«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ
Վ.Ց. ԳՆՈՒՆԻ
«7» օգոստոսի 1996 թ.
--- ----------
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) մարզային տեսչությունը (այսուհետև` տեսչություն) նախարարության ինքնուրույն տարածքային ստորաբաժանում է, որը տվյալ տարածքի կրթական հաստատություններում իրականացնում է տեսչական վերահսկողություն` անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից:
2. Տեսչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նախարարության հրամաններով, հրահանգներով և սույն կանոնադրությամբ:
Տեսչությունն անմիջականորեն ենթարկվում է նախարարությանը:
3. Տեսչության պահպանման ծախսերը կատարվում են բյուջեի միջոցների հաշվին:
4. Տեսչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր:
5. Տեսչությունը`
ա) վերահսկում է տարածքի կրթական հաստատությունների կողմից կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նախարարության հրամանների, հրահանգների, ցուցումների ու հանձնարարականների, իրենց կանոնադրությունների պահանջների կատարումը,
բ) վերահսկողություն է իրականացնում տարածքի կրթական հաստատությունների կողմից ուսումնական պլանների, հանրակրթական ուսումնական և դաստիարակչական պետական ծրագրերի կատարման նկատմամբ,
գ) վերահսկում է ուսումնադաստիարակչական աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
դ) իրականացնում է տարածքի կրթական հաստատությունների ուսումնագիտական և մեթոդական տեղեկատվության ապահովման գործը, կազմակերպում է ղեկավար ու մանկավարժական աշխատողների խորհրդակցություններ, գիտաժողովներ, մանկավարժական ընթերցումներ, ուսումնասիրում ու ամփոփում է կրթական հաստատությունների ղեկավարման և մանկավարժական աշխատանքի օրինակելի փորձն ու կազմակերպում դրա ներդրումը, տարածումը,
ե) տարածքի պետական հաստատություններում մանկավարժական կադրերի նկատմամբ պահանջարկի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարություն, աշխատանք տանում կրթական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ,
զ) կազմակերպում է տարածքի պետական կրթական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի վերապատրաստման ու ատեստավորման նախապատրաստական աշխատանքները, սահմանված կարգով մասնակցում դրանց իրականացմանը,
է) նախարարության ենթակա հանրակրթական հաստատությունների տնօրենների նշանակման և ազատման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում նախարարություն,
ը) սահմանված կարգով տեսչական ստուգումներ է կատարում մարզի պետական կրթական հաստատություններում, մասնակցում նաև մարզային կրթության բաժնի գործունեության տեսչավորմանը,
թ) վերահսկում է պետական հանրակրթական չափորոշիչների պահպանումը պետական և ոչ պետական կրթական հաստատություններում,
ժ) վերահսկում է պետական կրթական հաստատություններում ընդունելության, դասարանից դասարան փոխադրման, գիտելիքների ստուգման, ավարտական քննությունների անցկացման գործը,
ի) աջակցում է կրթության զարգացման տարածքային ուսումնական կենտրոնների ստեղծմանը, նրա խնդիրների իրականացմանը, օգտագործում նրա բազան իր գործառույթների կատարման համար,
լ) մարզային կրթության բաժինների, տեղական ինքնակառավարման կրթության մարմինների հետ համատեղ`
կազմակերպում է առարկայական օլիմպիադաներ, մարզական և մշակութային միջոցառումներ, մրցույթներ.
կազմակերպում է կրթական հաստատություններին անհրաժեշտ դասագրքերով, ձեռնարկներով, ուսումնամեթոդական նորմացույց ապահովելու գործը.
մասնակցում է անչափահասների իրավունքների պաշտպանության, կրթական հաստատությունների անվանակոչության աշխատանքներին.
կրթական հաստատություններում վերահսկում է երեխաների առողջության պահպանման գործը.
խ) առաջարկություններ է ներկայացնում պետական կրթական հաստատությունների վերակառուցման, լուծարման, տեղաբաշխման վերաբերյալ,
ծ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է տալիս մարզպետին,
կ) սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները, կատարում քաղաքացիների ընդունելություն:
6. Տեսչությանը կից ստեղծվում է կրթական խորհուրդ, որի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարությունը:
7. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում է նախարարության կողմից հաստատված աշխատանքային պլանով:
8. Տեսչությունը գլխավորում է պետը, որին նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից նախարարը` այդ մասին տեղյակ պահելով մարզպետին:
9. Տեսչության պետը`
ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության գործունեությունը,
բ) պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից տեսչության աշխատողներին` նախարարության համաձայնությամբ,
գ) նախարարության հաստատմանն է ներկայացնում կրթական հաստատությունների կանոնադրությունները,
դ) հաստատում է տեսչությանը կից կրթական խորհրդի աշխատանքային պլանն ու աշխատակարգը, տեսչական հանձնաժողովների կազմը, աշխատանքի պլանը և տեսչավորման ժամկետները,
ե) ղեկավարում է տեսչությանը կից կրթական խորհրդի աշխատանքը, կազմակերպում նրա որոշումների կատարման վերահսկողությունը,
զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, ստուգում դրանց կատարումը,
է) նախարարություն առաջարկություն է ներկայացնում տարածքի կրթական հաստատությունների տնօրենների այն հրամանների վերացման մասին, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախարարության հրամաններին, հրահանգներին,
ը) իր իրավասության սահմաններում տնօրինում է տեսչության գույքը:
10. Տեսչության պետի հրամանների, հանձնարարականների, ցուցումների կատարումը պարտադիր է տարածքի կրթական հաստատությունների համար:
11. Տեսչությունը տեսչական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն:
12. Տեսչության վերակառուցումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Սույն կանոնադրության տեքստում օգտագործվող «մարզային» , «մարզպետ» հասկացությունները հավասարապես վերաբերում են Երևանի քաղաքային, Երևանի քաղաքապետ հասկացություններին:
i
14. Սույն կանոնադրությունը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` ՀՀ կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչություններ ստեղծելու մասին» թիվ 140 որոշման 3-րդ կետի բ ենթակետի հիման վրա:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
09.09.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12960048