29.03.2024 -
040.0138.270203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2003 թվականի N 138-Ն
«ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.03025) վերանվանել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(1-ին կետը փոփ. 05.03.2020 թիվ 249-Ն որոշում)
2. Հաստատել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 05.03.2020 թիվ 249-Ն որոշում)
3. Թույլատրել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների կատարում և հրահանգների կազմում.
2) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում.
3) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարում և որակի գնահատում.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված` իր լաբորատորիայի միջոցով իրականացնել ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննություն և տվյալների հիման վրա կազմել ու տալ փորձաքննության արձանագրություն.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան` գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի, փոխանակման և միավորման գործարքի կնքում, գործարքի փաստաթղթերի նախապատրաստում և կողմերի ներկայացուցչության ապահովում` համապատասխան լիազորագրերի հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 05.03.2020 թիվ 249-Ն, 20.10.2022 թիվ 1636-Ն որոշումներ)
4. «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 05.03.2020 թիվ 249-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը: Կազմակերպության գրանցման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 05.03.2020 թիվ 249-Ն որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը խմբագրվել է 30.01.2020 թիվ 79-Ն որոշում)
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի փետրվարի 6-ի
N 138-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշմամբ:
3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կլոր կնիք ու դրոշմակնիք:
5. Կազմակերպությունն ունի իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
7. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
9. Կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
հայերեն կրճատ` «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ.
ռուսերեն լրիվ` Գօսուդարստվեննայա նեկօմմերչեսկայա օրգանիզացիյա «Ցենտր պօ օկազանիյու ուսլուգ վ օբլաստի սելսկօվօ խոզյաիստվա».
ռուսերեն կրճատ` ԳՆԿՕ «Ցենտր պօ օկազանիյու ուսլուգ վ օբլաստի սելսկօվօ խոզյաիստվա».
անգլերեն լրիվ` «Centre of the Agricultural Services» State Non-Commercial Organization.
անգլերեն կրճատ` «Centre of the Agricultural Services» SNCO:
10. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Էրեբունի 12:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Կազմակերպության գործունեության առարկան է`
1) կայուն անասնահամաճարակային վիճակն ապահովելը, ինչպես նաև մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչությանը զերծ պահելը.
2) վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելը.
3) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշումն ու որակի ցուցանիշների գնահատումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացում` գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացման, առուվաճառքի, փոխանակման և միջնորդության միջոցով.
5) գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգ և տեղազննություններ:
(11-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1636-Ն, 17.11.2022 թիվ 1750-Ն որոշումներ)
12. Կազմակերպության գործունեության նպատակն է`
1) անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովումը, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատումը, արտահանման և ներկրման գործընթացի խթանումը.
2) հետազոտությունների, մշտադիտարկումների միջոցով հանրապետությունում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերումը, հաշվառումը, տարածման արեալի և վնասակարության տնտեսական շեմերի ճշտումը, տարածման կանխարգելումն ու այդ աշխատանքներին մասնագիտական աջակցության ցուցաբերումը.
3) գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր և առողջ բերքի ստացումը, ինչպես նաև պարարտանյութերի և կենսախթանիչների լաբորատոր հետազոտությունների իրականացումն ու դրանց որակի ցուցանիշների գնահատումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան` գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի կրճատում, մասնատվածության մակարդակի նվազեցում, օգտագործման արդյունավետության բարձրացում և հողերի շուկայի զարգացում.
5) մոնիթորինգի և տեղազննությունների միջոցով բացահայտել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի նախապես պլանավորված և փաստացի արձանագրված նպատակների, արդյունքների, գործողությունների իրականացումը և բացթողումները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ:
(12-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1636-Ն, 17.11.2022 թիվ 1750-Ն որոշումներ)
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Կազմակերպությունը`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում ապահովում է կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, օրենքով սահմանված կարգով, կնքում է անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր` անասնահակահամաճարակային միջոցառումների իրականացման նպատակով.
3) անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքած` անասնահակահամաճարակային միջոցառումներ իրականացնող համայնքը()ները) սպասարկող անասնաբույժներն օրենքով սահմանված կարգով տրամադրում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.
4) ապահովում է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վարակիչ օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները.
5) կազմակերպում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման աշխատանքները.
6) իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման աշխատանքներ.
7) իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր.
8) իրականացնում է դաշտերում, այգիներում և պահուստային ֆոնդի հողահանդակներում, բույսերի, բուսական արտադրանքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության, պահպանման ու իրացման վայրերում և այլն (անկախ սեփականության ձևից) հետազոտություններ (մոնիթորինգ)` բույսերի կարանտին օրգանիզմների հայտնաբերման, դրանց տարածման արեալի ճշտման, օջախների մեկուսացման և կարանտին միջոցառումների իրականացման նպատակով.
9) իրականացնում է բուսասանիտարական դիտարկումներ` հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատում.
10) իրականացնում է բույսերի վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների, մորեխների (ընդհանուր ծավալի 75-80 տոկոսը), ինչպես նաև բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների (լվիճներ, տզեր, վահանակիրներ, պտղակերներ, տերևակերներ, քոս, ծակոտկեն բծավորություն, գանգրոտություն, մոնիլիոզ, միլդիու, օիդիու, ողկուզակեր, ոստայնատիզ), բանջարաբոստանային (լվիճներ, տզեր, կեղծ ու իսկական ալրացող, թառամումներ) և հացահատիկային (քարամրիկ, փոշեմրիկ, գաճաճային մրիկ, ժանգեր) մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերում, հաշվառում, տարածման արեալների և վնասակարության տնտեսական շեմերի ճշտում, պայքարի ճիշտ ժամկետների մասին ահազանգման, տարածման կանխարգելման աշխատանքներ.
11) հետազոտում և գնահատում է գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական վիճակը, անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և հողօգտագործողներին իրազեկում հողերում սննդատարրերի քանակի և դրանց պակասի համալրման միջոցառումների մասին.
12) մասնակցում է գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության պահպանման ու անընդմեջ վերարտադրության ապահովման միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքներին և իրականացնում է ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումները.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված` իր լաբորատորիայի փորձաքննության տվյալների հիման վրա վերահսկող մարմիններին և գործարարներին տալիս է եզրակացություն` ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների վերաբերյալ.
13.1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան` հողերի առուվաճառքի, փոխանակման և միջնորդության միջոցով իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) ծրագրեր, այդ ծրագրերի շրջանակներում իր կողմից ձեռք բերված հողերի բարելավման աշխատանքներ, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքում է հողերի նկատմամբ գործարքների (առուվաճառքի, փոխանակման, միավորման) կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման վճարովի մատուցման պայմանագրեր.
13.2) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և տեղազննությունների համար տվյալների հավաքագրում և հաշվետվությունների կազմում.
13.3) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի նախնական, ընթացիկ և ավարտական տեղազննություններ և մոնիթորինգ.
13.4) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրում, մշակում, ամփոփում և վերլուծություն.
13.5) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և տեղազննությունների շտեմարանների վարում` հաշվետվությունների (հարցաթերթեր, ձևաթղթեր, տեղեկանքներ և այլն) միջոցով.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
(13-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1636-Ն, 17.11.2022 թիվ 1750-Ն որոշումներ)
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
14. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են`
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերի ագրոքիմիական հետազոտությունների կատարումը և հրահանգների կազմումը.
2) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշումն ու որակի գնահատումը.
3) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարումը և որակի գնահատումը.
4) որակյալ ագրոքիմիական քարտեզների և տվյալ հողատեսքերում, կախված սննդատարրերով ապահովվածության մակարդակից, ըստ մշակաբույսերի պարարտանյութերի կիրառման չափաքանակների` գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի տրամադրում.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված` իր լաբորատորիայի միջոցով իրականացնում է ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննություն և տվյալների հիման վրա կազմում և տալիս է փորձաքննության արձանագրություն.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան` գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի, փոխանակման և միավորման գործարքի կնքում, գործարքի փաստաթղթերի նախապատրաստում և կողմերի ներկայացուցչության ապահովում` համապատասխան լիազորագրերի հիման վրա:
(14-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1636-Ն որոշում)
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Կազմակերպության կառավարման մարմիններն են`
1) հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
3) գործադիր մարմինը (տնօրենը):
16. Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի վերջնական լուծում տալու կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նրա բացառիկ լիազորություններն են`
1) կազմակերպության ստեղծումը, կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
4) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
17. Լիազորված պետական մարմինը`
1) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
2) իրականացնում է կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
3) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
4) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, վաղաժամկետ դադարեցնում նրանց լիազորությունները.
5) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.
6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.
7) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
8) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
9) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, ինչպես նաև օրենքով, հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
10) հաստատում է կազմակերպության տարեկան նախահաշիվները, հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
18. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
18.1. Կազմակերպության տնօրենին արձակուրդ տրամադրվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով:
(18.1-ին կետը լրաց. 28.03.2024 թիվ 426-Ն որոշում)
18.2. Կազմակերպության տնօրենի արձակուրդը և գործուղումը նախապես համաձայնեցվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի հետ:
(18.2-րդ կետը լրաց. 28.03.2024 թիվ 426-Ն որոշում)
19. Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ կնքում է պայմանագրեր:
21. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
22. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
23. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու և պարտականությունները չկատարելու համար:
24. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանք չկատարելու համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
25. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում, նրան պաշտոնում նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
26. Կազմակերպության տնօրենը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
27. Կազմակերպության տնօրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
5) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
7) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.
8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մարմիններին չվերապահված մյուս լիազորությունները.
10) հաստատում է կազմակերպության մասնաճյուղերի կանոնադրությունները.
11) նշանակում է մասնաճյուղերի ղեկավարներին և տալիս համապատասխան լիազորագրեր:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
28. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
29. Կազմակերպությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենքներին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
29.1. Սույն կանոնադրության 13-րդ կետի 13.1-ին ենթակետով նախատեսված գործառույթի իրականացման արդյունքում ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողերը և դրանց վաճառքից ստացված գումարները կազմակերպությունն իրավունք ունի տիրապետել, տնօրինել և օգտագործել միայն հիմնադրի կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերի պահանջներին համապատասխան:
(29.1-ին կետը լրաց. 20.10.2022 թիվ 1636-Ն որոշում)
30. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
31. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
32. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
33. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք:
34. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և անհատույց օգտագործման հանձնելու:
35. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից վարձակալության հանձնելու:
36. Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
37. Ամրացված գույքի վարձակալության արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:
38. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:
39. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
40. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
41. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
42. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
43. Կազմակերպության շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար հետևյալ ուղղություններով`
1) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
2) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
3) կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում և նշված դասընթացներին աշխատողների մասնակցության ապահովում.
4) հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներով:
IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
44. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
45. Կազմակերպությունը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
X. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
46. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
47. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
48. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:
49. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
50. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: