040.1682.021102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2002 թվականի N 1682-Ա
i
«ՀՐԱԶԴԱՆՄԱՇ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 775 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ`
ա) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել պոլիկլինիկայի շենքն ու այն, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը.
բ) ապահովել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության գույքագրումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) ճշտել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության օտարման ենթակա գույքի կազմը.
դ) ապահովել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթն ըստ առանձնացված տարրերի ներկայացնելը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթն ստանալուց հետո երկամսյա ժամկետում`
ա) ապահովել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության գույքի գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով, ընդ որում, շենքերի մեկ քառակուսի մետր տարածքը գնահատել 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) վարել բանակցություններ «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերությունից օտարվող գույքի առանձնացված տարրերի հավանական գնորդների հետ` վաճառքի գնի, վճարման ժամկետների, ներդրումների, աշխատատեղերի և ամսական միջին աշխատավարձի հստակեցման նպատակով.
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության գույքի առանձնացված տարրերն ուղղակի վաճառքի ձևով հավանական գնորդներին օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի վաճառքի գինը (որում կներառվի ավելացված արժեքի հարկը) չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն գնահատված արժեքի 25 տոկոսից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ