20.04.2024 -
040.0830.120703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2003 թվականի N 830-Ն
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 830-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Որդան կարմիր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի N 61 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի աղուտ հողերի վրա: Արգելավայրն զբաղեցնում է 219.85 հեկտար տարածք, բաղկացած է երկու առանձին տեղամասերից` Արազափի գյուղական համայնքի հյուսիս-արևմտյան մասում (198.33 հեկտար) և Ջրառատի գյուղական համայնքի հյուսիսային մասում (21.52 հեկտար)` Արարատյան հարթավայրում, ծովի մակերևույթից 835-850 մետր բարձրության վրա:
(1-ին կետը փոփ. 20.11.08 թիվ 1371-Ն որոշում)
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն Արարատյան հարթավայրի աղուտային (հալոֆիտ) ցուցանմուշային էկոհամակարգերի, դրանց բուսական ու կենդանական աշխարհի ամբողջության պահպանության ու կայուն օգտագործման ապահովումն է: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության համար էնդեմիկ արժեքավոր միջատ որդան կարմիրը և նրա սնման օբյեկտ հանդիսացող բույսերից որդանախոտը:
3. Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և սեփականաշնորհման ենթակա չեն:
4. Արգելավայրի ռեժիմի փոփոխությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
ա) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.
բ) Արարատյան հարթավայրի աղուտային (հալոֆիտ) ցուցանմուշային էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության, այդ թվում` ջրային ռեժիմի պահպանությունը.
գ) արգելավայրի վայրի բուսական և կենդանական աշխարհի էկոլոգիական միջավայրի պահպանությունը.
դ) հազվագյուտ ու անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
ե) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջություն իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:
7. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են`
ա) որդան կարմիրի, որդանախոտի, ինչպես նաև էկոհամակարգերի այլ բուսական և կենդանական տարրերի էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, համակեցությունների վիճակի մոնիտորինգը, որդան կարմիրի ու որդանախոտի գիտականորեն հիմնավորված վերարտադրությունը.
բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
8. Արգելավայրի տարածքում արգելվում են`
ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնական ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.
բ) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը` բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների.
դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.
ե) թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.
զ) տարածքի հողի հերկումը:
9. Արգելավայրի տարածքում կարող են իրականացվել`
ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթները և գործընթացները կանխարգելող միջոցառումներ.
բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների ու վարակի օջախների վերացման աշխատանքներ.
գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.
դ) որդան կարմիրի և որդանախոտի վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.
ե) գիտահետազոտական ուսումնասիրություններ` լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված, թույլատրվում է արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող ցանկացած տնտեսական գործունեություն:
10.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:
(10.1-ին կետը լրաց. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)
11. Արգելավայրի տարածքում ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արգելավայրի պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը, որոնց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Արգելավայրի ռեժիմը և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: