040.1532.061203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2003 թվականի N 1532-Ն
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 13-ի
N 1532-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության կազմավորումների (այսուհետ` կազմավորումներ) ստեղծումը, նախապատրաստումը և գործունեությունը:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
2. Կազմավորումները, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են համայնքներում, կազմակերպություններում` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի որոշումներով:
Կազմավորումները նախատեսված են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:
3. Կազմավորումները լինում են`
ա) փրկարարական` խոցման օջախներում և արտակարգ իրավիճակներում փրկարարական ու վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար.
բ) հետախուզական` ջրածածկման գոտիներում, զանգվածային հրդեհների շրջանում, բնակավայրերում և տեղաշարժման երթուղիներում մասնագիտացված հետախուզություն իրականացնելու համար.
գ) մեքենայացված աշխատանքների` փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար.
դ) ճառագայթային և քիմիական դիտարկման` ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակները դիտարկելու համար.
ե) կապի` կապի ապահովման և կապի գծերում, ցանցերում ու կառույցներում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար.
զ) բժշկական` հրատապ նախաբժշկական, հրատապ բժշկական, շտապ բուժօգնություն, մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու, խոցման օջախներում սանիտարահամաճարակային, մանրէաբանական հետախուզություն, համաճարակային ու սանիտարահիգիենիկ միջոցառումներ անցկացնելու համար.
է) հակահրդեհային` հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար.
ը) ինժեներական` ինժեներական հետախուզության, վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով պայթեցման, ինչպես նաև պաշտպանական կառույցների շինարարության և շահագործման աշխատանքներ կատարելու համար.
թ) վթարատեխնիկական` խոցման օջախում, կոմունալ, էներգետիկ ցանցերում և շինություններում վթարային տեխնիկական աշխատանքներ կատարելու համար.
ժ) հասարակական կարգի պահպանման` բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում և տեղաբաշխման վայրերում ու տրանսպորտային երթուղիներում հասարակական կարգի պահպանություն իրականացնելու համար.
ժա) հասարակական սննդի մատակարարման` փրկարարական, վթարավերականգնողական, հատուկ մասնագիտացված և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնող կազմավորումների անձնակազմերին, ինչպես նաև տուժած բնակչությանը սննդով ապահովելու համար.
ժբ) վառելիքի լցավորման շարժական` փրկարարական, վթարավերականգնողական, մասնագիտացված և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող կազմավորումների ավտոտրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցները վառելիքաքսուքային նյութերով ապահովելու համար.
ժգ) ջրամատակարարման և ջրալցավորման կետերի սպասարկման` փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող կազմավորումների անձնակազմերին ու տուժած բնակչությանը ջրով ապահովելու համար.
ժդ) տեխնիկայի վերանորոգման և տարահանման շարժական` դաշտային պայմաններում տեխնիկայի վերանորոգման և տարահանման աշխատանքներ կատարելու համար.
ժե) գյուղատնտեսական կենդանիների պաշտպանության` անասնաբուժական հետախուզության, վարակված կենդանիների անասնաբուժական մշակման, կենդանիների, անասնակերի և ջրի աղբյուրների պաշտպանության, սննդի ու անասնակերի վարակազերծման, ինչպես նաև անասնաբուժական-սանիտարական կանխարգելիչ և կարանտինային միջոցառումներ իրականացնելու համար.
ժզ) գյուղատնտեսական բույսերի, անտառների պաշտպանության` ֆիտոպաթոլոգիական և էնտոմոլոգիական հետախուզության, գյուղատնտեսական բույսերի ու բերքի պաշտպանության, դաշտերի և անտառների վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար.
ժէ) ապաակտիվացման, գազազերծման և սանիտարական մշակման` ճառագայթային աղտոտումների, քիմիական և մանրէաբանական վարակվածության օջախների չեզոքացման, տարածքների, տեխնիկայի և հանդերձանքի ապաակտիվացման, ապագազացման, ախտահանման ու մարդկանց սանիտարական մշակման (դեզինֆեկցիոն) միջոցառումներ իրականացնելու համար.
ժը) ավտոտրանսպորտային` բնակչության տարահանման, նյութական և մշակութային արժեքների ու նյութատեխնիկական միջոցները տեղափոխելու համար.
ժթ) բնակչության հատուկ սպասարկումների` բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման և դիակների հուղարկավորման աշխատանքներ կատարելու համար:
4. Կազմավորումների տեսակները, թիվը, կազմակերպական կառուցվածքը և հագեցվածության (ապահովման) նորմերը մշակում ու հաստատում են կազմավորումներ ստեղծող քաղաքացիական պաշտպանության պետերը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համաձայնեցնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ:
5. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում գործելու պլաններով անհրաժեշտ կազմավորումների խմբավորման հաշվարկները որոշում ու հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը` դրանք համաձայնեցնելով շահագրգիռ մարմինների ղեկավարների, իսկ առանձին դեպքերում` նաև հատուկ կարևորագույն նշանակության օբյեկտների ղեկավարների հետ:
6. Կազմավորումների ապահովումը հատուկ տեխնիկայով և տրանսպորտային միջոցներով իրականացվում է`
ա) պետական մարմիններին պատկանող տեխնիկական միջոցներով.
բ) համայնքին, կազմակերպությանը և ֆիզիկական անձին պատկանող տեխնիկական միջոցներով` պայմանագրային հիմունքներով` բացառությամբ ռազմական դրության ժամանակ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերին և այլ զորքերին ամրագրված տեխնիկական միջոցների:
7. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ընթացքում կազմավորումների ապահովումը սննդով կարող է իրականացվել`
ա) համայնքի, կազմակերպության տարածքում գործելու դեպքում` համայնքի և կազմակերպության միջոցներով.
բ) մի քանի համայնքի կամ կազմակերպության տարածքներում գործելու դեպքում` այդ համայնքների և կազմակերպությունների միջոցներով` պայմանագրային հիմունքներով:
8. Կազմավորումների հաշվառումը կատարվում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումներում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. Կազմավորումների պատրաստվածության վիճակը գնահատվում է քաղաքացիական պաշտպանության ուսումնավարժությունների ընթացքում` այդ ուսումնավարժությունների ընդգրկմամբ և ամեն տարի ուսումնական տարվա վերջում հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացմամբ:
10. Կազմավորումների պատրաստության վիճակի պլանային և արտապլանային ստուգումներ կարող են իրականացնել`
ա) լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված այլ պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
բ) պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարները` իրենց ենթակա կազմակերպություններում.
գ) մարզում (Երևան քաղաքում)` մարզպետը (Երևանի քաղաքապետը)` մարզի (Երևան քաղաքի) տարածքում.
դ) համայնքներում և կազմակերպություններում` համապատասխան համայնքի, կազմակերպության ղեկավարը` տվյալ համայնքում, կազմակերպությունում.
ե) Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` այլ պաշտոնատար անձինք:
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Կազմավորումների հրամանատարները (պետերը)`
ա) պլանավորում են կազմավորումների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումները և ապահովում դրանց իրականացումը.
բ) սահմանում են կազմավորումների անձնակազմի պարտականությունները.
գ) կազմակերպում և ապահովում են կազմավորումների անձնակազմերի պատրաստումը.
դ) ապահովում են կազմավորումների պատրաստականության բերելու միջոցառումների իրականացումը.
ե) ղեկավարում են խոցման օջախներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.
զ) ապահովում են այլ կազմավորումների հետ փոխգործողությունների կազմակերպումը.
է) կազմակերպում են կազմավորումների նյութատեխնիկական միջոցներով ապահովումը:
IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
12. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով կազմավորումների հրամանատարների (պետերի) ու անձնակազմերի պատրաստումը և ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման համաձայն:
V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
13. Կազմավորումների գործունեությունն իրականացվում է միանձնյա ղեկավարման սկզբունքով` համագործակցելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ընդգրկված կառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ ուժերի հետ:
14. Կազմակերպությունների կազմավորումները գործում են տվյալ կազմակերպության տարածքում, իսկ մարզի (Երևան քաղաքի), համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետի համաձայնությամբ` նաև այլ վայրերում:
15. Համայնքային կազմավորումները գործում են տվյալ համայնքի տարածքում և մարզի (Երևան քաղաքի) այլ համայնքների տարածքում` համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:
16. Կազմավորումները պատրաստականության են բերվում տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից` քաղաքացիական պաշտպանության համակարգը լիակատար պատրաստության բերելու դեպքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում:
Կազմավորումների անձնակազմերի ազդարարումն ու հավաքն իրականացվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի կողմից հաստատված` ազդարարման և հավաքի սխեմայի համաձայն:
17. Կազմավորումների պատրաստականությունն ապահովում են քաղաքացիական պաշտպանության պետերը, նրանց շտաբները, ծառայությունները, ինչպես նաև կազմավորումների հրամանատարները (պետերը):
18. Կազմավորումների երթը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վայրեր կազմակերպում և անձամբ ղեկավարում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:
19. Կազմավորումները գործում են քաղաքացիական պաշտպանության ուժերի խմբավորումների կազմում` առաջին և երկրորդ էշելոնում կամ պահեստային ուժերում: Կազմավորումները կարող են գործել նաև առանձին` պահպանելով կազմակերպական կառուցվածքը:
20. Փրկարարական աշխատանքների ընթացքում կազմավորումների հրամանատարները (պետերը) համագործակցում են քաղաքացիական պաշտպանության զորքերի և այդ աշխատանքներում ընդգրկված այլ ուժերի ու ստորաբաժանումների հետ:
VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
21. Կազմավորումների ընդհանուր ղեկավարումն իրականացնում են կազմավորումներ ստեղծող տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարները:
22. Կազմավորումների ամենօրյա ղեկավարումն իրականացնում են կազմավորումների հրամանատարները (պետերը):
23. Կազմավորումների հրամանատարները (պետերը) նշանակվում և ազատվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի հրամանով: