040.0955.180803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2003 թվականի N 955-Ա
i
«ՀՐԱԶԴԱՆՄԱՇ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Գաղտնի:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 1886288 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
1.3. Սահմանել`
ա) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 755673 հազ. դրամ.
բ) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 755673 հազ. դրամ, որը համապատասխանում է 755673 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.
գ) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (70.35 տոկոս) գնահատված արժեքը` 531616 հազ. դրամ.
դ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 90000 հազ. դրամ:
1.4. «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1130615 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտք` 451203 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 619734 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 57203 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 2475 հազ. դրամ:
1.5. «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերությունը 2000-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով ունի 6355.1 հազ. դրամի չափով պարտավորություն, որն ընկերության հաշվապահական հաշվեկշռում արտացոլված չէ:
1.6. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է`
i
ա) վեցամսյա ժամկետում վճարել սույն որոշման 1.3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) երկու տարում կատարել 12671 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ, այդ թվում`
առաջին տարում` 6066 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
երկրորդ տարում` 6605 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
դ) երեք տարում ապահովել 350 աշխատատեղ` 65000 դրամ միջին աշխատավարձով, այդ թվում`
առաջին տարում` 100 աշխատատեղ` 50000 դրամ միջին աշխատավարձով,
երկրորդ տարում` 130 աշխատատեղ` 60000 դրամ միջին աշխատավարձով,
երրորդ տարում` 120 աշխատատեղ` 75000 դրամ միջին աշխատավարձով.
ե) երկու տարում թողարկել 39380000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով արտադրանք, այդ թվում`
առաջին տարում` 7380000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
երկրորդ տարում` 32000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.
զ) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության` Հրազդանի քաղաքային համայնքին ունեցած պարտքերը մարել մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո` 10-օրյա ժամկետում.
է) սույն որոշման 1.5-րդ կետում նշված գումարը վճարել մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո` եռամսյա ժամկետում:
(1.6-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1929-Ն որոշում)
1.7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետներին` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողատարածքների վարձակալության պայմանագիր` 99 տարի ժամկետով, հետագայում հողամասերը կադաստրային արժեքով գնելու իրավունքով:
1.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ համատեղ հաստատել ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ունեցած պարտավորությունների մարման համապատասխան ժամանակացույցեր:
1.9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել «Պատնեշ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` անշարժ գույքի պետական գրանցման վկայականում 18, 22, 23, 28, 29, 32, 37, 38, 47 համարներով նշված շենքերի ու շինությունների, դրանց հարակից տարածքների և դրանց հարող երկաթգծի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները` հետագայում «Նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու նպատակով:
1.10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) սույն որոշման 1.6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) մասնավորեցման պայմանագրում ներառել սույն որոշման 1.6-րդ կետի «բ»-»է» ենթակետերում նշված` գնորդի պարտավորությունները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ