040.2051.261202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2051-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և քաղաքացիական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման հետ կապված հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի.
բ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված` տարեկան ծրագրերում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման հնարավորության հարցը:
3. Սահմանել, որ`
i
ա) ավարտման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցումն իրականացվում է համապատասխան իրավասու մարմինների առաջարկությունների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարեկան ծրագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, արտաքին վարկերի, դրամաշնորհների, բարեգործական նվիրատվությունների և այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին.
i
բ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցման տարեկան ծրագրերում ընդգրկվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ հաստատված կարգի համաձայն մշակված (վերամշակված) նախագծանախահաշվային փաստաթղթեր ունեցող օբյեկտները.
գ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման (վերամշակման) համար պարտադիր է համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից տրված օբյեկտի տեխնիկական վիճակի զննման մասին եզրակացությունը` օբյեկտի վերականգնման ու սեյսմակայունության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների հետ միասին.
դ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտները մասնավորեցվում (օտարվում) են օրենքով սահմանված կարգով` սահմանելով դրանց հետագա նպատակային նշանակության պահպանման և օգտագործման վերաբերյալ պայմանները:
Այն դեպքերում, երբ մասնավորեցվող (օտարվող)` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործումը նախագծային նպատակային նշանակությամբ հեռանկարային չէ, մասնավորեցման (օտարման) ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ըստ անհրաժեշտության, կարող է փոխվել օբյեկտի նպատակային նշանակությունը` տվյալ բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան.
ե) մասնավորեցվող (օտարվող)` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների գնորդները պարտավոր են սահմանված պայմաններով ու ժամկետներում մշակել (վերամշակել) նշված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը և իրականացնել շինարարական աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
.______________________________________________________________________.
|NN | Միջոցառման անվանումը | Կատարողները |Կատարման |
|ը/կ| | |ժամկետը |
|___|________________________________|____________________|____________|
|1 | 2 | 3 | 4 |
|___|________________________________|____________________|____________|
|1. |Պետական սեփականություն |ՀՀ նախարարություններ|2003 թ. |
| |հանդիսացող անավարտ շինարարության|ՀՀ կառավարությանն |փետրվար |
| |բնակելի և հասարակական |առընթեր | |
| |նշանակության օբյեկտների |պետական կոմիտեներ | |
| |հաշվառումը և դասակարգումն ըստ |վարչություններ | |
| |խմբերի` |ծառայություններ | |
| |ա) ավարտման ենթակա |ՀՀ մարզպետներ | |
| |բ) մասնավորեցման (օտարման) |Երևանի քաղաքապետ` | |
| | ենթակա |ՀՀ պետական գույքի | |
| |գ) համայնքներին սեփականության |կառավարման | |
| | իրավունքով անհատույց |նախարարության հետ | |
| | փոխանցման ենթակա |համատեղ | |
|___|________________________________|____________________|____________|
|2. |Պետական սեփականություն |ՀՀ պետական գույքի |2003 թ. |
| |հանդիսացող անավարտ շինարարության|կառավարման | մարտ |
| |բնակելի և հասարակական |նախարարություն | |
| |նշանակության օբյեկտների | | |
| |հաշվառման արդյունքների հիման | | |
| |վրա «Մասնավորեցման (օտարման) | | |
| |ենթակա պետական սեփականություն | | |
| |հանդիսացող անավարտ շինարարության| | |
| |օբյեկտների ցանկը և | | |
| |ժամանակացույցը հաստատելու մասին»| | |
| |ՀՀ կառավարության որոշման | | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն | | |
| |ներկայացնելը | | |
|___|________________________________|____________________|____________|
|3. |«Համայնքների վարչական |ՀՀ նախարարություններ|2003 թ. |
| |սահմաններում գտնվող պետական |ՀՀ կառավարությանն |ապրիլ |
| |սեփականություն հանդիսացող |առընթեր | |
| |անավարտ շինարարության բնակելի |պետական կոմիտեներ | |
| |և հասարակական նշանակության |վարչություններ | |
| |օբյեկտները սեփականության |ծառայություններ | |
| |իրավունքով համայնքներին |ՀՀ մարզպետներ | |
| |անհատույց փոխանցելու մասին» ՀՀ |Երևանի քաղաքապետ` | |
| |կառավարության որոշման նախագծերը |ՀՀ պետական գույքի | |
| |ՀՀ կառավարություն ներկայացնելը |կառավարման | |
| | |նախարարության հետ | |
| | |համատեղ | |
|___|________________________________|____________________|____________|
|4. |«Պետական սեփականություն |ՀՀ քաղաքաշինության |տարեկան` |
| |հանդիսացող անավարտ շինարարության|նախարարություն` |ՀՀ պետական |
| |բնակելի և հասարակական |իրավասու պետական |բյուջեի |
| |նշանակության օբյեկտների |կառավարման |մասին |
| |շինարարության տարեկան ծրագրի |մարմինների հետ |ՀՀ օրենքով |
| |մասին» ՀՀ կառավարության որոշման |համատեղ |սահմանված |
| |նախագծերը ՀՀ կառավարություն | |ժամկետներում|
| |ներկայացնելը | | |
|___|________________________________|____________________|____________|
|5. |Պետական սեփականություն |ՀՀ պետական գույքի |2003 թ. |
| |հանդիսացող անավարտ շինարարության|կառավարման |հոկտեմբեր |
| |բնակելի և հասարակական |նախարարություն | |
| |նշանակության օբյեկտների հետագա |ՀՀ քաղաքաշինության | |
| |օգտագործման հետ կապված |նախարարություն | |
| |հիմնախնդիրները համակարգելու և |ՀՀ պետական | |
| |գործընթացը խթանելու ուղղությամբ |կառավարման իրավասու | |
| |անհրաժեշտ նոր իրավական ակտերի |մարմիններ | |
| |կամ գործող իրավական ակտերում | | |
| |փոփոխություններ և լրացումներ | | |
| |կատարելու վերաբերյալ | | |
| |առաջարկությունների մշակում | | |
.______________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների (այսուհետ` անավարտ օբյեկտներ) հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշմամբ հաստատված ցանկի 208-րդ և 217-րդ կետերի համաձայն:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված տվյալները և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության մասնագիտական խմբերի կողմից տեղերում կատարված ուսումնասիրությունները:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ծրագիրը կազմված է երկու մասից` տեքստային և աղյուսակային:
Տեքստային մասում ընդգրկված են հետևյալ բաժինները`
I. Ներածություն
II. Ծրագրի կառուցվածքը
III. Հիմնախնդրի նկարագրությունը
IV. Հիմնախնդրի առկա վիճակը
V. Ծրագրի հիմնական նպատակը և խնդիրները
VI. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Ծրագրի աղյուսակային մասն ընդգրկում է հետևյալ աղյուսակները`
Աղյուսակ N 1/1. Ամփոփ տվյալներ անավարտ օբյեկտների թվի մասին.
Աղյուսակ N 1/2. Ամփոփ տվյալներ անավարտ օբյեկտների պատրաստվածության չափի մասին.
Աղյուսակ N 2. Ավարտման ենթակա անավարտ օբյեկտների ցանկ:
III. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների շինարարությունն ըստ ժամանակահատվածների` պայմանականորեն կարելի է դասակարգել երկու հիմնական խմբի`
1. Օբյեկտներ, որոնց շինարարությունն սկսվել է մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը.
2. Օբյեկտներ, որոնց շինարարությունն իրականացվել է 1989-1993 թվականների ընթացքում:
Նշված երկու խմբի օբյեկտների կարևոր առանձնահատկություններն են`
ա) առաջին խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների նախագծերը չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության` ներկայումս գործող նորմերին.
բ) երկրորդ խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների նախագծերում կատարվել են շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված որոշակի փոփոխություններ, որոնք նույնպես չեն ապահովում սեյսմակայուն շինարարության` ներկայումս գործող նորմերի պահանջները.
գ) անավարտ օբյեկտների գերակշռող մասը շինարարության դադարեցումից հետո չի ենթարկվել սահմանված կարգով կոնսերվացման, և վերջին 10-15 տարվա ընթացքում արտաքին միջավայրի մշտական ազդեցության հետևանքով դրանց կոնստրուկտիվ տարրերը մեծ մասամբ ենթարկվել են քայքայման և ակնհայտորեն կորցրել նախագծային ամրությունը և հուսալիությունը:
Այդ ուղղությամբ անավարտ օբյեկտների ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են հետևյալ հիմնական երևույթները`
երկաթբետոնյա հավաքովի և միաձույլ կոնստրուկցիաների բաց ամրանների, մետաղական ներդիր տարրերի զգալի կոռոզիա, երկաթբետոնյա կոնստրուկցիաների միացման հանգույցների միաձույլ բետոնե հատվածների քայքայում, քարե շարվածքի, հատկապես վերին շարքերի շերտավորում, շաղախի և երկաթբետոնյա միջուկների քայքայում, մթնոլորտային տեղումների մշտական ազդեցության հետևանքով միջհարկային ծածկերի (հատկապես առանց տանիքի շենքերում) և հիմքերի ու հիմնատակերի քայքայում և այլն.
անավարտ օբյեկտների կոնստրուկցիաների և շինարարական տեխնիկայի անվերահսկելի ապամոնտաժում, սարքավորումների ու շինանյութերի անօրինական օգտագործում:
Նշված երևույթների առկայությունն զգալիորեն նվազեցնում է անավարտ օբյեկտների նախագծային սեյսմակայունությունը, բարձրացնում վթարավտանգությունը. դրանց որոշ մասն արդեն իսկ գտնվում է վթարային վիճակում: Հանրապետության տարածքի բարձր սեյսմաակտիվության և կտրուկ ցամաքային կլիմայական պայմանների ազդեցության հետևանքով կարող են տեղի ունենալ անցանկալի երևույթներ, մասնավորապես, անավարտ օբյեկտների փլուզում` անկանխատեսելի հետևանքներով:
Անավարտ օբյեկտների շինարարական հրապարակներում առկա վերամբարձ կռունկների զգալի մասը գտնվում է անսարք, ապակոմպլեկտավորված, վթարային վիճակում, ինչը խիստ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:
Անավարտ օբյեկտների որոշ մասը քաղաքաշինության և բնապահպանության ոլորտներում առաջացնում է նաև հիմնախնդիրներ. տարիների ընթացքում բազմաթիվ օբյեկտների շինհրապարակները վերածվում են աղբանոցների:
Նշված պայմաններում անավարտ օբյեկտների հետագա օգտագործման խնդիրների լուծումը պահանջում է առաջնահերթ և առանձնակի ուշադրություն:
IV. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված տվյալների և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա սույն ծրագրում ընդգրկվել է 2038 անավարտ օբյեկտ, այդ թվում` բնակելի շենքեր` 1871, հասարակական օբյեկտներ` 167:
Սույն ծրագրում չեն ընդգրկվել կոոպերատիվ բնակելի շենքերը, որոնց հետ կապված խնդիրները կարգավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով, մասնավոր սեփականության օբյեկտները և պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների քաղաքաշինական նշանակություն չունեցող անավարտ օբյեկտները, որոնց խնդիրները կարգավորվում են մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ծրագրում ընդգրկված անավարտ օբյեկտների որոշ մասի հաշվեկշռային պատկանելությունն անորոշ է` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով:
ՈՒսումնասիրությունների արդյունքում ճշտվել է անավարտ օբյեկտների շինարարական պատրաստվածության աստիճանը` նախագծային ցուցանիշների համեմատ (տոկոսներով)` մինչև 30 տոկոս` 1790 օբյեկտ, 31-50 տոկոս` 112 օբյեկտ և 51 տոկոսից բարձր` 96 օբյեկտ:
V. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակն անավարտ օբյեկտների հետագա օգտագործման ուղղությամբ պետական քաղաքականության մշակումը, այդ հիմնախնդրի լուծմանը պետական աջակցության և դրա նկատմամբ վերահսկողության շրջանակների հստակեցումը, ընտրված ուղիների իրականացման միջոցառումների ծրագրի մշակումն ու իրագործումն է:
Ծրագրի հիմնական խնդիրներն են`
հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների հաշվառումը և տեղեկատվական-համակարգչային բազայի ստեղծումը, դրանց առկա վիճակի արձանագրումը, դասակարգումն ըստ սեփականության ձևերի ու նպատակային նշանակության.
անավարտ օբյեկտների հետագա օգտագործման չափորոշիչների սահմանումը և դրանց հիման վրա օբյեկտների դասակարգումն ըստ առանձին խմբերի.
ավարտման ենթակա օբյեկտների առանձին խմբերի վերաբերյալ ծրագրի մշակումը:
Սույն ծրագրի շրջանակներում անավարտ օբյեկտները դասակարգվել են`
ա) ըստ նպատակային նշանակության`
բնակելի,
հասարակական.
բ) ըստ սեփականության ձևերի`
պետական,
համայնքային.
գ) ըստ հետագա օգտագործման`
շինարարությունը շարունակելու և ավարտելու ենթակա,
մասնավորեցման (օտարման) ենթակա,
դուրսգրման ենթակա:
Ըստ հետագա օգտագործման դասակարգելու համար ընդունվել են հետևյալ չափորոշիչները`
շարունակվող և ավարտման ենթակա անավարտ օբյեկտների խմբում ընդգրկվել են` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն անավարտ օբյեկտները, որոնք ունեն պետական, սոցիալական ու քաղաքաշինական նշանակություն, և դրանց շինարարությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և այլ ֆինանսական աղբյուրների հաշվին:
Այս խմբում ընդգրկված բոլոր անավարտ օբյեկտները, անկախ սեփականության ձևից, պարտադիր պետք է հետազննվեն համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից, և վերականգնման կամ սեյսմակայունության բարձրացման նպատակով պետք է տրվեն հանձնարարականներ, որոնց հիման վրա պետք է մշակվեն (վերամշակվեն) օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը.
բ) առաջարկվում է մասնավորեցման (օտարման) ենթակա օբյեկտների խմբում ընդգրկել`
պետական սեփականություն հանդիսացող` 50 տոկոսից բարձր պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք ընդգրկված չեն այլ խմբերում.
համայնքային սեփականություն հանդիսացող` 30 տոկոսից բարձր պատրաստվածություն ունեցող օբյեկտները:
Այս խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական և տնտեսական պայմաններ, որոնք սեփականատիրոջ և ներդրողի համար կապահովեն անավարտ օբյեկտների մասնավորեցման համար առավել շահավետ պայմաններ (գնահատման ճկուն քաղաքականություն, ինչը անավարտ օբյեկտների շինարարությունն ավարտելու համար կապահովի գերադասելի պայմաններ, նոր շինարարության նկատմամբ օբյեկտների նպատակային նշանակության փոփոխություն և այլն).
գ) առաջարկվում է դուրսգրման ենթակա անավարտ օբյեկտների խմբում ընդգրկել`
պետական սեփականություն հանդիսացող` 50 տոկոսից ցածր պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք օրենքով սահմանված կարգով` սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին.
համայնքային սեփականություն հանդիսացող` մինչև 30 տոկոս պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք մասնավորեցման (օտարման) տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում հնարավոր ներդրողների համար: Այդ օբյեկտները սահմանված կարգով հաշվեկշիռներից դուրս գրվելուց հետո, հողամասերը տնօրինվում են օրենքով սահմանված կարգով:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացումից ակնկալվում են`
ա) շարունակվող անավարտ օբյեկտների շինարարության արդյունքում կլուծվեն կարևոր` սոցիալական, քաղաքաշինական ու բնապահպանական խնդիրներ, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր.
բ) կարագացվի անավարտ օբյեկտների մասնավորեցման (օտարման) գործընթացը, նպաստավոր պայմաններ և շահագրգռվածություն կստեղծվեն մասնավոր ներդրողների համար, կավելանա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքային մասը.
գ) հաշվեկշիռներից դուրսգրման ենթակա անավարտ օբյեկտների թվից, անհրաժեշտության դեպքում, որոշ օբյեկտների` սահմանված կարգով քանդման արդյունքում կապահովվի բնակչության անվտանգությունը, կազատվեն զգալի հողատարածքներ և հնարավորություն կստեղծվի այդ տարածքների նպատակային օգտագործման համար` բնակավայրերի քաղաքաշինական նոր պահանջներին համապատասխան.
դ) շինարարության համար ժամանակավոր հատկացված հողամասերը կազատվեն աղբից, վթարային վիճակում գտնվող վերամբարձ կռունկներից և կբարեկարգվեն.
ե) հանրապետությունում կստեղծվեն քաղաքաշինության տեսանկյունից «ավարտված բնակավայրեր»:
Աղյուսակ N 1/1
ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ
.__________________________________________________________.
|NN | Օբյեկտներ | Ընդամենը |Օբյեկտները ըստ նշանակության|
|ը/կ| | |___________________________|
| | | |բնակելի տներ |հասարակական |
| | | | |օբյեկտներ |
|___|______________|___________|______________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______________|___________|______________|____________|
| |Ընդամենը | 2038 | 1871 | 167 |
| |այդ թվում | | | |
| |Պետական | 1587 | 1496 | 91 |
| |Համայնքային | 444 | 373 | 71 |
|1. |Արմավիր | | | |
| |Ընդամենը | 76 | 74 | 2 |
| |Պետական | 2 | | 2 |
| |Համայնքային | 74 | 74 | |
|2. |Արագածոտն | | | |
| |Ընդամենը | 44 | 33 | 11 |
| |Պետական | 2 | 1 | 1 |
| |Համայնքային | 40 | 31 | 9 |
|3. |Արարատ | | | |
| |Ընդամենը | 18 | 13 | 5 |
| |Պետական | 7 | 5 | 2 |
| |Համայնքային | 11 | 8 | 3 |
|4. |Գեղարքունիք | | | |
| |Ընդամենը | 28 | 20 | 8 |
| |Պետական | 7 | | 7 |
| |Համայնքային | 21 | 20 | 1 |
|5. |Կոտայք | | | |
| |Ընդամենը | 67 | 55 | 12 |
| |Պետական | 5 | 4 | 1 |
| |Համայնքային | 62 | 51 | 11 |
|6. |Շիրակ | | | |
| |Ընդամենը | 847 | 818 | 29 |
| |Պետական | 830 | 816 | 14 |
| |Համայնքային | 17 | 2 | 15 |
|7. |Լոռի | | | |
| |Ընդամենը | 731 | 691 | 40 |
| |Պետական | 674 | 634 | 40 |
| |Համայնքային | 57 | 57 | |
|8. |Սյունիք | | | |
| |Ընդամենը | 46 | 35 | 11 |
| |Պետական | | | |
| |Համայնքային | 45 | 35 | 10 |
|9. |Տավուշ | | | |
| |Ընդամենը | 45 | 30 | 15 |
| |Պետական | 1 | 1 | |
| |Համայնքային | 44 | 29 | 15 |
|10.|Վայոց ձոր | | | |
| |Ընդամենը | 22 | 8 | 14 |
| |Պետական | 9 | | 9 |
| |Համայնքային | 13 | 8 | 5 |
|11.|Երևան | | | |
| |Ընդամենը | 106 | 90 | 16 |
| |Պետական | 51 | 35 | 16 |
| |Համայնքային | 54 | 54 | |
.__________________________________________________________.
Աղյուսակ N 1/2
ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________.
|NN | Օբյեկտները |Ընդամենը|Մինչև 30%|30-50%|50%-ից|
|ը/կ| | | | |բարձր |
|___|_______________________|________|__________|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_______________________|________|__________|______|______|
| |Ընդամենը | 2038 | 1790 | 112 | 96 |
| |այդ թվում | | | | |
| |Բնակելի շենքեր | 1871 | 1697 | 97 | 76 |
| |Հասարակական օբյեկտներ | 164 | 91 | 15 | 19 |
|1. |Արմավիր | | | | |
| |Ընդամենը | 76 | 57 | 12 | 7 |
| |Բնակելի շենքեր | 74 | 56 | 11 | 7 |
| |Հասարակական օբյեկտներ | 2 | 1 | 1 | |
|2. |Արագածոտն | | | | |
| |Ընդամենը | 44 | 32 | 5 | 6 |
| |Բնակելի շենքեր | 33 | 27 | 3 | 2 |
| |Հասարակական օբյեկտներ | 11 | 5 | 2 | 4 |
|3. |Արարատ | | | | |
| |Ընդամենը | 18 | 14 | 2 | 2 |
| |Բնակելի շենքեր | 13 | 11 | | 2 |
| |Հասարակական օբյեկտներ | 5 | 3 | 2 | |
|4. |Գեղարքունիք | | | | |
| |Ընդամենը | 28 | 18 | 7 | 3 |
| |Բնակելի շենքեր | 20 | 13 | 4 | 3 |
| |Հասարակական օբյեկտներ | 8 | 5 | 3 | |
|5. |Կոտայք | | | | |
| |Ընդամենը | 67 | 61 | 3 | 3 |
| |Բնակելի շենքեր | 55 | 50 | 3 | 2 |
| |Հասարակական օբյեկտներ | 12 | 11 | | 1 |
|6. |Շիրակ | | | | |
| |Ընդամենը | 847 | 721 | 74 | 52 |
| |Բնակելի շենքեր | 818 | 697 | 71 | 50 |
| |Հասարակական օբյեկտներ | 28 | 23 | 3 | 2 |
|7. |Լոռի | | | | |
| |Ընդամենը | 731 | 691 | 1 | |
| |Բնակելի շենքեր | 691 | 690 | 1 | |
| |Հասարակական օբյեկտներ | 40 | 1 | | |
|8. |Սյունիք | | | | |
| |Ընդամենը | 46 | 40 | 1 | 5 |
| |Բնակելի շենքեր | 35 | 30 | 1 | 4 |
| |Հասարակական օբյեկտներ | 11 | 10 | | 1 |
|9. |Տավուշ | | | | |
| |Ընդամենը | 45 | 35 | 3 | 7 |
| |Բնակելի շենքեր | 30 | 27 | 1 | 2 |
| |Հասարակական օբյեկտներ | 15 | 8 | 2 | 5 |
|10.|Վայոց ձոր | | | | |
| |Ընդամենը | 22 | 18 | 2 | 2 |
| |Բնակելի շենքեր | 8 | 8 | | |
| |Հասարակական օբյեկտներ | 12 | 9 | 2 | 1 |
|11.|Երևան | | | | |
| |Ընդամենը | 106 | 98 | 2 | 6 |
| |Բնակելի շենքեր | 90 | 85 | 2 | 3 |
| |Հասարակական օբյեկտներ | 16 | 13 | | 3 |
._____________________________________________________________.
Աղյուսակ N 2
ՑԱՆԿ
ԱՎԱՐՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
.____________________________________________________________.
|NN | Մարզը, բնակավայրը, օբյեկտի |Ներդրումների|
|ը/կ | անվանումը |հաշվարկային |
| | |ծավալը |
| | |/մլն դրամ/ |
|____|__________________________________________|____________|
| | Ընդամենը | 2452,0 |
| | այդ թվում` | |
|____|__________________________________________|____________|
| | Երևան | |
| | | |
| 1. |Մշակույթի տուն` Նուբարաշենի 9-րդ | 150,0 |
| |փողոցում | |
| 2. |ՀՀ պաշտպանության նախարարության | |
| |առողջապահական համալիր` Նոր Նորքի | |
| |2-րդ զանգվածում | 1200,0 |
|____|__________________________________________|____________|
| | Արագածոտնի մարզ | |
| | | |
| 3. |Թալինի մարզադպրոց` Խանջյան փողոցում | 80,0 |
| 4. |Ապարանի մշակույթի պալատ | 250,0 |
|____|__________________________________________|____________|
| | Արարատի մարզ | |
| | | |
| 5. |Վեդու մշակույթի պալատ | 164,0 |
|____|__________________________________________|____________|
| | Գեղարքունիքի մարզ | |
| | | |
| 6. |Գավառ քաղաքի մարզահամալիր | 150,0 |
|____|__________________________________________|____________|
| | Կոտայքի մարզ | |
| | | |
| 7. |Չարենցավանի մշակույթի տուն | 120,0 |
|____|__________________________________________|____________|
| | Սյունիքի մարզ | |
| | | |
| 8. |Կապանի թատրոնի շենք | 257,0 |
|____|__________________________________________|____________|
| | Տավուշի մարզ | |
| | | |
| 9. |Իջևանի պատկերասրահ | 81,0 |
.____________________________________________________________.