(ուժը կորցրել է 06.08.09 թիվ 915-Ն որոշում)
i
040.1586.161002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1586-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 203 որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1586-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կրթության բնագավառում մատուցում է ծառայություններ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակը կրթական գործունեության լիցենզավորման և ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրման համար եզրակացություն տալն է:
8. Գործակալության խնդիրն է նախարարին ներկայացնել եզրակացություններ`
ա) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կրթական գործունեության լիցենզավորման մասին,
բ) միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման մասին,
գ) լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից լիցենզավորման պայմանների ապահովման ու պահանջների բավարարման մասին:
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) իրականացնում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերում նշված տվյալների` ըստ կրթական ծրագրերի (նրանց մասնագիտությունների) լիցենզավորման պայմաններին ու պահանջներին համապատասխանության ստուգում և ուսումնասիրություններ.
բ) նախարարին է ներկայացնում եզրակացություն միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց մասնաճյուղերին կրթական գործունեության լիցենզիա տալու, ինչպես նաև տրված լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին.
գ) փորձաքննության, ուսումնական հաստատության և նրա շրջանավարտների ատեստավորման արդյունքների հիման վրա նախարարին ներկայացնում է եզրակացություն մասնագիտությունների պետական հավատարմագրման, ինչպես նաև տրված հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.
դ) տրամադրում է տեղեկատվություն լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին.
ե) մասնակցում է լիցենզավորման, ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողության և հավատարմագրման ոլորտի վերաբերյալ նորմատիվ ակտերի նախագծերի, մեթոդական փաստաթղթերի մշակման աշխատանքներին.
զ) կազմակերպում է քննարկումներ, գիտաժողովներ, խորհրդակցություններ լիցենզավորման և հավատարմագրման հարցերի վերաբերյալ:
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է կրթական գործունեության լիցենզավորման, ուսումնական հաստատությունների ուսուցման որակի ատեստավորման և դրանց մասնագիտությունների հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Գործակալության պետն իր գործունեությամբ անմիջականորեն ենթարկվում է նախարարին և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.
ե) նախարարին, անհրաժեշտության դեպքում, նրա տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) կատարում է աշխատանքի բաշխում գործակալության աշխատողների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1586-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Հանրակրթական ծրագրերի բաժին
Մասնագիտական կրթական ծրագրերի բաժին
Վերլուծական-տեղեկատվական բաժին