040.0617.040603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2003 թվականի N 617-Ն
i
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «գ» և 9-րդ հոդվածի «բ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվեր տեղադրող մարմին են հանդիսանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված կամ վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար` հիմնադիրը կամ, հիմնադրի որոշմամբ, պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ հասարակական մարզական կազմակերպությունների համար` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 617-Ն որոշման
ԿԱՐԳ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
1. Պետական պատվեր տեղադրող մարմինը պետական պատվերի և վճարումների շրջանակներում ապահովում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի իրականացման արդյունավետությունը:
2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերը տեղադրվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման` գնման ցանկացած ընթացակարգի համար պատվիրատուն սահմանում է մասնակիցներին ներկայացվող հետևյալ որակավորման չափանիշները`
ա) մասնագետ կադրերի, որակյալ մարզիչ-մանկավարժների առկայությունը.
բ) ֆիզկուլտուրային, առողջարարական, մարզական զանգվածային աշխատանքների կազմակերպման փորձը.
գ) համապատասխան մարզաբազայի առկայությունը.
դ) մասնագիտական մարզագույքի առկայությունը.
ե) կազմակերպության մարզական ավանդույթները.
զ) սպասարկվող համակազմի թիվը.
է) աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների թիվն ու մարզական արդյունքները.
ը) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների թիվը: