աշխատանքներ իրականացնող աշխատակիցներ, ուղևորներին սպասարկող անձինք, ապա այդ պարտականությունների կատարումը կարող են դրվել այլ աշխատակիցների վրա:

 

ԳԼՈՒԽ 44. ԳՆԱՑՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

289. Կայարան գնացքների ընդունումը պետք է իրականացվի կայարանի չզբաղեցրած գծերով, որոնք նախատեսված են գնացքների ընդունման-ուղարկման համար և նշված են կայարանի տեխնիկական-կարգադրիչ ակտում: Գնացքներն ընդունվում են կայարանի մուտքային ազդանշանի բաց վիճակով, իսկ ուղևորատար գնացքները, ի հավելումն այս պայմանի, այն գծերի վրա, որոնք սարքավորված են լոկոմոտիվային ինքնաշխատ ազդարարման սարքերով:

290. Կայարանի հերթապահը իրավունք չունի բացելու մուտքի լուսափոխիչը, առանց համոզվելու, որ գնացքի ընդունման երթուղին պատրաստ է, սլաքները փակված են, ընդունման գիծը զբաղված չէ և տեղաշարժերը ընդունման երթուղու սլաքների վրա ավարտված են:

Մուտքի լուսափոխիչը անձամբ պետք է բացի կայարանի հերթապահը կամ նրա հանձնարարությամբ` կենտրոնացման կետի հերթապահը: Այն տեղամասերում, որոնք ունեն կարգավարական կենտրոնացում, կայարանի մուտքի լուսափոխիչը բացում է երթևեկության կարգավարը: Մուտքային լուսափոխիչը պետք է փակվի ինքնաշխատ, ժամանող գնացքի առաջին անվազույգի լուսափոխիչի սահմանն անցնելուց անմիջապես հետո:

Այն կայարաններում, որտեղ չկան ռելսային էլեկտրական շղթաներ, մուտքային լուսափոխիչը պետք է փակվի կայարանի հերթապահի, կենտրոնացման հերթապահի, սլաքային կետի հերթապահի կողմից` ժամանող գնացքի` ամբողջ կազմով լուսափոխիչի սահմանն անցնելուց հետո:

291. Ազդանշանների արգելող ցուցիչներով կամ հիմնական մուտքային լուսափոխիչների լույսերի հանգած վիճակում գնացքների ընդունում կայարան չի թույլատրվում: Ազդանշանների արգելող ցուցիչներով կամ հիմնական մուտքային լուսափոխիչների լույսերի հանգած վիճակում գնացքի ընդունում կայարան կարելի է իրականացնել հրավիրող ազդանշանի միջոցով, կայարանի հերթապահի հատուկ թույլտվությամբ, միայն բացառիկ դեպքերում:

Հրավիրող ազդանշանի կամ կայարանի հերթապահի հատուկ թույլտվությամբ` գնացքի ընդունումը կայարան, պետք է իրականացնել ոչ ավել, քան 10 կիլոմետր/ժամ արագությամբ: Այդպիսի իրավիճակում մեքենավարը պարտավոր է գնացքը վարել առավել ուշադրությամբ և պատրաստ լինի գնացքն անմիջապես կանգնեցնելու, եթե ի հայտ կգան հետագա ընթացքին խանգարող արգելքներ:

292. Կայարանի հերթապահը, իսկ կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում` երթևեկության կարգավարը, կայարան գնացքի ընդունումից առաջ պարտավոր է.

ա/ համոզվել, որ ազատ է գնացքի ընդունման համար նախատեսված գիծը

բ/ դադարեցնել բոլոր տեսակի տեղաշարժային աշխատանքները, որոնք առնչվում են գնացքի ընդունման գծի և երթուղու հետ և ունեն ելքի հնարավորություն դեպի այդ գիծ ու երթուղի

գ/ պատրաստել գնացքի ընդունման երթուղին

դ/ բացել մուտքային լուսափոխիչը:

293. Հայկական երկաթուղում արգելվում է կայարան նույն ուղղությամբ կամ հակադիր ուղղություններով գնացքների միաժամանակյա ընդունում:

294. Կայարան ժամանած գնացքը պետք է տեղաբաշխվի այնպես, որպեսզի այն իր ողջ երկարությամբ գտնվի ընդունման գծի ելքային լուսափոխիչի և սահմանային սյան միջև: Կայարաններում, որտեղ չկա ընդունող գծի ելքային լուսափոխիչ, գնացքը պետք է տեղաբաշխվի գծի սահմանային սյուների միջև ընկած հատվածում:

Այն դեպքերում, երբ գնացքի պոչամասը դուրս է մնում սահմանային սյունով սահմանափակված հատվածից, ապա սլաքային կետի հերթապահը, իսկ եթե այդպիսին չկա, ապա ազդանշանորդը այդ մասին պետք է անհապաղ տեղյակ պահի կայարանի հերթապահին: Կայարանի հերթապահը պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնի գնացքն ընդունման գծի սահմանված հատվածի վրա տեղաբաշխելու նպատակով:

Սլաքների էլեկտրական կենտրոնացմամբ կայարաններում, գնացքի սահմանված հատվածում տեղաբաշխումը իրականացնում է կայարանի հերթապահը, իսկ կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում գտնվող կայարաններում` երթևեկության կարգավարը, վերահսկիչ սարքավորումների ցուցիչների միջոցով:

Եթե գնացքը հնարավոր չէ տեղավորել ընդունող գծի նշված հատվածում և նրա պոչամասը դուրս է մնում սահմանային սյունով սահմանազատված հատվածից, կայարանի հերթապահը պարտավոր է միջոցներ ձեռք առնել, որպեսզի ապահովի երթևեկության և տեղաշարժային աշխատանքների անվտանգությունը հարևան և կից գծերում:

295. Կայարանի հերթապահը պետք է դիմավորի ժամանող յուրաքանչյուր գնացք, հետևելով նրա վիճակին, գնացքային ազդանշանների առկայությանն ու սարքինությանը:

Այն կայարաններում, որտեղ գնացքների ընդունման գծերը հեռու են, տեղական պայմաններից ելնելով` կայարանի հերթապահն ի վիճակի չէ անձամբ դիմավորել գնացքը, այն պետք է դիմավորեն ազդանշանորդները կամ սլաքային կետի հերթապահները:

Գնացքի` լրիվ կազմով կայարան ժամանման առումով, կայարանի հերթապահը պետք է համոզվի ազդանշանորդի, սլաքային կետի հերթապահի զեկուցումների հիման վրա կամ անձամբ, եթե ունի այդպիսի հնարավորություն:

Սլաքների կենտրոնացմամբ կայարաններում (այն տեղամասերում, որտեղ չկան ինքնաշխատ շրջափակման սարքավորումներ), կայարանի հերթապահը գնացքի լրիվ կազմով ժամանման հարցում պետք է համոզվի անձամբ (եթե ունի այդպիսի հնարավորություն) կամ հատուկ այդ պարտականության կատարման համար նշանակված աշխատակցի զեկուցագրի հիման վրա:

ՈՒղևորատար, փոստաբեռնային, մարդկանցով զբաղեցրած այլ գնացքների կայարան ժամանումից հետո, կայարանի հերթապահը պետք է ձեռք առնի կայարանի տեխնիկական-կարգադրիչ ակտով նախատեսված, անհրաժեշտ միջոցառումներ` ուղղված այդ գնացքների անվտանգության ապահովմանը:

296. Կայարանի հերթապահը պարտավոր է գնացքի ժամանման փաստացի ժամանակը և նրա համարը նշել գնացքների երթևեկության մատյանում և գնացքի ժամանման մասին անմիջապես հայտնել հարակից կայարանի հերթապահին, որտեղից ուղարկվել է գնացքը, ինչպես նաև երթևեկության կարգավարին:

 

ԳԼՈՒԽ 45. ԳՆԱՑՔՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ /ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄԸ/

 

297. Կայարանի հերթապահը իրավունք չունի ուղարկել գնացք, մինչև, նախօրոք, դա չհամաձայնեցվի հարևան այն կայարանի հերթապահի հետ, ուր ուղարկվում է գնացքը:

Կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում գնացքի ուղարկումը իրականացվում է միայն երթևեկության կարգավարի կարգադրությամբ:

Հայկական երկաթուղում կայարանից գնացքների ուղարկումը իրականացվում է միայն միջկայարանային վազուրդներում այլ գնացքներ չլինելու, այդ վազուրդների չզբաղվածության պարագայում:

Հատուկ ինքնաշարժ շարժակազմերի կայարանից վազուրդներ ուղարկումը թույլատրվում է միայն երթևեկության կարգավարի ցուցումով, համոզված լինելով, որ այդ վազուրդները զբաղված չեն այլ գնացքներով:

298. Մինչև գնացքի ուղարկումը, կայարանի հերթապահը, իսկ կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում, երթևեկության կարգավարը պարտավոր է.

ա/ համոզվելու, որ վազուրդը զբաղված չէ

բ/ դադարեցնել գնացքի ուղարկման երթուղու հետ կապված, այդ երթուղի դուրս գալու հնարավորությամբ, բոլոր տեսակի տեղաշարժային աշխատանքները

գ/ նախապատրաստել գնացքի ուղարկման երթուղին

դ/ բացել ելքային լուսափոխիչը կամ մեքենավարին հանձնել վազուրդը զբաղեցնելու այլ թույլտվություն:

299. Առանց կայարանի հերթապահի թույլտվության, չի թույլատրվում գնացքի վազուրդ ուղարկում:

Գնացքի կողմից վազուրդի զբաղեցման թույլտվություն են հանդիսանում ելքային լուսափոխիչների թույլատրող ցուցմունքները, իսկ լուսափոխիչների անսարքության դեպքում, կայարանի հերթապահի գրավոր թույլտվությունը լրացված սահմանված ձևի, կայարանի հերթապահի ռադիոկապով տրված թույլտվությունը կամ մականը:

Եթե գնացքը ուղարկվում է այնպիսի գծերից, որոնցում չկան ելքային լուսափոխիչներ, ապա գնացքի մեկնման թույլտվություն կայարանի հերթապահը պետք է տա կամ ռադիոկապով, կամ սահմանված ձևի գրավոր հաղորդագրությամբ, կամ մականի փոխանցմամբ:

ՈՒղևորատար և փոստաբեռնային գնացքի մեքենավարը իրավունք չունի մեկնել կայարանից ավելի վաղ, քան չվացուցակով սահմանված ժամանակից: ՈՒղևորատար և փոստաբեռնային գնացքի մեքենավարը իրավունք չունի առանց կանգառի, տարանցիկ, անցնել այն կայարանները, որտեղ սահմանված են կանգառներ, գնացք բարձրանալ-իջնում, ուղեբեռի բեռնում կամ բեռնաթափում:

Կիսակայարաններում, բաժանարար կետերում, որտեղ ուղևորատար գնացքների կանգառները նախատեսված են երթևեկության տեխնոլոգիական գործընթացների համար /գնացքի վազանց կամ գնացքների խաչավորում/ և նախատեսված չեն ուղևորների գնացքից իջնում, կամ բարձրանում, երթևեկության կարգավարի կարգադրությամբ, կայարանի հերթապահին ու մեքենավարին տրված կարգադրության հիման վրա, ելնելով իրավիճակից, նախատեսված կանգառը կարելի է չիրականացնել:

Ծառայողական օգտագործման համար պատրաստված չվացուցակներում այդպիսի կանգառները նշվում են հատուկ նշանով, իսկ ուղևորների համար նախատեսված չվացուցակներում դրանք, ընդհանրապես, ոչ տպագրվում են, ոչ էլ արտացոլվում:

300. Կայարանի հերթապահը, իսկ կարգավարական կենտրոնացման տեղամասերում` երթևեկության կարգավարը, իրավունք չունեն բացել ելքի լուսափոխիչը կամ տալ գնացքի կողմից վազուրդը զբաղեցնելու այլ կարգադրություն, մինչև չհամոզվեն, որ գնացքի մեկնման երթուղին պատրաստ է, սլաքները փակված են, երթուղու սլաքների վրա տեղաշարժային աշխատանքներն ընդհատված են, մեկնող գնացքի տեխնիկական և առևտրային սպասարկման ու զննման գործառույթները ավարտված են:

Գնացքի կազմավորման կայարանից կամ այն կայարանից, որտեղ գնացքին կցվել կամ գնացքից անջատվել են վագոններ կամ այլ շարժակազմ, ինչպես նաև այն կայարանից, որտեղ նախատեսված և իրականացված են գնացքի վերջը /պոչամասը/ ցույց տվող ազդանշանային սկավառակների փոխում, գնացքի մեկնման թույլտվություն տալուց առաջ, կայարանի հերթապահը պետք է համոզվի գնացքի վերջին վագոնի վրա գնացքային ազդանշանի առկայության մեջ, այն կարգով, որ նախատեսված է կայարանի տեխնիկական կարգադրիչ ակտով:

Ելքային լուսափոխիչը անձամբ պետք է բացի կայարանի հերթապահը կամ նրա հանձնարարությամբ` կենտրոնացման կետի հերթապահը:

Կարգավարական կենտրոնացման տեղամասերում ելքային լուսափոխիչները բացում է երթևեկության կարգավարը:

Ելքային լուսափոխիչի բացումից առաջ, կայարանի հերթապահը պետք է համոզվի, որ վազուրդը, ուր մեկնում է գնացքը, ազատ է և զբաղեցրած չէ առջևից գնացող այլ գնացքով կամ այլ շարժակազմային միջոցով:

Հայկական երկաթուղում արգելվում է նույն վազուրդում միաժամանակ երկու և ավելի գնացքների երթևեկությունը:

Ելքային լուսափոխիչը պետք է փակվի ինքնաշխատ, մեկնած գնացքի առաջին անվազույգի` նրա սահմանը հատումից անմիջապես հետո:

Այն կայարաններում, որտեղ չկան ռելսային էլեկտրական շղթաներ, ելքային լուսափոխիչի փակումը իրականացնում են կայարանի հերթապահը, կենտրոնացման կետի հերթապահը կամ սլաքային կետի հերթապահը, մեկնած գնացքի ամբողջ կազմով ելքային լուսափոխիչի սահմանը հատելուց անմիջապես հետո:

301. Ելքային լուսափոխիչի արգելող նշանով, կայարանային գծերից, ինչպես նաև ելքային լուսափոխիչներ չունեցող գծերից, գնացքի մեկնման դեպքում, տանող լոկոմոտիվի մեքենավարը, հատուկ ինքնաշխատ շարժակազմի մեքենավարը, մեկնման թույլտվության առկայության պարագայում, իրավունք չունի գնացքը դնել շարժման մեջ, առանց կայարանի հերթապահի ցուցումի, որը նրան տրվում է ռադիոկապի միջոցով, ինչպես նաև նրա հանձնարարությամբ այդպիսի ծառայողական պարտականություններով օժտված այլ աշխատակիցների միջոցով:

Գնացքը ընթացքի մեջ դնելուց առաջ, տանող լոկոմոտիվի մեքենավարը, հատուկ ինքնաշարժ շարժակազմի մեքենավարը և նրանց օգնականները պետք է ստուգեն` արդյո՞ք չեն տրվում գնացքի կանգառման ազդանշաններ:

ՈՒղևորատար գնացքների ուղեկցողները, գնացքի անվտանգ երթևեկությունը խաթարող խոչընդոտներ նկատելուն պես, պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնեն գնացքի ընթացքը կանգնեցնելու համար:

ՈՒղևորատար գնացքի /բացի շարժիչավագոնային շարժակազմի/, կանգառ-ծորանի կիրառման կամ ինքնաբերաբար արգելակման հետևանքով, վազուրդում կանգնելու դեպքում, ուղեկցողները պետք է զննեն իրենց կողմից սպասարկվող վագոնները և, անհրաժեշտության դեպքում, անմիջապես լոկոմոտիվի ուղղությամբ տան գնացքի կանգառի ազդանշան:

Վազուրդում շարժիչավագոնային գնացքի կանգնելու դեպքում մեքենավարի օգնականը պարտավոր է անձամբ պարզել կանգնելու պատճառը և այդ մասին զեկուցել մեքենավարին:

Այլ, ոչ ուղևորատար գնացքների այդպիսի կանգառներից հետո մեքենավարի օգնականը պետք է զննի գնացքը, պարզի գնացքը լրիվ կազմով է թե` ոչ, առկա է վերջին վագոնը /վերջին վագոնի առկայության մեջ պետք է համոզվի համարով/, ինչպես նաև համոզվի գնացքային ազդանշանի առկայության մեջ:

Մեքենավարի օգնականը զննման արդյունքները ներկայացնում է գնացքի մեքենավարին:

ՈՒղևորատար գնացքի երթևեկությունը վերականգնվում է այն բանից հետո, երբ վագոնների բոլոր ուղեկցողները չեղյալ են հայտարարում գնացքի կանգնեցման ազդանշանները:

Այլ, ոչ ուղևորատար գնացքների ընթացքի վերականգնումը իրականացվում է մեքենավարի օգնականի զեկույցից հետո:

Վազուրդներում, գնացքի երթևեկության գրաֆիկով չնախատեսված, կանգնման այլ դեպքերից հետո /բեռների բարձման-բեռնաթափման, մարդկանց գնացք բարձրանալու կամ իջնելու նպատակով և այլն/ գնացքի ընթացքի վերականգնումն իրականացվում է համաձայն սույն կարգի Հայկական երկաթուղում գնացքների միանձնյա վարումը արգելվում է:

302. Այն գծերում, որտեղ չկան ելքային լուսափոխիչներ, ինչպես նաև այն դեպքերում, երբ գնացքը ուղարկվում է լուսափոխիչի փակ դիրքով, տանող լոկոմոտիվի մեքենավարին, հատուկ ինքնաշարժ շարժակազմի մեքենավարին վազուրդի զբաղեցման թույլտվությունը կայարանի հերթապահը հայտնում է անձամբ կամ այդ գնացքի լոկոմոտիվային բրիգադի անձնակազմից որևիցե մեկի միջոցով: Թույլտվությունը գնացքի մեքենավարին կարելի է փոխանցել նաև սլաքային կետի հերթապահի, ազդանշանորդի, գնացքի ուղեկցողի միջոցով:

Մեքենավարը պետք է համոզվի վազուրդը զբաղեցնելու թույլտվության ճշմարտացիության մեջ:

Գնացքի մեքենավարին վազուրդը զբաղեցնելու թույլտվության հանձնման կարգը սահմանվում է կայարանի տեխնիկական կարգադրիչ ակտով:

303. Հայկական երկաթուղու համակարգի կայարաններում գնացքների միաժամանակյա ընդունում և ուղարկում չի թույլատրվում, անկախ գնացքների մեկնման և ընդունման ուղղություններից:

304. Կայարանի հերթապահը պետք է ճանապարհի մեկնող և դիմավորի տարանցիկ անկանգառ յուրաքանչյուր գնացք, ուշադիր հետևելով այդպիսի գնացքի վիճակին, գնացքային ազդանշանների առկայությանը և դրանց ցուցմունքների ճշտությանը:

Գնացքի լրիվ կազմով ուղարկման մեջ կայարանի հերթապահը պետք է համոզվի անձամբ կամ ազդանշանորդի ու սլաքային կետի հերթապահի զեկույցների վրա հիմնվելով:

Կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում և այն կայարաններում, որտեղ գործում են գծերի և սլաքների էլեկտրական կենտրոնացման համակարգերը ու կայարանի հերթապահը տեղական պայմաններից ելնելով չի կարող անձամբ ճանապարհել գնացքը ու չկան այլ աշխատակիցներ /ազդանշանորդներ, սլաքային կետերի հերթապահներ/, ապա այդպիսի պարագայում գնացքի մեկնումը հսկվում է կառավարման վահանակի սարքավորումների ցուցմունքներով:

Գնացքում անսարքություններ նկատելու դեպքում, որոնք սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը, ինչպես նաև անցնող գնացքի վրա գնացքային ազդանշանների բացակայության դեպքում, գնացքը ճանապարհող աշխատակիցը պետք է ձեռք առնի անհետաձգելի միջոցներ` գնացքն անհապաղ կանգնեցնելու համար:

305. Գնացքի ճիշտ կազմավորման համար, պատասխանատվություն են կրում կայարանի աշխատողները:

Գնացքի ուղարկումից առաջ կայարանի աշխատողները, պարտավոր են կայարանի աշխատանքի տեխնոլոգիական կարգադրիչ ակտի, երթևեկության գրաֆիկի և գնացքների կազմավորման առաջադրանքների հիման վրա, ստուգել գնացքի կազմավորման ճշտությունը, բեռների ամրացման ճշտությունը և ամրությունը /բաց շարժակազմերի վրա/, համոզվել, որ բեռների պահպանվածությունը լրիվ ապահովված է, գնացքն ունի սահմանված գնացքային ազդանշաններ և հանդերձված է անհրաժեշտ գնացքային գույքով:

306. Բոլոր բեռնատար գնացքների համար դրանց կազմավորման կայարաններում, գնացքի մեկնումից առաջ, տանող լոկոմոտիվի մեքենավարին է հանձնվում սահմանված ձևի բնաթերթիկը և փոխադրական փաստաթղթերը կնքված վիճակով:

Չի թույլատրվում գնացքի մեկնում, եթե նրա կազմում կան առանց փոխադրական փաստաթղթերի վագոններ:

ՈՒղևորատար գնացքների (բացի շարժիչավագոնային գնացքներից) և փոստաբեռնային գնացքների համար, մեքենավարին և գնացքի պետին /մեխանիկ-բրիգադիրին/ գնացքի բնաթերթ է հանձնվում դրանց կազմավորման կայարաններում և շրջապտուտային կայարաններում:

Եթե գնացքն ունի գլխավոր ուղեկցող, ապա գնացքի բնաթերթը և փոխադրական փաստաթղթերն հանձնվում են նրան, ով իր հերթին պարտավոր է գնացքի մեքենավարին ծանոթացնել, բնաթերթիկի միջոցով, գնացքի կազմի հետ:

Կայարաններում գնացքից վագոնների անջատման կամ գնացքին վագոնների կցման յուրաքանչյուր դեպք պետք է նշվի գնացքի բնաթերթիկի վրա, կայարանի այն աշխատակցի կողմից, որը ղեկավարել է այդ աշխատանքները:

307. Կայարանից գնացքի ուղարկման կամ տարանցիկ, անկանգառ գնացքի անցման փաստացի ժամանակը, նրա համարը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ տվյալներ, որոնք բնորոշում են գնացքի կազմը, կայարանի հերթապահը պետք է գրանցի գնացքների երթևեկության գրանցման մատյանում, գնացքի մասին անմիջապես տեղյակ պահելով այն կայարանի հերթապահին, որի ուղղությամբ մեկնել է գնացքը, ինչպես նաև երթևեկության կարգավարին:

 

ԳԼՈՒԽ 46. ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

308. Գնացքների երթևեկության ժամանակ կապի և ազդանշանման հիմնական միջոցներն են գծային ինքնաշխատ և կիսաինքնաշխատ արգելափակման համակարգերը:

Առանձին տեղամասերում, որպես կապի և ազդանշանման ինքնուրույն միջոց, կարելի է օգտագործել ինքնաշխատ լոկոմոտիվային ազդանշանման համակարգը:

Չծանրաբեռնված տեղամասերում և մերձատար գծերում, գնացքների երթևեկությունում, որպես կապի և ազդանշանման միջոց, կարելի է կիրառել հեռախոսը և էլեկտրամականային համակարգը:

309. Առանձին չծանրաբեռնված տեղամասերում և մերձատար գծերում, գնացքների երթևեկությունը թույլատրվում է երթևեկության կարգավարի հրամանով, որը հաղորդվում է անմիջապես տանող լոկոմոտիվի մեքենավարին`

ա/ ռադիոկապի միջոցով

բ/ մեկ մականի միջոցով

գ/ մեկ այլ լոկոմոտիվի միջոցով:

310. Ինքնաշխատ արգելակման համակարգով տեղամասերում.

ա/ գնացքի կողմից շրջափակվող տեղամասի զբաղեցնելու թույլտվություն են հանդիսանում ելքային կամ անցողիկ լուսափոխիչների թույլատրող ցուցմունքները:

բ/ Որպես բացառություն, անցողիկ լուսափոխիչների /բացի մուտքային լուսափոխիչների առջևում տեղադրվածներից/ վրա, որոնք տեղադրված են ձգվող վերելքներում, թույլատրվում է պայմանական-թույլատրող ազդանշանի տեղադրում, որը իրենից ներկայացնում է «Ձ» տառի տեսքով արտացոլող նշանով վահանակ:

Այդ նշանի առկայությունը ծառայում է թույլատրող ազդանշան, բեռնատար գնացքի լուսափոխիչի վառվող կարմիր լույսի ներքո` առանց կանգառի անցման:

Այդ պարագայում մեքենավարը պետք է գնացքը վարի այնպես, որպեսզի վառվող կարմիր լույսով լուսափոխիչը գնացքը անցնի ոչ ավել, քան 15 կիլոմետր/ժամ արագությամբ, սևեռված ուշադրությամբ և պատրաստ գնացքն անմիջապես կանգնեցնելու, եթե կհանդիպեն գնացքի հետագա ընթացքը խոչընդոտող արգելքներ:

գ/ Կարմիր լույսով վառվող անցողիկ լուսափոխիչի առջև գնացքի կանգնելուց հետո, ինչպես նաև անհասկանալի ցուցմունքի կամ լուսափոխիչի հանգած վիճակի պարագայում, եթե մեքենավարը տեսնում է կամ գիտի, որ առջևում գտնվող շրջափակվող տեղամասը զբաղված է այլ շարժակազմով, գնացքի երթևեկության վերսկսումը խստիվ արգելվում է այնքան ժամանակ, մինչև կազատվի շրջափակվող տեղամասը:

Եթե մեքենավարը չունի տեղեկություն առջևում գտնվող շրջափակվող տեղամասը այլ շարժակազմով զբաղված լինել-չլինելու վերաբերյալ, ապա այդ դեպքում, գնացքի կանգնելուց հետո, մեքենավարը կարող է վերսկսել գնացքի ընթացքը, լուսափոխիչի կարմիր լույսի պարագայում, մինչև հաջորդ լուսափոխիչը 15 կիլոմետր/ժամից ոչ ավել արագությամբ, սևեռուն ուշադրությամբ, պատրաստ լինելով գնացքը կանգնեցնել յուրաքանչյուր պահի, եթե կհանդիպեն գնացքի ընթացքին խոչընդոտող արգելքներ:

Եթե հաջորդ անցողիկ լուսափոխիչն էլ կլինի նույն դիրքում, գնացքի մեքենավարը կարող է շարունակել գնացքի ընթացքը նույն պայմաններով և կարգով:

Լոկոմոտիվային լուսափոխիչի վրա թույլատրող ցուցմունքի առկայության դեպքում, անցողիկ լուսափոխիչի հանգած կամ կարմիր լույսի պարագայում, գնացքի մեքենավարը իրավունք ունի առանց կանգառի շարունակել գնացքի ընթացքը` չգերազանցելով սահմանված 15 կիլոմետր/ժամ արագությունը և սևեռուն ուշադրությամբ պատրաստ լինելով գնացքի կանգնեցնելուն, եթե կհանդիպեն գնացքի ընթացքին խոչընդոտող արգելքներ:

311. Կիսաինքնաշխատ արգելափակման համակարգերով տեղամասերում.

ա/ գնացքի կողմից վազուրդը զբաղեցնելու թույլտվություն են հանդիսանում ելքային կամ անցողիկ լուսափոխիչների թույլատրող ցուցմունքները

բ/ մեկգծանի տեղամասերում, ելքային լուսափոխիչների բացման համար անհրաժեշտ է` շրջափակող ապարատի միջոցով նախապես ստանալ հարևան կայարանի /ուր ուղարկվում է գնացքը/ հերթապահի արգելափակման համաձայնության ազդանշանը կամ նրա կողմից շրջափակող համակարգը պետք է միացվի երթևեկության համապատասխան ուղղությամբ:

312. Երբ կապի և ազդանշանման ինքնուրույն միջոց է օգտագործվում լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգը, ապա.

ա/ առաջին շրջափակվող տեղամասի զբաղեցման թույլտվություն է հանդիսանում ելքային լուսափոխիչի թույլատրող ցուցմունքը

բ/ հաջորդ շրջափակվող տեղամասի թույլտվություն է հանդիսանում լոկոմոտիվային լուսափոխիչի թույլատրող ցուցմունքը:

Բոլոր տեսակի կապի և ազդանշանային միջոցների գործունեության ընդհատման դեպքում գնացքների երթևեկությունն իրականացվում է գրավոր ծանուցումների միջոցով:

 

ԳԼՈՒԽ 47. ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

313. Հայկական երկաթուղու տարածքներում գնացքների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը` ելնելով լոկոմոտիվների տեխնիկական հնարավորություններից, գծի պրոֆիլից և տեխնիկական վիճակից, ինչպես նաև շահագործվող ուղևորատար և բեռնատար վագոնների տեխնիկական բնութագրերից, որոշվում է ելնելով սույն կանոնների պահանջներից:

Վազուրդների և կայարանների համար գնացքների երթևեկության թույլատրելի առավելագույն սահմանված արագությունները հաշվի են առնվում գնացքների երթևեկության գրաֆիկներում:

Ընդ որում, գնացքների երթևեկության առավելագույն սահմանված արագությունները չպետք է գերազանցեն.

ա/ 1/11 տիպի և ավելի կոր սլաքներով գծերի վրա - 30 կիլոմետր/ժամ

բ/ 1/9 տիպի սլաքներով գծերի վրա - 20 կիլոմետր/ժամ

Մեկ դեղին չթարթող լույսով լուսափոխիչի սահմանի անցման դեպքում գնացքի երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 40 կիլոմետր/ժամը` անկախ գնացքի տեսակից:

Վագոններն առջևից գնացքի երթևեկության արագությունը թույլատրվում է ոչ ավելի, քան 20 կիլոմետր/ժամ:

Տնտեսական գնացքների, վերականգնողական և հրդեհաշեջ գնացքների, ինքնաշարժ հատուկ շարժակազմերի երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 35 կիլոմետր/ժամը:

Կայարանային փակուղային գծեր գնացք ընդունելու ժամանակ, գնացքի երթևեկության արագությունը` նրա տվյալ գիծ մուտք գործելու պահին, չպետք է գերազանցի 20 կիլոմետր/ժամը:

Արագության նվազում պահանջող տեղամասերում գնացքի երթևեկության արագությունը նշվում է տվյալ տարածքի գծի ուղեմասի նախազգուշացման հրամանում:

314. Այդ դեպքերում, երբ անհրաժեշտ է ապահովել լոկոմոտիվային բրիգադի առավելագույն ուշադրություն և զգուշացում, նրանց գծի այդ հատվածում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, գնացքին տրվում է գրավոր նախազգուշացում:

Նախազգուշացումը տրվում է.

ա/ գծի, հպակային ցանցի, գծանցային, ազդանշանման, արհեստական և այլ կառուցվածքների անսարքությունների դեպքերի համար, ինչպես նաև վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ, երբ պահանջվում է գնացքի երթևեկության արագության նվազեցում կամ կանգառ

բ/ կապի և ազդանշանման նոր տեսակների գործողության մեջ դնելու դեպքում, ինչպես նաև նոր տեղադրված, տեղափոխված լուսափոխիչների միացման և լուծարված, գոյություն ունեցած լուսափոխիչների ապամոնտաժման և լուսափոխիչների անսարքությունների դեպքերում, երբ լուսափոխիչը հնարավոր չէ բերել փակ դիրքի

գ/ լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգերի գծային սարքավորումների անսարքության դեպքում

դ/ բեռնման տրամատից դուրս գտնվող բեռներով բարձված վագոններ ունեցող գնացքների ուղարկման դեպքում, երբ անհրաժեշտ է գնացքի երթևեկության ընթացքում, որոշակի հատվածներում նվազեցնել արագությունը կամ գնացքի ընթացքի ժամանակ լինել առավել ուշադիր և ապահովել գնացքի վարման հատուկ պայմաններ

ե/ գծի երկուղանի հատվածները ձյունամաքրիչի, գծատեղադրիչի ամբարձիչ կռունկի և այլ սարքավորումների աշխատանքի դեպքում

զ/ գնացքի կազմում այնպիսի շարժակազմի առկայության դեպքում, որը ի վիճակի չէ ընթանալ այն արագությամբ, որը սահմանված է գծի այդ հատվածի համար

է/ գծի տվյալ հատվածում, հանովի շարժակազմերի աշխատանքների դեպքում, ինչպես նաև գծային սայլակներով ծանր բեռների տեղափոխման ժամանակ

ը/ մնացած բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտություն կա նվազեցնելու գնացքի երթևեկության արագությունը կամ գնացքի կանգնեցման, ինչպես նաև անհրաժեշտ է զգուշացնել լոկոմոտիվային բրիգադներին գծի տվյալ հատվածում գնացքի վարման հատուկ պայմանների մասին:

315. Վագոններն առջևից գնացքի երթևեկություն թույլատրվում է.

ա/ երկաթուղային մերձատար գծերով երթևեկելու ժամանակ

բ/ տնտեսական, վերականգնողական և հրդեհաշեջ գնացքների երթևեկության ընթացքում:

Այդպիսի գնացքների գլխում /առջևում/ դրվում է անցումային հարթակով վագոն, որի անցումային հարթակը պետք է լինի ընթացքի ուղղությամբ` առջևում: Այդ հարթակի վրա պետք է լինի աշխատակից, որը պարտավոր է հետևել գծի վիճակին, նրա զբաղվածությանը և, եթե կնկատվի երթևեկության անվտանգությանը կամ մարդկանց կյանքին սպառնացող իրավիճակներ, անհապաղ պետք է միջոցներ ձեռք առնվեն գնացքի կանգնեցման համար:

 

ԳԼՈՒԽ 48. ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ, ՇԱՐԺԻՉԱՎԱԳՈՆԱՅԻՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԻՆՔՆԱՇԱՐԺ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ /ՎԱՐՈՐԴՆԵՐԻ/ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՑՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

316. Մեքենավարը /վարորդը/ պարտավոր է. լավ իմանալ իր վարած շարժակազմի կառուցվածքը, գծի սպասարկվող հատվածի պրոֆիլը, նրանում տեղադրված ազդանշանները, ազդանշանային ցուցիչները և նշանները ու նրանց իմաստն ու նպատակը, ինչպես նաև երկաթուղային գծանցների տեղերը:

Մեքենավարը /վարորդը/ պետք է ունենա գծի այդ տեղամասում գնացքների երթևեկության չվացուցակը.

ա/ շարժակազմի /լոկոմոտիվ, շարժիչավագոնային գնացք, ինքնաշարժ հատուկ շարժակազմ, դրեզինա, մատրիս և այլն/ ընդունման ժամանակ համոզվել նրա սարքինության մեջ, հատկապես ուշադրություն դարձնելով արգելակային համակարգի, ռադիոկապի, ավազամատուցման սարքավորումների աշխատունակության վրա, ձայնային ազդանշանման սարքերի վիճակին

բ/ լոկոմոտիվի և մյուս շարժակազմերի տեխնիկական վիճակի գրանցման մատյանի գրառումներով համոզվել լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշման համակարգի և անվտանգության սարքավորումների աշխատունակության մեջ

գ/ ստուգել ազդանշանային և հակահրդեհային միջոցների առկայությունը

դ/ ապահովել գնացքի անվտանգ երթը, երթևեկության գրաֆիկի հստակ պահպանմամբ:

317. Լոկոմոտիվը գնացքին, իսկ ինքնաշարժ հատուկ շարժակազմը տնտեսական գնացքին կցելուց հետո մեքենավարը պարտավոր է.

ա/ համոզվել լոկոմոտիվի, հատուկ ինքնաշարժ շարժակազմի, գնացքի առաջին վագոնին կցման ճշտության մեջ, արգելակային օդաճնշման համակարգի թևերի միացման մեջ, ինչպես նաև համոզվել, որ բացված են լոկոմոտիվի, հատուկ ինքնաշարժ շարժակազմի և նրանց կցված առաջին վագոնի եզրային ծորանները

բ/ լիցքավորել արգելակային մայրուղին սեղմված օդով, համոզվել, որ օդի ճնշումը խողովակային մայրուղում չի ընկնում սահմանված չափորոշիչային մեծությունից, որից հետո փորձարկել ինքնաշխատ արգելակային համակարգը

գ/ պահանջել և ստանալ գնացքը արգելակներով ապահովվածության տեղեկանքը, համեմատել նրանում նշված վերջին վագոնի համարը գնացքի բնաթերթում նշված վերջին վագոնի համարի հետ

դ/ համոզվել գնացքի արգելակային համակարգի արգելակման սեղմման մեծության, սահմանված չափորոշիչային մեծությանը համապատասխանության մեջ

ե/ բնաթերթի միջոցով ծանոթանալ գնացքի կազմին, նրանում մարդկանցով զբաղեցրած վագոնների, վտանգավոր և թունավոր բեռներով վագոնների, բաց հարթակային վագոնների քանակությանը, վագոններ, որոնց երթևեկության ընթացքում պահանջվում է հատուկ ուշադրություն և երթևեկության իրականացման համապատասխան մոտեցում

զ/ բնաթերթի միջոցով ծանոթանալ ուղևորատար գնացքի կազմին, նրանում փոստաբեռնային վագոնների առկայությանը

է/ եթե լոկոմոտիվն ունի անհատական կանչով ռադիոկայան, ռադիոկայանի ղեկավարման վահանակի մեջ անցկացնել գնացքին շնորհված համարը:

318. Լոկոմոտիվի գնացքին կցելուց հետո, եթե գնացքում առկա են էլեկտրական տաքացմամբ վագոններ, ապա լոկոմոտիվի մեքենավարը պարտավոր է իջեցնել էլեկտրաքարշի հոսանքաընդունիչները, էլեկտրամեխանիկի կողմից բարձր լարման միջվագոնային էլեկտրական միացումները, լարումը հանած, անվտանգ պայմաններում իրականացնելու համար:

Այն տեղամասերում, որտեղ գործում են լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանային համակարգեր, տանող լոկոմոտիվի մեքենավարը, շարժիչավագոնային գնացքի մեքենավարը, ինքնաշարժ հատուկ շարժակազմի մեքենավարը պարտավոր են կայարանից մեկնումից առաջ միացնել այդ սարքավորումները, իսկ այն տեղամասերում, որոնք սարքավորված են ռադիոկապով` համոզվել, որ ռադիոկայանը միացված է, և կանչի միջոցով ստուգել ռադիոկապի սարքինությունը կայարանի հերթապահի, իսկ ուղևորատար գնացքների դեպքում` նաև գնացքի պետի /մեխանիկ-բրիգադիրի/ հետ:

319. Գնացքի վարման ընթացքում մեքենավարը և նրա օգնականը պարտավոր են.

ա/ հետևել գծի զբաղվածությանը, ուշադիր լինել ազդանշանների, ազդանշանային ցուցիչների և նշանների նկատմամբ, կատարեն դրանց պահանջները և կրկնեն մեկը մյուսին լուսացուցիչներից տրվող ազդանշանները, գնացքից կամ գծից տրվող կանգառի և արագության նվազեցման ազդանշանները

բ/ հետևել գնացքի ամբողջականությանը և վիճակին, իսկ երկաթուղու էլեկտրիֆիկացված տեղամասերում` հպակային ցանցի վիճակին

գ/ հետևել սարքերի ցուցմունքներին, որոնցով վերահսկվում է լոկոմոտիվի, հատուկ ինքնաշարժ շարժակազմի աշխատանքի անընդհատությունը և շահագործման անվտանգությունը

դ/ ապահովել լոկոմոտիվի հզորության արդյունավետ օգտագործումը` էլեկտրական էներգիայի կամ վառելիքի խնայողաբար ծախսմամբ

ե/ կայարան մտնելուց և կայարանային գծերով ընթացքի ժամանակ տալ սահմանված ձայնային ազդանշանները, ուշադրություն դարձնելով սլաքային փոխադրիչների ցուցիչներին, երթուղու ճիշտ լինելուն, գծի չզբաղված լինելուն և կայարանի աշխատողների կողմից տրվող ազդանշաններին, ինչպես նաև հետևել և ուշադրություն դարձնել կայարանի հարակից գծերով գնացքների իրականացվող երթևեկությանը և տեղաշարժային աշխատանքներին, պատրաստ լինելով գնացքի անհապաղ կանգնեցմանը, եթե կնկատվեն գնացքի երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավիճակներ կամ խոչընդոտներ:

Կայարանում, գնացքի կանգառից հետո, եթե երթևեկության ժամանակ գնացքում նկատվել, հայտնաբերվել են թերություններ կամ անսարքություններ, ապա այդ մասին գնացքի մեքենավարը պարտավոր է անհապաղ հայտնել կայարանի հերթապահին, իսկ կարգավարական կենտրոնացմամբ տեղամասերում` երթևեկության կարգավարին:

Կայարանում գնացքը պետք է կանգնեցվի այնպես, որպեսզի այն չանցնի ելքային լուսափոխիչը, իսկ դրանց բացակայության դեպքում, գնացքի ընդունման գծի սահմանային սյունը:

Մինչ գնացքի ելքային լուսափոխիչին կամ, դրանց բացակայության դեպքում, ընդունող գծի սահմանային սյունին հասնելը, մեքենավարը գնացքը կանգնեցնելու իրավունք ունի, եթե երթուղային ռադիոկապի միջոցով կայարանի հերթապահից ստացել է տեղեկատվություն, որ գնացքն իր ամբողջ կազմով գտնվում է ընդունող գծի օգտակար օգտագործման հատվածի վրա:

Երթևեկության ընթացքում, երկաթուղագծում լուսափոխիչների, ազդանշանային ցուցիչների, նշանների անսարքությունների, գծի կառուցվածքների, հպակային ցանցի և այլ սարքավորումների ու կառուցվածքների վնասվածքներ հայտնաբերելու, նկատելու դեպքում գնացքի մեքենավարը պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել մոտակա, ռադիոկապի գործողության տիրույթում գտնվող կայարանի հերթապահին:

Սահմանափակ տեսանելիությամբ իրավիճակում /մառախուղ, հորդառատ անձրև, բուք և այլն/ երթևեկության ժամանակ, երբ դժվար տեսանելի են ազդանշանները, ազդանշանային ցուցիչները և նշանները, մեքենավարին թույլատրվում է գնացքի արագության նվազեցում, գնացքի երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով:

320. Գնացքի վարման ընթացքում մեքենավարը պարտավոր է.

ա/ գնացքի արգելակման համակարգը պահել այնպիսի վիճակի, որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի այն գործողության մեջ դնելը, ստուգելով դրանք ճանապարհի տարբեր տեղերում, չթույլատրել օդահավաք տարողությունում և արգելակային մայրուղային խողովակաշարում օդի ճնշման մեծության անկում, ավելի քան կողմից սահմանված օդի ճնշման չափորոշիչային մեծությունն է

բ/ մշտական ազդանշանների, արագության նվազեցման ազդանշանների և այլ ազդանշանների առկայության պարագայում, երբ պահանջվում է արագության նվազեցում, կիրառելով ծառայողական արգելակում, գնացքի արագությունը պետք է նվազեցնել այն հաշվով, որպեսզի նրա կանգնումը տեղի ունենա` չանցնելով գնացքի կանգնման նշանը, իսկ արագության նվազեցման ազդանշանի դեպքում, այն հաշվով, որպեսզի գնացքը ազդանշանը անցնի սահմանված նվազեցված արագությամբ

գ/ հպակային ցանցի չեզոք ներդիրը նշող ազդանշանը անցնել ոչ պակաս, քան 20 կիլոմետր/ժամ արագությամբ, դրանով բացառելով լոկոմոտիվի կանգնումը հպակային ցանցի չեզոք ներդիրի տակ

դ/ կանգնման անսպասելի ազդանշանի դեպքում, ինչպես նաև հանկարծակի առաջացած, երթևեկությանը խոչընդոտող արգելքների դեպքում, անմիջապես կիրառել գնացքի կանգնեցման արգելակման արտակարգ միջոցներ գնացքը անհապաղ կանգնեցնելու նպատակով:

321. Գնացքի երթի ընթացքում մեքենավարն իրավունք չունի.

ա/ գերազանցել սույն կանոններով տրված նախազգուշացումներով և ազդանշանների ցուցումներով սահմանված արագությունները

բ/ շեղվել լոկոմոտիվի, շարժիչավագոնային գնացքի, հատուկ ինքնաշարժ շարժակազմի ղեկավարումից, դրանց սպասարկումից, ազդանշանների ցուցմունքներին և գծի ու հպակային ցանցի վիճակներին հետևելուց:

գ/ անջատել գործող անվտանգության սարքերը կամ միջամտել դրանց աշխատանքին

դ/ մեկնել վազուրդ, երբ չեն գործում լոկոմոտիվի հատուկ ինքնաշարժ շարժակազմի, շարժիչավագոնային գնացքի քարշային սարքավորումները:

322. Գնացքի ընթացքը կառավարում է տանող լոկոմոտիվի մեքենավարը: Մյուս, այդ թվում հրող լոկոմոտիվի մեքենավարը պարտավոր է ենթարկվել տանող լոկոմոտիվի մեքենավարի բոլոր հրահանգներին, ազդանշաններին ու կրկնել դրանք:

323. Չի թույլատրվում լոկոմոտիվի աշխատանքային խցիկում այն անձանց ներկայությունը, որոնք չեն մտնում լոկոմոտիվային բրիգադի կազմի մեջ:

Լոկոմոտիվի աշխատանքային խցիկ միաժամանակ թույլատրվում է լոկոմոտիվային բրիգադի կազմի մեջ չմտնող ոչ ավել, քան երկու անձի ներկայությունը:

 

ԳԼՈՒԽ 49. ՎԱԶՈՒՐԴՈՒՄ ԳՆԱՑՔԻ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՆԳԱՌԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

324. Վազուրդում գնացքի չնախատեսված, պարտադրված կանգառի դեպքում գնացքի մեքենավարը պարտավոր է.

ա/ հնարավորության դեպքում գնացքը կանգնեցնել գծի հարթ և ուղղագիծ հատվածում, եթե չի պահանջվում գնացքի արտակարգ կանգնեցում

բ/ գործողության մեջ դնել գնացքի ինքնաշխատ արգելակները և լոկոմոտիվի օժանդակ արգելակները: Հատուկ ինքնաշարժ շարժակազմերի պարագայում գործողության մեջ դնել ինքնաշխատ արգելակները, առկայության դեպքում, նաև օժանդակ արգելակները

գ/ անմիջապես ռադիոկապով վազուրդը սահմանափակող կայարանների հերթապահներին տեղյակ պահել գնացքի ընթացքի կանգնեցման մասին: Վերջիններս պետք է դեպքի մասին զեկուցեն երթևեկության կարգավարին:

ՈՒղևորատար գնացքի մեքենավարը նաև պարտավոր է գնացքի կանգառման պատճառների մասին ռադիոկապով հաղորդի գնացքի պետին.

ա/ եթե գնացքի կանգառը և ուշացումը կապված չէ լուսափոխիչի արգելող ցուցումի հետ, պարզել կանգառի պատճառները և հետագա ընթացքի վերսկսման հնարավորությունները

բ/ եթե գնացքի ընթացքի վերսկսումը հնարավոր չէ 20 րոպե և ավելի ժամանակում և չկա գնացքը ինքնաշխատ արգելակներով տեղում պահելու հնարավորություն, անմիջապես գործողության մեջ դնել լոկոմոտիվի ձեռքի արգելակները, տալով համապատասխան ազդանշան գնացքում առկա ձեռքի արգելակները գործողության մեջ դնելու վերաբերյալ (ուղևորատար գնացքների վագոնների ուղեկցողների և այլ աշխատակիցների միջոցով): Եթե գնացքում չկան այդպիսի աշխատակիցներ, մեքենավարի օգնականը պետք է վագոնների անիվների տակ տեղադրի լոկոմոտիվում առկա արգելակային կալոնները, իսկ սրանց անբավարար քանակի դեպքում, գործողության մեջ դնի վագոնների ձեռքի արգելակները կայարանի հերթապահին ռադիոկապով լրացուցիչ հաղորդի գնացքի կանգնման պատճառները և այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են առաջացած խոչընդոտների վերացման և գնացքի ընթացքի վերահսկման համար: Ռադիոկապի բացակայության դեպքում վերը նշված տեղեկատվությունը կայարանի հերթապահին պետք է հաղորդվի կապի մոտակա միջոցից, մեքենավարի օգնականի միջոցով

գ/ գնացքը սպասարկող ողջ անձնակազմի մասնակցությամբ, միջոցներ ձեռք առնել առաջացած խոչընդոտների վերացման ուղղությամբ, եթե կա դրա հնարավորությունը, իսկ անհրաժեշտ դեպքերում իրականացնել գնացքի արգելակման աշխատանքներ:

325. Վազուրդում կանգնած գնացքի շրջափակումն իրականացվում է.

ա/ ուղևորատար գնացքների պարագայում երբ պահանջվում է վերականգնողական կամ հրդեհաշեջ գնացք, ինչպես նաև օգնող լոկոմոտիվ, դրանց պահանջումից անմիջապես հետո

բ/ եթե գնացքը վազուրդում է գտնվում կապի և ազդանշանման միջոցների աշխատանքի խաթարման իրավիճակում:

326. Վազուրդում կանգնած ուղևորատար գնացքի վերջին վագոնի ուղեկցողը պարտավոր է միջոցներ ձեռք առնել վազուրդ մուտք գործող այլ շարժակազմերի անվտանգ հեռավորության վրա կանգնեցնելու ուղղությամբ:

327. Եթե գնացքը կանգ է առել վերելքի վրա և պոչամասում չունի հրող լոկոմոտիվ, գնացքի մեքենավարը, իրադրությունից ելնելով կարող է գնացքը նստեցնել, տեղաշարժել այդ վազուրդի ավելի հեշտ պրոֆիլ ունեցող տեղամաս:

Այդ դեպքում տեղաշարժվող գնացքի առջևում պետք է գտնվի լոկոմոտիվային բրիգադի աշխատող, գնացքի ուղեկցող և այլն: Տեղաշարժվող գնացքի արագությունը չպետք է գերազանցի 5 կմ/ժ: Գնացքի գծի ավելի հեշտ պրոֆիլ ունեցող տեղամաս տեղաշարժում չի թույլատրվում.

ա/ ուղևորատար գնացքի դեպքում` անկախ իրավիճակից

բ/ այն վազուրդներում, որոնք ունեն ինքնաշխատ արգելափակման և լոկոմոտիվային ինքնաշխատ ազդանշանման համակարգեր

գ/ մառախուղի, բուքի և այլ անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում, երբ ազդանշանները դժվար տեսանելի են

դ/ երբ գնացքի ուղարկման ժամանակ խաթարվել են կապի և ազդանշանման համակարգերի աշխատանքը:

Վերելքի վրա գնացքի կանգնելու դեպքում, երբ նրա քաշը գերազանցում է գնացքի տեղից պոկման չափորոշիչային մեծությունը և չի թույլատրվում գնացքի նստեցումը վազուրդի ավելի հեշտ պրոֆիլով տեղամաս, գնացքի մեքենավարը պարտավոր է անհապաղ պահանջել օգնող լոկոմոտիվ:

328. Գնացքը կարելի է վազուրդից հետ վերադարձնել մեկնարկային կայարան, միայն այդ կայարանի հերթապահի կարգադրության հիման վրա:

329. Եթե գնացքը չի կարող կանգառից հետո ինքնուրույն վերսկսել ընթացքը, այն վազուրդից դուրս է բերվում օգնող լոկոմոտիվի միջոցով: Այդ հրահանգում տրված է նաև գնացքի խզման դեպքում լոկոմոտիվային բրիգադի անդամների գործողությունների կարգն ու հաջորդականությունը:

330. Եթե պահանջվել է վերականգնողական կամ հրդեհաշեջ գնացք, ինչպես նաև օգնող լոկոմոտիվ, ապա վազուրդում կանգնած գնացքը իրավունք չունի վերսկսել ընթացքը, մինչև պահանջած օգնության ժամանումը կամ քանի դեռ չկա ընթացքը վերսկսելու համապատասխան կարգադրություն:

 

ԳԼՈՒԽ 50. ԳԾԻՑ ՀԱՆՎՈՂ-ԴՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱԶՄԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

331. Գծից հանվող-դրվող շարժակազմային միավորների երթևեկությունը Հայկական երկաթուղում իրականացվում է առանց վազուրդը զբաղեցնելու թույլտվություն ընձեռող փաստաթղթի լրացման և հանձնման:

Հանվող-դրվող շարժակազմային միավորների ընթացքը չպետք է խանգարի ու խոչընդոտի գնացքների ըստ չվացուցակի և գրաֆիկի երթևեկությանը:

Բոլոր հանվող-դրվող շարժակազմային միավորները պետք է ունենան էլեկտրական մեկուսացմամբ անվային առանցքներ:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
15.03.2004
N 67-Ն
Հրաման