ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 1996 թվականի թիվ 23
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
գանձապետարանի բանկային սպասարկման ժամանակավոր
կանոնակարգման մասին
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի, տեղական գանձապետական բաժանմունքների և դրանց սպասարկող բանկերի միջև տեղեկատվական փոխանակման տեխնիկական դժվարությունները, առկա կազմակերպչական բացերը, ինչպես նաև ֆինանսների նախարարության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հանրապետական բյուջեի եկամուտների հավաքագրումը և հաշվառումը շարունակել իրականացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 164 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման կարգի» կարգի 2-րդ կետին և 1995 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 216 որոշմամբ 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` մինչև կենտրոնական բանկի մինչբանկային համակարգչային ցանցի առաջին հերթի գործարկումը: Վերջինիս գործարկման ընթացքին զուգահեռ իրականացնել բոլոր բյուջետային և արտաբյուջետային միջոցների` գանձապետարանի միասնական հաշվում կենտրոնացնելու գործընթացը:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության տեղական բյուջեները սպասարկվելու են տեղական գանձապետարանների կողմից: Ընդ որում, մինչև սույն որոշման 1-ին կետում սահմանված կարգով անցումը գանձապետարանի միասնական հաշվին, 120Պ, 130Պ, 141Պ և 142Պ հաշիվները վարվելու են մնացորդային ռեժիմով, հիշյալ հաշիվներում առկա միջոցների սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 15-3 գրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գանձապետական միասնական հաշվին առևտրային բանկերի կողմից նախկինում փոխանցված բոլոր արտաբյուջետային միջոցները ֆինանսների նախարարության հանձնարարագրերով հետ փոխանցել տեղական գանձապետական բաժանմունքների համապատասխան հաշիվներին:
4. Ոչ նպատակահարմար համարելով կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից ցանկացած լրավճարային (դոտացիոն) քաղաքականության իրականացումը բյուջեի նկատմամբ պարտավորությունների ձևով` առաջարկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի համապատասխան հաշիվներում կուտակված` մարդասիրական օգնության գծով ստացված ապրանքների վաճառքից առաջացած միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված միասնական գանձապետական հաշվին:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը արտաբյուջետային հաշիվների մնացորդները հանրապետական բյուջեի հաշվի մնացորդային մասի հետ մեկտեղ շաբաթական կտրվածքով դիտարկելու է որպես դեպոզիտ և այդ չափով պակասեցնելու է կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով տրամադրվելիք վարկային գիծը:
6. Ընդունել ի գիտություն, որ հանրապետական բյուջեից կատարվող փաստացի ծախսումների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանին ներկայացնում են տեղական գանձապետական բաժանմունքները` գանձապետարանի կողմից սահմանված ժամկետներում: