10.01.2024 -
040.1777.080104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1777-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 11-ի
N 1777-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարների և միջադեպերի մասնագիտական քննության (այսուհետ` քննություն) սույն կարգը մշակվել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա), «Ավիացիոն պատահարների և միջադեպերի հետաքննություն» կոնվենցիայի N 13 հավելվածի (այսուհետ` կոնվենցիայի N 13 հավելված), «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 1991 թվականի դեկտեմբերի 30-ին Մինսկում ԱՊՀ երկրների շրջանակում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածքի օգտագործման մասին» միջկառավարական համաձայնագրի (այսուհետ` միջկառավարական համաձայնագիր) դրույթների հիման վրա:
2. Սույն կարգով կանոնակարգվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի (անկախ միջադեպի կամ պատահարի կատարման վայրից) և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարների ու միջադեպերի քննությունների վարման և հաշվառման կարգը, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ երաշխավորությունների ու միջոցառումների մշակումները.
2) այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է օդանավ շահագործողի պետության կամ օդանավ շահագործողի ծածկագրերի համատեղ օգտագործման, կամ մեկից ավելի պետությունների օդանավ շահագործողների համատեղ գործունեություն իրականացնելու պայմանագրի կողմ հանդիսացող ընկերության պետություն, կամ երբ հետաքննությունն անցկացնող պետության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը, համաձայն կոնվենցիայի N 13 հավելվածի, տրամադրում է տեղեկություններ, սարքավորումներ կամ փորձագետների, կամ տրամադրում է ավիացիոն իրադարձության վայրում հետաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ օպերատիվ բազա, կամ մասնակցում է որոնողական-փրկարարական կամ բեկորների դուրսբերման գործողություններին:
(2-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 380-Ն, 17.01.08 թիվ 89-Ն որոշումներ)
2.1. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի հետ ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպի դեպքում, երբ իրադարձության վայրի պետությունը մտադիր չէ հետաքննություն անցկացնել, կամ եթե այն չի հանդիսանում պայմանավորվող պետություն, կամ եթե այն տեղի է ունեցել որևէ պետության սահմաններից դուրս, համաձայն կոնվենցիայի N 13 հավելվածի, կիրառվում են սույն կարգի դրույթները:
(2.1-րդ կետը լրաց. 17.01.08 թիվ 89-Ն որոշում)
3. Կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության օդային տարածքն օգտագործող և քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:
4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
օդանավ` սարք, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին, ի տարբերություն երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության.
ավիացիոն պատահար (այսուհետ` պատահար)` օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն օդանավավարվող օդանավի դեպքում, որը տեղի է ունենում այն պահից սկսած, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը կամ անօդաչու օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից պոկվել` մինչև թռիչքի ավարտին նրա կանգառի պահը և հիմնական ուժային կայանքի անջատումը և, որի ընթացքում`
ա) որևէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ լուրջ մարմնական վնասվածք`
տվյալ օդանավում գտնվելու, կամ`
օդանավի ինչ-որ մասի` ներառյալ տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման, կամ`
ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների արդյունքում, հասցվել է ինքն իրեն կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից կամ, երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղևորներին, ովքեր թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղևորների և անձնակազմի անդամների համար.
բ) օդանավն ստանում է վնասվածքներ, կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում`
խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական և թռիչքային բնութագրերը, և սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում` բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թևի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ, ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ և վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները) կամ`
գ) օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, ուր դրան մոտենալը բացարձակապես անհնար է:
Միայն վիճակագրական տվյալների միատեսակության նպատակներով մարմնական վնասվածքը, որի արդյունքում մահը վրա է հասել պատահարի պահից 30 օրվա ընթացքում, դասակարգվում է որպես մահացու ելքով մարմնական վնասվածք:
Օդանավը համարվում է անհետ կորած, երբ դադարեցված են պաշտոնական որոնումները, և չի պարզվել օդանավի կամ դրա բեկորների գտնվելու վայրը:
Տեղեկատվությունն անօդաչու ավիացիոն համակարգի տիպի վերաբերյալ, որի նկատմամբ անհրաժեշտ է անցկացնել քննություն, ներկայացված է կոնվենցիայի N 13 հավելվածի 5.1-ին կետում:
Օդանավի վնասվածքների որոշման վերաբերյալ հրահանգչական նյութերը ներկայացված են կոնվենցիայի N 13 հավելվածի Գ (G) լրացման մեջ:
Պատահարները` պայմանավորված հետևանքների բնույթով, իրենց հերթին դասակարգվում են`
պատահարներ` մարդկային զոհերով (աղետներ),
պատահարներ` առանց մարդկային զոհերի (վթարներ).
միջադեպ` օդանավի օգտագործման հետ կապված ցանկացած իրադարձություն` բացի պատահարից, որն ազդում կամ կարող է ազդել շահագործման անվտանգության վրա: Միջադեպերը ստորաբաժանվում են`
լուրջ միջադեպ` միջադեպ, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը, որն օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում` սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքել են օդանավը, կամ անօդաչու օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ օդանավը թռիչք կատարելու նպատակով պատրաստ է տեղից պոկվել` մինչև թռիչքի ավարտին նրա կանգառը և հիմնական ուժային կայանքի անջատումը:
Պատահարի և լուրջ միջադեպի միջև տարբերությունը միայն հետևանքների մեջ է:
Լուրջ միջադեպերի օրինակները ներկայացվում են կոնվենցիայի N 13 հավելվածի Ց (C) լրացման մեջ.
լուրջ միջադեպ չհանդիսացող միջադեպ` միջադեպ, որի հատկանիշները չեն բնորոշվում որպես լուրջ միջադեպ.
լուրջ մարմնական վնասվածք` սույն կարգի իմաստով` մարմնական վնասվածք, որն անձն ստացել է պատահարի ժամանակ և որը`
ա) պահանջում է 48 ժամից ավելի հոսպիտալացում` վնասվածքն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, կամ`
բ) հանգեցրել է ցանկացած կոտրվածքի (բացառությամբ ձեռքի, ոտքի մատների կամ քթի պարզ կոտրվածքների), կամ`
գ) կապված է հյուսվածքի պատռվածքների հետ, որն առաջացրել է ուժեղ արյունահոսություն, նյարդերի, մկանների և ջլերի վնասվածք, կամ`
դ) կապված է ցանկացած ներքին օրգանի վնասվածքի հետ, կամ`
ե) կապված է երկրորդ կամ երրորդ աստիճանի կամ ցանկացած այրվածքների հետ, որոնք վնասել են մաշկի մակերեսի 5 տոկոսից ավելին, կամ`
զ) կապված է վարակիչ նյութերի կամ ներթափանցող ճառագայթման ազդեցության հաստատված փաստի հետ.
ավիացիոն կազմակերպություն` իրավաբանական անձ, որը, անկախ կազմակերպական-իրավական ձևից, որպես գործունեության հիմնական նպատակ, վճարի դիմաց իրականացնում է ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի օդային փոխադրումներ և (կամ) կատարում է ավիացիոն աշխատանքներ.
քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն` ավիացիոն կազմակերպություն, օդանավակայան, ավիացիոն-տեխնիկական բազա, ավիանորոգման գործարան, գիտահետազոտական ինստիտուտ, ուսումնական հաստատություն և այլ ցանկացած կազմակերպություն, որն զբաղվում է քաղաքացիական ավիացիայում թռիչքների կատարման և դրանց ապահովման հետ կապված գործունեությամբ.
շահագործող` անձ կամ կազմակերպություն, որն զբաղվում է օդանավերի շահագործմամբ կամ այդ բնագավառում առաջարկում է իր ծառայությունները.
արտադրող պետություն` օդանավի վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպության նկատմամբ իրավասություն ունեցող պետություն.
իրադարձության վայրի պետություն` պետություն, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը կամ միջադեպը.
նախագծողի պետություն` օդանավի տիպի կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպության հանդեպ իրավասություն ունեցող պետություն.
գրանցման պետություն` պետություն, որի ռեգիստրում գրանցված է օդանավը.
շահագործողի պետություն` պետություն, որում գտնվում է շահագործողի գործունեության հիմնական վայրը կամ, եթե շահագործողը չունի գործունեության այդպիսի վայր, շահագործողի մշտական մնալու տեղը.
քննություն` պատահարների կանխման նպատակով անցկացվող գործընթաց, որը ներառում է տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը, եզրակացության նախապատրաստում` ներառյալ պատճառների և (կամ) ուղեկցող գործոնների բացահայտումը, ինչպես նաև` անհրաժեշտության դեպքում` անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկությունների մշակումը.
քննության դաշտային փուլ` պատահարի կամ միջադեպի վայրում քննության հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների սկզբի պահից մինչև պատահարի կամ միջադեպի վայրում աշխատանքների դադարեցման պահն ընկած ժամանակահատված.
պատահարի կամ միջադեպի քննության հանձնաժողովի նախագահ` անձ, որին հանձնարարված են քննության կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև դրանց ընթացքի նկատմամբ վերահսկողությունը.
պատճառներ` գործողություն, անգործություն, հանգամանքներ, պայմաններ կամ դրանց զուգակցություն, որոնք հանգեցրել են պատահարի կամ միջադեպի.
անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկություն` պատահարների կամ միջադեպերի կանխման նպատակով քննության ժամանակ ստացված տեղեկատվության հիման վրա պատահարների քննությունը վարող լիազոր մարմնի կողմից առաջարկ, որը ոչ մի հանգամանքում նպատակ չունի որոշելու մեղքը կամ պատասխանատվությունն ավիացիոն պատահարի կամ միջադեպի համար: Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության արդյունքներից բխող թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումներից բացի` թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումները կարող են առաջանալ տարբեր աղբյուրներից` ներառյալ թռիչքների անվտանգության ապահովման հետազոտումները.
օդանավային ինքնագիր` պատահարի կամ միջադեպի քննության վարման համար օդանավում տեղադրված ցանկացած ինքնագիր սարք, որը տեղեկատու աղբյուր է.
առավելագույն զանգված` առավելագույն սերտիֆիկացված թռիչքային զանգված.
նախնական հաշվետվություն` հաղորդում, որն օգտագործվում է քննության սկզբնական փուլերում ստացված տեղեկությունների անհապաղ հաղորդման համար.
լիազոր ներկայացուցիչ` քննությանը մասնակցելու համապատասխան որակավորում ունեցող անձ, որը նշանակվել է պետության լիազոր մարմնի կողմից` այլ պետությունում անցկացվող քննությանը մասնակցելու նպատակով: Երբ պետությունում հիմնադրված է ավիացիոն պատահարների քննություն անցկացնող լիազորված մարմին, այդ դեպքում, որպես կանոն, այդպիսի լիազորված ներկայացուցիչը նշանակվում է այդ լիազորված մարմնից.
խորհրդական` անձ, որը համապատասխան որակավորման առկայության դեպքում պետության կողմից նշանակվել է հետաքննության ընթացքում տվյալ պետության լիազոր ներկայացուցչին օգնություն տրամադրելու նպատակով:
(4-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 380-Ն, 17.01.08 թիվ 89-Ն, 23.06.11 թիվ 871-Ն որոշումներ)
5. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած պատահարը կամ լուրջ միջադեպը ենթակա է պարտադիր քննման` սույն կարգին և կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան:
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 28.12.2023 թիվ 2319-Ն որոշում)
(5-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2319-Ն որոշում)
6. Պատահարի կամ միջադեպի քննության նպատակը պատահարի կամ միջադեպի պատճառների որոշումն ու հետագայում դրանց կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումն է:
Քննությունը նպատակ չունի ճանաչել մեղավորներին և որոշել նրանց պատասխանատվության աստիճանը:
Պատահարի կապակցությամբ անձի մեղքի կամ պատասխանատվության չափի որոշմանն ուղղված ցանկացած մինչդատական, դատական կամ վարչական վարույթ կատարվում է սույն կարգին համապատասխան իրականացվող քննությունից առանձին:
7. Քննության գործընթացն իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը, անհրաժեշտ հետազոտությունների անցկացումը, պատահարի կամ միջադեպի պատճառների բացահայտումը, հաշվետվության և եզրակացության նախապատրաստումը, երաշխավորությունների մշակումը, քննության արդյունքների հիման վրա քննարկումը (լսումը): Քննությունը կատարվում է բազմագործունեության սկզբունքով, որը նախատեսում է նորմալ գործելուց ավիացիոն տրանսպորտային համակարգի շեղման բացահայտում և օդանավի թռիչքի վրա դրանց շեղումների ազդեցության գնահատում:
Քննության գործընթացը չի ենթադրում մասնակից կողմերի շահերի պաշտպանություն:
Կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան` պատահարների քննման լիազոր պետական մարմնին տրվում են քննության վարման անկախություն և անսահմանափակ լիազորություններ:
(4-րդ պարբերությունն ուժը կորցրել է 28.12.2023 թիվ 2319-Ն որոշում)
(7-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2319-Ն որոշում)
8. Երկու կամ մի քանի օդանավերի ընդհարումը (վտանգավոր մոտեցումը) քննվում է որպես մեկ իրադարձություն, իսկ դասակարգվում և հաշվառվում է յուրաքանչյուր օդանավի համար` հետևանքներին համապատասխան: Քննության արդյունքներով ձևակերպվում են մեկ ընդհանուր վերջնական հաշվետվություն և տեղեկատվական հաշվետվություններ` յուրաքանչյուր օդանավի համար:
II. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի կամ լուրջ միջադեպի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում և վարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից նշանակված հանձնաժողովը` կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների և, անհրաժեշտության դեպքում, միջպետական ավիացիոն կոմիտեի (այսուհետ` ավիացիոն կոմիտե) մասնակցությամբ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան` ղեկավարվելով սույն կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին դեպքերում կարող է նշանակել քննություն անցկացնող հատուկ հանձնաժողով:
Անօդաչու ավիացիոն համակարգերի նկատմամբ քննության անցկացման դեպքում ուսումնասիրվում են միայն այն օդանավերը, որոնց կառուցվածքը և շահագործումը հաստատված են:
(9-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 380-Ն, 17.01.08 թիվ 89-Ն, 23.06.11 թիվ 871-Ն, 28.12.2023 թիվ 2319-Ն որոշումներ)
10. Հայաստանի Հանրապետության օդանավերի և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների օդանավերի հետ տեղի ունեցած պատահար կամ լուրջ միջադեպ չհանդիսացող միջադեպի քննությունը, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում և վարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ` կոմիտե):
(10-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2319-Ն որոշում)
11. Համաձայն կոնվենցիայի N 13 հավելվածի` իրադարձության վայրի պետությունը կարող է մասնակիորեն կամ լիովին քննություն անցկացնելու իրավունքը փոխանցել այլ պետության կամ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող տարածաշրջանային կազմակերպությանը` երկկողմ փոխհամաձայնությամբ:
Ցանկացած դեպքում իրադարձության վայրի պետությունը կիրառում է բոլոր միջոցները` այդպիսի քննությանն օժանդակելու նպատակով:
Լուրջ միջադեպերի դեպքում իրադարձության վայրի պետությունը կարող է ուսումնասիրել գրանցման պետությանը կամ շահագործողի պետությանը քննության անցկացման լիազորությունների փոխանցման հարցը, մասնավորապես, այն դեպքերում, երբ քննության անցկացումը կարող է օգտակար կամ ավելի նպատակահարմար լինել այդ պետություններից որևէ մեկի համար:
(11-րդ կետը փոփ. 23.06.11 թիվ 871-Ն որոշում)
12. Եթե քննության գործընթացում չի պահանջվում անցկացնել լրացուցիչ հետազոտություններ, ապա պատահարի կամ լուրջ միջադեպի քննության ժամկետը չպետք է գերազանցի 100 օրը, իսկ լուրջ միջադեպ չհանդիսացող միջադեպի քննության ժամկետը` 30 օրը: Քննության ժամկետը երկարաձգվում է հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ` հանձնաժողով նշանակող մարմնի կողմից:
(12-րդ կետը փոփ. 17.01.08 թիվ 89-Ն որոշում)
13. Եթե պատահարը հանդիսացել է քաղաքացիական օդանավն ավիացիայի այլ տեսակի օդանավի հետ բախման հետևանք, ապա պատահարի քննության հանձնաժողովի կազմը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 28.12.2023 թիվ 2319-Ն որոշում)
15. Հանձնաժողով նշանակելու լիազորված մարմինը նշանակում է հանձնաժողովի նախագահին և տեղակալին (տեղակալներին):
16. Հանձնաժողովը վարում է քննությունը` ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:
Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետները կարող են ընդգրկվել նրա աշխատանքային մարմինների (աշխատանքային խմբերի) կազմում կամ հանդես գալ որպես փորձագետներ:
Հանձնաժողովի, դրա աշխատանքային մարմինների կազմում կամ որպես փորձագետներ աշխատելու համար կարող են ներգրավվել հանձնաժողով նշանակող մարմնի աշխատողները, շահագրգիռ պետական մարմինների լիազոր ներկայացուցիչները, գիտահետազոտական և նախագծային կազմակերպությունների, ավիացիոն տեխնիկա արտադրողների և շահագործողների, օդանավակայանների, ավիանորոգման կազմակերպությունների, օդային երթևեկության կազմակերպման, հիդրոօդերևութաբանական և բժշկական կազմակերպությունների աշխատողները:
Քննությանը մասնակցող մասնագետները պատահարի կամ միջադեպի հետ չպետք է կապված լինեն անմիջական պատասխանատվությամբ:
Նախագահը, նախագահի տեղակալը (տեղակալները), հանձնաժողովի և աշխատանքային խմբերի անդամներն ու փորձագետները չեն կարող ներկայացնել ապահովագրական ընկերության շահերը:
17. Անկախ կազմակերպական-իրավական ձևից, կազմակերպության ղեկավարը, որի հասցեով հարցում է արվել քննությանը մասնակցելու` մասնագետներ առանձնացնելու համար, համաձայնությամբ` նրանց ուղարկում է հանձնաժողովի ենթակայության տակ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է պատահարի կամ միջադեպի քննության շահերից ելնելով աշխատանքներ կատարելու համար:
18. Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կոնվենցիայով և օրենքներով նախատեսված դեպքերում պատահարի քննության հետ կապված իրենց աշխատանքները համակարգում են հանձնաժողովի նախագահի հետ և կարող են ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին:
19. Պատահարի կամ միջադեպի հանձնաժողովը օգտվում է կոնվենցիայի N 13 հավելվածով նախատեսված իրավունքներից, որոնք ներառում են`
ա) անարգել մուտք գործել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավ.
բ) հետազոտել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավը, դրա կառուցվածքային մասերը, ներառյալ օդանավային ինքնագրերը և օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները, աղետի ենթարկված օդանավում գտնվող կամ դրսից պատահարի կամ միջադեպի մեջ ներգրավված գույքը` անկախ այդ գույքի պատկանելությունից, ինչպես նաև օդանավերի թռիչքների ապահովման միջոցներն ու օբյեկտները և ստանալ անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ.
գ) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն բացատրություններ վերցնել պատահարի կամ միջադեպի վկաներից, այնպիսի անձանցից որոնք ունեն կամ կարող են առնչություն ունենալ պատահարի կամ միջադեպի հետ, իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկություն.
դ) ուսումնասիրել օդանավի նախագծման, փորձարկման, արտադրման, շահագործման և նորոգման, ավիացիոն անձնակազմի թվից անձանց պատրաստման, օդային երթևեկության կազմակերպման, օդանավերի թռիչքների կատարման ու ապահովման բոլոր հարցերը,
ե) անցկացնել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավի անձնակազմի անդամների, ինչպես նաև ավիացիոն անձնակազմի թվից համապատասխան անձանց հոգեբանակենսաբանական վիճակի հետազոտություններ:
(19-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 380-Ն, 23.06.11 թիվ 871-Ն որոշումներ)
19.1. Քննությունը կարող է ներառել`
ա) այդ ավիացիոն պատահարի կամ միջադեպի վերաբերյալ ամբողջ համապատասխան տեղեկատվության հավաքումը, գրանցումը և վերլուծությունը,
բ) անհրաժեշտության դեպքում` անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկությունների մշակումը,
գ) հնարավորության դեպքում պատճառների և (կամ) ուղեկցող գործոնների բացահայտումը,
դ) վերջնական հաշվետվության նախապատրաստումը:
Այն դեպքում, երբ դա գործնականորեն իրագործելի է, անհրաժեշտ է այցելել ավիացիոն պատահարի վայրը, ուսումնասիրել բեկորները և բացատրություններ վերցնել ականատեսներից:
Քննության ծավալները և դրա անցկացման կարգը որոշվում են ավիացիոն պատահարների քննությունն իրականացնող լիազորված մարմնի կողմից` կախված դասերից, որոնք ակնկալվում է քաղել քննությունից` թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով:
Ցանկացած քննություն, որը կատարվում է սույն կարգի դրույթների համաձայն, անցկացվում է ցանկացած դատական կամ վարչական վարույթից առանձին, որն ուղղված է որևէ մեկի մեղքի կամ պատասխանատվության չափի որոշմանը:
Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի, համաձայն սույն կարգի դրույթների, քննության անցկացման ժամանակ անհապաղ ապահովվի իրեղեն ապացույցների անսահմանափակ մատչելիությունը, և, որպեսզի այդ քննությանը չխոչընդոտեն վարչական կամ դատական հետաքննություններն ու վարույթները:
(19.1-րդ կետը լրաց. 23.06.11 թիվ 871-Ն որոշում)
20. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետության օդանավի պատահարի կամ լուրջ միջադեպի քննության ժամանակ քննության մասնակից կարող են լինել`
ա) գրանցման պետության ներկայացուցիչը,
բ) նախագծողի պետության ներկայացուցիչը,
գ) արտադրող պետության ներկայացուցիչը,
դ) շահագործողի պետության ներկայացուցիչը,
ե) այն պետության ներկայացուցիչը, որի քաղաքացիները զոհվել կամ ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ (ըստ հարցման),
զ) քննության ընթացքում տեխնիկական կամ այլ օգնություն (քննությունը նշանակող պետության խնդրանքով) ցուցաբերող պետության ներկայացուցիչը:
(20-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 380-Ն, 23.06.11 թիվ 871-Ն որոշումներ)
21. Նախագծողի պետությունը, արտադրող պետությունը, գրանցման պետությունը և շահագործողի պետությունն իրավունք ունեն քննությանը մասնակցելու համար նշանակել իրենց լիազոր ներկայացուցիչներին:
Պետությունը, որն իրավունք ունի նշանակելու լիազոր ներկայացուցչին, իրավունք ունի նաև նշանակելու մեկ կամ մի քանի խորհրդականների` քննության ընթացքում նրան օգնություն ցուցաբերելու համար:
Նշված դրույթները նպատակ չունեն խոչընդոտելու որևէ պետությանը, որը մասնակցում է քննությանը, ներգրավելու ցանկացած կազմակերպությունից ամենաբարձր որակավորում ունեցող տեխնիկական մասնագետների և նման փորձագետներին նշանակելու որպես իրենց լիազոր ներկայացուցչի խորհրդականներ:
Գրանցման պետությունը կամ շահագործողի պետությունը նշանակում է մեկ կամ մի քանի խորհրդականների, ովքեր առաջարկվել են շահագործողի կողմից` որպես օգնություն իր լիազոր ներկայացուցչին:
Այն դեպքերում, երբ ոչ գրանցման պետությունը, ոչ շահագործողի պետությունը չեն նշանակում լիազոր ներկայացուցիչ, ապա քննությունն անցկացնող պետությունը կարող է շահագործողին հրավիրել մասնակցելու քննությանը` համաձայն քննություն անցկացնող պետության կանոնների:
Նախագծողի պետությունը և արտադրող պետությունն իրավունք ունեն նշանակելու մեկ և ավելի խորհրդականներ, որոնց առաջարկել են օդանավի տիպային կառուցվածքի ու վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպությունները` իրենց լիազոր ներկայացուցիչներին օգնություն ցույց տալու համար:
Այն դեպքերում, երբ ոչ նախագծողի պետությունը և ոչ էլ արտադրող պետությունը չեն նշանակել լիազոր ներկայացուցիչ, ապա քննությունն անցկացնող պետությունը կարող է հրավիրել մասնակցելու այն կազմակերպություններին, որոնք պատասխանատու են օդանավի տիպային կառուցվածքի և վերջնական հավաքի համար` համաձայն քննությունն անցկացնող պետության կանոնների:
Լիազոր ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերող խորհրդականներին թույլատրվում է իրենց ղեկավարության ներքո մասնակցել քննությանը` այն չափով, որն անհրաժեշտ է քննությանն այդ ներկայացուցիչների արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար:
Քննությանը մասնակցությունն իրավունք է ընձեռում մասնակցելու քննության բոլոր ասպեկտներում քննության գծով լիազորի հսկողության ներքո, այդ թվում` նաև`
ա) այցելել պատահարի կամ լուրջ միջադեպի վայրը,
բ) զննել օդանավը կամ նրա մասերը,
գ) ստանալ վկաների բացատրություններ պարունակող տեղեկատվություն և առաջարկել դրանց հարցման թեման,
դ) ունենալ հնարավորություն` մոտիկից ծանոթանալու գործին առնչվող իրեղեն ապացույցներին,
ե) ստանալ գործին առնչվող փաստաթղթերը,
զ) մասնակցել թռիչքային տեղեկատվության ձայնագրությունների վերծանմանը,
է) մասնակցել պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի սահմաններից դուրս տարվող քննության միջոցառումներին, ինչպիսիք են` քննության նպատակով ագրեգատների զննումն ու հետազոտումը, տեխնիկական խորհրդատվությունները, փորձարկումները և մոդելավորումը,
ը) մասնակցել խորհրդակցություններին,
թ) հանդես գալ հայտարարություններով` քննության տարբեր տեսակետների վերաբերյալ:
Լիազոր ներկայացուցիչն ու նրա խորհրդականները քննությունն անցկացնող պետությանը տրամադրում են իրենց մոտ ունեցած ողջ տեղեկատվությունը և առանց քննությունը վարող պետության համաձայնության չպետք է տեղեկատվություն տարածեն քննության ընթացքի և արդյունքների մասին:
(21-րդ կետը փոփ. 17.01.08 թիվ 89-Ն, 23.06.11 թիվ 871-Ն որոշումներ)
22. Եթե գրանցման, շահագործողի, նախագծողի կամ արտադրող պետությունը միջնորդում է, որպեսզի օդանավը մնա անձեռնմխելի մինչև այդ միջնորդությամբ դիմած պետության լիազոր ներկայացուցչի կողմից զննվելը, ապա ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որքանով որ դրանք գործնականորեն իրագործելի են և համապատասխանում են սույն կարգին:
22.1. Իրադարձության վայրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարն ազատում է օդանավը, այն ամենը, ինչ գտնվում է դրա վրա, կամ դրա որոշ մասերը պահպանությունից` այն պահից, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն քննության համար, կամ որոշ անձանց, ովքեր համապատասխանաբար նշանակված են գրանցման կամ շահագործողի պետության կողմից: Այն դեպքում, եթե օդանավը, այն ամենը, ինչ գտնվում է դրա վրա, կամ դրա որոշ մասերը գտնվում են այնպիսի վայրում, որի մուտքը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը գտնում է անհնար, ապա իրականացվում է դրանց տեղափոխումն այնպիսի վայր, որտեղ հնարավոր է մուտք գործել:
(22.1-րդ կետը լրաց. 05.04.07 թիվ 380-Ն որոշում)
23. Պետությանը, որն ավիացիոն պատահարի նկատմամբ ցուցաբերում է հատուկ հետաքրքրություն` այն պատճառով, որ զոհվածների կամ ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձանց թվում կան իր քաղաքացիները, տրվում է փորձագետի նշանակման իրավունք, որը լիազորված է`
ա) այցելելու պատահարի վայրը,
բ) ծանոթանալու համապատասխան փաստացի տեղեկատվությանը, որը հաստատված է եղել հրապարակման համար քննությունն անցկացնող պետության կողմից, և քննության ընթացքի մասին տեղեկատվությանը,
գ) ստանալու վերջնական հաշվետվության օրինակը:
Դա չի խոչընդոտի տվյալ պետությանը ցուցաբերել օգնություն զոհերի ճանաչման և տվյալ պետության` ողջ մնացած ուղևորների հետ հանդիպումների կազմակերպման հարցում:
Ավիացիոն պատահարներում տուժածներին և նրանց ընտանիքներին օգնության ցուցաբերման վերաբերյալ հրահանգչական նյութը ներկայացված է Ավիացիոն պատահարներում տուժածներին և նրանց ընտանիքներին օգնության ցուցաբերման վերաբերյալ հրահանգչական նյութերում (Cir 285):
(23-րդ կետը փոփ. 23.06.11 թիվ 871-Ն որոշում)
24. Լրացուցիչ տեղեկություններ, սարքավորումներ ստանալու կամ փորձագետներ ներգրավելու անհրաժեշտության դեպքում քննություն նշանակող մարմինը ցանկացած պետության, քննության մարմինների միջոցով ուղարկում է համապատասխան հարցում` քննության ապահովման համար այդպիսի տեղեկություններ, սարքավորումներ կամ փորձագետներ ուղարկելու խնդրանքով:
Համաձայն հարցման` տեղեկություններ, սարքավորումներ կամ փորձագետներ տրամադրող պետությունը կարող է նշանակել իր լիազոր ներկայացուցչին` պատահարի քննությանը մասնակցելու համար: Քննությունում այդպիսի պետության, եթե այն չի հանդիսանում գրանցման պետություն, շահագործողի պետություն, նախագծողի պետություն կամ արտադրող պետություն, մասնակցության աստիճանը սահմանափակվում է այն հարցերի սահմաններում, որոնց համար նրանք ներգրավված են քննության: Ներկայացուցիչների մասնակցության կոնկրետ աստիճանը և ձևը յուրաքանչյուր առանձին դեպքում որոշում է հանձնաժողովի նախագահը:
25. Օտարերկրյա պետությունների լիազոր ներկայացուցիչները, նրանց խորհրդականները և փորձագետները հանձնաժողովի կազմում չեն ներառվում: Հանձնաժողովի և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների գործողությունների համակարգումը, քննությունը վարելու հետ կապված, վերջիններիս մոտ ծագած բոլոր հարցերի լուծումը վերապահվում է հանձնաժողովի նախագահին:
26. Պատահարի քննության հանձնաժողովի անդամները, ինչպես նաև քննությունում ներգրավված անձինք, գործուղման վկայականը ներկայացնելիս, օգտվում են ավիացիոն կազմակերպության, անկախ կազմակերպական-իրավական ձևից, օդանավերի ծառայողական տոմս ստանալու իրավունքներից` վթարների և աղետների վայր քննիչներին տեղ հասցնելու մասին օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) N 788 բանաձևի հաշվառմամբ:
27. Պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները, զորամասերի հրամանատարությունը աջակցություն են ցուցաբերում հանձնաժողովին, այդ թվում` հանձնաժողովի տրամադրության տակ են փոխանցում անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկում պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանության ապահովման, պատահարի կամ լուրջ միջադեպի վայրում աշխատանքի համար պայմանների ստեղծման ուղղությամբ` ելնելով քննության շահերից ապահովում են ավիացիոն տեխնիկայի փոխադրումը և անհրաժեշտ աշխատանքների ու հետազոտությունների կատարումը:
28. Տարածքային կառավարման մարմինները քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունների ներգրավմամբ հանձնաժողովի անդամների և քննության գործում ընդգրկված մասնագետների համար ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` պատահարի կամ լուրջ միջադեպի վայրում աշխատանքների կատարման համար` համաձայն կոնվենցիայի N13 հավելվածի ավիացիոն պատահարների և միջադեպերի հետաքննության ձեռնարկի (Դոկ 9756 AN/965):
29. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան քննության նպատակով պատահարի կամ լուրջ միջադեպի վայրում կատարվող աշխատանքները հավասարեցվում են արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքներին:
30. Պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի աշխատանքների ապահովման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, հետագայում այդ միջոցները փոխհատուցելով մեղավորներից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Պատահարի կամ լուրջ միջադեպի քննության աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
III. ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ
31. Ղեկավար պաշտոնատար անձանց օպերատիվ ահազանգման, վթարափրկարարական ուժերի ու միջոցների փոխադրման, հանձնաժողովի ձևավորման և կազմավորման համար կոմիտեի կողմից կազմվում է պատահարի վերաբերյալ հաղորդագիր` կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան: Արտադրական կարգավարական ծառայությունների, օդային երթևեկության կարգավորման և կոմիտեի կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարները պատահարի կամ միջադեպի մասին տեղեկություն ստանալու դեպքում տեղի ունեցածի մասին առաջնային հաղորդումը փոխանցում են ավիացիոն պատահարի կամ միջադեպի դեպքում ահազանգման սխեմային համապատասխան (սխեման կցվում է):
Հաղորդումը փոխանցվում է նաև ավիացիայի կազմակերպության ղեկավարին, ում պատասխանատվության շրջանում տեղի է ունեցել պատահարը կամ լուրջ միջադեպը:
Պատահարի մասին առաջնային (սկզբնական) հաղորդումն ստանալուն պես կոմիտեն տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացնում է նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
Օտարերկրյա պետության օդանավի հետ տեղի ունեցած պատահարի մասին տեղեկությունը հաղորդվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, գրանցման պետության դիվանագիտական ներկայացուցչություն և ավիաընկերության ներկայացուցչություն, որին պատկանում է պատահարի ենթարկված օդանավը:
(31-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2319-Ն որոշում)
32. Օտարերկրյա պետության տարածքում Հայաստանի Հանրապետության օդանավի հետ տեղի ունեցած պատահարի կամ լուրջ միջադեպի մասին սկզբնական հաղորդումը, որպես կանոն, իրադարձության վայրի պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչի կողմից հաղորդվում է նախարարությանը, կոմիտեին և ավիացիոն կոմիտե, որոնք դրա մասին անմիջապես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը կամ լուրջ միջադեպը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչության բացակայության դեպքում, սկզբնական հաղորդումը կարող է փոխանցել օպերատիվ դիվանագիտական կամ անձնակազմի անդամների կողմից օդային երթևեկության կարգավորման մարմինների կապուղիներով կամ իրադարձության վայրի պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի կողմից:
Եթե օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության օդանավի հետ կատարված պատահարի կամ լուրջ միջադեպի մասին իրադարձության վայրի պետությունը տեղյակ չէ, ապա կոմիտեն տեղեկանալու դեպքում դրա մասին հաղորդում է իրադարձության վայրի, նախագծող և արտադրող պետություններին:
(32-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 380-Ն, 28.12.2023 թիվ 2319-Ն որոշումներ)
33. Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը, պատահարի կամ լուրջ միջադեպի մասին սկզբնական հաղորդումն ստանալով, անմիջապես նախնական զեկույց է տալիս կոմիտեին, որն իր հերթին տեղեկացնում է նախարարությանը: Նախարարության լիազորությունների մեջ է մտնում ավիացիոն կոմիտեին, ինչպես նաև մարզպետին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը իրազեկելը:
Սկզբնական հաղորդումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) իրադարձության տեսակը,
բ) պատահարի կամ միջադեպի ամսաթիվը, ժամանակը (տեղական և համակարգված համաշխարհային ժամ), վայրը,
գ) օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը, գործարանային համարը և պատկանելությունը,
դ) օդանավի շահագործողի, նախագծողի և արտադրողի անվանումը,
ե) պատահարի կամ միջադեպի շրջանում օդերևութաբանական պայմանները,
զ) օդանավի հրամանատարի որակավորումը, առաջադրանքի բնույթը, չվերթի համարը,
է) թռիչքի վերջին կետը և վայրէջքի նախատեսված կետը,
ը) օդանավի տեղադրությունը հեշտ որոշվող որևէ աշխարհագրական կետի, լայնության համեմատ,
թ) տեղանքի, ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, ուր տեղի է ունեցել պատահարը,
ժ) զեկույցը հաղորդելու պահին պատահարի կամ միջադեպի հավաստի հայտնի հանգամանքները,
ժա) օդանավում գտնվող ուղևորների և անձնակազմի անդամների թիվը, այդ թվում` զոհերի և մարմնական վնասվածք ստացածների, ինչպես նաև զոհված և մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը, ովքեր չեն գտնվել օդանավում,
ժբ) անձնակազմի անդամների և ուղևորների քաղաքացիությունը,
ժգ) օդանավում վտանգավոր բեռների առկայությունը և բնույթը,
ժդ) օդանավի վնասման աստիճանը,
ժե) տվյալներ` որոնման և վթարափրկարարական աշխատանքների կազմակերպման ու անցկացման մասին,
ժզ) զեկույցի ներկայացման պահին պատահարի կամ միջադեպի մասին հայտնի այլ հավաստի տեղեկություններ:
Նշված տեղեկություններից որևէ մեկի բացակայությունը չպետք է ուշացնի սկզբնական տեղեկության հաղորդումը: Հաղորդման մեջ չպետք է պարունակվեն պատահարի կամ լուրջ միջադեպի հանգամանքների և պատճառների մասին ենթադրական տեղեկություններ:
(33-րդ կետը փոփ. 23.06.11 թիվ 871-Ն, 28.12.2023 թիվ 2319-Ն որոշումներ)
34. Օտարերկրյա պետությունում գրանցված, նախագծված, արտադրված քաղաքացիական օդանավի պատահարի կամ լուրջ միջադեպի վերաբերյալ սկզբնական զեկույցը (տեղեկությունը) ստանալով, նախարարություն, կոնվենցիայի N 13 հավելվածի 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերին համապատասխան, առանց հապաղելու ծանուցագրեր է ուղարկում ավիացիոն լիազոր մարմիններին և ծառայություններին`
ա) գրանցման պետություն,
բ) շահագործողի պետություն,
գ) նախագծողի պետություն,
դ) արտադրող պետություն:
(34-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 380-Ն, 17.01.08 թիվ 89-Ն, 28.12.2023 թիվ 2319-Ն որոշումներ)
35. 2250 կգ-ից ավելի առավելագույն զանգվածով քաղաքացիական օդանավի կամ տուրբառեակտիվ օդանավի պատահարի կամ լուրջ միջադեպի վերաբերյալ ծանուցագիրը նախարարությունն ուղարկում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ԻԿԱՕ):
(35-րդ կետը փոփ. 23.06.11 թիվ 871-Ն, 28.12.2023 թիվ 2319-Ն որոշումներ)
36. Պատահարի վայր ժամանելու պահից 3 օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովը նշանակած ղեկավարի հասցեով նախարարություն է ուղարկում հետագա զեկույցը (տեղեկությունը), որը հնարավորինս պետք է իր մեջ ներառի հետևյալ տեղեկատվությունը`
ա) պատահարի ամսաթիվը, ժամանակը (տեղական և համակարգված համաշխարհային ժամ), վայրը, տեսակը, օդանավի տիպը, նրա պետական և գրանցման տարբերանշանը, պատկանելությունը, տեղեկություններ շահագործողի մասին, օդանավի (շարժիչների) գործարանային համարը, շահագործման սկզբից աշխատաժամերը, նորոգումների քանակը, վերջին նորոգման ամսաթիվը, վայրը և դրանից հետո թռիչքաժամերն ու աշխատաժամերը.
բ) պատահարի պահին մոտակա ժամանակահատվածում օդերևութաբանական պայմանները (որով պայմանավորված է եղանակը, գետնին մոտ քամու արագությունը և ուղղությունը, ամպերի քանակը, ձևը և բարձրությունը, տեսանելիությունը, վտանգավոր օդերևութաբանական երևույթների առկայությունը).
գ) օդանավի հրամանատարի և անձնակազմի անդամների կարգը, թռիչքաժամերի ընդհանուր թիվը, այդ թվում` տվյալ տիպի օդանավով.
դ) առաջադրանքի բնույթը, թռիչքի երթուղին` թռիչքի վերջին օդանավակայանի (կետի) և նշանակման կետի նշմամբ.
ե) անձնակազմի անդամների և օդանավում ուղևորների թիվը և նրանց քաղաքացիությունը.
զ) պատահարի հետևանքները (զոհերի թիվը, նրանց քաղաքացիությունը, ծանր մարմնական վնասվածքներ ստացած մարդկանց թիվը).
է) բեռի բնույթը և զանգվածը.
ը) իրադարձության հանգամանքների համառոտ նկարագրությունը.
թ) օդանավի վնասվածության աստիճանը.
ժ) հետաքրքրություն ներկայացնող փաստեր, որոնք բացահայտվել են քննության ընթացքում.
ի) առաջարկություններ` շտապ կանխարգելիչ միջոցառումների անցկացման ուղղությամբ:
(36-րդ կետը փոփ. 23.06.11 թիվ 871-Ն, 28.12.2023 թիվ 2319-Ն որոշումներ)
IV. ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Պատահարի կամ միջադեպի պահից պատահարի վայրում առաջնային գործողությունների անցկացման պատասխանատվությունը դրվում է քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարի վրա, որի պատասխանատվության շրջանում և տարածքում տեղի է ունեցել պատահարը կամ միջադեպը, իսկ մինչև նրա ժամանումը` օդանավի հրամանատարի վրա:
Քաղաքացիական ավիացիայի յուրաքանչյուր կազմակերպությունում մշակվում է հրահանգ, որը սույն կարգի շրջանակներում որոշում է պատահարի կամ միջադեպի ժամանակ կոնկրետ պաշտոնատար անձանց գործողությունների կարգը, իրավունքները և պարտականությունները:
Հանձնաժողովի` իրադարձության վայր ժամանելու պահից, քննության բոլոր գործողությունների պատասխանատվությունը դրվում է հանձնաժողովի նախագահի վրա:
38. Աղետի ենթարկված օդանավի անձնակազմի անդամները, տարածաշրջանի գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմինները, մինչև պատահարի քննության հանձնաժողովի ժամանումը, պետք է կազմակերպեն աղետի ենթարկված օդանավի, նրա կառուցվածքային մասերի ու բեկորների, օբյեկտիվ վերահսկման օդանավային և վերգետնյա միջոցների, օդանավում գտնվող և դրսից պատահարի մեջ ներքաշված առարկաների պահպանության ապահովումը:
39. Իրադարձության վայրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը, ստանալով հաղորդում պատահարի մասին, փոխհամագործակցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կամ տարածքային ստորաբաժանման և տարածքային կառավարման համապատասխան մարմինների հետ`
ա) կազմակերպում է որոնման և վթարափրկարարական աշխատանքների անցկացումը` անհրաժեշտության դեպքում ներգրավելով փոխհամագործակցող ուժեր.
բ) ժամանում է պատահարի վայր` ուղևորների և անձնակազմի անդամներին փրկելու, հրդեհը մարելու կամ այն կանխելու, ապացուցողական նյութերի պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության որոշման նպատակով.
գ) ոստիկանության, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այդ շրջանում տեղակայված զորամասերի հետ համատեղ, կազմակերպում է պատահարի վայրի պահպանությունը, ապահովում օդանավի և դրա պարունակության կամ կործանված մասերի (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է բեկորների տակից դուրս հանել տուժածներին) անձեռնմխելիությունը և միջոցներ է ձեռնարկում պատահարի վայր կողմնակի անձանց մուտքը բացառելու ուղղությամբ.
դ) անհրաժեշտության դեպքում տալիս է ցուցումներ զոհվածների դիակների տեղափոխման վերաբերյալ` դրանք լուսանկարելուց և օդանավի հիմնական մասերի նկատմամբ դրանց տեղադրման սխեման կազմելուց հետո: Այս դեպքում հնարավորինս պետք է խուսափել օդանավի բեկորները քանդելուց և վնասելուց.
ե) կազմակերպում է անձնակազմի անդամների և ավիացիոն անձնակազմի այլ անձանց առողջական վիճակի բժշկական հսկողությունը.
զ) ստանում է բացատրագրեր անձնակազմի անդամներից և թռիչքի նախապատրաստման ու ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձանցից.
է) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` պատահարի վայրում հայտնված օդանավային փաստաթղթերի և ինքնագրերի պահպանման ուղղությամբ: Եթե օդանավի ինքնագրերը գտնվում են ագրեսիվ հեղուկների ազդեցության տակ կամ հրդեհի օջախում, ապա դրանք պետք է անհապաղ հեռացնել այդտեղից և, ձեռնարկելով միջոցներ տեղեկատվության պահպանման ուղղությամբ, կազմել բացատրագիր` ներառելով ինքնագրերի արտաքին վիճակի ու դրանց գտնվելու վայրի մասին նկարագրական տեղեկատվությունը: Մյուս դեպքերում ինքնագրերի տեղափոխում չի կատարվում.
ը) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է պատահարի վայրին հարող տեղանքում օդանավի բեկորների որոնում և ապահովում է դրանց պահպանությունը` հայտնաբերման վայրում.
թ) ապահովում է պատահարի վկաների, ինչպես նաև վթարափրկարարական աշխատանքներ իրականացնող անձանց բացահայտումը (հայտնաբերումը), նրանց ցուցակների կազմումը` հանձնաժողովին ներկայացնելու համար.
ժ) կազմակերպում է թռիչքային, տեխնիկական և կարգավարական փաստաթղթերի պահպանությունը.
ժա) կազմակերպում է հատկանիշների, որոնք կարող են ոչնչացվել արտաքին միջավայրի ազդեցությամբ (սառցակալվելը, օդանավի մակերևույթի մուրը, գետնի վրայով օդանավի շարժման բնութագրական հետքերը և այլն) փաստացի արձանագրումը` (լուսանկարահանման, տեսագրման և սխեմաների կազմման ճանապարհով).
ժբ) կազմում է պատահարի վայրի նախնական տեղանքի մոտավոր պլանը.
ժգ) կազմակերպում է եղանակի արտահերթ հսկիչ դիտարկում, իսկ եթե պատահարը տեղի է ունեցել օդանավակայանից դուրս, ապա օդերևութաբանական տվյալների հավաքումն ապահովում է մոտակա ավիացիոն օդերևութաբանական կենտրոնից և կայաններից.
ժդ) անհրաժեշտության դեպքում համակարգում է պատահարի վայրում ճառագայթողական, քիմիական և մանրէաբանական վերահսկողության անցկացումը.
ժե) տալիս է ցուցում` վառելիքալցավորման տարողությունների լցավորման դադարեցման և կնքման մասին, որոնցից կատարվել է պատահարի ենթարկված օդանավի լիցքավորումը.
ժզ) ապահովում է գաղտնիության դրոշմագիր ունեցող հատուկ սարքավորման և օդանավում գտնվող թռիչքային փաստաթղթերի պահպանումը.
ժէ) կազմակերպում է կարգավարական ձայնագրիչների ձայնագրումների (մագնիսական ժապավեններ), վայրէջքային ռադիոռադարի ցուցիչներից ֆոտոգրանցուցիչների լուսանկարչական ժապավենների, ռադիոփոխանակման և ռադիոտեխնիկական միջոցների աշխատաժամանակի հաշվառման ապարատային մատյանի, թռիչքային գրքույկների, թռիչքային գործերի և անձնակազմի բոլոր անդամների բժշկական գրքույկների, օդանավի, շարժիչների և ագրեգատների տեղեկամատյանների, թերությունների տեղեկագրերի և տեխնիկական սպասարկման քարտ-կարգերի, գործիքների և հսկիչ ապարատի, որը օգտագործվել է օդանավը թռիչքի նախապատրաստելու կամ թռիչքից առաջ անսարքությունների վերացման դեպքում, թռիչքային դաշտի վիճակը, լցավորվող վառելիքաքսուքային նյութերի քանակն ու որակը, բնութագրող օդերևութաբանական փաստաթղթերի պահպանումը և կնքումը.
ժը) արձանագրում է պատահարի պահին մոտ ժամանակահատվածում պատահարի վայրի շրջանում թռիչքներ կատարած օդանավերի գրանցման համարները և միջոցներ է ձեռնարկում այդ օդանավերի վերահսկման օդանավային ինքնագրերի տեղեկատվության պահպանման ուղղությամբ` քննության գործընթացում հետագա օգտագործման համար.
ժթ) անհրաժեշտության դեպքում տեղափոխում է վնասված օդանավը: Մինչև հանձնաժողովի ժամանումը, օդանավի տեղափոխումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ օդանավն ընկել է երկաթուղային, խճուղային մայրուղու վրա կամ օդանավակայանում և խոչընդոտում է տրանսպորտի երթևեկությանը: Տեղափոխման ժամանակ միջոցներ են ձեռնարկվում օդանավը կամ դրա բեկորներն այն վիճակում պահպանելու համար, ինչպիսին եղել է պատահարի վայրում: Օդանավի կամ դրա բեկորների վիճակը և տեղադրությունը, մինչև դրանց տեղափոխումը, ֆիքսվում է կողմնորոշիչ և մանրակրկիտ լուսանկարահանման կամ գետնից, մի քանի դիրքերից, իսկ անհրաժեշտության դեպքում` օդից, կատարված տեսագրման օգնությամբ, կազմվում է պատահարի վայրի զննման բացատրագիր (որում արտացոլվում է օդանավի կամ դրա բեկորների դիրքը և ընդհանուր վիճակը, գետնի վերգետնյա խոչընդոտների հետ բախման անկյունը), տեսագրման օգնությամբ անձնակազմի խցիկում լուսանկարվում կամ ֆիքսվում են սարքերի ցուցումները, փոխարկիչների, անջատիչների, կառավարման բռնակների դիրքերը, կազմվում է խցիկի զննման բացատրագիր.
ի) անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում օդանավի անձնակազմին, օդանավը թռիչքին նախապատրաստող, թռիչքը ապահովող և օդային երթևեկության կառավարումն անմիջականորեն իրականացնող վերգետնյա ծառայությունների անձանց իրենց պարտականությունների կատարումից ազատման ուղղությամբ: Նշված անձինք թույլատրվում են հետագայում անցնելու իրենց պարտականությունների կատարմանը` համապատասխան ղեկավարի որոշմամբ` համաձայնեցնելով հանձնաժողովի նախագահի հետ.
իա) տեղեկացնում է օդանավի վերջին մեկնման աերոդրոմի ծառայություններին, թռիչքի երթուղով օդային երթևեկության կառավարման մարմիններին, օդանավը շահագործողին` պատահարի փաստի վերաբերյալ` տեղեկատվության և համապատասխան փաստաթղթերի պահպանության ապահովման նպատակով.
իբ) պետական կառավարման մարմինների հետ համատեղ ձևավորում է տուժածներին ու նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու և աջակցելու խումբ, ինչպես նաև պատահարի քննության հանձնաժողովի աշխատանքի ապահովման խումբ:
Պատահարի դեպքում պաշտոնատար անձանց նախնական գործողությունների արդյունքում ստացված բոլոր նյութերը պետք է փոխանցվեն պատահարի քննման հանձնաժողովին:
(39-րդ կետը փոփ. 17.01.08 թիվ 89-Ն որոշում)
40. Իրադարձության վայրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը միջադեպի վերաբերյալ հաղորդում ստանալիս`
ա) միջոցներ է ձեռնարկում` կողմնակի անձանց մուտքը միջադեպի վայր բացառելու ուղղությամբ.
բ) կազմակերպում է անձնակազմի անդամների և, անհրաժեշտության դեպքում, ավիացիոն անձնակազմի այլ անձանց առողջական վիճակի բժշկական հսկողության անցկացումը.
գ) ստանում է բացատրագրեր թռիչքների նախապատրաստման և ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձանցից և անձնակազմի անդամներից.
դ) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ միջադեպի վայրում հայտնված օդանավի փաստաթղթերի և ինքնագրերի պահպանման ուղղությամբ.
ե) կազմակերպում է հատկանիշների, որոնք կարող են ոչնչացվել արտաքին միջավայրի ազդեցությամբ (սառցակալվելը, օդանավի մակերևույթի մուրը, գետնի վրայով օդանավի շարժման բնութագրական հետքերը և այլն) փաստացի արձանագրումը (լուսանկարահանման, տեսագրման և սխեմաների կազմման ճանապարհով).
զ) կազմում է միջադեպի վայրի տեղանքի մոտավոր պլանը.
է) կազմակերպում է եղանակի արտահերթ հսկիչ դիտարկում, իսկ եթե միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանից դուրս, ապա օդերևութաբանական տվյալների հավաքումն ապահովում է մոտակա ավիացիոն օդերևութաբանական կենտրոնից և կայաններից.
ը) տալիս է ցուցում` վառելիքալցավորման տարողությունների լցավորման դադարեցման և կնքման մասին, որոնցից կատարվել է միջադեպի ենթարկված օդանավի լիցքավորումը.
թ) կազմակերպում է կարգավարական ձայնագրիչների ձայնագրումների (մագնիսական ժապավեններ), վայրէջքային ռադիոլոկատորի ցուցիչներից ֆոտոգրանցուցիչների լուսանկարչական ժապավենների, ռադիոփոխանակման և ռադիոտեխնիկական միջոցների աշխատաժամանակի հաշվառման ապարատային մատյանի, թռիչքային գրքույկների, թռիչքային գործերի և անձնակազմի բոլոր անդամների բժշկական գրքույկների, օդանավի, շարժիչների ու ագրեգատների տեղեկամատյանների, թերությունների տեղեկագրերի և տեխնիկական սպասարկման քարտ-կարգերի, գործիքների և հսկիչ ապարատի, որը օգտագործվել է օդանավը թռիչքի նախապատրաստելու կամ թռիչքից առաջ անսարքությունների վերացման դեպքում, թռիչքային դաշտի վիճակը, լցավորվող վառելիքաքսուքային նյութերի քանակն ու որակը, բնութագրող օդերևութաբանական փաստաթղթերի պահպանումը և կնքումը.
ժ) անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում օդանավի անձնակազմին, օդանավը թռիչքին նախապատրաստող, թռիչքը ապահովող և օդային երթևեկության կառավարումն անմիջականորեն իրականացնող վերգետնյա ծառայությունների անձանց` իրենց պարտականությունների կատարումից ազատման ուղղությամբ: Նշված անձինք թույլատրվում են հետագայում անցնելու իրենց պարտականությունների կատարմանը` համապատասխան ղեկավարի որոշմամբ` համաձայնեցնելով հանձնաժողովի նախագահի հետ:
Միջադեպի ժամանակ պաշտոնատար անձանց նախնական գործողությունների արդյունքում ստացված բոլոր նյութերը պետք է փոխանցվեն միջադեպի քննության հանձնաժողովին:
41. Վերգետնյա և օդանավային ձայնագրիչների բացումը և ունկնդրումը, ինչպես նաև օդանավի ինքնագրերի բացումն ու վերծանումը` մինչև հանձնաժողովի ժամանումը, արգելվում է, դրանք կարող են իրականացվել միայն հանձնաժողովի նախագահի որոշմամբ:
42. Նախագծող, արտադրող, շահագործող, ինչպես նաև օդանավի նորոգում, օդային երթևեկության կառավարում, տեխնիկական և օդանավակայանային սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները, պատահարի կամ միջադեպի մասին տեղեկություն ստանալուն պես, միջոցներ են ձեռնարկում այդ օդանավին վերաբերող համապատասխան փաստաթղթերի պահպանման ուղղությամբ:
----------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում