i
(ուժը կորցրել է 14.06.12 թիվ 750-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա)
040.1089.050903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2003 թվականի N 1089-Ն
i
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ընդերքի մասին» օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների մասին իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի օրինակելի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1089-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման (շինարարություն և շահագործում) նպատակով ընդերքօգտագործման լիցենզավորման գործընթացը:
2. Ընդերքօգտագործումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա` բացառությամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների կողմից` իրենց հատկացված հողամասերի սահմաններում (անկախ սեփականության ձևից) սեփական տնտեսական և կենցաղային կարիքները բավարարելու նպատակով կատարվող ստորերկրյա կառույցների շինարարության:
3. Ընդերքօգտագործման լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` ընդերքօգտագործման նախագծի առկայության դեպքում:
II. ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ
4. Ընդերքօգտագործման լիցենզիա ստանալու նպատակով դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը (եթե ընդերքօգտագործողն իրավաբանական անձ է),
բ) ընդերքի տվյալ տեղամասի պետական կադաստրում գրանցման վկայականի պատճենը (եթե այդպիսին կա),
գ) նախատեսվող ստորերկրյա կառույցի անհրաժեշտության հիմնավորումը` նշելով շինարարության, շահագործման հանձնելու և շահագործման ժամկետները,
դ) նախատեսվող կառույցի հողատարածքի սեփականատիրոջ նախնական համաձայնությունը, եթե առկա են հողօգտագործման հարաբերություններ,
ե) ստորերկրյա կառույցների շինարարության նախագծի մասին պետական փորձաքննության դրական եզրակացությունը,
զ) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
է) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:
5. Լիցենզիան տրամադրվում կամ դիմումը մերժվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից դիմումն ընդունվելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Դիմումը մերժվելու դեպքում դրա մասին գրավոր ծանուցվում է դիմողին` նշելով մերժման պատճառը:
Դիմումը մերժվում է, եթե`
ա) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա տեղեկությունները կեղծ են,
բ) ընդերքի տեղամասը տրամադրված է այլ ընդերքօգտագործողի:
6. Ընդերքօգտագործման լիցենզիայում նշվում են լիցենզիայի հերթական համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գործողության ժամկետը, լիցենզավորող մարմնի անվանումը, լիցենզավորվող սուբյեկտի անվանումը կամ անունը, ազգանունը, ստորերկրյա կառույցի նպատակը, լիցենզիայի տրամադրման հիմքերը, աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ փուլերի` շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը, օգտագործման տրվող ընդերքի տեղամասի տարածական սահմաններն ու ընդերքից օգտվելու հետ կապված լեռնահատկացման սահմանները, կառույցի շահագործման և պահպանման ժամկետները, ընդերքօգտագործման վճարներն ու ընդերքի պահպանության ծախսերը, բնապահպանական միջոցառումների իրականացման ժամանակացույցը և ծախսերը, ստորերկրյա կառույցների շահագործման հատուկ պահանջներն ու այլ պայմաններ:
Լիցենզիայի կորստի դեպքում ընդերքօգտագործողին տրամադրվում է կրկնօրինակը:
III. ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
7. Ընդերքօգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով: