040.0465.070503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2003 թվականի N 465-Ն
i
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության պետական գույքի գնահատման ու հաշվառման աշխատանքները կենտրոնացված և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ընկերությունների աջակցման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Ընկերությունների աջակցման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության և «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն ու նրանց իրավունքները (այդ թվում` Երևանի Զաքյան 10 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 216.9 քառակուսի մետր տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը և 21195800 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը) ու պարտականություններն անցնում են «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:
3. Սահմանել, որ`
ա) «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է`
Հայաստանի Հանրապետության պետական գույքի գույքագրման աշխատանքների իրականացումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այդ թվում` մասնավորեցվող, օտարվող) արժեքի որոշումը (գնահատում և վերագնահատում),
հրապարակային սակարկություններով մասնավորեցման, ինչպես նաև լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների, համապատասխանաբար աճուրդային, մրցութային և լուծարման հանձնաժողովների հանձնարարությունների կատարումը (հանձնակատարի աշխատանքների իրականացում),
մասնավորեցվող ընկերություններին տնտեսագիտական բնույթի խորհրդատվությունը,
ընկերությունների լուծարումից հետո պետության բաժնեմասին համապատասխան գույքի պահառության աշխատանքների իրականացումը.
բ) «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման ռեեստրի վարման աշխատանքներին աջակցումը:
4. Թույլատրել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
գույքագրում,
գույքի արժեքի որոշում (գնահատում, վերագնահատում),
տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն,
պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների) և կազմակերպությունների լուծարման գործընթացներում հանձնակատարի պայմանագրով նախատեսված գործառնությունների իրականացում:
i
5. «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
6. «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երևանի Զաքյան 10 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 132 քառակուսի մետր տարածքը` 665280 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,
բ) ապահովել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ