Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐ ...

 

 

040.1193.290903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1193-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 100 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

(3-րդ կետը փոփ. 06.11.03 թիվ 1376-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1193-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 100 հազ. դրամի չափով գույքային ներդրում:

5. Հիմնադրամի անվանումն է`

 

    հայերեն լրիվ`    Հայաստանի Հանրապետության գյուղի և  գյուղատնտեսության

                     աջակցության հիմնադրամ

հայերեն կրճատ`   ՀՀ ԳԳԱՀ

ռուսերեն լրիվ`  Ֆոնդ սոդեյստվիյա սելու ի սելսկոմու խոզյայստվու

Ռեսպուբլիկի Առմենիյա

ռուսերեն կրճատ` ՖՍՍՍԽ ՌԱ

անգլերեն լրիվ`  Support fund of village and agriculture of the

Republic of Armenia

անգլերեն կրճատ` SFVA RA

 

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կառավարական N 3 շենք:

7. Հիմնադրամի գործունեության ժամկետը` անժամկետ է:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

8. Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գյուղատնտեսության բնագավառի գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործմանն աջակցությունը,

բ) առանձին գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը և դրանց արդյունքների ներդրմանն աջակցությունը,

գ) գյուղատնտեսության բնագավառում ռազմավարական ծրագրերի մշակումը,

դ) հանրապետության մարզերի, տարածաշրջանների և առանձին գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի մշակումը, իրականացումը և դրանց օժանդակելը,

ե) գյուղական անապահով ընտանիքներին աջակցությունը,

զ) գիտական սեմինարների, համաժողովների անցկացումը և ցուցահանդեսների կազմակերպումը,

է) ուսուցման կազմակերպման միջոցով գյուղատնտեսության մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, տեղեկատվական ցանցի ստեղծումը,

ը) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

10. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

11. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային ու այլ հաշիվներ, իր անվանմամբ ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

12. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

13. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

14. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) հրատարակչական գործ,

բ) խորհրդատվական ծառայությունների մատուցում,

գ) տեղեկատվության տրամադրում,

դ) ուսուցման կազմակերպում,

ե) գյուղացիական տնտեսություններին սերմնանյութի, տնկանյութի տրամադրման կազմակերպում:

15. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

16. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

17. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

18. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

19. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

20. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամ, արտարժույթ և այլն:

21. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցները, գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները,

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

22. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից, իր մուծումների չափին համապատասխան, ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերած անձանց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կարող են շնորհվել պատվավոր կոչումներ:

23. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` արտարժութային):

24. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

25. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի գումարը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

26. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի կառավարիչը` գործադիր տնօրենը:

27. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

28. Խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը:

29. Խորհուրդը բաղկացած է 11 անդամից:

30. Խորհրդի իրավասություններն են`

ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

բ) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

ե) խորհրդի նոր անդամների ընտրությունը և խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

զ) խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

է) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

ը) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը.

թ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

ժ) գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը` առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ.

ժա) խորհրդի որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

ժբ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

ժգ) կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

31. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

32. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է սույն կանոնադրությանը և իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

33. Խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև գործունեության այլ ոլորտներ.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու մյուս աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ ու հաշվետվություն.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

ե) սպառիչ տեղեկատվություն ստանալու հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու խորհրդի կազմից:

34. Խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին.

բ) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը.

գ) չխախտել սույն կանոնադրության և խորհրդի կանոնակարգի պահանջները:

35. Խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, սույն կանոնադրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ:

36. Հիմնադրամի գործադիր մարմինը հիմնադրամի գործադիր տնօրենն է (այսուհետ` գործադիր տնօրեն), որը ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և հաշվետու է խորհրդին:

37. Գործադիր տնօրենը`

ա) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

բ) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) տնօրինում է հիմնադրամի գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները` համաձայն խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային և այլ հաշիվներ.

զ) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափը.

է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

ը) տալիս է լիազորագրեր.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԸ

 

38. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը կատարվում է անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

39. Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

40. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

41. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

42. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում ու վարվում և հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

43. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

44. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1193-Ն որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

    Դ. Լոքյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

 

    Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Կ. Աթոյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ս. Գալստյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ա. Ափոյան         - «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Գ. Սարդարյան      - «Ագրոբիզնեսի և  գյուղի զարգացման կենտրոն»

                        հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Թամրազյան      - «Դիլի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության

                        հիմնադիր (համաձայնությամբ)

 

    Գ. Մկրտչյան       - «Արմենի տեխնոլոջի գրուպ» հիմնադրամի գործադիր

                        տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Պետրոսյան      - «ՄԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության

                        խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Հ. Հովհաննիսյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման

վարչության պետ

 

    Գ. Ավագյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        իրավաբանական վարչության օրենսդրական բարեփոխումների

                        բաժնի պետ

 

(կազմը փոփ. 25.08.05 թիվ 1387-Ն, 30.03.06 թիվ 380-Ն, 09.08.07 թիվ 910-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2003
N 1193-Ն
Որոշում