(ուժը կորցրել է 10.09.15 թիվ 1063-Ն որոշում)
i
040.0524.190503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2003 թվականի N 524-Ն
i
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2042-Ն որոշման 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ա» ենթակետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
ա) Շուկայի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Շուկայի վերահսկողության պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.12.11 թիվ 1792-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 15.05.08 թիվ 550-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 10.05.07 թիվ 599-Ն, 15.05.08 թիվ 550-Ն որոշումներ)
(վերնագիրը փոփ. 15.12.11 թիվ 1792-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 524-Ն որոշման
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:
4. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը.
2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
4) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու ինչպես նաև ծառայություններ, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների, մատուցելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
2) պետական չափագիտական վերահսկողության ոլորտներում չափման միջոցների արտադրության, տեղակայման, շահագործման, պահպանման և նորոգման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, ինչպես նաև իրացվող փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում.
3) շուկայում իրականացվող ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալները տեղեկատվական բազայում հավաքագրում, մշակում, ամփոփում, հանրության իրազեկում.
4) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ կապված` մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկի (վտանգի) գնահատման համակարգի հիման վրա տեսչությունը իրականացնում է դիտարկում (մոնիթորինգ), ուսումնասիրություն և ստուգումներ:
5) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության իրավասություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերված ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալների ստացում.
6) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և իրացվող ապրանքների մասին սպառողներին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
7) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, օրենսդրական չափագիտության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում, խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ գլխավոր պետական տեսուչի կողմից համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական պատասխանատվություն կիրառում.
8) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.
9) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողություն և տեղում ստուգումների իրականացում.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.
11) Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշման սարքավորումների համապատասխանության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների պահպանման վերաբերյալ լիցենզավորող մարմին առաջարկություն ներկայացնելը.
12) սպառողների անորոշ շրջանակի իրավունքների խախտումներին ուղղված ուսումնասիրությունների իրականացում, տվյալների հավաքագրում, դրանց հիման վրա կայացած վերլուծությունների արդյունքների հրապարակում և օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում միջոցառումների իրականացում:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որն ի պաշտոնե հանդիսանում է գլխավոր պետական տեսուչ և պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով: Տեսչության` քաղաքացիական ծառայող համարվող աշխատողները հանդիսանում են նախարարության պետական տեսուչներ:
9. Տեսչության պետը պատասխանատու է շուկայում ոչ պարենային ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) համապատասխանության հավաստման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, սպառողների իրավունքների պաշտպանության, տեսչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
10. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
11. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
3) արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության, նախարարության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչության կողմից շուկայի վերահսկողության ծրագրերը.
8) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների տարածքային մարմինների իրավասությունները.
9) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
10) լսում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
11) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
12) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
13) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, սպառողների պաշտպանության և այլ հասարակական կազմակերպությունների հետ.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
12. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
14. Տեսչությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ:
15. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(կանոնադրությունը փոփ. 10.05.07 թիվ 599-Ն, 15.05.08 թիվ 550-Ն, 28.04.11 թիվ 519-Ն, 15.12.11 թիվ 1792-Ն որոշումներ)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 524-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժին
2. Մոնիթորինգի, ռիսկերի գնահատման և տեղեկատվության բաժին
3. Վերահսկողության բաժին
4. Թանկարժեք մետաղների վերահսկողության բաժին
5. Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության բաժին
(կառուցվածքը փոփ. 12.08.04 թիվ 1166-Ն, 10.05.07 թիվ 599-Ն, 15.12.11 թիվ 1792-Ն որոշումներ)