15.03.2024 -
040.1315.181115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1315-Ն
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 59-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 59-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 12-ի
N 1315-Ն որոշման
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բուծվող կենդանիները ենթակա են համարակալման:
3. Կենդանիների համարակալումը գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների, մեղուների) և տնային կենդանիների ականջներին ծածկագրավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացումն է, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու և հաշվառելու կենդանիներին:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4. Կենդանիների համարակալման աշխատանքներն իրականացվում են համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով, որի հետ հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով:
5. Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`
1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. «իգական» կցամասի երկարությունը` 65 մմ-ից մինչև 85 մմ, լայնությունը` 50 մմ-ից մինչև 65 մմ, իսկ «արական» կցամասի երկարությունը` 55 մմ-ից մինչև 75 մմ» լայնությունը` 50 մմ-ից մինչև 65 մմ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ և աջ ականջներին` նախատեսված հատուկ դակիչով.
2) անձնագիրը` խոշոր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար: Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը` ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.
3) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը, և որում մուտքագրվում են համարակալված կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.
4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում այն հնարավորություն է ընձեռում վերլուծելու և ապահովելու ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:
(5-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1493-Ն, 03.03.2022 թիվ 257-Ն որոշումներ)
6. Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`
1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից` ուղղանկյուն կամ քառակուսի կամ շրջանաձև. ուղղանկյուն կամ քառակուսի ականջապիտակների «իգական» և «արական» կցամասերի երկարությունը` 30 մմ-ից մինչև 50 մմ, «իգական» և «արական» կցամասերի լայնությունը` 30 մմ-ից մինչև 45 մմ, շրջանաձև ականջապիտակների «իգական» և «արական» կցամասերի տրամագիծը` 20 մմ-ից մինչև 35 մմ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով ականջապիտակներն ամրացվում են կենդանու աջ և ձախ ականջներին` նախատեսված հատուկ դակիչով.
2) անձնագիրը` մանր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար: Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը` ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.
3) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը և որում մուտքագրվում են համարակալված կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.
4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:
(6-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1493-Ն, 14.03.2024 թիվ 357-Ն որոշումներ)
7. Հայաստանի Հանրապետությունում խոզերի համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`
1) ականջապիտակները` կենդանիների խմբերի համարով.
2) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը, և որում մուտքագրվում են համարակալված կենդանիների խմբերի, կենդանիների շարժի, սպանդի, անկման վերաբերյալ տվյալները, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.
3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:
8. Հայաստանի Հանրապետությունում միասմբականի կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`
1) միկրոչիպը. մինչև 13 մմ երկարությամբ և 2 մմ տրամագծով (բրնձի հատիկի չափ) տեղակայվում է կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որն օրգանիզմի համար անվնաս է, և որը ներմաշկային եղանակով ներարկվում է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով.
2) տեսածրիչը (սկաներ), որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ընթերցելու կենդանու անհատական համարը (15 սմ-1 մ հեռավորության վրա), որն արտացոլվում է սկաների էկրանի վրա.
3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:
9. Հայաստանի Հանրապետությունում տնային կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`
1) միկրոչիպը. մինչև 13 մմ երկարությամբ և 2 մմ տրամագծով (բրնձի հատիկի չափ) տեղակայվում է կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որն օրգանիզմի համար անվնաս է, և որը ներմաշկային եղանակով ներարկվում է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով.
2) տեսածրիչը (սկաներ), որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ընթերցելու կենդանու անհատական համարը (15 սմ-1 մ հեռավորության վրա), որն արտացոլվում է սկաների էկրանի վրա.
3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:
10. Լիազոր մարմնի կողմից իրականացվում է հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակման և տեղեկատվական համակարգի վարման կարգը:
III. ԱԿԱՆՋԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
11. Եթե կենդանուն ամրացված ականջապիտակը դարձել է անընթեռնելի, վնասվել կամ կորել է, ապա անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք 7-օրյա ժամկետում տեղեկացնում են համայնքն սպասարկող անասնաբույժին` նոր հաշվեպիտակ ստանալու համար: Վնասված ականջապիտակը հանվում է կենդանու ականջից, և 30 օրվա ընթացքում ամրացվում է նոր ականջապիտակ` համապատասխան փոփոխություն կատարելով կենդանու անձնագրում և գրանցամատյանում:
(11-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1493-Ն որոշում)
12. Եթե անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կենդանու անձնագրում և հաշվառման գրանցամատյանում հայտնաբերում են գրանցումների անճշտություն, կամ անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա անձնագրի փոխարինման համար դիմում են համայնքն սպասարկող անասնաբույժին` ներկայացնելով փոխարինման ենթակա անձնագիրը:
(12-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1493-Ն որոշում)
13. Անձնագրի կորստի դեպքում` անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք 7 օրվա ընթացքում դիմում են համայնքն սպասարկող անասնաբույժին և ստանում նոր անձնագիր: Նոր անձնագրում պետք է լինի «Կրկնօրինակ» նշումը:
(13-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1493-Ն որոշում)
14. Համայնքն սպասարկող անասնաբույժը վնասված կամ կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տալիս է 14 օրվա ընթացքում: Նոր տրված անձնագրում պետք է գրանցվեն նախկին անձնագրում ամրագրված կենդանու անհատականացման բոլոր համարները, ինչպես նաև տվյալներ իրականացված անասնաբուժական միջոցառումների մասին:
15. Կենդանու հարկադիր սպանդի կամ անկման դեպքում` անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք անհապաղ տեղեկացնում են համայնքն սպասարկող անասնաբույժին և 7 օրվա ընթացքում հանձնում են կենդանու անձնագիրն ու ականջապիտակը: Հանձնված անձնագրերն ու ականջապիտակներն ակտավորվում և ոչնչացվում են:
(15-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1493-Ն որոշում)
16. Վնասված կամ կորած ականջապիտակները և անձնագրերը սահմանված ժամկետում նորով չփոխարինվելու, ինչպես նաև դրա վերաբերյալ համայնքն սպասարկող անասնաբույժին չտեղեկացվելու դեպքում նշված կենդանին հանվում է տեղեկատվական համակարգի հաշվառումից:
17. Այլ երկրներից ներմուծվող կենդանիները պետք է համարակալվեն 30 օրվա ընթացքում: