(ուժը կորցրել է 28.06.07 թիվ 960-Ն որոշում)
i
040.1849.031202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1849-Ն
i
«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 994-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 994-Ա որոշման 5-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 994-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ուսումնական նպատակներով համակարգչային ծրագրերի, ծրագրային միջոցների ստեղծում և համակարգչային ցանցերի մշակում».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «զ» ենթակետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1849-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտը (այսուհետ` ինստիտուտ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Ինստիտուտը լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, իրականացնում է կրթության և գիտության բնագավառների գործառույթներ, ինչպես նաև հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեություն:
5. Ինստիտուտը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Ինստիտուտի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ինստիտուտի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
7. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:
8. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու ռուսերեն անվանումներով կնիք և դրոշմակնիք: Ինստիտուտը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
9. Ինստիտուտի լրիվ անվանումն է`
հայերեն` «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ռուսերեն` «Գօսուդառստվեննիյ ինստիտուտ պօվիշենիյա կվալիֆիկացիի ի պերեպօդգօտօվկի կադռօվ պօ ինֆօռմատիկե» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա,
անգլերեն` «State Institute of Skill Advance in Informatics» State Non Commercial Organization:
10. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 357051, Մամիկոնյանց 52:
2. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Ինստիտուտի գործունեության հիմնական առարկան և նպատակները ինֆորմատիկայի` հաշվողական տեխնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների գծով միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի մասնագիտական որակավորման բարձրացումը, վերապատրաստումը և վերամասնագիտացումն են:
12. Իր գործունեության նպատակներին համապատասխան` ինստիտուտը`
ա) մշակում է մասնագիտական որակավորման բարձրացման, վերապատրաստման և վերամասնագիտացման կրթական ծրագրեր,
բ) ապահովում է համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառության իրականացումն ինստիտուտում, նրա ազգային ցուցադրական կենտրոնում, կենտրոնի բաժանմունքներում և համակարգչային դպրոցում,
գ) կազմակերպում է ուսումնամեթոդական և գիտամանկավարժական խորհրդակցություններ, սեմինարներ ու համաժողովներ,
դ) իրականացնում է ուսումնամեթոդական, գիտամանկավարժական և գիտափորձարարական աշխատանքներ` հաշվողական տեխնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,
ե) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ուսումնական հաստատությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ, կնքում համապատասխան պայմանագրեր,
զ) մասնակցում է ԱՊՀ անդամ պետություններում և այլ օտար երկրներում կազմակերպվող հաշվողական տեխնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառումներին:
13. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասընթացների` տեսական դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, որն ավարտվում է գիտելիքների ստուգմամբ:
14. Շրջանավարտներին ինստիտուտի կողմից տրվում են մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական նմուշի վկայականներ կամ դիպլոմներ:
15. Ինստիտուտի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են`
ա) ուսումնական նպատակներով համակարգչային ծրագրերի, ծրագրային միջոցների ստեղծում և համակարգչային ցանցերի մշակում.
բ) ուսումնական և մեթոդական ձեռնարկների ստեղծում ու հրատարակում:
Ձեռնարկատիրական գործունեության իրականացումից գոյացած միջոցներն օգտագործվում են ինստիտուտի կանոնադրական նպատակների իրականացման համար:
16. Ինստիտուտը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
17. Ինստիտուտը կարող է ունենալ հիմնարկներ, ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր, որոնք ստեղծվում են հիմնադրի որոշմամբ:
18. Ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) և հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
3. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
19. Ինստիտուտի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, գործադիր մարմինը և կոլեգիալ կառավարման մարմինը:
20. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) ինստիտուտի հիմնադրումը,
բ) ինստիտուտի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,
գ) ինստիտուտի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
դ) ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումը:
21. Նախարարությունը`
ա) ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները,
բ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի գործունեության նկատմամբ,
գ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվություններ, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները,
դ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի սեփականության պահպանության նկատմամբ,
ե) հաստատում է ինստիտուտին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը,
զ) սահմանում է ինստիտուտի կառավարման համակարգը,
է) հաստատում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը,
ը) իրականացնում է հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
22. Ինստիտուտի ընթացիկ գործունեության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` ռեկտորը, որին պայմանագրային հիմունքներով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:
23. Պայմանագրում սահմանվում են ռեկտորի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները նախարարության հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:
24. Ռեկտորը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
25. Ռեկտորը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր և գործարքներ,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու նախարարության որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ինստիտուտի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,
գ) տալիս է ինստիտուտի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր,
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
զ) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
է) սահմանում է ինստիտուտի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,
ը) հաստատում է ինստիտուտի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնակարգերը,
թ) հաստատում է ինստիտուտի ուսումնական պլանները և կրթական ծրագրերը,
ժ) հաստատում է ինստիտուտի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները,
ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորագրեր,
ժբ) օրենքով և ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ,
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
26. Ինստիտուտն ունի 2 պրոռեկտոր` ուսումնական աշխատանքների գծով և ընդհանուր հարցերով, որոնք պայմանագրային հիմունքներով պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում են ռեկտորի կողմից:
27. Պրոռեկտորները`
ա) կազմակերպում և ղեկավարում են լիազորված բնագավառներում կատարվող աշխատանքները,
բ) ինստիտուտի գործունեության վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում ռեկտորին,
գ) կրում են պատասխանատվություն լիազորված բնագավառներում կատարվող աշխատանքների համար:
28. Ռեկտորն իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա:
29. Ինստիտուտի կոլեգիալ կառավարման մարմինը ինստիտուտի խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որի լիազորություններն են`
ա) ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ նախարարություն առաջարկություններ ներկայացնելը,
բ) ինստիտուտի գործադիր մարմնի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը,
գ) ինստիտուտի գործադիր մարմնի հաշվետվությունների քննարկումը և հաստատումը,
դ) հիմնադրի կողմից սահմանված կարգով` ինստիտուտի շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը,
ե) ինստիտուտի տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը,
զ) ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ նախարարություն առաջարկություններ ներկայացնելը,
է) ինստիտուտի ուսումնական պլանների և կրթական ծրագրերի քննարկումը,
ը) խորհրդի նախագահ ընտրելը,
թ) իր աշխատակարգի հաստատումը:
30. Խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ամբիոնների և ուսումնագիտական լաբորատորիաների վարիչները, ազգային ցուցադրական կենտրոնի տնօրենը, համակարգչային դպրոցի վարիչը, գլխավոր հաշվապահը, արհմիութենական կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ընտրված աշխատողները:
Խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 15-ը:
Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
31. Խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:
Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, նախարարության, ռեկտորի, ինչպես նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:
Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:
4. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
32. Ինստիտուտի գույքը բաղկացած է սեփականության իրավունքով իրեն հանձնված գույքից և անհատույց օգտագործման իրավունքով իրեն ամրացված գույքից:
33. Ինստիտուտն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
34. Հիմնադիրը սեփականության իրավունքով ինստիտուտին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ ինստիտուտի լուծարումից հետո մնացած գույքի:
35. Ինստիտուտի սեփականության պահպանման հոգսը կրում է ինստիտուտը:
36. Ինստիտուտի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
37. Ինստիտուտն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության, նախարարության համաձայնությամբ` որպես սեփականություն հանձնված գույքն օտարելու կամ վարձակալության տալու: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
38. Ինստիտուտի ֆինանսական միջոցները ձևավորվում են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի կարգով տրամադրված միջոցներից,
բ) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից,
գ) միջազգային ծրագրերի իրականացումից,
դ) բարեգործական ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
39. Ինստիտուտի ծախսերն ու եկամուտները նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված նախահաշվին համապատասխան:
40. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
41. Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
42. Ինստիտուտը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
43. Ինստիտուտը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Ինստիտուտը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
44. Ինստիտուտը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
45. Ինստիտուտի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
46. Ինստիտուտի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: