050.0221.050803
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2003 թվականի N 221-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 29-րդ հոդվածների դրույթներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի 1-ի (կցվում է),
բ) (1-ին կետի բ ենթակատն ուժը կորցրել է 30.08.05 թիվ 439-Ն որոշում)
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 198 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի հունիսի 18-ի
թիվ 221-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ) իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:
2. Կենտրոնական բանկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է (Վազգեն Սարգսյան 6):
4. Կենտրոնական բանկը, նրա մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով:
ԳԼՈՒԽ II. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ 6. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել նորմատիվ և անհատական իրավական ակտեր: 7. Կենտրոնական բանկի նորմատիվ և անհատական իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով: 8. Կենտրոնական բանկի նախագահն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է միայն անհատական որոշումներ և կարգադրություններ, ինչպես նաև Կենտրոնական բանկի, որպես բանկ հանդես գալու դեպքում, ներքին ակտեր: |
ԳԼՈՒԽ III. |
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ |
9. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը` Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ:
10. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը կոորդինացնում է Կենտրոնական բանկի գործունեության` իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները և պատասխանատվություն կրում այդ ոլորտում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար:
ԳԼՈՒԽ IV. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ |
11. Կենտրոնական բանկի խորհրդի անդամն իր պաշտոնեական պարտականությունները կատարելու նպատակով կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից կարող է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ` անհրաժեշտության դեպքում հրավիրելով խորհրդակցություններ:
12. Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված մասնագետները մասնակցում են այդ խորհրդակցություններին և իրենց մասնագիտական գիտելիքներով օժանդակում Կենտրոնական բանկի խորհրդի անդամների պաշտոնական պարտականությունների կատարմանը:
ԳԼՈՒԽ V. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ |
i
13. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները նրա ներքին կառուցվածքային միավորներն են: Դրանք են`
ա) վերստուգիչ խումբը,
բ) վարչությունները,
գ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը,
դ) կենտրոնները,
ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 05.03.13 թիվ 44-Ն որոշում)
զ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը:
(13-րդ կետը փոփ. 03.03.05 թիվ 99-Ն, 05.03.13 թիվ 44-Ն որոշումներ)
ԳԼՈՒԽ VI. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ |
i
14. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը ղեկավարում են`
ա) վերստուգիչ խումբը` գլխավոր վերստուգիչը,
բ) վարչությունը` վարչության պետը և/կամ վարչության պետի տեղակալը, իսկ իրավաբանական վարչությունը` վարչության պետը, գլխավոր իրավական խորհրդականը,
գ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը` ծառայության ղեկավարը,
դ) կենտրոնը` կենտրոնի տնօրենը,
ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 05.03.13 թիվ 44-Ն որոշում)
զ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը` կենտրոնի ղեկավարը:
(14-րդ կետը փոփ. 03.03.05 թիվ 99-Ն, 05.03.13 թիվ 44-Ն որոշումներ)
15. Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան, որը հաստատվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից:
Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման համար:
ԳԼՈՒԽ VII. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ |
16. Առանձին հարցերի քննարկման համար Կենտրոնական բանկի նախագահի կողմից Կենտրոնական բանկում կարող են ստեղծվել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ:
17. Կենտրոնական բանկի մշտական հանձնաժողովները Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծվող, մշտապես (անժամկետ) գործող և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործմանն օժանդակող հանձնաժողովներն են:
18. Կենտրոնական բանկի ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքները կրում են ժամանակավոր բնույթ և պայմանավորված են որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ: Աշխատանքների կատարումից (ավարտից) հետո հանձնաժողովի աշխատանքները դադարում են:
ԳԼՈՒԽ VIII. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ |
19. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են:
20. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է հիմնել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
21. Կենտրոնական բանկի մասնաճյուղը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Կենտրոնական բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է Կենտրոնական բանկի անունից և վերջինիս կողմից տրված լիազորությունների սահմաններում:
22. Կենտրոնական բանկի մասնաճյուղն ունի իր կանոնադրությունը, որը հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կանոնադրությունը սահմանում է`
ա) մասնաճյուղի անվանումը,
բ) մասնաճյուղի գտնվելու վայրը,
գ) մասնաճյուղի ղեկավարների լիազորություններն ու պարտականությունները,
դ) մասնաճյուղի լիազորությունները, այդ թվում` նրա կողմից իրականացվող գործառնությունները,
ե) մասնաճյուղի գործունեության վերաբերյալ այլ դրույթներ:
23. Կենտրոնական բանկի ներկայացուցչությունն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է Կենտրոնական բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան և իրականացնում իր կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
24. Ներկայացուցչության կանոնադրությունը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կանոնադրությունը սահմանում է`
ա) ներկայացուցչության անվանումը,
բ) ներկայացուցչության գտնվելու վայրը,
գ) ներկայացուցչության ղեկավարների լիազորություններն ու պարտականությունները,
դ) ներկայացուցչության լիազորությունները,
ե) ներկայացուցչության գործունեության վերաբերյալ այլ դրույթներ:
25. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները լուծարվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
ԳԼՈՒԽ IX. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ |
26. Կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնները Հայաստանի Հանրապետության որևէ տարածքում տեղակայված Կենտրոնական բանկի դրամարկղային հանգույցներն են, որոնք իրականացնում են Կենտրոնական բանկի դրամարկղի բոլոր գործառույթները տվյալ տարածաշրջանում, և որոնց նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում դրամաշրջանառության կարգավորումը, հնամաշ թղթադրամների դուրսբերումը, կանխիկ դրամի փոխադրումների օպերատիվության և անվտանգության բարձրացումը, տարածաշրջաններում գործող բանկերի և նրանց մասնաճյուղերի դրամարկղային սպասարկման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև կանխիկ դրամի հանդիպակաց փոխադրումների բացառումը:
27. Կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոններում դրամարկղային գործառնությունների իրականացման պայմանները սահմանվում են օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով:
ԳԼՈՒԽ X. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ |
28. Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերի նախագծումն իրականացվում է պատասխանատու կամ նախաձեռնող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից (այսուհետև` նախաձեռնող ստորաբաժանում):
29. Նախաձեռնող ստորաբաժանումը Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը ներկայացնում է Կենտրոնական բանկի շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնեցմանը:
30. Շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնությունն ստանալուց հետո որոշման նախագիծը ներկայացվում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն` իրավական-փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
31. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնում է իրավական-փորձագիտական եզրակացություն, որն ստորագրում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետը:
32. Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը իրավական-փորձագիտական եզրակացության հետ միասին վերադարձվում է նախաձեռնող ստորաբաժանմանը և ներկայացվում Կենտրոնական բանկի աշխատակազմ (այսուհետև` աշխատակազմ)` Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգով սահմանված ժամկետներում:
33. Աշխատակազմը, ստանալով որոշման նախագիծը, այն ներառում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստի օրակարգում և ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը` համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի:
34. Կենտրոնական բանկի խորհուրդը ներկայացված նորմատիվ որոշման նախագիծը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի պահանջներին համապատասխան:
i
35. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից որոշումն ընդունվելուց հետո աշխատակազմը, նախաձեռնող ստորաբաժանման հետ համատեղ, մեկօրյա ժամկետում խմբագրում է որոշման նախագիծը և այն ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի և խորհրդի անդամների ստորագրմանը:
(35-րդ կետը փոփ. 30.08.05 թիվ 439-Ն որոշում)
ԳԼՈՒԽ XI. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
i
36. Աշխատակազմը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ որոշումը ստանալուց հետո անհապաղ ուղարկում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն:
Իրավաբանական վարչությունը մեկօրյա ժամկետում պատրաստում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտը գրանցման ներկայացնելու վերաբերյալ համապատասխան գրություն` ուղղված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և այն ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը:
(36-րդ կետը փոփ. 30.08.05 թիվ 439-Ն որոշում)
i
37. Սույն կանոնադրության 36-րդ կետով նախատեսված գրության ստորագրումից հետո մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուղեկցող գրությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
(37-րդ կետը փոփ. 30.08.05 թիվ 439-Ն որոշում)
38. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից արդեն գրանցված որոշումը պահվում է աշխատակազմի կողմից:
39. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած յուրաքանչյուր որոշման` «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հերթական համարում պաշտոնապես հրապարակվելու մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին:
40. Աշխատակազմը Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության տեղեկացումից հետո մեկօրյա ժամկետում հրապարակված որոշման մասին տեղյակ է պահում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին, բանկերին և այլ շահագրգիռ անձանց:
41. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցումը կասեցված որոշումը Կենտրոնական բանկ մուտքագրվելուց հետո հասցեագրվում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն:
42. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը, նախաձեռնող ստորաբաժանման հետ համատեղ, պետական գրանցման կասեցման վերաբերյալ որոշումն ստանալու պահից հարցը ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը` պատրաստելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման կասեցումը ընդունելու, չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշում:
i
43. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից պետական գրանցման կասեցումն ընդունելու, չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին համապատասխան որոշում ընդունվելուց հետո Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը կրկին պատրաստում է համապատասխան փաթեթ` գրանցման կասեցումը չընդունելու կամ մասնակի չընդունելու վերաբերյալ հիմնավորումը:
(43-րդ կետը փոփ. 30.08.05 թիվ 439-Ն որոշում)
i
44. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ուղարկում պետական գրանցման կասեցումն ընդունելու, չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը և հետևում է այդ փաստաթղթերի կատարման ընթացքին ու ժամկետներին:
(44-րդ կետը փոփ. 30.08.05 թիվ 439-Ն որոշում)
ԳԼՈՒԽ XII. |
ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
i
(XII գլուխը լրաց. 05.03.13 թիվ 44-Ն որոշում)
45. Կենտրոնական բանկը իրականացնում է վնասված, կասկածելի և կեղծ դրամանիշերի փորձաքննություն և փորձաքննության հիման վրա տրամադրում է փորձագիտական եզրակացություն:
46. Դրամանիշերի փորձաքննության ներքո Կենտրոնական բանկը մասնավորապես իրականացնում է.
1) Վնասված, կասկածելի և կեղծ դրամանիշերի փորձաքննություն և փորձագիտական եզրակացության տրամադրում,
2) Դրամանենգության դեմ պայքարում իրավապահ մարմինների հետ համագործակցում, կեղծ դրամանիշերի վերաբերյալ օպերատիվ տվյալների տրամադրում:
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի հունիսի 18-ի
թիվ 221-Ն որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
i
(կառուցվածքը փոփ. 29.07.03 թիվ 257-Ն, 13.04.04 թիվ 93-Ն, 03.05.05 թիվ 99-Ն, 10.05.05 թիվ 213-Ն որոշումներ)
(կառուցվածքն ուժը կորցրել է 30.08.05 թիվ 439-Ն որոշում)