040.2172.280103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2172-Ն
i
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2172-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
ա) 2000 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,
բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1281 որոշմամբ հաստատված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի պետական ծրագիրը,
դ) 2002 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ՀՆԱ-22 արձանագրությունը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի նպատակները և խնդիրներն են`
ա) փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում,
բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում,
գ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտահանման հնարավորությունների ընդլայնում,
դ) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն,
ե) ՓՄՁ-ի սուբյեկտների` գործարար տեղեկատվության, խորհրդատվության, ուսուցման ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնում,
զ) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման կատարելագործում:
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2003 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`
1.»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ, ԴՐԱ ՄԱՐԶԱՅԻՆ 3 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՍՏԵՂԾՈՒՄ
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) իր գործունեությունը ծավալել է ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության ու ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ծրագրերի համակարգման գործառույթը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, իրականացնելով ոլորտի զարգացման պետական ծրագիրը, աշխատանքներ է կատարել տեղեկատվական ու խորհրդատվական ծառայությունների դաշտի ընդլայնման, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման համար:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նշված ծրագրերն իրականացնում է դոնոր կազմակերպությունների հետ համատեղ` համաֆինանսավորման սկզբունքով:
Ներկայումս Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (մասնավորապես` Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալություն, Համաշխարհային բանկ, Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն և այլն) վարում է բանակցություններ 2003 թվականին և հետագայում համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի իրականացման շուրջ:
Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության իրականացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվական, խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ուսուցողական ծրագրերի մշակման ու իրականացման, այդ թվում` ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում (առավելապես, հեռավոր և սահմանամերձ) կստեղծվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երեք մասնաճյուղ: Այդ մասնաճյուղերի գործունեությունը կնպատակաուղղվի ՓՄՁ-ի զարգացման տարածաշրջանային և մարզային ու համայնքային ծրագրերի իրականացմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման գերակայությունները, առանձին բնակավայրերի առանձնահատկությունները և ներուժը:
2. ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՓՄՁ-ի սուբյեկտների զարգացմանը նպաստող առավել արդյունավետ միջոցներից է նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու և ավելացնելու արտադրվող արտադրանքի տեսականին, բարձրացնելու դրանց որակը և կրճատելու արտադրական ծախքերը: Դա իր հերթին հնարավորություն կտա բարձրացնելու ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում:
ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման խրախուսման, մտավոր սեփականության պաշտպանությանն աջակցության գործում հատկապես կարևորվում է պետության աջակցությունը, և այդ նպատակով 2003 թվականին կիրականացվեն հետևյալ միջոցառումները`
ա) նորարարությունների, ժամանակակից տեխնոլոգիաների և դրանցում ներդրումներն ապահովող ծրագրերի տեղեկատվական բազայի ստեղծում,
բ) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների ներդրմանն աջակցություն,
գ) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից արտոնագրերի ձեռքբերման և դրանց հեղինակային իրավունքների պաշտպանությանն աջակցություն,
դ) ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական ծրագրերի մասին տեղեկատվության տրամադրում,
ե) նորարարական ծրագրերի և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև ուսուցողական ծրագրերի և դասընթացների կազմակերպում,
զ) աջակցություն ցուցահանդեսներում և տոնավաճառներում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից առաջարկվող նորարարությունները ներկայացնելուն` օգտագործելով նաև ինտերնետ կապի հնարավորությունները:
3. ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության ընդլայնման արդյունքում այն կսկսի իրականացնել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական ու ներդրումային աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքներ տրամադրելու գործառույթը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրները հաղթահարելու, նրանց ֆինանսական ու ներդրումային աջակցություն ցուցաբերելու նպատակով 2003 թվականին կիրականացնի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման սխեմաների և մեխանիզմների մշակումը և կիրառումը, ինչը հաջողությամբ կիրառվում է ինչպես զարգացած, այնպես էլ անցումային տնտեսություն ունեցող երկրներում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրային այս միջոցառման իրականացման համար փորձագիտական աջակցություն կստանա Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից:
Նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքները տրամադրել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով, որը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող բանկերի հետ:
Վարկային երաշխիքներ կտրամադրվեն ՓՄՁ-ի այն սուբյեկտներին, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ճյուղերում (ոլորտներում), ինչպես նաև հիմք ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածաշրջանային քաղաքականության գերակայությունները:
4. ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ (ԻՍՕ 9000 ՇԱՐՔԻ ԵՎ ԻՍՕ 14000 ՇԱՐՔԻ) ՆԵՐԴՐՈՒՄԸ
Շուկայական տնտեսավարման պայմաններում, հատկապես ՓՄՁ-ի սուբյեկտների համար, ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականը թողարկվող արտադրանքի, մատուցվող ծառայությունների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, ներքին շուկայում ամրապնդվելու և արտաքին շուկաներ մուտք գործելու կարևոր նախապայման է որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրումը:
Տնտեսավարող սուբյեկտներում որակի կառավարման համակարգերի ներդրումն էականորեն բարելավում է դրանց կառավարման արդյունավետությունը, ավելի մատչելի է դարձնում տեղեկատվությամբ ապահովումը և, վերջապես, բարձրացնում նշված սուբյեկտների մրցունակությունն ու հեղինակությունը:
Վերջին տարիներին կարևոր նշանակություն է տրվում տնտեսության կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հարցերին: Հետևաբար, տնտեսավարող սուբյեկտները, այդ թվում` ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ձգտեն իրենց գործունեությունը համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության (ԻՍՕ 14000 շարքի) միջազգային ստանդարտների պահանջներին:
Ներկայումս ՓՄՁ-ի սուբյեկտները որակի կառավարման համակարգերի ներդրման հետ կապված տեխնիկական ու ֆինանսական աջակցության կարիք ունեն:
Ելնելով նշված նկատառումներից և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայություններից` 2003 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում կցուցաբերվի աջակցություն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) և շրջակա միջավայրի պաշտպանության (ԻՍՕ 14000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, ինչպես նաև կկազմակերպվեն ԻՍՕ 9000 շարքի և ԻՍՕ 14000 շարքի միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված սեմինարներ, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:
5. ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվությամբ ապահովումը դրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից է: ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ է ունենալ օպերատիվ տեղեկատվություն ընդհանուր տնտեսական վիճակի (կոնյունկտուրայի), արտաքին և ներքին շուկաներում, իրավաօրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի ու բարձր տեխնոլոգիաների կիրառման, պետական գնումների իրականացման ընթացքի և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող այլ գործընթացների մասին: Նման տեղեկատվությունը հիմնականում տարածվում է զանգվածային լրատվության միջոցներով, որը միշտ չէ, որ ամբողջական է, և չի բավարարում գործարարների պահանջները:
Ծրագիրը նախատեսում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում)` ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին (ՓՄՁ-ի սուբյեկտներ, բիզնեսին աջակցող կառույցներ և ՓՄՁ-ի շահերը ներկայացնող այլ կառույցներ):
ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվությամբ ապահովումը, որը հիմնականում իրականացվում է հասարակական ու առևտրային կազմակերպությունների կողմից: Դրանք հիմնականում մատչելի չեն ՓՄՁ-ի սուբյեկտներին, և ծրագրով նախատեսվում է շարունակել պետական աջակցությունը խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման գործում: Խորհրդատվությունը կիրականացվի շուկայավարման ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին շուկաներում ապրանքների ու ծառայությունների իրացման ուղղություններով: Կիրականացվեն նաև մաքսային բրոքերի ինստիտուտի ձևավորման ու զարգացման միջոցառումներ, մասնավորապես, հեռավոր և սահմանամերձ շրջաններում:
6. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՓՄՁ-Ի ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Որպես տեխնիկական բնույթի առաջնահերթ հիմնախնդիր կարելի է առանձնացնել գործարարների համապատասխան գիտելիքների, ֆինանսական, հաշվապահական հաշվետվությունները գրագետ կազմելու և գործարար ծրագրեր մշակելու ունակությունների պակասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը թերի տիրապետելը և այլն:
ՈՒսուցողական և ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստման ծառայություններն ունեն իրենց դրական ազդեցությունը, սակայն հաճախ իրականացվում են կարճաժամկետ ծրագրերի շրջանակներում, համակարգված չեն, ինչը էապես նվազեցնում է դրանց արդյունավետությունը:
2003 թվականին ուսուցողական և ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստման դասընթացները կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման հիմնահարցերի, շուկայավարման հիմունքների, հաշվապահական հաշվետվությունների, ընկերությունների ֆինանսավորման և ֆինանսական կառավարման հնարավորությունների, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստման և այլ ուսուցման թեմաներով:
7. ՓՄՁ-Ի ՈԼՈՐՏԻ ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ
Համաձայն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվել են ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստման, ինչպես նաև այդ գործընթացի շարունակականությունն ապահովող աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից 2002 թվականին պատրաստվել են Հայաստանում տնտեսական գործունեության որոշ ոլորտների (ճյուղերի) կտրվածքով` ըստ տնտեսավարող սուբյեկտների աշխատողների թվի, վիճակագրական-տեղեկատվական նյութեր, որոնցում տնտեսավարող սուբյեկտները դասակարգված են` համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
Սակայն նշված վիճակագրական տեղեկատվությունը հնարավորություն չի տալիս լիարժեք պատկերացում կազմելու Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ոլորտի վերաբերյալ, քանի որ այն չի ընդգրկում երկրի տնտեսության բոլոր ոլորտները (ճյուղերը) և չի ներկայացնում ՓՄՁ-ի ոլորտն ամբողջությամբ: Անհրաժեշտ է կազմել տարեկան հաշվետվություն ՓՄՁ-ի ոլորտի մասին:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված` ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:
2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ի զարգացման տարեկան պետական ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի, մշակում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:
4. Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համաձայնությունների շրջանակներում 2003 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են մրցութային կարգով ընտրված` բիզնեսին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից:
Հավելված
փոքր և միջին ձեռնարկատիրությանը
պետական աջակցության 2003 թվականի
ծրագրի
ՑԱՆԿ
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN Միջոցառումը Կատարողը Կատարման
ը/կ ժամկետը
1. «Հայաստանի փոքր և միջին Հայաստանի 2003
ձեռնարկատիրության զարգացման ազգային ՓՄՁ ԶԱԿ թվականի
կենտրոն» հիմնադրամի գործունեության առաջին
ընդլայնում, դրա մարզային 3 մասնաճյուղի կիսամյակ
ստեղծում
2. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների Հայաստանի 2003
և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ՓՄՁ ԶԱԿ թվական
ու մտավոր սեփականության պաշտպանությանն
աջակցություն
3. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և Հայաստանի 2003
ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի Հանրապետության թվական
սուբյեկտներին վարկային երաշխիքների առևտրի և
տրամադրման սխեմաների և մեխանիզմների տնտեսական
մշակում, ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային զարգացման
երաշխիքների տրամադրման փորձնական ծրագրի նախարարություն,
իրականացում Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ, Հայաստանի
Հանրապետության
շահագրգիռ
նախարարու-
թյուններ
4. Փոքր և միջին ձեռնարկություններում որակի Հայաստանի 2003
և շրջակա միջավայրի կառավարման ՓՄՁ ԶԱԿ թվական
միջազգային ստանդարտների (ԻՍՕ 9000 շարքի
և ԻՍՕ 14000 շարքի) ներդրմանն
աջակցություն
5. ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվական, Հայաստանի 2003
խորհրդատվական և շուկայավարման ՓՄՁ ԶԱԿ թվական
ծառայությունների մատուցում, ներքին և
արտաքին շուկաներում ապրանքների և
ծառայությունների իրացմանն ու պետական
գնումներին մասնակցությանն աջակցություն,
տեղեկատվական ու վերլուծական նյութերի և
պարբերականի հրատարակում
6. ՈՒսուցողական և ՓՄՁ-ի կադրերի Հայաստանի 2003
մասնագիտական վերապատրաստման դասընթացների ՓՄՁ ԶԱԿ թվական
կազմակերպում ինչպես ՓՄՁ-ի սուբյեկտների,
այնպես էլ ուսուցողական ծառայություններ
մատուցող կազմակերպությունների համար
7. ՓՄՁ-ի ոլորտի ամփոփ վիճակագրության վարում Հայաստանի 2003
Հանրապետության թվական
ազգային
վիճակագրական
ծառայության
համաձայնությամբ
8. Միջազգային դոնոր կազմակերպությունների Հայաստանի 2003
հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ ծրագրերի Հանրապետության թվական
մշակում և իրականացում առևտրի և
տնտեսական
զարգացման
նախարարություն,
Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ, Հայաստանի
Հանրապետության
շահագրգիռ
նախարարու-
թյուններ