Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Հ ...

 

02.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 543-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը, 44-րդ հոդվածի 8-րդ մասը, 46-րդ հոդվածի 1-ին մասը, 47-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը, 66-րդ հոդվածի 3-րդ մասը, 71-րդ հոդվածի 5-րդ մասը, 74-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը, 78-րդ հոդվածի 4-րդ մասը, 79-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը, 81-րդ հոդվածի 4-րդ մասը, 86-րդ հոդվածի 7-րդ մասը, 88-րդ հոդվածի 7-րդ մասը, 99-րդ հոդվածի 2-րդ մասը, 107-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 10-րդ, 11-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 29-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշումը:

3. Սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններն ընդունվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում: Մինչև այդ հրամանների ընդունումը գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող հրամաններն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում (mutatis mutandis) սույն որոշմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ապրիլի 13-ի

N 543-Ն որոշման

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակները կատարող քրեակատարողական հիմնարկների (այսուհետ միասին նաև` քրեակատարողական հիմնարկներ) ներքին կանոնակարգը (այսուհետ նաև` կանոնակարգ) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված` կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների ամբողջությունը:

2. Սույն կանոնակարգի խնդիրներն են`

1) ապահովել կալանավորված անձանց մեկուսացումը, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և պարտականությունների պատշաճ կատարումը, մշտական հսկողությունը նրանց նկատմամբ, անվտանգության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խնդիրների իրագործումը.

2) ապահովել դատապարտյալների իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը և դրանց իրականացումը, պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական վերահսկողությունը նրանց նկատմամբ, նրանց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալներին պահելու տարբեր պայմանների նախատեսումը` ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը:

3. Սույն կանոնակարգի նպատակն է`

1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների արժանապատիվ պահման պայմաններ.

2) հնարավորինս նվազեցնել անազատության և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.

3) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.

4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը.

5) աջակցել դատապարտյալին` նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը:

4. Սույն կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին համապատասխան սահմանում և կանոնակարգում է կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու կարգը և պայմանները, կարանտինային բաժանմունքում կալանավորված անձի և դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները, կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակը, կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների իրականացման երաշխիքները, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության տրամադրման, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները, խրախուսանքների և տույժերի կիրառման կարգը, խուզարկություն և զննություն կատարելու, խուզարկության արդյունքով վերցված առարկաների և իրերի պահման ու տնօրինման կարգը և պայմանները, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում, կալանավորված անձի և դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, այն առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, որոնք արգելված է ստանալ, պահել կամ վաճառել կալանավորված անձին կամ դատապարտյալին, կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և դրանց ապահովման կարգը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցության կարգը, դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով հինգ օր տևողությամբ տրվող երկարատև տեսակցության անցկացման կարգը, հանձնուքները և ծանրոցները զննության ենթարկելու, դրանք հանձնելու կարգը, առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշման վերաբերյալ նրան անհապաղ տեղեկացման կարգը, դատապարտյալին մեկնումներ տրամադրելու ընթացակարգը, քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները, պատժախցում դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները, ինչպես նաև կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների առնչությամբ այլ իրավահարաբերությունները:

5. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկ այցելող յուրաքանչյուր այլ անձի համար:

6. Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

2. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՏԺԻ ԵՎ ԿԱԼԱՆՔ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարվում են կարճաժամկետ ազատազրկումը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը, ինչպես նաև կալանք խափանման միջոցը:

8. Քրեակատարողական հիմնարկի տարածքում, ելնելով դատապարտյալներին ցածր, միջին կամ բարձր անվտանգային գոտիներում պահելու օրենքով նախատեսված պայմանների առանձնահատկություններից, առնվազն տեղակայվում են բնակելի կացարաններ կամ խցեր, կարանտինային բաժանմունք, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատասենյակներ, ճաշարան, բժշկական ստորաբաժանման սենյակներ, դասասենյակներ, արտադրական գոտի, զբաղվածության, մշակութային և այլ միջոցառումների անցկացման ու տեսակցության սենյակներ, զբոսանքի կազմակերպման տարածք, գրադարան, բաղնիք, լվացքատուն, պատժախցեր, անձնական իրերի պահախցեր: Քրեակատարողական հիմնարկում կարող են տեղակայվել նաև այլ կառույցներ կամ սենյակներ:

9. Քրեակատարողական հիմնարկի կառուցվածքը, բնակելի կացարանները և խցերը, ինչպես նաև այլ կառույցները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի ապահովվեն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 64-րդ և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 31-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

10. Քրեակատարողական հիմնարկում կալանավորվածներին պահելու վայրերը, ինչպես նաև անվտանգային տարբեր գոտիները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի բացառվի կալանավորված անձանց և դատապարտյալների միջև շփումը:

11. Կալանավորված և դատապարտված անձանց շփումը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված կրթական, մշակութային, մարզական, կրոնական համատեղ միջոցառումների իրականացման դեպքում, եթե կոնկրետ կալանավորված անձի կամ դատապարտյալի առնչությամբ չկա համապատասխան արգելք կամ սահմանափակում:

 

3. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

12. Քրեակատարողական հիմնարկ կալանավորված անձանց և դատապարտյալի ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում, ցանկացած ժամին` քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:

13. Կարանտինային բաժանմունքը գտնվում է քրեակատարողական հիմնարկի առանձնացված հատվածում` այնպես, որպեսզի բացառվի մյուս խցերում կամ կացարաններում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պահվող դատապարտյալների:

14. Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը ստուգում է քրեակատարողական հիմնարկ բերված կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` լուսանկարով անձը հաստատող այլ փաստաթուղթ, կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու կամ եզրափակիչ դատական ակտը և այն կատարման հանձնելու մասին կարգադրությունը: Եթե անձը քրեակատարողական հիմնարկ է բերվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա ստուգվում է նաև նրա անձնական գործը, իսկ անհապաղ տեղափոխման անհրաժեշտության դեպքում մինչև անձնական գործն ուղարկվելու առաջին հնարավորությունը սույն կանոնակարգով սահմանված տեղեկանքը: Սույն կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը քրեակատարողական հիմնարկ չի ընդունվում:

Օպերատիվ, անվտանգության կամ այլ նկատառումներով ոչ աշխատանքային օրերին և ժամերին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ կալանավորված անձի կամ դատապարտյալի անհապաղ տեղափոխման անհրաժեշտության դեպքում, մինչև անձնական գործն ուղարկվելու առաջին հնարավորությունը, քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ է տեղափոխող քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի կողմից կազմված և կնքված տեղեկանքը, հնարավորության դեպքում լուսանկարով, որում պետք է ներառվեն կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ազգությունը, քաղաքացիությունը, կալանավորված անձի դեպքում նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու օրը, ամիսը, տարեթիվը, դատարանը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, տեղեկություններ նախկինում դատված լինելու մասին, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը, դատապարտյալի դեպքում` պատժաչափը, պատժի սկիզբը, անվտանգային գոտու տեսակն ու պայմանը, նույնականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ (հաշմանդամություն, սպիներ, դաջվածքներ ունենալու և այլ առանձնահատկություններ):

15. Եթե անձը չի բերվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը կազմում է հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրություն, որի պատճենը տրամադրվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին:

16. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ: Երեխայի հետ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում երեխան քրեակատարողական հիմնարկ չի ընդունվում, և դրա մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հայտնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Մինչև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ համապատասխան հաստատություն, խնամատարության կամ խնամակալության տեղավորելը` երեխան պահվում է քրեակատարողական հիմնարկում այնպես, որպեսզի բացառվի այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ շփումը:

17. Կալանավորված անձանց քրեակատարողական հիմնարկ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) տեղեկություններ կալանավորված անձի մասին (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ).

2) կալանավորման հիմքերը.

3) կալանավորված անձին քրեակատարողական հիմնարկ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:

18. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) տեղեկություններ դատապարտյալի մասին (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ).

2) դատապարտման հիմքերը.

3) դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:

19. Քրեակատարողական հիմնարկ տարանցումով բերված կալանավորված անձը կամ դատապարտյալն ընդունվում և նշանակման վայր է ուղարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի կարգագրով:

20. Քրեակատարողական հիմնարկ ընդունված կամ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման, ինչպես նաև հոգեկան առողջության ռիսկերի գնահատում:

(20-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 160-Ն որոշում)

21. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հրաժարվում է սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված գնահատումներից, ապա այն կրկին առաջարկվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունումից 24 ժամվա ընթացքում: Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննությունը և գնահատումը, ինչպես նաև հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված գործիքակազմով, ընթացակարգով և մեթոդաբանությամբ:

22. Քրեակատարողական հիմնարկ ընդունված կամ տեղափոխված կալանավորված անձը մինչև 7 օր տևողությամբ, իսկ դատապարտյալը մինչև 15 օր տևողությամբ նախնական բժշկական զննություն անցնելու, քրեակատարողական հիմնարկի պայմաններին հարմարվելու, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված կալանք խափանման միջոցի կամ պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը վեր հանելու և գնահատելու, ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա կալանք խափանման միջոցի կամ պատժի կատարման անհատական պլանավորման և պայմանների որոշման նպատակով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում: Կարանտինային բաժանմունքում ընդունվելուց անմիջապես հետո կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթարկվում է առաջնային բժշկական զննության:

23. Եթե քրեակատարողական հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունելու պահին հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատում չի իրականացվել` նրա հրաժարման կամ քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահին համապատասխան մասնագետի բացակայության հիմքով, ապա այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում` ընդունումից 24 ժամվա ընթացքում: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հրաժարվում է սույն կետում նշված գնահատումից, ապա այն կրկին առաջարկվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունումից 24 ժամվա ընթացքում: Զգալի ռիսկայնության դեպքում հրավիրվում է հոգեբույժ: Սույն կետով նշված գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:

24. Սույն կանոնակարգի 20-րդ, 21-րդ և 23-րդ կետերում նախատեսված գնահատումների և դրանց ընթացքի վերաբերյալ պարտադիր տեղեկացվում է քրեակատարողական հիմնարկի հոգեբանը:

25. Կալանավորված անձի կամ դատապարտյալի բժշկական զննությունն իրականացնում են պարբերաբար կալանքի կամ պատժի ողջ ընթացքում` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկները` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

26. Կալանավորված անձի կամ դատապարտյալի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժիշկն այդ մասին անհապաղ հայտնում է իրավասու քննչական մարմնին` այդ մասին իրազեկելով նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

27. Կալանավորված անձի կամ դատապարտյալի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժիշկն այդ տեղեկատվությունը կարող է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` անկախ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունից:

28. Եթե քրեակատարողական հիմնարկի բժիշկը հիմնավոր ենթադրում է, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթարկվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա այդ տեղեկատվությունը տրամադրում է քրեակատարողական հիմնարկի պետին` խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման ենթարկված կալանավորված անձի կամ դատապարտյալի պաշտպանությունը կազմակերպելու համար:

29. Կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո` քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքների և պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանքը կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանքը կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դեպքում` փախստականի կարգավիճակ ձեռք բերելու և ապաստան հայցելու իրավունքի մասին տեղեկացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը (ձև N 1) կցվում է նրա անձնական գործին:

30. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող կալանավորված անձը կամ դատապարտյալը սույն կանոնակարգով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում է անձնական խուզարկության, իսկ նրա իրերը` զննության:

31. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող կալանավորված անձը պարտադիր, իսկ դատապարտյալը` իր համաձայնությամբ, ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման:

32. Այն կալանավորված անձինք կամ դատապարտյալները, ովքեր քրեակատարողական հիմնարկ են բերվում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով կամ հիվանդությամբ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ, բժշկական եզրակացության հիման վրա ուղարկվում են քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ եթե այդ ստորաբաժանումում նրանց պահելը նույնպես վտանգավոր է կյանքի կամ շրջապատի համար, ապա սահմանված կարգով ուղարկվում են լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկ (այսուհետ` առողջապահական մարմինների բուժական հիմնարկ): Անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

33. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձին Կարանտինային բաժանմունք ընդունելու վերաբերյալ անհապաղ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետին:

Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք տեղաբաշխվում են ըստ խցերի: Կալանավորված անձանց ըստ խցերի տեղաբաշխման վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է առաջարկություն, քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նշված առաջարկության վերաբերյալ ներկայացվում է կարծիք, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համատեղելիության և հնարավոր թշնամական հարաբերությունների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո կալանավորված անձանց ըստ խցերի տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` հաշվի առնելով Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը:

Կալանավորված անձինք ըստ խցերի տեղաբաշխվում և անջատ են պահվում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին համապատասխան` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

Ըստ խցերի տեղաբաշխելիս` կալանավորված անձին տրամադրվում է անհատական քնելու տեղը:

(33-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 160-Ն որոշում)

34. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին Կարանտինային բաժանմունք ընդունելու մասին անհապաղ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետին:

Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալները տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների` ելնելով անվտանգային գոտու տեսակից: Դատապարտյալներին ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխման վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է առաջարկություն, քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նշված առաջարկության վերաբերյալ ներկայացվում է կարծիք, իսկ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համատեղելիության և հնարավոր թշնամական հարաբերությունների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում և անջատ են պահվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին համապատասխան` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո դատապարտյալի` ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` հաշվի առնելով Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալների վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը: Ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխելիս` դատապարտյալին տրամադրվում է անհատական քնելու տեղ:

(34-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 160-Ն որոշում)

35. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին առողջական վիճակի հիմքով անջատ պահելու դեպքերում նրանք տեղաբաշխվում են բժշկական սպասարկման համապատասխան ստորաբաժանման ղեկավարի եզրակացության հիման վրա:

36. Անչափահասները, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են տեղավորվել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող խցերում կամ կացարաններում:

37. Քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում անձն ապահովվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պահելու համար սահմանված անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և սույն կանոնակարգով նախատեսված այլ իրերով, օգտվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի համար օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից, ինչպես նաև կրում է օրենսդրությամբ սահմանված պարտականություններ:

38. Դատապարտյալը կարանտինային բաժանմունքում պահվում է նվազագույնը նույն պայմաններում, ինչպիսի պայմաններում նա կպահվեր քրեակատարողական հիմնարկի` համապատասխան տեսակի անվտանգային գոտու խցում կամ կացարանում:

 

4. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

39. Քրեակատարողական հիմնարկում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:

40. Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության, կրթության և այլ միջոցառումների համար նախատեսված ժամերը:

41. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (ձև N 2) հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով և տեղեկացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, դատապարտյալներին, կալանավորված անձանց և քրեակատարողական հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակի մեկական օրինակ փակցվում է քրեակատարողական հիմնարկի խցերում և կացարաններում:

42. Կալանավորված անձանց և դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրերում` խցերում, իսկ քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում` ճաշարաններում: Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդություն ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվում է հավելյալ կամ դիետիկ սննդամթերք: Հավելյալ կամ դիետիկ սնունդ կարող է տրամադրվել նաև բժշկի եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում: Հավելյալ կամ դիետիկ սննդամթերք տրամադրելու` բժշկի համապատասխան եզրակացությունն առնվազն 21 օրը մեկ ենթակա է վերանայման:

43. Տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում ներգրավված դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ կարող են սնունդն ընդունել առանձին:

44. Կալանավորված անձինք և խցերում պահվող դատապարտյալները սնունդն ընդունում են խցերում, իսկ կացարաններում պահվող դատապարտյալները` ճաշարանում: Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս սահմանված կարգով գտնվող դատապարտյալի սննդի ընդունումը կարող է կազմակերպվել դաշտային ճաշարաններում: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը տեղափոխվում է մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, որը տևում է 4 ժամ և ավելի, ապա նա ապահովվում է սննդով:

45. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալների` խցերից դուրս տեղաշարժն իրականացվում է վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով` բացառությամբ զբոսանքի վայրերի:

46. Խցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

47. Քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալի տեղաշարժն իրականացվում է ազատ` այդ նպատակով նախատեսված վայրերում, իսկ քրեակատարողական հիմնարկի մյուս տարածքներում` վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով և թույլտվությամբ:

48. Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց: Դատապարտյալներին ծանուցում են քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու պատժի կրման խիստ և մեղմ պայմանների համար սահմանված սահմանների վերաբերյալ, որի մասին կազմվում է արձանագրություն (ձև N 3):

49. Կալանավորված անձը կամ քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

50. Կալանավորված անձը կամ քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Կալանավորված անձի կամ դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում (ձև N 4):

51. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ընթացքում զբաղվել չարգելված ցանկացած գործողությամբ` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

 

5. ԿԱԼԱՆՔ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՂԻ ԿԱՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

52. Կալանք խափանման միջոցը կատարվում է քրեակատարողական հիմնարկի` կալանավորվածներին պահելու վայրերում, որտեղ տեղակայված են կալանավորվածներին պահելու համար նախատեսված խցեր: Անչափահաս, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց համար խցերը կահավորվում են նրանց տարիքին, ֆիզիոլոգիական վիճակին և այլ կարիքներին համապատասխան:

53. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկում տեղավորվում են այնպես, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի այլ կալանավորված անձանց հետ շփումը:

54. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ: Յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը մշտապես ապահովվում են տաք ջրով:

55. Կալանավորված կինը ծննդաբերության նպատակով փոխադրվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկ` սահմանված կարգով ապահովելով համապատասխան հսկողություն: Կալանավորված անձին առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում վարույթ իրականացնող մարմնին:

56. Հղի կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք ապահովվում են մանկական սննդով` Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամք տրամադրող հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված չափաբաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք ստանում են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:

57. Մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:

58. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձի ծանր հիվանդության, ինչպես նաև նրա կողմից ծնողական պարտականությունների բարեխղճորեն չկատարման, երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների պարբերաբար խախտման դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավունք ունի երեխային ժամանակավորապես հանձնելու ազգականներին կամ դիմելու համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին երեխայի իրավունքների պաշտպանության նպատակով միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ:

59. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը երեխային կարող է ազգականներին կամ այլ անձանց ժամանակավոր հանձնել` սեփական նախաձեռնությամբ` ստանալով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությունն այդ գործընթացում:

60. Քրեակատարողական հիմնարկին կից մանկան տանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո, եթե քրեակատարողական հիմնարկի պետը երեխային պահելու ժամկետը երկարաձգել է մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, ապա սույն կանոնակարգով նախատեսված` մինչև երեք տարեկան երեխային վերաբերող կարգավորումները կիրառելի են նաև մինչև վեց տարեկան երեխայի նկատմամբ` տրամադրելով երեխայի տարիքին համապատասխան մահճակալ, հագուստ և այլ պարագաներ:

61. Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է կալանավորված անձից գրավոր ճշտել, թե ով կարող է ստանձնել երեխայի խնամքն ու դաստիարակությունը: Եթե կալանավորված անձն ազգականներ չունի, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխայի խնամքն ու դաստիարակությունը երեխայի խնամքի հաստատությունում կազմակերպելու համար:

62. Անչափահաս կալանավորված անձանց համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ:

63. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անչափահաս կալանավորված անձի ազատ ժամանակը նպատակաուղղված կազմակերպելու ուղղությամբ:

64. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս կալանավորված անձանց համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների, զանազան խաղերով ու սպորտով զբաղվելու համար:

 

6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

65. Կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագծի կանոնները բխում են օրենսդրությամբ սահմանված նրանց հիմնական իրավունքներից ու պարտականություններից:

66. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ազատ ժամանակը:

67. Կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն քրեակատարողական հիմնարկում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

68. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում, համապատասխանաբար, «կալանավորված» կամ «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը:

69. Կալանավորված անձինք և դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:

70. Կալանավորված անձինք և դատապարտյալները քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձանց դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը, եթե գիտեն նրանց ազգանունը:

71. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի` խուց կամ կացարան այցելելու դեպքում` կալանավորված անձը կամ դատապարտյալը ոտքի է կանգնում, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի պահանջի դեպքում` նաև ներկայանում` նշելով իր անունն ու ազգանունը:

72. Կալանավորված անձանց և դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով:

73. Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են հագուստի վրա (վերնազգեստի վերին ձախ հատվածում) կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան (90 x 55 մմ չափսի)` բացառությամբ անչափահաս կամ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալի: Կրծքանշանը պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից: Կրծքանշանի վրա գրվում են դատապարտյալի ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը, իսկ եզրերով անցնում է 5 մմ լայնությամբ եզրագիծ:

74. Կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է`

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.

4) փչացնել քրեակատարողական հիմնարկի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից կամ սարքավորումներից.

6) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` քրեակատարողական հիմնարկի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ (անչափահաս կալանավորված անձանց և դատապարտյալների համար անչափահասների քրեակատարողական հիմնարկի տարածքում կարող են կազմակերպվել կենդանի բնության անկյուններ).

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի N 17-Ն հրամանով նախատեսված` բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի.

8) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը կամ վարագուրել այն.

9) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.

10) հրաժարվել կամ խուսափել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական կարգադրությունների կատարումից.

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ, բացառությամբ ինքնագործ միավորումների շրջանակներում իրականացվող միջոցառումների.

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.

13) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` դուրս գալ արտադրական կամ բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.

14) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, խցերում, արտադրական գոտիներում կամ օրենսդրությամբ սահմանված կարգով գտնվելու համար արգելված այլ վայրերում.

15) զբաղվել մոլախաղերով.

16) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.

17) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.

18) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, արտադրամասերի, շինությունների և այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.

19) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` լքել աշխատանքային վայրը և այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.

20) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.

21) աշխատավայրում պահել սննդամթերք.

22) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

75. Սույն կանոնակարգի 74-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված արգելքները չեն տարածվում ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալների վրա:

 

7. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

76. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձի կամ դատապարտյալի ֆորմալ կրթությունը` հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերով (հեռակա, մասնակի բեռնվածության, հեռավար ձևերով), ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու ուղղությամբ: Կալանավորված անձի կամ դատապարտյալի կրթությունը կարող է իրականացվել նաև վերջինիս կամ օրենքով չարգելված միջոցների հաշվին:

77. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, մասնագիտական կրթությունը` պետության հաշվին, նրանց հաշվին կամ օրենքով չարգելված միջոցներով կազմակերպելու համար, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կամ օրենքով չարգելված միջոցներով կազմակերպելու համար:

78. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարող է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, միջնակարգ, մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև համագործակցելով այլ կազմակերպությունների հետ:

79. Քրեակատարողական հիմնարկներում կրթությունը կազմակերպվում և իրականացվում է պետական կրթական ծրագրերին և չափորոշիչներին համապատասխան:

80. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների միջնակարգ, մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով` կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով: Միջնակարգ և մասնագիտական կրթությունը կազմակերպվում է նաև ստացիոնար եղանակով` քրեակատարողական հիմնարկի տարածքում:

81. Դրսեկության ձևով կարող են իրականացվել նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի հանրակրթությունը և մասնագիտական կրթությունը` բացառությամբ անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների:

82. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների մասնագիտական կրթությունը քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելիս` քրեակատարողական հիմնարկի վարչակազմը`

1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառում.

2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ.

3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը.

4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` քրեակատարողական հիմնարկի տարածքում գտնվելու ընթացքում:

83. Ուսումնական հաստատության ղեկավարությունը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին կարող է ներկայացնել միջնորդություն` դրական բնութագրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:

84. Դատապարտյալների կրթություն ստանալը խրախուսելի է և հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից նրանց վարքագիծը գնահատելիս:

85. Կալանավորված անձի և դատապարտյալի կրթությունը չպետք է խոչընդոտի սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:

86. Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:

87. Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ օրենսդրությամբ արգելված աշխատանքների:

88. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները, բացի քրեակատարողական հիմնարկի հետ ունեցած աշխատանքային հարաբերություններից, աշխատանքային հարաբերությունների մեջ կարող են մտնել նաև այլ գործատուների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և տվյալ գործատուի միջև գրավոր համաձայնության առկայությունը` պահպանելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար աշխատանքի ընտրության, անվտանգության, թույլատրելիության և օրենսդրությամբ նախատեսված այլ պայմանները: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալն աշխատանքային հարաբերությունների մեջ է մտել այլ գործատուների հետ, ապա կնքվում է եռակողմ համաձայնագիր քրեակատարողական հիմնարկի, գործատուի և կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ: Եռակողմ պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված` գործատուի և աշխատողի իրավունքներից և պարտականություններից, աշխատանքի էական պայմաններից ու աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ պարտադիր հանգամանքներից բացի, սահմանելու է քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների կողմից վերահսկողություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելու պարտականությունները և քրեակատարողական օրենսդրության նպատակներից բխող այլ պայմաններ:

89. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ խցեր, ինչպես նաև արտադրական գոտիներ:

90. Կալանավորված անձինք, ինչպես նաև բարձր անվտանգային գոտում կամ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալները կարող են աշխատանքներում ներգրավվել նաև իրենց խցերում, եթե այդ աշխատանքների կատարմամբ չեն խախտվում տվյալ խցում կալանք կամ պատիժ կրող մյուս կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքները` պահպանելով սանիտարահիգիենիկ, աշխատանքային անվտանգության և հակահրդեհային կանոնները:

91. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում կարող են կազմակերպվել արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ գոտիներ, ինչպես նաև արտադրական գոտիներ:

92. Աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է այն դատապարտյալին, ով ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:

93. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը: Համապատասխան պայմանագրում պարտադիր պետք է նշվեն նաև տվյալ աշխատանքներում ներգրավված դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվելու ժամերը:

94. Քրեակատարողական հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, քրեակատարողական հիմնարկի պետն ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ստորաբաժանումները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

95. Կալանավորված անձը չի կարող ներգրավվել չվարձատրվող աշխատանքներում, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:

96. Չվարձատրվող աշխատանքներում ներգրավված կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի, ինչպես նաև տվյալ աշխատանքները կազմակերպելու իրավասություն ունեցող ստորաբաժանման ծառայողների հանձնարարությունները պատշաճ և ժամանակին չկատարելու դեպքում իրավասու ստորաբաժանման ղեկավարը կարող է համապատասխան միջնորդագիր (զեկուցագիր) ներկայացնել քրեակատարողական հիմնարկի պետին` տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավվածությունը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդագրի (զեկուցագրի) կապակցությամբ իրականացված ուսումնասիրության հիման վրա քրեակատարողական հիմնարկի պետը կայացնում է համապատասխան որոշում:

97. Չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումը մերժվում է հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:

98. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված` կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու վերաբերյալ կարգով:

99. Կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական հիգիենայի հետ կապված հարցերը կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հասարակական համակեցության կանոնների և օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համաձայն:

100. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է քրեակատարողական հիմնարկի տարածքի, շենքերի և շինությունների, խցերի կամ կացարանների, կենցաղային իրերի ու պարագաների ամենօրյա մաքրության ապահովումը:

101. Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են ապահովել իրենց անձնական հիգիենայի պահպանման կանոնների պահանջների կատարումը, որոնց պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:

102. Յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ պատասխանատու է իր բնակելի խցի կամ կացարանի մաքրության պահպանման համար: Նա պետք է մաքուր և առանձնացված պահի իրեն հատկացված հիգիենայի անհրաժեշտ պարագաները, հագուստն ու կենցաղային իրերը, լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, հետևի իրեն, ունենա կոկիկ արտաքին տեսք և մաքուր քնելատեղ, ինչպես նաև անձնական օգտագործման այլ պարագաներ:

103. Կալանավորված անձանց հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաները և դրանց չափաբաժինները նույնն են, ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` դատապարտյալների համար հաստատված հիգիենայի պարագաները և դրանց չափաբաժինները:

104. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պայմանները և կանոնները պահպանելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով:

105. Կալանավորված անձին կամ դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`

1) մահճակալ.

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.

3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե).

4) սույն կանոնակարգով սահմանված միասնական նմուշի հագուստ (կալանավորված անձանց միասնական նմուշի հագուստ տրամադրվում է իր կարիքներից ելնելով).

5) անձնական հիգիենայի պարագաներ` օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:

106. Սույն կանոնակարգի 105-րդ կետում նշված գույքը կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:

107. Ելնելով խցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր խցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերով և զառով խաղերի), խցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

108. Քրեակատարողական հիմնարկի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռներով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով և աղբամանով:

109. Քրեակատարողական հիմնարկի խցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:

110. Կալանավորված անձի կամ դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե:

111. Դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով` տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան, որը կրում են պատժի կրման ողջ ընթացքում, բացառությամբ, երբ նման հագուստ չկրելը պայմանավորված է աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությամբ` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվությամբ:

112. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստի և անկողնային պարագաների լվացումը կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից, կամ կալանավորված անձանց և դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու լվացքատնից, համապատասխան կենցաղային տեխնիկայից և չորանոցից:

113. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստը չպետք է որևէ կերպ ճնշի կամ նվաստացնի նրան:

114. Արական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) ձմեռային գլխարկ` կարված սև կիսաբրդյա գործվածքով (սպորտային տիպի).

2) ամառային գլխարկ` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, կազմված է հովհարից, օվալաձև հատակից, ուղղանկյուն կողքամասից.

3) կիսավերարկու` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.

4) բամբակաբաճկոն` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.

5) տաբատ` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, տաք ներդիրով, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով.

6) բամբակյա կամ կիսաբամբակյա հագուստի բաճկոն` սև կտորից է, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, տաբատը` սև գույնի կտորից, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով.

7) վերնաշապիկ` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, թևքերը` թևքածալով:

115. Իգական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) գլխաշորեր` կիսաբրդյա, սև կամ մուգ կապույտ գույնի բամբակյա կամ կիսաբամբակյա, նկարազարդ.

2) կիսավերարկու` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.

3) բաճկոն` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.

4) տաբատ` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, տաք ներդիրով, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով.

5) զգեստ-կոստյումի ժակետը կարված է սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, կանացի անթև զգեստը սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, Y-աձև կտրվածքով.

6) զգեստ` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, ծալովի օձիքով, կիսաթև.

7) բլուզ` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, երկարաթև, կոճկվում է կոճակներով:

116. Կալանավորված անձանց և դատապարտյալների այլ իրավունքների և պարտականությունների իրականացման կարգի կատարումն ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն կանոնակարգով այլ կարգավորումներ սահմանված չեն:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 543-Ն
Որոշում