(ուժը կորցրել է 05.08.10 թիվ 966-Ն որոշում)
i
040.0012.250103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2003 թվականի N 12-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականի պատրաստման աշխատանքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 9-ի N 12-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.3-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգը:
2. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականը (այսուհետ` վկայական) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է:
3. Վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով (կարող է երկարաձգվել):
4. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նոր վկայականով փոխանակման:
5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:
6. Վկայականում նշվում են Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`
ա) ազգանունը, անունը, հայրանունը,
բ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
գ) սեռը,
դ) ազգությունը,
ե) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը),
զ) բնակության վայրը,
է) հաշվառման վայրը:
II. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼԸ, ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ
7. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
(7-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
8. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձը վկայական ստանալու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում` վկայական ստանալու համար,
բ) համապատասխան որոշումը` անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու մասին,
գ) անձնագիր,
դ) 35x45մմ չափսի 2 լուսանկար (գունավոր),
ե) սույն կետի «գ» ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ:
9. Վկայականը նախարարության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ, կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, մաշվածության կամ որևէ այլ պատճառով օգտագործելու համար այն ոչ պիտանի է դարձել:
10. Վկայականի փոխանակման համար նախարարություն ներկայացվում է փոխանակման ենթակա վկայականը և 2 գունավոր լուսանկար:
Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխվելը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերվելը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
11. Վկայականը կորցնելու դեպքում վկայական ստացած անձը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին և նախարարությանը:
Նախարարությունը կորած վկայականի փոխարեն կարող է նոր վկայական տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել:
Նոր վկայական տալու դեպքում կորած վկայականը անվավեր է ճանաչվում:
III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ
12. Վկայականը ենթակա է հանձնման նախարարությանը, եթե`
ա) վկայականի գործողության ժամկետը լրացել է.
բ) անձը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի դադարեցման համար.
գ) անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.
դ) վկայական ստացած անձը մահացել է:
Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը հանձնվում է նախարարություն` դրա տիրոջ կամ նրա` սահմանված կարգով լիազորած անձի կողմից:
Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո սահմանված ժամկետներում վկայականն ուղարկում է նախարարություն:
13. Վերադարձված, գտնված, անվավեր ճանաչված վկայականները պահպանվում են նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
i
14. Նախարարությունն իր կողմից սահմանված կարգով իրականացնում է վկայականների հաշվառումը, ինչպես նաև վարում է տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյաններ:
(կարգը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 9-ի N 12-Ն որոշման
ՆԿԱՐԱԳԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականը (այսուհետ` վկայական) 88 x125 մմ չափսի և 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:
Վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:
Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, զինանշանի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ շապիկի ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:
Վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից մինչև լուսանկարի համար նախատեսված տեղը տպագրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:
Վկայականի 1-ին էջի ձախ մասում «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար:
Վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ», 8-12 էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:
Վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:
Վկայականներն ունեն մեկ սերիա: Սերիան նշագրվում է հայերեն «ԺԱ» գլխատառերով: Վկայականների համարակալումն սկսվում է 000001 թվանշանով:
Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 12 ԷՋԻՑ» բառերը:
Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կնիքով:
Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:
(նկարագիրը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)