(ուժը կորցրել է 05.05.11 թիվ 672-Ն որոշում)
i
040.0207.020304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2004 թվականի N 207-Ն
i
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միջև կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքների արտոնությունների և սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից այլ խմբերի քաղաքացիներին տրված անվճար երթևեկության նույնատիպ վկայականների փոխարեն այլ տիպի վկայականների պատրաստման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու վերաբերյալ:
3. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերն ու որոշման 1-ին կետով հաստատված N 1 ցանկի 1-ին և 4-րդ կետերը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 1354-Ն որոշումը: (որոշումը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող` «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված և Հայաստանի Հանրապետության համար 1996 թվականի փետրվարի 26-ից ուժի մեջ մտած համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետում նշված անձանց իրավունքների իրացման կարգ չնախատեսելու և այդ իրավունքներն արգելափակելու մասով` հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանական մասի 6-րդ և 7-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները և ի գիտություն ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշումը)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի փետրվարի 5-ի
N 207-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
i
1. Սույն կարգով սահմանվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միջև կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքների արտոնությունների և սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրին համապատասխան` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց (այսուհետ` մասնակից) էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններին ու նրանց հավասարեցված անձանց (այսուհետ` հաշմանդամ) և Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, այրիներին ու մանկուց հաշմանդամ զավակներին (այսուհետ` զոհվածի ընտանիք) էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման և ջրամատակարարման, ջրահեռացման վարձերը վճարելու համար դրամական օգնության (այսուհետ` օգնություն) նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 24.02.05 թիվ 210-Ն որոշում)
2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`
ա) Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք` այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ,
բ) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններին հավասարեցված անձինք` այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներ, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:
3. Դրամական օգնությունը տրամադրվում է հետևյալ չափերով`
i
ա) մասնակիցներին` ամսական 4500 դրամ,
բ) հաշմանդամներին` ամսական 6800 դրամ,
գ) զոհվածի ընտանիքին` ամսական 6800 դրամ:
(3-րդ կետը փոփ. 24.02.05 թիվ 210-Ն, 18.01.07 թիվ 29-Ն, 04.12.08 թիվ 1474-Ն որոշումներ)
4. Զոհվածի ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:
5. Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին: Դրամական օգնությունն առանձնացվում է դրա համար դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից:
i
6. Դրամական օգնությունը նշանակում է մասնակցի կամ հաշմանդամի հաշվառման կամ փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժինը (այսուհետ` տարածքային բաժին)` մասնակցի, հաշմանդամի կամ զոհվածի ընտանիքի գրավոր դիմումը` անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվելու դեպքում:
(6-րդ կետը փոփ. 15.05.08 թիվ 446-Ն որոշում)
i
7. Մասնակիցները, հաշմանդամները և զոհվածների ընտանիքները դրամական օգնություն ստանալու համար տարածքային բաժին են ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք` բնակության վայրից, մասնակցի, հաշմանդամի կամ զոհվածի ընտանիքի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:
(7-րդ կետը փոփ. 15.05.08 թիվ 446-Ն որոշում)
8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
i
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տարածքային բաժիններից ստացված դրամական օգնություն նշանակված գործերի թվի, օգնության վճարման գումարների մասին անհրաժեշտ տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի և, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը (հունվար ամսին` մինչև հունվարի 20-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարումների կատարման հայտ: Նշված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը նշված գումարներն ստանալուց հետո, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ապահովում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության վճարումը ֆիզիկական անձանց` պետական կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:
(9-րդ կետը փոփ. 15.05.08 թիվ 446-Ն որոշում)
10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, բյուջեների կատարման մասին հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դրամական օգնություն ստացած մասնակիցների, հաշմանդամների և զոհվածների ընտանիքներին յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին հաշվետվություն:
(կարգը փոփ. 15.05.08 թիվ 446-Ն որոշում)