Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄ ...

07.09.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.01.2003  -ից մինչեւ   07.09.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 22.08.13 թիվ 873-Ն որոշում)

i

040.2011.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 2011-Ն

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի վեցերորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման (մրցույթին մասնակցելու) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 2011-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը և պայմանները:

2. Մաքսային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:

3. Մաքսային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 31-ի N 2011-Ն որոշմամբ ստեղծված մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

4. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

5. Մաքսային ծառայության թափուր պաշտոն է համարվում մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված` սահմանված կարգով չզբաղեցված պաշտոնը:

6. Մաքսային ծառայության կրտսեր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում կազմակերպվում է բաց մրցույթ, որին մասնակցելու իրավունք ունեն մաքսային ծառայողներն ու բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող ու վերադաս մաքսային մարմնի հաստատած համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

7. Մաքսային ծառայության գլխավոր և առաջատար թափուր պաշտոններում 15-օրյա ժամկետում մաքսային մարմնի ղեկավարի կողմից նշանակում չկատարվելու դեպքում հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ, որին կարող են մասնակցել մաքսային ծառայողները, ինչպես նաև մաքսային ֆինանսական, բանկային, հարկային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն կարգի 6-րդ կետի պայմանները բավարարող քաղաքացիները:

8. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր`

ա) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զրկված են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշմամբ հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել մաքսային ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

9. Մաքսային ծառայողը, սույն կարգին համապատասխան, իրավունք ունի մասնակցելու մրցույթին` իր ցանկությամբ, անկախ տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնից:

10. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մասնակցելու համար մեկ մասնակցի դիմելու դեպքում:

11. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

12. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի միջոցով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Վերադաս մաքսային մարմինը մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունն ու թեստերի հարցաշարը հրապարակում է մրցույթն անցկացվելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

14. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

ա) մրցույթը կազմակերպող մարմնի անվանումը,

բ) մաքսային ծառայության թափուր պաշտոնի անվանումը և համապատասխան պաշտոնի նկարագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը,

գ) մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները,

դ) տվյալ պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը,

ե) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն 15 օր հետո,

զ) մրցույթն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը,

է) հանձնաժողովի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

15. Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար հանձնաժողով են ներկայացնում`

ա) հանձնաժողովի անունով դիմում` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.

բ) մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխանող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (աշխատանքային գրքույկ, բարձրագույն կրթության, մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր).

գ) հայտարարություն մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

դ) հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, ամուսնու ծնող, եղբայր, քույր, զավակ)` մաքսային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.

ե) արական սեռի անձինք` զինգրքույկ կամ դրան փոխարինող փաստաթուղթ.

զ) 2 լուսանկար 3 x 4 չափսի.

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին:

Սույն կետում նշված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

16. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններից հարցման միջոցով ստանում է տեղեկանք մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց դատվածության մասին:

17. Հանձնաժողովը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած անձանց հաշվառման գրանցամատյան, որտեղ նշվում են դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը (հասցեն), նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը:

18. Հանձնաժողովը, մինչև մրցույթի թեստավորման փուլին անցնելը, քննարկում է ներկայացված դիմումները և ընդունում համապատասխան որոշում մրցույթին մասնակցելու թույլտվության մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված հիմքերից որևէ մեկը, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի նկարագրի պահանջներին, լրիվ չեն կամ թերի են կամ չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին: Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել և լսել քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը:

19. Հանձնաժողովը վերադաս մաքսային մարմնի աշխատակազմի միջոցով ստանում է մրցույթի մասնակիցների թվին համապատասխան թվով ամփոփաթերթեր` երկու օրինակից: Ամփոփաթերթի 1-ին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի 2-րդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի 1-ին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ 2-րդ օրինակը` ներքևի ձախ մասում:

20. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

21. Հանձնաժողովն իր աշխատակարգով սահմանված կարգով կազմում է թեստեր` հետևյալ չափաբաժիններով`

ա) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 40 թեստ.

բ) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 30 թեստ.

գ`) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 20 թեստ:

22. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս,

բ) մաքսային օրենսդրության մասին ընդհանուր հարցեր` 40 տոկոս

գ) մաքսային ծառայության մասին օրենսդրություն` 30 տոկոս,

դ) վերադաս մաքսային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտերի իմացություն` 10 տոկոս,

ե) տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջներ` 10 տոկոս:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

23. Թեստավորումն անցկացվում է համակարգչի միջոցով, իսկ դրա անհնարինության (տեխնիկական պատճառներով) դեպքում` գրավոր:

24. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով:

25. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մտնել թեստավորման անցկացման համար առանձնացված սենյակը, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

26. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

27. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:

28. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը մասնակիցներին տալիս է սույն կարգի 19-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Մասնակիցը հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և այն, անջատելով հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

29. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Ծածկաշերտերը մաքրելու դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

30. Գրավոր թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր կամ թերթիկներ:

Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոններն ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ գցելուց հետո թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով` մոնիտորի վրա: Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց` 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

31. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

32. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

33. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում (թերթիկներում) կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

34. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (թեստի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:

35. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի 1-ին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովի անդամին: Մասնակիցն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի անդամին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, ամփոփաթերթի 2-րդ օրինակի կնքված մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

36. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ մասնակիցն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակի հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով: Մասնակիցն ամփոփաթերթի 1-ին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, ամփոփաթերթի 2-րդ օրինակի կնքված մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

37. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է `

ա) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 80 րոպե.

բ) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 60 րոպե.

գ) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 40 րոպե:

38. Հանձնաժողովի նախագահը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

39. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտը հայտարարվելուց հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո:

40. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

Համակարգչով գրավոր աշխատանքների ստուգման համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը տեսաներածիչի (սկաներ) միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա ներկայացնում արդյունքը` արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

41. Սույն կարգի 40-րդ կետում նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, օպերատորը համակարգչի միջոցով տպում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

42. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքված միավորների քանակը և տոկոսը:

43. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխանը նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 34-րդ կետում նշված դեպքը:

44. Ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ, որոնց ներկայությամբ հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթի հիմնական մասի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, անմիջապես արձանագրվում է հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

45. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 44-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո, մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի ներկայությամբ մաքրում ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում կտրոնի համարը, որն արձանագրվում է հանձնաժողովի կողմից: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը բացվում են հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում և արձանագրվում են: Այնուհետև հանձնաժողովի նախագահը հրապարակում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

46. Մասնակիցների հավաքած միավորները հայտարարվելուց անմիջապես հետո հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքներն ու ճիշտ պատասխանների նշումով ամփոփաթերթի օրինակելի ձևը:

47. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 46-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

48. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

49. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (թեստի) համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե պարզվում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ սխալ է թույլ տրվել, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

50. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն կարգի 47-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում և համապատասխան ցուցանակի վրա հրապարակում մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում որևէ մասնակցի հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի առաջին և երրորդ պարբերություններում նշված որոշումները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:

51. Թեստավորման առաջադրանքները բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո փաթեթավորվում են և կնքվում` արխիվացման հանձնելու համար:

 

V. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

52. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց, որի ընթացքն արձանագրվում է:

53. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:

54. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում ասում է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել հարց ու պատասխանի ընթացքում ծագած անհարկի բանավեճը:

55. Հարցազրույցի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

56. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցի ավարտից հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր:

Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, որի մասին կազմվում է արձանագրություն:

57. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կողմ ձայների կեսից ավելին:

Եթե մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կողմ ձայների կեսից ավելին, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում որևէ մասնակցի հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետում նշված որոշումները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

58. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվում են մրցույթն անցկացվելուց հետո եռօրյա ժամկետում, առնվազն երեք հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

59. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակման մեջ նշվում են`

ա) մրցույթն անցկացնող մարմնի անվանումը և մաքսային ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

բ) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

գ) մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունները, անունները, հայրանունները:

60. Սույն կարգի 50-րդ կետի երրորդ և 57-րդ կետի երկրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնական հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին որոշումը:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

61. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մասին եզրակացությունը ներկայացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:

62. Եզրակացության մեջ պետք է նշվեն`

ա) մաքսային ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

բ) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

գ) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը` ըստ այբբենական կարգի.

դ) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից յուրաքանչյուրի) հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում և հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

63. Եզրակացությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցելով հատուկ կարծիքը:

64. Եզրակացությանը կից ներկայացվում են`

ա) հաղթող ճանաչված մասնակիցների կողմից մրցույթին մասնակցելու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը.

բ) մամուլի միջոցի այն օրինակը, որտեղ զետեղվել է մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումը.

գ) եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

65. Եզրակացությունը տալու հաջորդ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները վերադաս մաքսային մարմնի ղեկավարին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

66. Եզրակացությունն ստանալուց հետո վերադաս մաքսային մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին եռօրյա ժամկետում նշանակում է համապատասխան պաշտոնում` առավելությունը տալով այն մաքսային ծառայողին (քաղաքացուն), որի վերաբերյալ հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում տվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև` մաքսային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողին (քաղաքացուն):

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 2011-Ն
Որոշում