(ուժը կորցրել է 21.02.13 թիվ 152-Ն որոշում)
i
040.1932.140204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2003 թվականի N 1932-Ն
i
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 33-րդ և 45-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 13-ի
N 1932-Ն որոշման
ԿԱՐԳ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում (անկախ սեփականության ձևից) տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով պետական հաշվեկշռում չգրանցված` ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների (այսուհետ` օգտակար հանածո), բացառությամբ ստորերկրյա ջրերի արդյունահանման, ինչպես նաև ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով օգտագործվող հասկացություններն են`
ա) իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասեր` իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրված հողատարածք.
բ) ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանման կամ ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով սեփական կարիքների բավարարում` տնօրինման կամ օգտագործման իրավունքով տրամադրված տվյալ հողատարածքի սահմաններում իր տնտեսական և կենցաղային կարիքների համար իրականացվող գործունեություն.
գ) ստորերկրյա կառույցներ` ստեղծվում են ստորգետնյա պայմաններում:
3. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնք սեփական կարիքների համար իրենց հատկացված տեղամասի սահմաններում կատարում են պետական հաշվեկշռում չգրանցված` ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստեղծում են կենցաղային նպատակով ստորերկրյա կառույցներ, եկամուտ կամ շահույթ ստանալու նպատակ չեն կարող հետապնդել:
4. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնք սեփական կարիքների համար իրենց հատկացված տեղամասի սահմաններում կատարում են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստեղծում են կենցաղային նպատակով ստորերկրյա կառույցներ, ազատվում են ընդերքօգտագործման հետ կապված վճարներից:
5. Օգտակար հանածոն պետք է արդյունահանվի միայն բաց եղանակով, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, օգտակար հանածոյի մակերևույթից մինչև 2 մետր խորությամբ:
6. Ստորերկրյա կառույցները պետք է ստեղծվեն հողածածկույթից, իսկ դրա բացակայության դեպքում` երկրի մակերևույթից մինչև 5 մետր խորությամբ` առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման:
7. Հատկացված հողամասերի սահմաններում տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստորերկրյա կառույցների ստեղծումն իրականացնելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեն այն իրավաբանական անձինք և քաղաքացիները (այսուհետ` ընդերքօգտագործող), որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման տարածքային մարմնի կողմից ստացել են տվյալ հողամասում տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման համար ստորերկրյա կառույցներ ստեղծելու թույլտվություն:
Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում սեփական կարիքների բավարարման նպատակով պետական հաշվեկշռում չգրանցված` ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում և ստորերկրյա կառույցների շինարարություն իրականացնելու նպատակով ընդերքօգտագործման լիցենզիա և լեռնահատկացում չի պահանջվում:
8. Ընդերքօգտագործողը հատկացված հողամասերի սահմաններում օգտակար հանածոների արդյունահանման կամ ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու համար պետական կառավարման տարածքային մարմին է ներկայացնում դիմում` նշելով օգտակար հանածոյի անվանումը, դրա արդյունահանման կամ ստորերկրյա կառույցի ստեղծման նպատակը, ծավալը և ժամկետը:
Դիմումին կից ներկայացվում են`
հատկացված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
սեփականատիրոջ համաձայնությունը,
հատկացված հողամասի հատակագիծը` արդյունահանման և ստորերկրյա կառույցի ստեղծման տեղամասի ցուցադրմամբ,
նախատեսվող աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունները և նախատեսվող բնապահպանական միջոցառումները:
9. Տարածքային կառավարման մարմինը դիմումը ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում որոշում է բավարարել կամ մերժել դիմումը, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին` նշելով մերժման պատճառը:
Դիմումը մերժվում է, եթե`
ա) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում նշված տեղեկությունները կեղծ են,
բ) նախատեսվող աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունները և նախատեսվող բնապահպանական միջոցառումները չեն բավարարում բնապահպանական օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների պահանջները:
10. Ընդերքօգտագործման թույլտվության մեջ նշվում են հերթական համարը այն տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և գործունեության ժամկետը, ընդերքօգտագործման նպատակը, օգտագործման տրվող ընդերքի տեղամասի սահմանները, բնապահպանական սահմանափակումները և խախտված հողերը տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի դարձնելու ժամկետները:
11. Դիմումատուի դիմումը բավարարելու դեպքում դրա մասին 5-օրյա ժամկետում տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` ընդերքօգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով:
12. Ընդերքօգտագործման թույլտվության գործողությունը դադարեցվում է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, եթե`
ընդերքի տվյալ տարածքը վերցվում է պետական և (կամ) հասարակական կարիքների համար,
ստեղծվել է ակնհայտ սպառնալիք աշխատողների, բնակչության անվտանգության և առողջության համար,
ստեղծվել է արտակարգ իրավիճակ.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից, եթե`
ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար թույլատրվել է,
ընդերքօգտագործողը խախտել է ընդերքօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջները,
ընդերքօգտագործողը հրաժարվում է ընդերքօգտագործման թույլտվությունից.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
13. Ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել փաստված խախտումների վերացման մասին ընդերքօգտագործողին գրավոր ծանուցվելուց հետո մեկ ամսվա ընթացքում` խախտումները չվերացվելու դեպքում:
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետից հետո խախտումները վերացվելու դեպքում ընդերքօգտագործման թույլտվությունը վերականգնելու մասին դիմում կարող է ներկայացվել թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու պահից առնվազն մեկ տարի հետո:
15. Ընդերքօգտագործողը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան, պարտավոր է ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերը բերել անվտանգ վիճակի, ինչպես նաև դրանք տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի դարձնել:
16. Ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով տվյալ հողատարածքից արդյունահանված` ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոն, որն օգտագործման պիտանի չէ, պետք է տեղադրվի և պահվի (կուտակների) տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առանձնացված տարածքներում (տեղերում)` հետագայում խախտված հողերի վերականգնման համար օգտագործելու նպատակով:
17. Ընդերքօգտագործման ընթացքում ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով: