040.0011.250103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2003 թվականի N 11-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 9-ի N 11-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակվել է «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 21.1-ին հոդվածին համապատասխան և սահմանում է օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` դիմումատու) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու կարգը:
i
2. Ժամանակավոր ապաստանը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի «Փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի մասին» N 655 որոշմամբ հաստատված` փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի դրույթներին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում:
II. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ, ԵԹԵ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
3. Եթե դիմումատուի տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար օրենքով նախատեսված պահանջներին, ապա նա ճանաչվում է փախստական: Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո անձն իրավունք ունի գրավոր դիմելու լիազորված մարմին` ժամանակավոր ապաստան ստանալու համար:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումն ստանալու դեպքում լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է դիմումատուին տեղեկացնել փախստականի կարգավիճակ և ժամանակավոր ապաստան ստացած անձանց իրավունքների և պարտականությունների մասին:
5. Ժամանակավոր ապաստան ստանալու մասին դիմումն ստանալուց հետո լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձը լիազորված մարմնի ղեկավարին տալիս է դիմումատուին ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին գրավոր եզրակացություն` նշելով, որ թեև դիմումատուն ստացել է փախստականի կարգավիճակ, սակայն կամավոր ընտրել է ժամանակավոր ապաստանը:
6. Լիազորված մարմնի ղեկավարը ժամանակավոր ապաստան տալու մասին գրավոր եզրակացության հիման վրա ընդունում է որոշում դիմումատուին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու մասին:
III. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ, ԵԹԵ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
7. Եթե դիմումատուի տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար օրենքով նախատեսված պահանջներին, ապա նա Հայաստանի Հանրապետությունում ստանում է ժամանակավոր ապաստան, եթե նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիության պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետություն` խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում` զինված հակամարտությունների հետևանքով:
IV. ՄԻՆՉԵՎ ՍՈՒՅՆ ԿԱՐԳՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ
8. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետություն են ներգաղթել նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության բախումնային տարածքներից` զինված հակամարտությունների պատճառով, Հայաստանի Հանրապետությունում ստանում են ժամանակավոր ապաստան` առանց փախստականի կարգավիճակ տալու սահմանված ընթացակարգն անցնելու, եթե սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում դրա մասին գրավոր դիմում են լիազորված մարմին` ժամանակավոր ապաստան ստանալու համար:
Նշված ժամկետից հետո ստացված դիմումները ենթակա են քննարկման` սույն կարգով սահմանված ընդհանուր դրույթներին համապատասխան: